«Իմալ իք՞, սա՞ղ իք» կամ՝ տրեխները հանած ինքնություն

Վերջերս ինքնությունների մասին տարբերվող բաներ ասելը նորաձև է, երբեմն էլ՝ արդեն ձանձրալի։
Ինչպես մեկ անգամ արգենտինահայ հեղինակ Ավո Հաջյանն ասաց. «Չգիտեմ ինչու, բայց մենք ազգովի շատ ենք ուզում հայ մնալ»։
Ես, երևի թե, գիտեմ, թե ինչու։
«Կյանք ու կռիվ» ֆիլմում ասում է, չէ՞, սփյուռքահայ աղջիկը․ «Քեզ ամբողջ կյանքում ըսա՞ծ են, որ դուն հայ ես․․․ Իսկ ինձ ըսած են»։
Ինձ էլ ըսած են։
Ես, իհարկե, Կիևի շագանակաշատ փողոցներում շատ բան չգիտեի իմ ով լինելու մասին։ Ես, իհարկե, գիտեի, որ ուրիշներից մուգ եմ, գիտեի, որ իմ երկիրը հեռու է, նաև` որ Ուկրաինան նույնպես իմ հայրենիքն է, որտեղ, սակայն, ես ավելի խոցելի եմ, քան պետք է լինի մարդ արարածն իր տանը։ Այս մեկը ոչ թե գիտեի, այլ զգում էի։ Այնքան, որքան կարող է զգալ խիստ զգացմունքային և փայլուն խոպոպիկներով մի երեխա։
Ադրբեջանցիները շուկայում շատ էին։ Հայրիկս չէր արգելում նրանցից բանան վերցնել, եթե հյուրասիրում էին։ Իսկ ինձ շատ էին հյուրասիրում, նման էի նրանց։ Մայրս հպարտորեն հրաժարվում էր վերջիններիս զեղչերից, իսկ ես այդպես էլ չէի հասկանում, թե այդ բեղավոր մարդիկ մեզնից ի՞նչ են ուզում։
Տարիներ են անցել, ու ես՝ Արցախից տեղահանվելուց հետո մեկ տարի անց էլ չեմ հասկացել՝ այդ բեղավոր մարդիկ մեզնից ինչ են ուզում․․․
***
Տատս մի երկու ամսով էր մեզ հյուր եկել, որը, սակայն, տևեց երկու տարի։ Ամեն Աստծու օր «Էս օտար տեղում մեռնելու եմ՝ խայտառակ լինենք»-ները, «Թթուն ո՞վ է առանց բազուկ դնում»-ին հետևած իրադարձությունները և «Սրանք էլ կասեն, թե անտառ ունեն։ Կիրովաբադում անտառ էիր մտնում՝ լրիվ պտղատու էր, մի պարապ ծառ չկար․․․ Թե բա՝ անտառ»-ից հետո ձգվող խոր արտաշունչերը լցրեցին մեր կյանքը։
«Հորքուր, տատին էլի Կիրովաբադից ա խոսում», -զվարճանում էի ես։
«Տատիկդ ամբողջ կյանքում Կիրովաբադը չմոռացավ», -հոգոցով պատասխանում էր Սոֆիկ հորաքույրը։
Մեկ էլ հանկարծ մի օր ի՞նչ պարզվի։ Տատիկը որոշել է կյանքներս շուռ տա, նոր գնա Երևան։
Թե բա՝ «Մենք սասունցի ենք»։
Շատ եմ լաց եղել այդ օրը։
Չգիտեի՝ սասունցին ինչ է։
Հորս ի՛նչ հանդիմանանքով ասացի՝ «Բա դու ասում էիր՝ հայ ենք»․․․
Ժպտաց պապան, ինչպես հաճախ էր անում, երբ ուզում էր խնայել մեզ։
Տարիներ անց մոտավորապես այդպես էին ժպտում Սասունի հայերը, երբ արաբախոս, քրդախոս ու թրքախոս աղմուկի մեջ մի պահ օդում կանգնում էր «Իմա՞լ իք, սա՞ղ իք»-ը․․․
Եվ նրանց այդ ժպիտի տակ, հայերեն պատասխանել-չպատասխանելու համարձակության տակ, և նրանց բոլորի հետագա կյանքի վայրիվերումների ընթացքի տակ ես կյանքում առաջին անգամ սկսեցի հարցնել ինձ՝ իսկ ո՞վ է հայը․․․
2020-ից հետո որոշեցի․ նա, ով համարձակություն էր հավաքել այն սև սեպտեմբերին գրելու․ «Իմալ ի՞ք, սա՞ղ իք»․․․Նույնիսկ եթե դա հայերեն չէր։
***
Ամեն մարդ իրավունք ունի պապիկ ունենալու։ Եվ ես չունեի պապիկ։
«Քեզ ճանաչածս առաջին օրվանից չտեսածդ պապիկիդ կարոտն ես քաշում», -ասում էր քուրդ Բեհջեթը Սասունից։
Դե, կներեք․․․
Պապիկի գյուղը բարձր, հեռու, անհաս մի տեղ էր։ Թուխմանուկ մատուռի դիմացի բլրին պետք է որ լինեին մեր գերեզմանները։ Երբեք չեմ մոռանա այդ օրը։ Երբ քայլեցի այդ ենթադրյալ գերեզմանատեղիի տարածքով ու հասկացա, որ հողը սղում է ոտքիս տակից, փափուկ է․․․
Որովհետև նոր էին քանդել ու ոսկորները դեն նետել։
Այդ օրվանից ի վեր հավերժ ցեղասպանությունը հենց այդ պահն էր ինձ համար։ Ոտքի տակ ամուր հող չունենալը։ Գերեզման չունենալը։
Հետո բազմաթիվ անգամ առիթներ ունեցա Սասուն գնալու։ 10-ից հետո չեմ հաշվել, հետևաբար հստակ չգիտեմ՝ քանի անգամ, բայց Գելիեգուզան քիչ էի գնում, հնարավորինս քիչ։ Ոչ թե որովհետև հիասթափված կամ ընկճված էի, այլ որովհետև այն, ինչ պետք է հայտներ ու սովորեցներ Գելին՝ հայտնել ու սովորեցրել էր։
Մնացածը կյանքի մասին էր։
Ով լինելուդ, գույնիդ մասին։
Ումից ինչ ընդունելու և չընդունելու, հարևանության մասին էր։
Խոցելի լինել-չլինելու, պետության մասին էր։
Ավարտված ու չավարտված կռիվների, խնայելու մասին էր։
Մեր պես մարդկանց, զեղչված հպարտության ու իրականության մասին էր։
Դժվար լեռների, ապրել համարձակվելու մասին էր։
Մեր մասին էր։
Միշտ ասում եմ՝ գնացի մեռելներին փնտրելու, ողջերին գտա։
Շնորհակալություն, պապիկ։
***
Վերջերս նորաձև է դարձել ինքնությունը վայրիվեր հագցնելը։ Որովհետև մինչև այդ ինքնությունը տրեխներով էր։ Մինչդեռ երբեք այդպիսին չէր եղել։ Եվ Սասունը դրա լավագույն օրինակն է։
Ծայրահեղությունից ծայրահեղություն ձգվող մեր լարն այսքան բարակ ու դյուրագրգիռ է դարձել, քանզի շատ-շատ է լայնացել ծայրահեղությունների անդունդը լցվելու փոխարեն։ Մեջտեղը մի խղճուկ զույգ տրեխ է մնացել, չգիտի՝ որ կողմ գնա։
Որովհետև երկուսն էլ, իրար հակադրվելով, նույն բանն են անում․ պատմության հետ կռիվ տալիս։
Մինչդեռ պատմությունն իր հետ կռիվ տալու համար ու մասին չէ։ Այլ լեզվով ասած՝ մեր ներսի Սասունից հրաժարվելու կամ տրեխներով Սասուն հասնելու մասին չէ։
Կյանքի մասին է։
Ով լինելուդ, գույնիդ մասին է։
Ումից ինչ ընդունելու և չընդունելու, հարևանության մասին է։
Խոցելի լինել-չլինելու, պետության մասին է։
Ավարտված ու չավարտված կռիվների, խնայելու մասին է։
Մեր պես մարդկանց, զեղչված հպարտության ու իրականության մասին է։
Դժվար լեռների, ապրել համարձակվելու մասին է։
Մեր մասին է։
Պատմությունը ո՛չ տրեխ է, ո՛չ նորաձև փողկապ, պատմությունը դո՛ւ ես։
Եվ Սասունը դրա լավագույն օրինակն է։
Սոֆյա Հակոբյան