Իմ կյանքից գողացված ժամերը

Նորից այդ անսովոր, բայց օրեցoր հարազատ դարձող ձայնը, որը տևական ժամանակ է փոխարինում է զարթուցիչիս: Շենքի բակում պարոն Վահագը վառելափայտ է կոտրում, նշանակում է՝ արդեն 7-ն է:

Շրջափակման արդեն չեմ հիշում, թե որերորդ օրը, սա-12 աստիճան ցրտի պայմաններում մի քիչ ջերմանալու միակ կայուն տարբերակն է: Ի վերջո, ով գիտի՝ քանի ժամից կփոխվի մի քանի քայլ այն կողմ Շուշիում նստած հարևանների տրամադրությունը, և լեգենդար «գազի վինտիլը» կպտտվի մեզ համար անցանկալի ուղղությամբ:

«Ոչինչ մի հարցրու, լավ էր չտեսնեի», -անճանաչելի, խիստ շփոթված է այսօր մեր ընկեր Դավիթի դեմքը:

Հետո ենք իմանում՝ Սարսանգից է գալիս: Ասում է՝ ջուր չունենք, ոչինչ չունենք:

«Ինչու ինչ ունենք, որ դա էլ թողնեին մեզ», -վրդովված ասում է տիկին Ալլան՝ հավերի առաջ շռայլ ցփնելով կերը:

«Խե բեղոքո՞ւմ ըս, տու գոնե հավ օնիս, ժղովուրդը էն ա ծուն տալոնավ ա ստանըմ», -կատակում է հարևան Բեգլար պապը:

Իսկ իրականում՝ մենք միայն մեզ ունենք: Երևի այդ պատճառով է տգիտությունը մեզ համար աններելի:

Հաճախ ենք ասում՝ տեսնես ուրիշ ազգերի մե՞ջ էլ կան անտարբեր, անգիտակից կամ անհաղորդ մարդիկ: Իհարկե՝ կան: Այն էլ ինչքան: Բայց նրանց դա ներելի է: Նրանք այլ ռեսուրսներ ունեն, որի համար աշխարհը նրանց միշտ էլ կների: Սարսանգից մեծ ջրամբարներ, Հադրութից ավելի անտառաշատ ու մեծ տարածքներ, Սոթքից մեծ ոսկու հանքեր, Շուշիից չարգելափակվող գազ ու մեզ երբեք չհասնող նավթ:

Մեզ չեն ներելու: Որովհետև մենք խելքից բացի, մենք մեզանից բացի ոչ ոք ու ոչինչ չունենք: Մենք մեզ մեր անխելքության համար չպիտի ներենք:

 

***

-Սոֆա՛, հայրենիքը ի՞նչ ա, -արդեն որերորդ անգամ գալիս ու հարցում է 9 տարեկան Էլեոնորան, երբ ես հայտնվում եմ նրա հադրութցի տատիկի տանը՝ համեղագույն մուրաբաներն ու հոնի չրով թեյն ամենայն հանգստությամբ ըմբոշխնելիս:

Նախորդ անգամները, իհարկե, փորձել եմ պատասխանել Էլեոնորային: Բայց, հավանաբար, ո՛չ ես էի պատրաստ լիարժեք ձևակերպել միտքս, ո՛չ էլ ինքը՝ ըմբռնել: Այդպիսի բաները մեկ անգամով խոսվող, մարսվող-գնացող չեն, ինչ խոսք: Նույնիսկ ես, որ կյանքիս վերջին 10 տարին պարբերաբար մտածել եմ այս հարցի շուրջ, չգիտեմ, թե արդյոք ճի՞շտ եմ կարողացել պատասխանել Էլեոնորային: Բայց այդ օրը ստացվեց մոտավորապես այսպես.

-Դե, ինչպես ասեմ, քո հայրենիքն Արցախն է, օրինակ:

-Բայց ես հիմա հադրութցի եմ, թե՞ ստեփանակերտցի:

-Տես, Էլի, մարդիկ ամենասկզբում ինչ-որ տեղ սկսում են ապրել, չէ՞, բայց կյանքն  անկանխատեսելի է, կարող է լինել երկրաշարժ, պատերազմ, ջրհեղեղ, մարդիկ նույն տեղում չեն մնում, տեղափոխվում են, կամ գնում են սովորելու, աշխատելու, բայց իրենց բարբառը, ուտելիքները, հիշողությունները մի որոշ ժամանակ տանում են իրենց հետ այդ նոր տեղը: Ու այն վայրը, որտեղից իրենք այ էն ամենասկզբից ծագել են, այսինքն՝ քո նախնիների եկած տեղը, դա քո սկզբնական հայրենիքն է: Հադրութը քո հայրենիքն է, որովհետև մայրիկդ ու հայրիկդ Հադրութից են, իսկ Ստեփանակերտը ծննդավայրդ է:

-Հիմա քո ծննդավայրը Կիևն ա, բա հայրենիքդ ո՞րն ա, Սոֆա:

-Սասունն ու Մուշը:

-Հա, դե լավ:

Իհարկե, սա շատ մակերեսային պատասխան է 6 տարեկանում պատերազմ, իսկ 9 տարեկանում բլոկադա վերապրող Էլեոնորայի համար: Ես էլ գիտեի դա: Իհարկե, երանի ամեն բան այդքան հեշտ լիներ, Մուշով, Սասունով, Կիևով ավարտվեր մեր ինքնության հավերժական դեգերումը:

-Բա մամադ, պապադ շտե՞ղ են ծնվալ, -10 րոպե անց նորից ներս մտավ Էլեոնորան:

-Երևանում:

-Բա բաբուլյադ ու դեդո՞դ:

-Հունաստանում ու Ֆրանսիայում:

-Բա Երևանը, Հունաստանն ու Ֆրանսիան ի՞նչդ ա…

Ու քանի դեռ ես չունեմ Էլեոնորայի հարցի պատասխանը, իսկ ինքն ամեն անգամվա պես հետաքրքրությամբ շոյում ու թերթում է Սասունի մասին գիրքս, ես հերթական, երևի հազարերորդ անգամ ինքս եմ ինձ հարցնում. Իսկ ինչո՞ւ եմ այդքան կարևոր համարել Սասունը հենց տեղում ուսումնասիրելն ու սիրելը: Չէ՞ որ հեռվից դա ավելի հեշտ կլիներ:

Ինչո՞ւ է այդքան էական շոշափել Էրգիրը տեղում: Արդյո՞ք միայն գեղեցիկ լեռներն ու պապական պատգամն է մեզ այնտեղ հասցնողը: Այդպես միայն թվում է: Արդյո՞ք Ցեղասպանությունը մեզ` փրկվածներին ու նրանց սերունդներին լիարժեք, ողջ-առողջ է թողել, թույլ տվել, որ առանց Սասուն, Մուշ, Խլաթ գնալու լիարժեք մնանք մեր ինքնության ու կենսակերպի մեջ:

Գաղթն արժեհամակարգային իմաստով կործանարար ազդեցություն չի՞ թողնում ամեն պարագայում, անգամ եթե ճանապարհի վերջում ֆիզիկապես ողջ ես հասել վերջնակետին: Ո՞րն է վերջնակետը և արդյոք այն կա՞`սա էլ խնդրի մյուս կողմը: Քո տեղից հարկադրաբար կամ քո կամոք դուրս գալուց հետո նման վերջնակետեր սովորաբար չկան: Մեր ինքնությունը նույնպես թափառական է, եթե կամք չենք դրսևորում վերադառնալ սկզբնակետին:

Մենք կարող ենք ապրել երազային Սասունի հորինված ինքնությամբ և կարող ենք ճանաչել իրականը` ինքներս մեր իրական դեմքը տեսնելու համար: Սրա համար քաջություն է պետք, որովհետև իրական Սասունը, իրական Մուշն ու Բիթլիսը միշտ չէ, որ մեր` հեռվից հորինած երազի պես են: Բայց իրական են: Այնպիսին՝ ինչպիսին կան: Մենք ենք:

-Դու Կիևի պասպորտ ունես, չէ՞, մի օր կարո՞ղ ա քեզ դրանով թույլ տան Հադրութ մտնել: Ես կարո՞ղ եմ էդ ժամանակ մտնել քո ճամպրուկի մեջ, գալ քո հետ, -շարունակում է էլեոնորան:

Իսկ ես էլի չգիտեմ, թե ինչպես ճիշտ պատասխանել Էլեոնորային. 7 տարեկանում պատերազմ, իսկ 9-ում բլոկադա տեսած Էլեոնորային:

Որովհետև այդ հարցերը ժամանակին չեն տրվել: Կամ տրվել են, բայց ոչ ժամանակին:

 

***

Հիմա մայրիկի կնճիռները երևի մի քիչ էլ են ավելացել: Այնպես, ինչպես 44-օրյայի ընթացքում ժամ առ ժամ էին ավելանում: Բայց նաև ավելացել են ուղղակի, որովհետև դե, ժամանակը հոսում է, և դրանից բնական բան երևի չկա:

Իհարկե, մենք կարոտը հաղթահարելու արդեն հազար ու մի ձև ենք մտածել և դիմանում ենք: Իհարկե՝ էլի կդիմանանք:

Բայց ժամանակը հոսում է: Աններելի արագությամբ է հոսում՝ բաց չթողնելով ոչ մի ակնթարթ: Եվ մենք, անշուշտ, մայրիկի հետ շուտով կհանդիպենք, բայց ժամանակը, որը մեզանից խլել են բլոկադայի երկար ու ձիգ ամիսները, հետ չի պտտվի: Ժամանակը, որը մերն էր:

Բլոկադայում ժամերը, ի դեպ, բավականին օգտակար են անցնում: Օրինակ՝ երբ ցերեկով էլեկտրաէներգիան կրկին անջատվում է, դու ունես բացառիկ հնարավորություն կարդալու այնքան գիրք, որքան կուզես ու որքան գուցե թույլ չտայիր քեզ «սովորական» ժամանակներում:

Տատիկից մնացած բաղադրատոմսով և մոմի լույսի տակ պատրաստված տնական հալվան, առանց գազի չմրսելու համար մոգոնված հազար ու մի խորամանկությունները, փայտի վառարանով պահված ջերմոցի առաջին վարունգն ու էլի շատ բաներ ժպիտով, սիրով ենք հիշելու: Բայց այդ ժամերը մերն էին: Եվ ոչ ոք իրավունք չուներ մեր փոխարեն որոշելու, թե ինչպես կամ ում հետ դրանք անցկացնենք:

Այդ ժամերը իմն էին, իմ ու մայրիկիս՝ առավոտյան միասին սուրճ խմելու ժամերն էին: Կյանքի ամենաթանկ ժամեր. մայրիկիս առավելապես ու իր ձեռքը բռնած սիրելու ժամերն էին: Մեր՝ միասին լինելու համար կյանքից բաժին հասած ժամերն էին, որոնք գողացավ բլոկադան, մարդկային անհանդուրժողականոււթյունն ու հարցեր տալու անունակությունը:

 

Սոֆյա Հակոբյան