Հոգին դուրսը պիտի լինի, մարմինը՝ ներսը

...Գալու է հայոց աշխարհի կապանքները փշրելու, վերելքի ժամանակը

Լևոն Խեչոյան

 

«Ցույց տանք աշխարհին, որ հայը ազատ անկախ ապրելու իրավունք ունի։ Այժմ կամ երբեք». -այդ բացարձակ ճշմարտությունն ասել, կնիքել, վերահաստատել է  Արամ Մանուկյանը, երբ անկախության հռչակման ժամանակ կոչով դիմել է ժողովրդին:

Անկախ պետականությունը մեր բնական իրավունքն է, որը խլել էին, բայց կործանել չկարողացան:

Փոքր Մհերի գենետիկ ժառանգորդներս մահը չենք հանդուրժում. դրա համար  դարեր շարունակ կորցրել ենք պետականությունը, բայց հայրենիքը չենք զիջել,  ապրել ենք՝ որպես էթնոս:

Անկախությունը միշտ դժվար ենք պաշտպանել, բայց անակնկալ երևույթ չի եղել մեզ համար:

Վերջին մի քանի դարերի ընթացքում մեր անվտանգությանը սպառնացող թուրքը հերթական ջարդը կերավ Սարդարապատում: Այս հաղթանակը հիմք դրեց նորահռչակ Հայաստանի Հանրապետության կայացմանը:

Մեր անկախ պետականության քարտեզը, սակայն, գծել է ժողովուրդը ու թաքնագրված պահել է էպոսում:

Մեր հերոսավեպը գաղտանգրել է ժողովրդի ազգային ենթագիտակցության գիտակցված ու չգիտակցված բոլոր խորխորատները, ծալքերը:

Էպոսը սկսվում է անկումով. Հայոց Գագիկ թագավորը հարկատու էր Բաղդադի խալիֆին: Բայց միամատբար չկարծենք, թե դա մեր պետության անկման  վկայությունն է: Ճիշտ հակառակը. սա մեր պետականության խորհրդանիշն է, որովհետև հարկատու լինել կարող են միա՛յն պետությունները:

Խորենացին ևս իր երկն անկումով է սկսում. անկախ Արշակունի հարստության անկում, հայոց անիմաստասեր թագավորներ, որ չեն պատվիրել գրել մեր պատմությունը: Սա ևս պետություն ունենալ է նշանակում. թագավոր ունի անկախ պետությունը:

Սանասարը սկսեց ոչ թե բերդ, ամրոց կառուցել, այլ հենց անկախ պետություն, որ ներփակ է, ներառանձնացված, ու դրա համար սկսեց պարիսպներից: Սասնա բերդը նաև դարպասներ ուներ: Ինչ-որ պահ ինչ-որ թշնամի փորձեց քանդել դրանք. Սասունցի Դավիթը վերականգնեց:

1918 թվականը նշանավորվեց հատկապես նրանով, որ վերակերտվեց մեր պետականությունը: Սակայն այս իրողության մեջ ոչինչ նոր չէր ու զարմանալի: Ուրախությունը հավերժաբար մերը եղած ազատ ապրելու բնական իրավունքը վերագտնելու ու կերտելու երևույթներով էր պայմանավորված:

Պետության խորհրդանիշներ ստեղծվեցին. դրոշ, զինանշան, օրհներգ: Ոչ թե ստեղծվեցին, այլ պատմական հիշողության մոխիրներից քրքրեցինք, հանեցինք այն, ինչ եղել է միշտ, քանի ապրել է հայը:

Եռագույնը սկսեց ծածանվել ոչ թե 1918-ից, այլ դեռ էպոսում էր այն փողփողում:  «Հացն ու գինին, Տեր կենդանին».-հավատո հանգանակը, որ Սասնա տան հերոսներն ամենապատասխանատու ու դժվար պահերին ասում էին աղոթքի պես, վրձնում է մեր եռագույնը: Խեչոյանն ասում է. «Դեղինը հացն է, կարմիրը՝ գինին, կապույտը՝ երկինքը, որտեղ ապրում է Մհերը...»:

Սա նախամուտքն է, որ ունի շարունակություն. Փոքր Մհերը պահանջ ունի: Նա դուրս է գալու այն ժամանակ, երբ կարմիր գարեհատիկը դառնա ընկույզի չափ, երբ վերաստեղծվի նոր դարաշրջանի նոր Հայաստանը նոր մարդկանցով, և «այն ժամանակ միայն հոգին դուրսը պիտի լինի, մարմինը՝ ներսը, և մեր հոգու աչքերը սկսելու են տեսնել» (Լ. Խեչոյան): Մարմինը մեր ծիրանագույնն է, գարեհատիկը՝ կարմիրը, հոգին՝ կապույտը:

Դավթին ու Մհերին տեսիլի պես քնած կամ արթմնի հետապնդում է նույն երազը. շիկակարմիր անգղը, որին առաջնորդում է արծիվը: Այդ արծիվը պիտի թռչեր, գար, հասներ 1918 ու դառնար զինանշանի մի մասը: Պիտի թռչեր գար, տեսներ Սարդարապատի հաղթանակը ու տարիներ անց քարանար Սարդարապատի «հերոս-արծիվների արահետում»: Հինգ քարե հսկա արծիվները դեպի Հայաստան են նայում: Ի սկզբանե նախատեսված էր, որ նրանց հայացքն ուղղված լինի  դեպի Թուրքիա, սակայն Թուրքիայի բողոքները տեղ հասան, և որոշում կայացվեց արծիվների հայացքն ուղղել դեպի Հայաստան: Այդ քարե հսկաները ուժի, հայրենիքն ու պետությունը մշտապես պաշտպանելու պատրաստակամության խորհրդանիշն են:

Միայն արծիվը չէ, սակայն, որ դուրս է եկել մեր հերոսավեպի էջերից: Զինանշանը  կազմված է հայկական 4 թագավորությունների՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների, Ռուբինյանների զինանշաններով:

Այս քառապետական խորհրդաբանությունը սկսվում է էպոսից: Սասնա տունը, ըստ համահավաք բնագրի, ունի 4 ճյուղ: Կան վարկածներ, որ Սասնա տան ժառանգականությունը 7, անգամ 40 ճյուղով է եղել, սակայն համահավաք բնագրում մենք գիտենք 4-ին: Այս թիվը տիեզերական խորհրդաբանություն ունի. աշխարհի չորս ծագերը, բնության չորս տարերքները... Այդ քառամիասնութան խորհուրդն ունի նաև Սասնա հերոսների ժառանգաբար փոխանցված Խաչ պատերազմին:

Զինանշանի հիմքում շղթայված սուրն է, որ երբևէ որպես Թուր Կեծակի շողացել է Սասնա տան թշնամիների առաջ:

Սասնա տան խորհրդանիշներն են, ասել է թե Սասնա «պետության» խորհրդանիշներն են Թուր Կեծակին, Խաչ պատերազմին, Քուռկիկ Ջալալին: Որտե՞ղ է Քուռկիկ Ջալալին: Այո՛, Ագռավաքարում: Սակայն որպես պետականության սիմվոլ՝ նա իրեն բնորոշ կրակոտ վարգով եկավ, հասավ Սարդարապատ: Հուշակոթողի Հաղթանակի պատի վրա քանդակված են հուր, կրակ արձակող պեգաս ձիեր, որոնց ոտքի տակ է վիշապօձը, ինչը խորհրդանշում է չարն ու բարին, լույսն ու ստվերը:

Այս հակադրությունների միասնությամբ է ապրել, ապրում ու ապրելու մեր ծուռ ու իմաստուն ժողովուրդը: Միայն թե վախենանք Փոքր Մհերի պատժից ու ինքնամաքրվենք, միավորվենք, որ չսպառնա ոչ մի վտանգ մեր անկախությանը, մեր պետականությանը: Զտվենք, վերադառնանք ակունքներին, ձգտենք կատարյալին, որ գա վերջապես այն ծիսական պահը, երբ հոգին դուրսը լինի, մարմինը՝ ներսը: Միայն այդժամ և՛ մեր հոգին, և՛ մեր մարմինը պաշտպանված կլինեն:

Հացն ու գինին, Տեր կենդանին...

 

Վանուհի Բաղրամյան