Հայկական կարպետ՝ սեր առ Աստված, առ ընտանիք, առ հայրենիք

Ոչ միայն որակյալ սպիտակ գինու, գեղեցիկ եղևնիների ու Աղստևի հոսանքի բերած զովությամբ է հայտնի Իջևանը՝ Հայաստանի մշակութային կյանքի երբեմնի «պատվո պահակներից» մեկը:

Իջևանյան հայտնի գորգը, որը ժամանակին քաղաքի այցեքարտերից մեկն էր, և գորգագործական երկու ֆաբրիկաները, որոնք ԽՍՀՄ տարիներին աշխատանքով էին ապահովում ավելի քան 2000 տավուշեցու, այժմ հավակնում են մեկ բանի՝ պարզապես պատմության գիրկն անցնելուն:

Մինչդեռ տավուշյան գորգագործության և կարպետագործության ավանդույթները միայն աշխատավայրում չեն պահել տավուշեցի կանայք. ամեն իրեն հարգող իջևանցու, շամշադինցու կամ դիլիջանցու տանն, ինչ խոսք, պատերը, հատակն ու անգամ մոռացության մատնված խուրջիններն իրենք ինքնին ամեն ինչ ասում, պատմում ու հիշեցնում են:

Նման մի խուրջինից էլ սկսվել է Իջևանում գործող «Թելիկ»-ի համեստ, բայց համարձակ ընթացքը:  Տավուշի թեմի առաջնորդարանի բացսիրտ դռներից ներս է գործում «Թելիկ» կենտրոնը, որն արդեն մի քանի տարի է ավանդական ձեռագործի ճյուղերի ուսուցման և զարգացման միջոցով փորձում է միանգամից մի քանի առաքելություն իրագրոծել. շարունակել, երբեմն էլ՝ փոշոտ սնդուկներից վեր հանել ավանդականը, ինչպես նաև տավուշցի կանանց համար ստեղծագործելու և վաստակելու արժանապատիվ հարթակ դառնալ:

Իջևանի կենտրոնում նախ թելերի խանութ, այնուհետև կարի արհեստանոց գործարկած տիկին Հասմիկն առանձնակի ջերմությամբ է հիշում, որ հենց 2016-ից հետո, երբ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ նշանակվեց Բագրատ սրբազանը, Տավուշն ու տավուշցին հնարավորություն ստացան վերակենդանացնելու գորգագործության սեփական ավանդույթները:

«Թելիկ» սոցիալական ձեռնարկությունում  նույնպես, ինչպես Տավուշում գրեթե ամենուր, անցած  ճանապարհը բաժանում են երկու մասի՝ Բագրատ Սրբազան Գալստանյանի՝ Տավուշի թեմի առաջնորդ դառնալուց առաջ և հետո:

-Դե, ով էր մինչև Բագրատ Սրբազանի գալը իմանում Տավուշի տեղը, -մի փոքր ցավով, բայց շատ անկեղծ ասում է «Թելիկ»-ի հիմնադիր Հասմիկ Մարգարյանը, որին նույնպես երբեք պատահական չեղած «պատահականություններն» են բերել այս ոլորտ: ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի բաժնում գրեթե պատահաբար է հայտնվել, իսկ այժմ իր հիմնած գործին վերաբերվում է որպես առաքելություն. «Աստված մեզ դրել է այս մուսուլմանական տարածաշրջանում, որ մենք լույս լինենք: Իսկ հիմա մենք նույն քրիստոնեությունը փորձում ենք դնենք մի կողմ, ասենք՝ չէ, մենք ուրիշ ձևով կլուծենք մեր հարցերը, ու չի լինում: Այս կարպետը գործող կինը, որպես քրիստոնյա կին, սիրով է դա անում: Այս ամենն առ Աստված, առ իր ընտանիք, առ իր հայրենիք սիրո արտահայտություն է, որը մենք տեսնում ենք: Մարդիկ ստեղծագործել են այդ սիրո շրջանակի մեջ: Մենք ուժեղ կլինենք միայն մեր հավատով ու դրանից բխող մշակույթով»:

Անցած ճանապարհի, նախկին ու ներկա դժվարությունների մասին պատմությունների արանքում մեկ բառ է առավել մեծ հպարտությամբ արտասանում՝ «Շուլալ». հայկական ավանդական կարպետի այն տեսակն է, որը «Թելիկ»-ում  ոչ միայն նոր շունչ է ստացել, այլև հենց տիկին Հասմիկի առաջարկով ավելի ուշ ընդգրկվել ՀՀ ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում:

«Շուլալ» կարպետների հյուսվածքն առանձնահատուկ վարպետություն է պահանջում գործողից: Պատահական չէ, որ դրա զարդանկարները շատ բազմազան չեն, քանի որ գործ ունենք կարպետների ստեղծման ամենաբարդ ու բազմաշերտ տեխնոլոգիաներից մեկի հետ: Փոխարենը իր բարձր որակի, ամրության ու դիմացկունության շնորհիվ  նույն «Շուլալ» կարպետի տեխնոլոգիան կիրառվում է այլ իրերի վրա, ինչպիսիք են խուրջինը, աղի քսակը կամ, օրինակ, անկողնապարկը:

Ի դեպ, նույն տեխնիկայով գործված կարպետներ ու խուրջիններ Տավուշից բացի ժամանակին հանդիպել են նաև Սյունիքում, Շուշիում ու Շամախում: Դրանցից, սակայն, եզակի նմուշներ են պահպանվել և այժմ «Շուլալ»-ի միակ «իրավահաջորդը» փաստացի արևոտ Տավուշն է: «Շուլալի» տեխնիկան այնքան նրբություններ ու բարդություններ ունի, որ իր շուրջ բազմաթիվ լեգենդներ է հասցրել հյուսել, դրանցից մեկի համաձայն՝ տավուշցի հարսը դժվարացել է համապատասխան նախշը ճիշտ կատարել հերթական խուրջինը գործելիս և հարկադրված այնքան է քանդել ու նորից հյուսել, որ անհաջողության մատնվելուց հետո հուսահատությունից իրեն կախել է:

«Շուլալ տեխնիկան ինձ, ճիշտն ասած, շատ դուր եկավ: Հետո փորփրեցինք ու պարզվեց, որ մեր տան նկուղում ահա այսպիսի մի հրաշք խուրջին կա, որի հետ ես մեծացել եմ, բայց չեմ իմացել: Եվ, իհարկե, արյունս քաշեց հենց էս տեսակին: Սա անում են շատ քիչ տեղերում և հիմնականում փոքր չափի, մենք արդեն կարողանում ենք բավականին մեծ չափ ստանալ: Ձգտում ենք նաև վերականգնել կարպետ կտրելու արարողությունը, երգով ու բոլոր մյուս ավանդական արարողություններով: Նախկինում դա շատ կարևոր ավանդույթ է եղել, որը, ցավոք, մոռացվել է: Արդեն երկու անգամ մեծ շուքով իրականացրել ենք կարպետ կտրելու նման արարողություն», -նշում է տիկին Հասմիկը:

«Շուլալ» գործող կանանց չի կարող անծանոթ լինել «հարևանների» տեղեկատվական պատերազմի՝ մշակութային «ճակատը», որտեղ մենք նույնպես, ցավոք, պակաս պատրաստված ենք ներկայանում: Եթե Ադրբեջանում ամբողջական ինստիտուտներ են զբաղվում մշակութային կեղծարարությամբ ու դրա հետքերի մաքրմամբ, ապա Հայաստանում գործող հատուկենտ գորգագործներն ու կարպետագործները կարող են հույսը դնել միայն իրենց անհատական ուժերի վրա:

«Օրինակ, Շուլալին Զիլի են անվանում ադրբեջանցիները: Չեմ էլ ուզում այդ անունը հաճախ հնչեցնել: Բայց խնդիրն այլ է: Անգամ այն, ինչ թուրքերն ասում են՝ «մերն է», եթե ես շարունակեմ դա պարբերաբար արտադրել՝ ինչքան ուզում են գոռան, ի՞նչ կարող են անել իմ ստեղծածի դիմաց: Արտադրությունը խթանել, պրոդուկտը տարածել, ունենալ պետական մոտեցում: Անհատը ինչքա՞ն փող ունի, որ պարբերաբար ներդնի, շատ է սահմանափակ: Մինչև դու սպասում ես վաճառք լինի՝ ժամանակդ ծախսվում է, անցնում, և դու պետք եղածը չես կարողանում ապահովել: Ստեղծագործող մարդը չպետք է նման բաների վրա կենտրոնանա», -նշում է տիկին Հասմիկը՝ հիշելով, որ դեռ հայ-ադրբեջանական պատերազմից շատ տարիներ առաջ Տավուշում կամ դրան սահմանակից ադրբեջանական Ղազախի շրջանում ապրող ադրբեջանցիները հատուկ գալիս էին հայկական գյուղեր, փոխանակում հայկական հին գորգերը իրենց նորի հետ ու գոհ հեռանում:

Ցավով է փաստում տիկին Հասմիկը, որ մինչև օրս Հայաստանում գորգագործների ու կարպետագործների համար լուծված չէ մատչելի հումքի խնդիրը, իսկ հայաստանյան շուկայում ամենամատչելի թելը շարունակում է մնալ թուրքականը:  «Թելիկ»-ում այսօր շատ ավելի թանկ ռուսական հումքից են փորձում օգտվել, փորձել են նաև հայկական տարբերակները, սակայն որակն իրեն չի արդարացրել: Այժմ չնայած ֆինանսական դժվարություններին, «Թելիկ»-ում պատրաստվում են դասընթացներ անցկացնել արցախցի տեղահանված կանանց համար, ինչպես նաև հետագայում հարթակ դառնալ նրանց ստեղծագործական ընթացքի համար:

Վստահ են՝ «Թելիկ»-ը կարող է ավելի շատ մարդու ձեռք բռնել ու առաջնորդել, եթե իրենց ձեռքն էլ «բռնող» գտնվի:

 

Սոֆյա Հակոբյան