Հավերժական բան

Բոլորն էլ մեռնում են: Սա Ստյոպի՝ բիզնես սկսելու գաղափարի հիմքն էր: Երբ ավազանի անունով Ստեփանը, նույնիսկ Ստեփանոսը, Ռուսաստանի Սիկտիվկար քաղաքից հոգնած ու Ստյոպ դարձած վերադարձավ հայրենիք, պապենական տան՝ հոր առած բազմոցին նստած՝ մտածում էր բիզնես սկսելու մասին և ահա, հենց հասկացավ, որ «բոլորն էլ մեռնում են», որոշեց, թե ինչ է պետք անել:

Փող ուներ: Մինչև Ռուսաստան գնալն էր, որ փող չուներ, հիմա ուներ, ճիշտ է՝ Ստյոպի թանկագին վերադարձով պայմանավորված՝ ամբողջ ազգուտակը որոշել էր հիմա ամուսնանալ, կնքվել, ու բոլոր միջոցառումներին Ստյոպին քավոր-թամադա կարգել, բայց մարդը չէր նեղվում: Ավելի ճիշտ նեղվում էր միայն մեկ դեպքում՝ Լյուբային հիշելիս: Լյուբան, ավելի ճիշտ՝ Լյուբովը, Ռուսաստանի Դաշնության Կոմի հանրապետության «Միսս ուսանողուհի» էր ճանաչվել, հետո դարձավ ռուսական արդյունաբերական քաղաքի օղու գործարանի վարորդներից մեկի կինն ու հենց այդ ժամանակ ծանոթացավ Ստյոպի հետ, որի բախտը բերեց. Լյուբովի ամուսինը՝ Պաշան, ավելի շուտ էր հարբում, քան ինքը, իսկ հարբելուն պես ռուսական զտարյուն արջի պես քնում էր՝ այդպես էլ չիմանալով, թե գիշերը քանի՞ աստղ է հաշվում կինը:

Բայց սիրտը՝ սիրտ, բիզնեսը՝ բիզնես: Հաշվի առնելով, որ «մարդիկ մեռնում են», ավելին, որպես կանոն, «մեռնելուց հետո վերադառնում են հայրենիք», Ստյոպը որոշեց, որ սգո ընդարձակ սրահ կբացի՝ հենց քաղաքի կենտրոնում, որտեղ «մարդկանց շարժը մեծ է»: Անունն էլ կդնի «Լյուբով», բա էլ ի՞նչ:

Ստյոպի որոշմամբ բացի հանգուցյալին մեկ, առավելագույնը՝ երկու գիշեր պահելուց, տարբեր չափի, գույնի, տեսքի դագաղներից, հաստ, բարակ, երփներանգ մոմերից, երջանկահիշատակի՝ գունավոր, պայծառ, մեծ լուսանկարից ու, անշուշտ, «հաց ուտելու  տեղից», «Լյուբով» սգո սրահում ստեղծվեցին «հարմարավետ պայմաններ՝ հարազատների համար»: Օրինակ, փափուկ բազկաթոռներ ու բազմոցներ, անվճար սուրճ, ամռանը՝ սառը, ձմռանը՝ տաք, էլի անվճար ջուր՝ վատացողներին՝ երկու, չվատացողներին՝ մեկ շիշ: Սգո սրահի տարածքում գործում էր նաև ինքնատիպ գերեզմանաքարերի պատրաստման արտադրամաս, դեղատուն, ծաղկի սրահ, եկեղեցի՝ իր քահանայով, հատուկ հոգեբան՝ հանգուցյալի շատ ազդված հարազատների հետ զրուցելու նպատակով ու նույնիսկ հացի փուռ, որ հոգեհացի մասնակիցները տաք-տաք հաց ուտեին: Ընդ որում, հոգեհացի մատուցման սրահում աթոռները երկու գույնի էին՝ դեղին՝ կանանց համար ու մուգ կանաչ՝ տղամարդկանց, բայց այդ աթոռների մեջ սևեր էլ կային, որոնք նախատեսված էին երջանկահիշատակի ընտանիքի անդամների համար բացառապես: Հենց սրահում, մեծ էկրանով հնարավոր էր ցուցադրել հանգուցյալի լուսանկարները՝ սկսած մանկությունից, նույնիսկ տեսանյութ՝ նրա մասին: Ստյոպը հետագայում ավելի զարգացրեց այս ճյուղն ու հատուկ հրավիրված ռեժիսորն ու ստեղծագործական թիմը «անհատական մոտեցմամբ» ու, իհարկե, առանձին վարձատրությամբ փոքրիկ ֆիլմ էին նկարում երջանկահիշատակի մասին, վերջին տիտրերում մեծ-մեծ տառերով գրելով ֆիլմը պատվիրողի անունը:

Ստյոպի ամբողջ նպատակն այն էր, որ մարդիկ գոհ ու երջանիկ հեռանան իր օբյեկտից: Նաև կուշտ, անշուշտ, ի դեպ, եթե հոգեհացի համար պատվիրատուն երկու ճաշատեսակ էր պատվիրում, ենթադրենք՝ խաշլամա ու ձուկ, Ստյոպը հիմնարկի հաշվին քյուֆթա էր հյուրասիրում՝ որպես երրորդ ուտեստ, և ամեն սեղանին մեկական շիշ՝ մաքուր ռուսական օղի՝ սառցարանից հենց նոր հանած:

«Լյուբովը» փոխեց սգո բիզնեսը քաղաքում: Բոլոր սրահների տնօրենները, տեսնելով, որ մարդիկ նախընտրում են օգտվել Ստյոպի հարմարավետ ու կրեատիվ ծառայությունից, իրենց ծառայություններն էլ թարմացրեցին: Օրինակ «Դրախտի պարտեզ» կոչվող սգո սրահի առջև նախկին՝ չոր իշաոտնուկների վրա փափուկ ծածկ հայտնվեց՝ վայրի տրամադրությանը համապատասխան սև գուպկայով: Իսկ ձմռանը հոգեհանգիստների կամ հուղարկավորությունների մասնակիցներին, հատկապես կանանց, մեկ այլ՝ «Վերջին ճանապարհ» սգո սրահում տրամադրում էին բրդյա ծածկոցներ՝ տարբեր գույների՝ հաճախորդների ցանկությամբ:

Ստյոպը զգում էր, որ մրցակիցներն ակտիվանում են ու երբ մտածում էր հաջորդ՝ վճռական բիզնես-հարվածի մասին, նրա աշխատասենյակում հայտնվեց Պայծառը:

Առանձին պատմություն է Պայծառը: Մինչև խոպանում անհետ կորած Վալոդը ձեռքը կբռներ ու իրենց տուն կտաներ, պարուհի էր: Նույնիսկ Պարի պետական անսամբլ էին հրավիրել, բայց Պայծառը նախընտրեց Վալոդի ձեռքը, քան հազարավորների ծափերը:

Երբ պարզ դարձավ, որ Վալոդն այլևս չի վերադառնալու, ռուսական Չիտա քաղաքում էլ այնքան ցուրտ է, որ պարտադիր մեկի ծոցը պետք է մտնես, Պայծառն առաջին անգամ ճաշի մեջ աղի փոխարեն շաքարավազ լցրեց: Բայց սարսափելին սա չէր, այլ այն, որ երկու որդին էլ չկարողացան մորը համոզել, որ ճաշը տարօրինակ է: Հետո ամբողջ կյանքում իր պես պարող դստեր մասին երազող Պայծառը չաղ Սվետի խանութից կանացի զգեստ առավ՝ բաց մանուշակագույն: Բերեց տուն ու փոքր որդուն ասաց.

-Քո համար եմ առել, բալե՛ս:

-Մամա՞, ձեռ ես առնո՞ւմ,-որդին արդեն խռպոտ ձայն ուներ:

Ինքը չընդունեց, որ ձեռք է առնում:

Հետո սկսվեց պատերազմն ու Պայծառի և Վալոդի մեծ որդին պատերազմ գնաց՝ անհետ կորելու: Այն օրից, երբ սև լուրը քաղաք հասավ, Պայծառի մասին, որը՝ շշուկով, որը՝ խնդալով, որը՝ լացով, ասում էին՝ «գժվել ա»:

Ուրեմն հենց այս Պայծառը հայտնվեց Ստյոպի սենյակում, երբ նա մտածում էր հաջորդ, վճռական բիզնես-հարվածի մասին:

-Աղջկաս ուզում եմ պսակեմ,-ասաց Պայծառը:

-Բայց դու աղջիկ չունես, ա՛յ կնիկ,-քթի տակ խնդաց Ստյոպը:

-Ո՞վ ասաց, քեզնից սիրուն ա:

Ստյոպը ժպտաց: Ստյոպը բարի մարդ էր, գուցե դրա համար էլ ժպտաց, բայց Ստյոպն արագ կողմնորոշվող մարդ էլ էր, հավանաբար դրա համար ժպտաց:

-Աստված քեզ ուղարկեց մոտս,-ասաց Ստյոպը ու պաչեց Պայծառի՝ երբեմն այնքան նազանքով շորորված ձեռքը:

Պսակվող իսկապես կար: Պայծառի փոքր որդին պատերազմից շատ հետո մի աղջկա ձեռք բռնած՝ տուն էր մտել, թե բա. «Մամ ջա՞ն, լավ ես չէ՞, հեսա ավելի լավ կլինես»: Պայծառն էլ ամեն ինչ հասկացել էր, մարդու հետմահու փողերը հաշվել, վրան դրել իր խնայողությունները, մի քանի ամիս էլ սպասել, որ թոշակներից մի քիչ էլ քերի ու վազել էր Ստյոպի մոտ: Լսել էր, որ մարդիկ Ստյոպի մոտից երջանկացած ու գոհ են դուրս գալիս, դրա համար էլ Ստյոպի մոտ էր վազել:

-Հենց ստեղ էլ կանենք,-ասաց Ստյոպը՝ Պայծառի ձեռքը համբուրելուց հետո,-բայց խոստացիր, որ պարելու ես:

Պայծառը խնդաց, բայց Ստյոպը նկատեց, որ կինը լացում է:

Հենց այդտեղ էլ արեցին: Ճիշտ է՝ Պայծառի որդին, երբ իմացավ, թե մայրն ինչ է արել, գոռաց, թե «խայտառակ ե՞ս դու, ա՛յ կնիկ», բայց Ստյոպը որոշեց, որ իր սրահը՝ մի շաբաթ կլինի սգո, հաջորդ շաբաթը՝ հարսանեկան:

Մարդիկ էլ գալիս էին՝ մի շաբաթ թաղումի, մյուս շաբաթ՝ հարսանիքի:

 

Հովիկ Աֆյան