Հասարակ բան

Հասարակ բան
Ամառ էր։
Ես ու դու ձեր դաշտ էինք գնում՝ ծաղիկ քաղելու։
Կածանին տաք փոշի էր. բոբիկ ոտքս թրմփացրի գետնին։
Կակաչ քաղելիս ձեռքիդ մի մեղու կանգնեց։
Հիշում եմ՝ կարմիր կակաչը գցեցիր առուն, ջրերը տարան։
Մեղուն թռավ մազերիդ մեջ։
Շատ ծիծաղեցինք։
Ամառ էր։
Ես ու դու դաշտից էինք գալիս։ Ասեցիր.
-Ծաղիկները տանենք թոնրատուն՝ մաման կաթնահունց սարքի...
***
Գյուղ։ Մեծ պատշգամբ։
Ապուրի սեղան։
Սեղանի առաջ՝ հանդարտ մի պապի։
Տիվանդորրի մեջ իր տխրությունն է կուլ տալիս լուռ-լուռ...
***
- Էս ի՜նչ հավաք ես խոսում,- ասացիր այդ օրը մեր հանդում։
Գուռի մոտ։ Երեք բարդու տակ։
(Եվ ես էլ ինձ բարդի զգացի, գիտե՞ս, հավաք ու թիկնեղ։ Գուռի մոտ)։
Հեռվում իմ պապը ցորենն էր ջրում։
Դաշտը՝ փռված ոտքերի տակ, ինքը՝ լուռ։
-Տե՛ս, դաշտը գնո՜ւմ հասնում է Արարատի փեշին,- ասացիր,- էս ի՜նչ հավաք-սիրուն ես խոսում․․․
Որդի տված մայրերին
Առուն, կատակասեր, ոլոր-մոլոր գնում է բաց դաշտով։
Սերմնացանը (տարօրինակ մի ոսկերիչ առատաձեռն) ցորեն է շաղ տալիս արտով մեկ։
Եվ հանդը, զուտ հանդն է ընդունում վիշտը, որ կաթում, կաթկթում է մեծ-մեծ աչքերից արևի...
***
-Ինչ կլինի, արի էլի հասարակ բաներ ասենք իրար, ծառից բալ քաղելու պես հասարակ բաներ։
-Օրինակ՝ շա՛տ ամառ լինի որ...
-Օրինակ՝ որ զանգ լինի էս ճյուղից կախ...
-Օրինակ՝ ճյուղը պոկվի, զանգն ընկնի զրնգա մեկ էլ...
-Ու Ռուբեն քեռին հեռվից լսի, հորթին դեմը տա, գա...
-Ինչ կլինի, արի էլի հասարակ բաներ ասենք իրար, ծառից բալ քաղելու պես հասարակ բաներ։
Նշան Աբասյան