Հարսանիք լեռներում

Տարիներ են անցել այն օրվանից, երբ գրել էի Սասունից Սերքան պապի մասին, որն 90-ականներին Սասունի լեռներում իր շահած-պահած այծերին վաճառել, ամբողջ գումարը տվել էր ռադիո գնելուն, որ լսեր «Էրիվանի» ձայնը: Նա և իր պես շատերը դրանով էին հասկացել, որ աշխարհում Հայաստան կա, որ իրենք մենակ չեն և որ «կռիվը» չի վերջացել:

«Կըսեր Ղարաբա՛ղ, Ղարաբա՛ղ, ըմ սիրտ ընբես կթրթռար օր, լաո», -պատմել էր Սերքանը, ես էլ՝ մյուսներին, ու բոլորը տարիներով վերընթերցում, հուզվում ու բերնեբերան պատմում էին այդ պատմվածքը:

Վերջին երեք տարում ես Սերքան պապին չեմ տեսել: Ոչ, նրա հետ կապը չեմ կորցրել: Ավելին՝ ես շատ լավ գիտեմ, թե որտեղ է Սերքան պապն իր բազմաթիվ երեխաներով ու էլ ավելի բազմաթիվ թոռներով:

Բայց Արցախից դուրս գալուցս հետո ես նրա գյուղ այլևս չգնացի: Վստահ եմ՝ ինձ հիշում է: Գուցե հենց դրա համար էլ չեմ ուզում գնալ: Որովհետև այն ժամանակ ես բազմաթիվ հարցեր ունեի նրան՝ «ինտեգրվածին», իսկ հիմա նա պետք է որ հարցեր ունենա ինձ՝ չինտեգրվածիս:

Մենք՝ որպես երկու նույն պատմության երկու տարբեր վերջաբաններ, չգիտեմ իրար էլ ինչ ունենք ասելու, հարցնելու: Իսկ միգուցե պետք է գնալ, որովհետև հենց այնտեղ, հենց սերքանների հետ կկարողանամ ամենասպառիչ լռությամբ «խոսել» մեր փոխադարձ վերքերի մասին: Չգիտեմ: Ես Սերքանենց տուն այլևս չգնացի: Որովհետև Ստեփանակերտի իմ տուն գնալ նույնպես չեմ կարող: Չեմ գնում ու չգիտեմ գնալուց ինչ ասեմ, որովհետև «կռիվը» այդպես էլ չվերջացավ:

 

***

Ես դեպի Սասուն «բարձրացել եմ» հնարավոր բոլոր ճանապարհներով. հարավից՝ Բաթմանի միջագետքյան այդ խեղդող ու անտանելի կեղտոտ օդը ըմբոշխնելով, արևելքից՝ ժամանակակից Բիթլիսի միապաղաղությունը հաղթահարելով, արևմուտքից՝ Սիլվանի՝ արևից սևացած դաշտերը հետևում թողնելով և, իհարկե, հյուսիսից՝ Մշո դաշտից:

Մուշից երեք ճանապարհ է տանում դեպի Սասուն. եթե որոշեք ուղիղ «ճեղքելով» Սիմ լեռն ու թունելով հարավ իջնել՝ լեռնային ճանապարհը ձեզ կտանի նախ Սեմալ ու Շենիկ, ձեր առջև բացելով Անդոկի՝ առանց չափազանցության ամենաֆանտաստիկ ու հզոր տեսարանը: Այստեղից դեպի Գելիեգուզան, Աղբիկ, Շուշանմերկ, Տափըկ, Գեղաշեն, Հաթնի, ուր որ ների նպատակն ու մեքենայի սարքին վիճակը՝ գնացեք, խելագարվեք, ծռվեք, ապա  խելքի եկեք, հետո թե կուզեք՝ էլի ծռվեք և առաջ մղվեք մինչև Տալվորիկի Էրգաթ: Բայց ինչպես կասեր սասունցի Զեյնո տատը՝ Տերը ձեզ օգնական:

Մյուս ճանապարհը Մուշից հարավ-արևելքով տանում է դեպի Խութ-Բռնաշեն,  ամենամեղմն ու ամենադյութիչը, ինչ կարող էր ունենալ ծուռ ու կոշտ Սասունը, իսկ ավելի վար՝ ամենահակասականն ու ամենաբացառիկը՝ տեղ-տեղ մինչև օրս Սասնո բարբառը պահած Մոտկանը:

Եվ ի վերջո՝ ոլորապտույտ, գրեթե միշտ անսարքություններով լի ու ժամանակին քուրդ զինյալների կողմից պարբերաբար փակվող ճանապարհն արևմուտքով ձեզ կտանի պատմական Խուլբ ու Խիյանք՝ երբեմնի մեծ ու շեն Սասունի մոռացված գոհարները:

Այս անգամ՝ ուշ աշնանը, կարծես դիտավորյալ ինչքան ուժ ունի գեղեցիկ, խիստ գեղեցիկ է այս ճանապարհը, իսկ Անդոկը մշուշի միջից չի երևում: Հաշվի առնելով, որ «խոսող» լեռ է Անդոկը՝ այս անգամ լռում է: Երևի ինքը՝ ֆիդայանիստն էլ է հոգնել: Ինչպե՞ս չհոգնի դարից ավելի «Ելիր, Գևորգ, ելիր», «Փրկեք մեզ թուրքի դավեն» երգողներից, որոնք մնացին 100 տարի և ավելի գերեզմանում հանգչածների հույսին: Հոգնել է, իհարկե, հոգնել է: Հետո ինչ, որ «ջանը քար է»:

                                                

***

Սասունի ամենաբարեբեր, բայց և ամենաանպաշտպան հատվածն է Խիյանքն իր՝ մինչև նոյեմբեր կանաչ մնացող դաշտերով, երկհարկանի գեղեցիկ տներով ու հետաքրքիր բերդերով, որոնք, սակայն, չեն օգնել, որ այս կողմի «մերկ» լեռները կանխեն տեղի հայերի անխնա կոտորածները: Խիյանքում, ի տարբերություն ավելի «փակ», ժայռոտ Խուլբի կամ արտաքին աշխարհից իսպառ կտրված Մարաթուկի շրջանի խուլ գյուղերի՝ թաքնվելու, այլ կերպ ասած՝ հայ մնալու տարածք առանձնապես չկար:

Լեգենդար Արխունդ գյուղը, որի հայերի՝ 1964 թվականին զինված դիմադրության ու բռնի կրոնափոխության մասին լեգենդներ են պատմվում մինչև օրս և Փառգան, ուր ծպտված մի քանի հայ որբերի սերունդներն այսօր հասել են մի քանի հարյուրի, այլ հերոսական օրինակներ, որոնք ոգեշնչող կլինեին մեր ազգային «էգո»-ի համար, Սասունի Խիյանքի շրջանը չունի:

Կա, սակայն, մի «բայց»: Եվ այս «բայց»-ն այն մասին է, որ միշտ չէ, որ լռությունը խեղճության նշան է:

Ընդամենը 4-5 հայ ընտանիք կա Սասունի Բացի գյուղում: Իսկ մեկ սար այն կողմ Մկթենքն է՝ Չաուշի ծննդավայրը:

«Հացի ժամն է, ո՞ւր եք գնում», -մեզ կարծես պատանդ են վերցրել Բացիի բացսիրտ հայերը, որոնց պապերը նույնպես 1915-ից հետո Մկթենքից, լեռան մյուս կողմից են եկել այս գյուղ:

«Մեզ ոչ ոք դուրս չի հանել Մկթենքից, մենք ենք տեղափոխվել», -կիսաձայն հավելում է տան ավագ որդին՝ Մուրադը, նկատելով, որ մենակ չենք և մեքենայում ազգությամբ քրդեր էլ կան:

Իմ՝ հարցական ու Մուրադի՝ մեղավոր հայացքները հանդիպում են այն կետում, որտեղ ամեն ինչ պարզ է երկուսիս համար էլ: Առավել ևս, որ եղել եմ Մկթենքում բազմիցս և ծանոթ եմ տեղի քրդերի «հանդուրժողականությանը»:

«Ա դե ինչ եք խոսում, մեր պապ Հակոբը դեռ մի 40-50 տարի առաջ է մեռել, մարդուն քրիստոնյա լինելու համար գյուղացիները չեն թողել ընդհանուր գերեզմանոցում թաղվի», - արագ-արագ բոլորին տեղում մատնում է հորեղբոր տղան՝ անտեղյակ մեր խմբի ազգային կազմից ու առանց ուշացնելու սեղանին փռելով ավանդական պաստեղն ու ընկույզը, չամիչն ու թեյը:

Չգիտեմ հետո էլ ինչից խոսվեց ու չխոսվեց այդ՝ գետնին անսահման գեղեցիկ նախշերով սփռոցի վրա մատուցված թեյի սեղանի շուրջ: Քաղաքականությունից, չամիչի որակից, ժողովուրդների՝ երբեք գոյություն չունեցած եղբայրությունից ու «բոլորս էլ մարդ ենք» շարքից… Չգիտեմ, կարևոր չէր: Որովհետև արդեն գիտեի, թե ինչու է ճակատագիրն ինձ բերել ու գցել հենց այստեղ ու այս տուն՝ 9-ամյսա շրջափակումից հետո: Որովհետև այո, կան ճշմարտություններ, հանուն որոնց ընկալման, այո՛, արժե հաղթահարել շրջափակումներ ու մահեր:

Հեռու լեռներում, բոլորից ու ամեն ինչից մեկուսի է Հակոբի գերեզմանը:

Ես միշտ վստահ եմ եղել, որ մարդկային ամենամեծ թուլություններն ու վախերը գալիս են չհասկացված լինելու, մեծամասնության կողմից այդպես էլ չընդունվելու վախից: Ատելությունը, կամ եթե կուզեք՝ հենց թուլությունը, որն ունակ է սրբել-տանել, ավերել ամեն ինչ, գուցե մեծամասամբ ծնված է հենց մերժվածության վախից:

Հակոբը մինչև հիմա մենակ է:

Մի փոքր խունկ ծխեցինք նրա գերեզմանին ու մտածեցինք՝ որքան հզոր կարող է լինել մարդը, որ չվախենա անգամ մահից հետո մենակ մնալուց և մինչև կյանքի վերջին վայրկյանը նախընտրի իր ճշմարտությունը՝ այլոց համար ընդունելի լինելուց:

 

***

Իսկ մենք, ի զարմանս բոլորի, հետ ենք քշում մեր եկած ճանապարհով: Հետ ենք գնում, որովհետև լեռներում հարսանիք է… Հետ ենք գնում, որովհետև ինչ-որ բան ասում է, որ չենք կարող ներկա չգտնվել այդ հարսանիքին: Եվ ոչ միայն նրա համար, որ այդ հարսանիքին մեզ հրավիրած Փարգայի հայերը շատ կտխրեին:

Լեռներում հարսանիք է…

Արցախից հետո Սասունին դիպչելը միթե՞ այսքան դժվար պիտի լիներ: Միթե՞ ես Սերքան պապիկի մոտ գնալու համարձակություն էլ երբեք չեմ ունենալու:

«Նա վերապրել է բլոկադան», -անծանոթներին ինձ ներկայացնելիս անընդհատ ասում է փարգացի Նորայրը:

Կարծես նույն կերպ, ինչպես Արցախում, որտեղ չկային գաղթականներ ու դեռ երբեք չէր եղել գաղթականություն, ինձ ներկայացնելիս թանգարանային նմուշ ցուցադրելու պես ասում էին՝ «Իր արմատները Արևմտյան Հայաստանից են»:

Երկու դեպքում էլ ոչ ոք չէր հասկանում իմ՝ այդ պահին անզգացմունք դեմքի արտահայտության պատճառը:

Այո, շատ դժվար էր դիպչել Սասունին 108 տարի անց երկրորդ գաղթականությունից հետո: Ես այլևս չունեի այն, ինչով էնտեղ մնացած իմ հարազատներից կես գլուխ բարձր էի քայլում ժամանակին, այլևս չունեի էն, ինչն ինձ հաղթած, իսկ իրենց «թերի» էր դարձնում: Հայրական մեծահոգություն կար բայց այս անգամ Սասունի մեջ: Նեղացած չէր: Չէր ասում` «Բա որ ասում էի»… Հայրաբար գլուխդ շոյում, խորհուրդներ տալիս, բուժում էր նոր վերքդ:

…Հարսանիք էր: Փոքր քաղաքում ինչքան հայ կա`եկել են: Հեռվից էլ են եկել: Եկել են, որ իրար ձեռք բռնած պարեն ու լեռները զրնգան: Հազար հոգի, գուցե և ավելի: Մեզ Հոփի ճանապարհից գտած Սիրանույշ մորաքույրը, 25 ֆիդայիների մասին պատմող Ֆերդի պապը, Գելիեգուզանի երգը երգող, արդեն լուսահոգի Ահմեդ պապի երեխաներն ու թոռները, բոլորն այստեղ են՝ բոլորը: Այստեղ են՝ կարծես ոչինչ չի եղել, ժպտում են ու ոտքերը գետնին զարկում՝ կարծես ոչ մի ուրիշ բան այս կյանքում ավելի կարևոր չէ:

Կներեք, հզոր լեռների հզոր մարդիկ, որ այսքան լքվածության մեջ հասցրել եք այնքան ուժ պահել, որ մեզ էլ մի բաժին տաք:

Եվ գուցե, այո, մի օր գնանք էլի Սերքան պապիկի տուն, որովհետև «կռիվը» չի վերջացել:

Որովհետև լեռներում նորից հարսանիք է…

 

Սոֆյա Հակոբյան