Հանդիպում

Չգիտեմ, թե ոնց հասա այստեղ։ Սարսափելի տեսարան է։ Միշտ սիրել եմ այս կամուրջը, բայց հիմա վախվորած եմ նայում ներքև։ Այս ի՞նչ են ստեղծել մարդիկ։ Մի ժամանակ քարայրներ ու ժայռեր էր պետք հասնել նման հոգեվիճակում, իսկ հիմա․․․ Ընդամենը մի քանի մետրի վրա այս երկաթբետոնե կառույցը կարող է դառնալ ցանկացողի ժայռը՝ բարձր, խոր, անհավատալի սիրուն, անիրական գրկաբաց․․․ Ծնկել եմ։ Մարդկանց համար ի՞նչ տարբերություն՝ ես վախենո՞ւմ եմ, թե սարսափից դողում եմ։ Միևնույն է, երկու դեպքում էլ համարվելու եմ վախկոտ։

Վեր կաց, Լիզա․․․ Քեզ ուրիշ սեր էր պետք, ուրիշ մի կյանք։ Ուրիշ մանկություն, ուրիշ բակ, ուրիշ ծնողներ․․․ ու դու կլինեիր ուրիշ։ Ուրիշ Լիզա․․․ Էլիզա․․․ Մալիզա․․․ Լոլիզա․․․ Հիմա, Լիզա, ուժ հավաքիր, կանգնիր ու նայիր ներքև։ Ապրես, այդպե՜ս։ Ոտքերդ դեռ մի քիչ էլ ուժ ունեն անպետք մարմինդ պահելու համար։ Գետը, որը հոսում է այս կամրջի տակով, քո հայելին է։ Նայիր, տեսնո՞ւմ ես, որ դու չէիր կարող ուրիշ լինել։ Մայրդ ճիշտ էր․ դու հեռուն չես գնա։ Վախկո՜տ․․․ Հա-հա-հա՜․․․ Ես վախկոտ եմ․․․

Երբ փոքր էի, վախենում էի մորս հետ խոսել։ Նա միշտ զբաղված էր։ Նրա զբաղվածությունից ու խստությունից հայրս փախել էր․․․ Հա, իմ աչքերում դա իսկական փախուստ էր՝ փախուստ բանտից․․․ Նրա հետ զրույցների փոխարեն ես խոսում էի ինքս ինձ հետ, վիդեոնկարահանում էի ինձ, իմ շուրջը, պատմում էի ինձ իմ խնդիրների մասին, բայց ի պատասխան չէի լսում՝ Լիզա, դու ուժեղ ես, այդ ի՞նչ խնդիր է, որ քեզ այդպես տանջում է, հիմա միասին կմտածենք ու մի լուծում կգտնենք․․․

Քույրդ․․․ Նա չի դիմանա, չանես նման բան։ Քո՞ւյրս․․․ Նա միշտ է ինձ օգտագործել․ Լիզա, չլսեցի՞ր, սուրճ են ուզում․․․ Լիզա, տուր այդ գիրքը, դա քո խելքի բանը չէ․․․ Լիզա, թռիր խանութ․․․ Պաղպաղա՞կ, սա լրիվ գժվել է, ես մազերս պետք է ներկեմ․․․ Քույրս հաստատ չի դիմանա։ Սուրճ եփելը, խանութ գնալը, տունը մաքրելն ու նման գործերը կմնան նրա վրա․․․ Չնայած ի՞նչ իմանաս․․․ Երևի ոչինչ էլ չի մնա նրա վրա։ Նա սովորում է․․․ Միայն ես գիտեմ, որ նա ոչինչ էլ չի սովորում․․․

Փակում եմ աչքերս։ Չեմ ուզում տեսնել ո՛չ այս կամուրջը, ո՛չ  ներքևում գետի մեջ ցցված քարերը, ո՛չ կիսամութը, ո՛չ կիսալուսինը․․․ Փակում եմ ու զգում մատներդ, համբույրներդ, շունչդ, ձայնդ, փակված աչքերդ, որոնցից այդպես էլ հայացքդ չգտա․․․ Ես այսօր ինձ օտար եմ զգում՝ այլ, անծանոթ մոլորակից, որովհետև դու խորթացել ես ինձ, որովհետև ինձ չես գրկել քո սիրով։ Արի՜․․․ Համոզիր, որ սիրում ես, որ խաբել ես, որ դու ևս ինձ մենակ չես թողել։ Ես ինձ սիրուն էի զգում, որովհետև ինձ հմայված ու սիրով էիր նայում, սիրուն էիր նայում․․․ Ես երջանիկ էի․․․ Ոչ ոք չէր պատկերացնում, որ ես էլ կարող եմ երջանիկ լինել․․․ Քարկոծե՛ք ինձ, մարդիկ․․․ բամբասեք, երբ ես երջանիկ եմ, ու դա արեք բարձրաձայն։ Եվ ես կհասկանամ, որ մենակ եմ։ Երջանիկ եղեք յուրաքանչյուրդ ու ձեր շուրջը նայեք, և բոլորդ կհասկանաք, որ մենակ եք։ Ես․․․ Գիտե՞ք, ես երջանիկ էի, երբ նրա հետ գոչելով բոբիկ վազում էի անձրևի տակ։ Բայց ո՞վ է ունակ հասկանալ իմ այդտեսակ երջանկությունը։ Ինձ իսկապես պետք էր, որ հասկանայիք, բայց հիմա․․․ ինձ համար միևնույն է, ես թքած ունեմ․․․

Աչքերս բացում եմ․․․ Լիզա, հպարտ եղիր։ Հպարտությունը վա՞տ բան է․․․ Չէ, հպարտություն կա, կյանք արժե։ Հպարտ եղիր ու սիրիր քեզ․․․ Սիրե՞մ․․․ Ի՞նձ․․․ Ինչպե՞ս․․․ Որոշեմ ու սիրե՞մ․․․ Չէ, չեղավ․․․ դա որոշելով չէ։ Ինձնից խլել են ինքս ինձ սիրելու հնարավորությունը։ Հա, ինքնասիրությունը ձեռքբերովի արժանիք  է․․․ Ես դրանից զուրկ եմ․․․

Իսկ ե՞րբ, որտե՞ղ պետք է ձեռք բերեի էդ պուպուշ արժանիքը։ Տա՞նը, որտեղ ես վազվզող, ոչ ոքի հետ չխոսող, կարևորը միշտ խելոք, լսող էի։ Դպրոցո՞ւմ, որտեղ ես լավն էի միայն ստուգողականների ժամանակ, որովհետև պետք էի, իսկ մնացած օրերին, մնացած դասաժամերին, դասամիջոցներին, դպրոց կամ տուն գնալու ճանապարհին ես սարսափելի, նվազ, կլոր աչքերով, պեպենոտ, խուճուճ մեկն էի, ում պայուսակը կարող էր պարել օդում, օրագիրը՝ ինքն իրեն պատռվել, իսկ վերարկուն՝ հայտնվել հատակին։ Բակո՞ւմ, որտեղ ոչ ոք չէր ուզում հետս խաղալ, որովհետև վոլեյբոլի համար կարճահասակ էի, բռնոցի խաղալու համար դանդաղաշարժ, պահմտոցիի համար՝ անուշադիր։ Էդքանն էր․․․ Էլ ուրիշ տարածք չունեի էս հսկա մոլորակում։ Տարօրինակ մանր դժբախտությունների շարան, որ գծել են կյանքս, որ վարժեցրել են իրենց, որ կախման մեջ են պահել իրենցից․․․ 

Նորից փակում եմ աչքերս։ Դու կարող ես։ Ոչ մի կաթիլ արցունք։ Նման հիմար բաները քեզ համար չեն։ Մի քայլ, ընդամենը մի քայլ․․․ Ոտքդ մեկնիր առաջ, որտեղ հենման կետը մի քիչ ներքև է, ու կիջնես․․․ Դե․․․ Բարձրացնում եմ ոտքս։

-Լիզա՞, -լուսահոգի տատիս բղավոցն է,- Խելքդ գցե՞լ ես։ Ի՞նձ ես կարոտել։

Հա, տատ։ Կարոտել եմ։ Քեզ հետ էլ մի բան չէր, բայց կարոտել եմ։ Կարոտել եմ, որովհետև կարգին չեմ հիշում քեզ։ Կարոտներս կաթում են աչքերիցս։ Եղած մի քանի կաթիլն էլ վերջացավ․․․ Ես կարոտելու էլ ոչինչ չունեմ։ Ու ոչ ոք չկա, որ ինձ կկարոտի։ Ինձ՝ իմ լինելը, իմ ապրելը, ժպտալը, ինձ հետ ծիծաղելը․․․

***

Մեջքս անասելի ցավում է։ Աչքերս թարթում եմ, ու աչքերիս հետ թարթվում են կցկտուր տեսանելի պատկերները։ Էս ինչքան շատ եք։ Ձեր շնչից շունչս կտրվում է։ Երանի դեմքս հաղթահարեր էս ծանրությունն ու կարողանայի ասել՝ դուրս եկեք։ Սպիտակ պատեր են։ Սպիտակ խալաթավորներ էլ կան։ Ուրեմն հիվանդանոցում եմ։ Ո՞վ եմ ես։ Ինչո՞ւ եմ այստեղ։ Չէ։ Խելքս չեմ գցել։ Գիտեմ, որ Լիզան եմ։ Բայց այսքան մարդիկ ի՞նչ կապ ունեն ինձ հետ, իմ հոգու հետ։ Ականջներումս խշշոց է։ Էս մարդկանց բերանները բացվում-փակվում են, բայց չեմ հասկանում, թե ինչ են ուզում, որ անեմ։ Իսկ ես ոչինչ ի վիճակի չեմ անելու։ Ափս բացվում է։ Ինչ-որ մեկի ափը մոտենում է իմին, հետո ափս փակվում է։ Էլ ուրիշ ոչ մի մկան չի շարժվում։ Նորից պատկերը թարթվում է։ Ինձ մոտեցավ մի խալաթավոր։ Կաթիլայինի մեջ դեղ ներարկեց։

Գլուխս սեղմվում է։ Ես չեմ կարողանում աչքերս բացել։ Որքան փորձում եմ՝ չի ստացվում։ Խշշոց եմ լսում։ Ծանրություն եմ զգում։ Փորձիր, Լիզա։ Դու կարող ես բացել աչքերդ։ Մի կիսահաջողված փորձ․ մայրս լացում է։ Ես կանխատեսել էի այդ լացը։ Գոնե լացել նա պարտավոր էր։ Վերջ․․․

***

Պարզվեց՝ մոտ մեկ ամիս կոմայի մեջ եմ եղել։ Կամուրջից չեմ հասցրել ընկնել։ Բռնել են․․․ Նա է բռնել, ով իմ երջանկությունը շատ էր համարել։ Ես միշտ չեմ հավատացել բառերին․ դրանք իմ կյանքում այնքան քիչ են եղել։ Ես հավատացել եմ սրտի թրթիռներին, ես հավատացել եմ երջանկությանն ու դժբախտությանը։ Միջին վիճակ չկա։ Երջանկությունը պա՞հ է։ Իսկ դժբախտությո՞ւնը։ Ինձ համար երկուսն էլ տևական բնույթ են կրում։ Ես նրա կողքին՝ երջանիկ, իսկ մորս կողքին՝ դժբախտ էի ամեն վայրկյան։ Իսկ հիմա․․․ Որոշել են ինձ օգնել։ Բայց ես ուզում եմ մենակ լինել, մենակ երջանկանալ։ Հոգիս տապալել է մարմնիս։ Իմ հոգու համար նրանց բոլորի անհանգստությունը կեղծ է ու եսասիրական։ Ես խղճում են նրանց, որովհետև նրանք փորձում են ու չեն կարողանում պատկերացնել իրենց իմ չլինելուց հետո․ անծանոթ ապրումներ են նրանց համար։ Իսկ ես շատ անգամներ եմ պատկերացրել։ Ես հիմա այլևս ոչ ոքի չեմ սիրում։

Տուր ինձ, Տեր, իմ հոգու խաղաղությունը․․․

Օգնիր ինձ հասկանալ քայլերիս ճշմարտացիությունը, տիկին հոգեբան․․․

Վերադարձրու ինձ, մայր, իմ մանկականությունն ու հավատը․․․ Մի ամսվա կիսատ-պռատ լացը բավական չէ ինձ կյանքում լողալու համար։ Ոչ մի հուն թաց չի մնացել։ Ցամաքել են կյանքիս բոլոր ծովերը։

Անջատիր ինձ էս իրականությունից, մեծն գինի․․․

Դե, պայթիր, պայթիր ու ավիրիր շուրջդ, Լիզա․․․

Ոչինչ էլ չի անցել։ Միայն վերացել են մի քանի եսերը ու մնացել է ամենահամառը․ նա, ում ոչ ոք չէր հասկանում։

Ես կգնամ բոլորիցդ հեռու։ Կլինեմ խաղաղ։ Կապրեմ անտառում, սարերի վրա, խոտերի մեջ ու քարայծների կողքին։ Թույլ տվեք գնալ․․․

Ինձ հիվանդանոցից դուրս են գրում անվասայլակին գամված։ Չէ, ոչ մի լուրջ բան չկա։ Պարզապես ես սովորել եմ կառավարել մարմինս։ Բժիշկները հավատացել են, որ ոտքերս չեմ զգում։ Թող ինձ խնամեն, իսկ մի քիչ ավելի եսասիրաբար՝ թող ինձ ծառայեն․․․ հա-հա-հա՜․․․ Քույրս ինձ համար սուրճ է պատրաստում, մայրս հարցնում է՝ ոնց եմ, իսկ նա․․․ սայլակով մաքուր օդի զբոսանքներս ապահովված են։ Դե լավ, մեծ բան չեն անում։ Շատ ծիծաղելի է։ Երբ մենակ եմ մնում սենյակում, հերթով նկարում եմ բոլորի դեմքերը, երբ ինձ տեսնեն վազելուց։ Այդ պահից սկսած բոլորը կվերադառնան իրենց առօրյային։ Մի քիչ էլ, մի երկու շաբաթ, ու կգնամ։ Նոր ծանոթս կարծես լավն է։ Հոգատար չի ձևանում, որովհետև ինձ որպես ուժեղ կին է ճանաչում, ով իր մասին կարողանում է հոգ տանել։ Իշխող ու հրամաններ տվող չի ձևանում, որովհետև ինձ որպես հավասարի է ընդունում։ Իսկ իմ շուրջը բոլորը շարունակում են ձևացնել։ Ոնց եմ ատում էս ձևերի տունը։

***

Ես ինքնաթիռի մեջ եմ։ Գնում եմ ծանոթիս մոտ։ Առաջին անգամ կյանքում համարձակվել եմ առանց հետ նայելու դուռն աղմուկով փակել իմ հետևից։ Ամենահրաշալին այն է, որ ես չեմ սպասում, որ ծանոթս ինձ կդիմավորի։ Ես պատրաստ եմ ինքնաթիռից իջնելուց հետո բացահայտել, որ իմ վիրտուալ ծանոթը գոյություն չունի․․․ Ես գնում եմ ինձ հետ հանդիպման․․․

Բարև, Լիզա․․․ Ուրիշ, սիրուն պեպեններով ու փարթամ խուճուճներով Լիզա․․․

 

Սիրանուշ Զախարյան