Համբուրված ըլլայինք ամենազոր հարալեզներե

Մինչև մեռնելը ապրել է պետք նախ

Քանի դեռ Փոքր Մհերը դուրս չի եկել ու աշխարհի ջարդը չի տվել, չի քանդել, որ վերակառուցի, քանի դեռ մենք ապրում ենք անմահության, վերակենդանանալու սրբացրած հավատով, այս ապրվող կյանքի համար պայքարը լինելու է ցեղասպանվելու գնով։

Մենք թակում ենք անմահության դուռը։ Նա մեզ ներս է կանչում, խեղդում իր տան մեջ։ Անմահությունը մեզ պե՞տք է։

Փոքր Մհերը երբ հոգնում է Քուռկիկի հետ խոսելուց, նստում, փյունիկ է նկարում թղթին։ Նկարը չի հավանում․ այրում է․ չի այրվում․ դրսում 1915 է։ Նորից է նկարում․ այրում է․ չի այրվում․ դրսում հազար տարի անց էլ 1915 է։

Մեր վշտից, մեր մեռնելուց, մեր վախից հորինեցինք Արային, որ ապրեինք, որ հավատայինք՝ մեռնելուց հետո հարություն ենք առնելու։ Այդ հավատով խելոք, կրավորական ենք մահվան առջև։ Շամիրամը շամբշոտաշուրթ է ու հաղթող։ Փոքր Մհերը դուրս գար ու պատժեր նրան հարալեզների դավաճանության համար։ Բայց մեր ասպետականությունը թույլ չի տալիս կնոջ վրա ձեռք բարձրացնել։

Դավաճանություն կա։ Դավաճանություն եղավ։ Դավաճանողները հարալեզներն են։

Ձեռքը կզակի տակ՝ իր մտորումներում սարսափելի, իր խեղճության հետ մենակ, դիվային նստած է Շամիրամը Արայի դիակի մոտ։ Նա քննում է բախտն իր երևի ու նախանձում Աֆրոդիտեին, ում չի դավաճանել Հադեսը։

Հարալեզները մեզ ուրացան։ Հույսը կա, սերը կա, քանի դեռ Անահիտը չի հրաժարվել պտղաբերության աստվածության բարեգթությամբ օրհնել սերը։

«Թամմուզը, Ադոնիսը, Արան ժողովի են նստել Ագռավաքարում, ու Փոքր Մհերը՝ հաղթած,  դատապարտված այդ նվաճյալ անմահությանը, խորհուրդ է տալիս՝ վազն անցեք անմահության գաղափարից։ Անեծքի ուժն իմ ու Արտավազդի դժբախտությամբ տեսեք։ Իսկ Արան հավատացած պատմում էր, թե մայրական անեծքների կայծակներն անզոր են եղել իր կամքը լափող հրդեհի դիմաց»,- այսպես կգրեր Պոն, եթե ճանաչեր Արային։

Ու խաբված են աստվածները հենց աստվածներից։ Մարդը հույսը ու սերը որպես հենարաններ ունի ապրելու համար։ Դա մինչև այն պահը, երբ Անահիտը հրաժարվում է իր դիցական պաշտոնից, երես թեքում։ Դավաճանում են նաև հարալեզները։ Առանց սիրո մարդն իր հույսը դնում է գոնե աստծո վրա, որ գոնե հուսա ու ապրի։ Իսկ երբ աստվածներն են կորցնում սերը ու դավաճանված զգում հենց աստվածների կողմից, ապրելն ու մեռնելը մեկ են դառնում։

Գուցե պետք էր՝ մեզ դավաճանեին, որ չհպարտանանք անընդհատ վերածնվելու փյունիկյան մեր էությամբ ու հույսներս մեզ վրա դնեինք աղոթքից առաջ։ Գուցե ցեղասպանությանը պարտվենք մի անգամ, կարգին, տեղը տեղին պարտվենք, որ  հասկանանք՝ հարալեզները երբ դավաճանում են, մենք ենք դառնում մեր ապրել-չապրելու միակ պատասխանատուն։

Շամիրամը սիրել է Արային՝ գոռ ու գեղեցիկ։ Արան չի նետահարել Շամիրամին, խնայել է նրան ու հենց այդտեղ իր նախնի Հայկը պարտվել է Բելին։ Հայկի ու Բելի կռիվը հազարամյակներ առաջ էր եղել՝ չգիտեմ։ Կռվի ժամանակ, երբ Արտաբանը մտածում էր արծվի թռիչքի մասին, երբ Արան մտածում էր ասպետության մասին, երբ Շամիրամը մտածում էր հաղթած լինելու մասին, ժամանակը քարացավ, կանգ առավ, բոլորը սպասեցին։ Եկավ Հայկը, կանգնեց Արայի կողքին, լայն քաշեց երեքթևյան աղեղը, եկավ Բելը, կանգնեց Շամիրամի կողքին, պատրաստվեց մեռնելուն։

Ու ահա Հայկի նետը պետք է սուրար, Արտաբանն արդեն խոցեց Արային։ «Ընդունեցավ իր տկարությունը, իր ուրացումներն ու սուտը»։ Փոքր Մհերը դրսից դղրդյուն լսեց․ Արայի մարմինն ընկավ։ Այդ նույն պահին նոր նկարած փյունիկը փորձում էր այրել, չէր ստացվում։ Գուցե ինքը դուրս գա, Նվարդին ցավակցի։ Ո՛չ։ Նա ողբի ձայն է լսում․ Սուրենյանցն է՝ Շամիրամին է նկարում Արայի մարմնի մոտ։ Նա դուրս չի գա։ Նա Ադոնիսը չէ, որ սիրո պայքար է մղում։ Նա մի ամբողջ ազգի ապրելու բեռն է տանում անդրաշխարհից երկիր։ Բացվեին երկնքի դռները, ու ոչ 1915-ի, այլ 2020-ի մեռնող աստվածները գային Ադոնիսի պես, փարվեին սիրեցյալներին։ Դավաճանեցին հարալեզները։

Հարալեզները նստած հեգնում են Նվարդի սև հագուստը։ Իսկ Շամիրամը դեռ հույս ունի մեռած մարմնից կյանք ստեղծել։

Նվարդը կների Արային, որովհետև «Ազգութունեն վեր, կըսեր, կա ուրիշ բան մը»։ Որովհետև սիրում էր «սիրելու համար»։ Ու սիրում էր խորամանկ ու վավաշոտ Շամիրամը մեռնելու աստիճան, մեռնելու գնով։

Նրա ոտքերից արյուն չկաթեց ու վարդեր չբուսնեցին։ Ու նա Աֆրոդիտեին չհանդիպեց, կնոջական խորհուրդ չվերցրեց՝ ինչպես հողմածաղիկներ աճեցնել։

Գնալ մեռնելու հանուն կյանքի ու հուսալ՝ «որպես թե համբուրված ըլլայինք ամենազոր հարալեզներե»։

Ցեղասպանվեցինք Շամիրամից։ Այն պահին, երբ Սուրենյանցը Արայի դիակի մոտ «ողբացող» կնոջը ոչ թե Նվարդին պատկերեց, այլ Շամիրամին։

Նվարդը Ծովինարի չափ խոհեմ եղավ։ Երբ Թամմուզը, Ադոնիսը Արայի ասպետական մահից հետո գնացին դա պատմելու Փոքր Մհերին ու էլի ժողովի նստեցին, Նվարդը գնաց Իսիսի մոտ։ Խորհուրդ լսեց։ Իր մտքերում կաթիլ առ կաթիլ հավաքեց Արայի՝ երկու սերերով ճեղքված հոգին, կենսականություն տվեց նրան, ինչպես Օսիրիսին Իսիսը, հղացավ պատմության մեջ կրկնվող երկնությունը․ Դեղձուն Ծամի պես կկառավարեմ։ Արքայոդին կա, ծնունդ կա, մեր ազգին ապրել կա։

Ասում են՝ Արան հարություն չի առել․ դավաճանել են այդ շնակերպ ոգիները։ Ասում են՝ հարություն առել է ու դարձել մեռնող-հարություն առնող աստված։ Ասում են՝ հավատացել ենք՝ չի դավաճանի Նվարդին։ Ինչո՞ւ, ինչո՞ւ չխոցեց Շամիրամին։ Ինչո՞ւ չկրկնեց հաղթանակը Հայկի, ինչո՞ւ բեկեց պատմության ընթացքը։ Մեռնելուց հետո ենք կյանքի կռիվ տալիս ու վերակենդանալու ուղիներ փնտրում։ Մինչև մեռնելը ապրել է պետք նախ։

Արքայամա՛յր, անիծե՞լ ես։

 

Վանուհի Բաղրամյան