Հադրութի՝ Երևան հասած քարե վկան

Դիզակ աշխարհի գույները

Զմրուխտե լեռների, նրբագեղ ու հինավուրց բազիլիկ տաճարների, հազարամյա բերդերի ու ամենահյուրընկալմարդկանց օրրան էր Հադրութը, նույն ինքը՝ Դիզակ աշխարհը։ Ասում ենք «էր», որովհետև թեև Հադրութի լեռներն այժմ նույնչափ խենթացնող գեղեցիկ, իսկ բերդերն ու տաճարները նույնքան վեհ են, բայց սիրելի Հադրութն ու մենք այժմ կարծես զուգահեռ իրականություններում ենք հայտնվել, կամ՝ հայելու երկու տարբեր կողմերում։ Անշուշտ, ինքներս մեզ հետ առերեսվելու համար հայելուն նայելը, Հադրութին նայելն այսօր, թերևս, պարտադիր է․․․


Երևանի մարդաշատ ու միշտ բանուկ փողոցներից մեկում՝ Խորենացի 47/7 հասցեում է ծվարել մեզ մնացած փոքրիկ «Հադրութը»։ Նորաբաց «Դիզակ արտը» Հադրութը քիչ թե շատ վայելել հասցրածներին կհիշեցնի, իսկ հրաշքը բաց թողածներին կփորձի պատմել, թե որտեղից էին ծնվում Դիզակ աշխարհի գույները։ Նորաստեղծ թանգարան-պատկերասրահը մեկ այլ առաքելություն էլ ունի․ հադրութցիներին չկտրել հադրութցիներից։

Հադրութի ավելի քան 400 պատմամշակութային հուշարձաններից 365-ն է  ցուցակագրվել մինչև Արցախյան երկրորդ պատերազմը։ Սակայն դրանցից միայն մեկն է այսօր «ապրում» մեր կողքին ու ապրեցնում Հադրութի հիշողությունը․ Խծաբերդից դուրս բերված խաչքարի կտորն է, որը վերջին պահին հասցրել են գաղտնի այնտեղից դուրս բերել որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցած հադրութցի երիտասարդներդը, և որն այժմ զարդարում է «Դիզակ արտի» անկյուններից մեկը։ Սա Հադրութի հսկայական պատմամշակութային ժառանգության ու շուրջ 3000-ամյա հայկական պատմության առայժմ միակ քարե վկան է, որ մնացել է հայկական կողմին։

«Դիզակ արտում» նաև տեղ են գտել դարձյալ միայն հրաշքով կամ երջանիկ պատահականությամբ փրկված 26 կտավները՝ Հադրութի գույները։ 2017 թվականից Հադրութում մեկնարկած «Դիզակի գույները» սիմպոզիումի հայ և արտասահմանցի գեղանկարիչների ստեղծած ավելի քան 200 կտավներից միայն այն 26 «հաջողակներն» են փորկվել․երջանիկ պատահականությամբ դրանք պատերազմի օրերին Մոսկվայում էին՝ ցուցահանդեսի մասնակցելու նպատակով։ Ոչ միայն թշնամուն մնացած 170 կտավների, այլև Հադրութի ամբողջ թանգարանային արխիվի ու հազարավոր բացառիկ ցուցանմուշների ճակատագիրն այժմ անորոշ է։

«Կարծում եմ, որ մեր քաղպաշտպանությունն իսկապես թերացել է ու ոչ միայն պատերազմի օրերին, այլ՝ առհասարակ։ Պատերազմող երկիր ենք, բայց անվտանգության շատ միջոցներ, գործողություններ, որոնք պարտադիր պետք է նախապես արվեին, չեն իրականացվել նախօրոք։ Օրինակ՝ արխիվի տեղափոխում և նման այլ կարևոր միջոցառումներ։ Ճիշտ է, ես էլ եմ մտածում, որ երբեք ոչ մեկի մտքով չէր անցնի, որ ադրբեջանցին կմտնի Հադրութ, նույնիսկ 90-ականներին, երբ 1 կմ այն կողմ էին՝ չէինք մտածում, որ կմտնեն, երբ Հադրութի հարավային թևի գյուղերը՝ Ցորից մինչև Արևշատ «Օղակ» գործողությամբ դատարկված էր, միևնույն է՝ ոչ ոք չէր մտածում այդ մասին։ Այժմ, այո, թերացում եղել է քաղպաշտպանության։ Կարծում եմ, որ եթե մարդիկ անձնական նախաձեռնությամբ չտարհանեին իրենց հարազատներին՝ աղետը շատ ավելի մեծ կլիներ, հաշվի առնելով հանգամանքը, թե ինչպես են ադրբեջանցիները մտել Հադրութ», - նշում է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Հադրութի շրջանային ծառայության պետ Գայանե Բուդաղյանը, որն իր երկու գաղափարակից ընկերների՝ Հադրութի վարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանի և «Դիզակ» թերթի գլխավոր խմբագիր Լիանա Պետրոսյանի հետ հադրութցիներին կրկին միավորելու իր ջանքներն այժմ կենտրոնացրել է հենց «Դիզակ արտ» նախագծի շուրջ։

Ըստ Գայանեի՝ իրենց տունը կորցրած ավելի քան 13 000 հադրութցիների համար պակաս կարևոր չէ նոր բնակավայրերում չկորցնել իրենց ներսի «հադրութցուն», չմոռանալ այն առանձնահատուկ ինքնությունը, որն իր գունային բոլոր երանգներով, բոլոր դրսևորումներով ամբողջացրել է հնամենի Դիզակ աշխարհի դիմագիծը։

«Հիմա Արցախում տարվող աշխատանքը կոնկրետ խմբերի կոմպակտ վերաբնակեցման ուղղությամբ ինչ-որ չափով կարող է նպաստել նրանց առանձնահատկությունների պահպանմանը։ Իհարկե՝ ինքնության պահպանման խնդիրներից կարևորագույններից մեկը Հադրութի բարբառի պահպանությունն է», - նշում է Գայանեն՝ ընդգծելով, որ անկախ այն հանգամանքից Արցախում կնախընտրեն վերաբնակեցվել հադրութցիները, թե մայր Հայաստանում՝ խնդիրներն ու առաջնահերթությունները նույնն են։

«Արցախում լինի, թե Հայաստանի որևէ շրջանում՝ ես առաջին հերթին կողմ եմ կոմպակտ ապրելակերպին՝ մշակութային առանձնահատկությունների պահպանման տեսակետից։ Մյուս կողմից էլ Շահումյանի ցավալի օրինակը կա. ճակատագիրը նրանց ցրեց երկրի ու աշխարհի տարբեր ծայրերով, և ,ցավոք, նրանց առանձնահատկությունները չպահպանվեցին։ Հադրութցիների մի մասը հետ է գնացել Արցախ, կոմպակտ միջավայրը կօգնի, իհարկե, այս հարցում։ Մյուս կողմից, լեզվից բացի մարդկանց՝ փոքր համայնքներում ավելի հարմար ապրելու գործոնը կա», - շարունակում է Բուդաղյանը՝ ցավով արձանագրելով, որ արդեն 500 հադրութցի բռնել է Ռուսաստանի Դաշնության ճանապարհը։

Չնայած բռնի տեղահանված արցախցիների՝ Արցախի այլ բնակավայրերում վերաբնակեցնելու բազմաթիվ ծրագրերին՝ հադրութցիներից դեռևս քչերն են շտապել վերադառնալ Արցախ:Այժմ Հայաստանում են շարունակում մնալ տեղահանվածների մեծ մասը՝ շուրջ 10 000 մարդ։

«Չեմ կարծում, որ Հադրութի 13 500 բնակչությունից բոլորը կվերադառնան Արցախ։ Դա իրատեսական չէ։ Մի կողմից կա անվտանգության խնդիրը։ Միշտ չէ, որ սա ճիշտ է ընկալվում։ Կոնկրետ ես իմ ոչ երկար կյանքի ընթացքում արդեն երեք պատերազմ եմ տեսել։ Իմ հասակակիցները, ինձանից մեծերն էլ, հոգեբանորեն դժվարանում են այդ անվտանգության, վստահության զգացումը վերականգնելու հարցում։ Մանավանդ հիմա, երբ Արցախն այսօր մի նեղ օղակով է կապված Հայաստանին։ Օմարից մինչև Արաքս ընկած այդ հսկա տարածքը  զուտ տարածք չէր, Արցախի, յուրաքանչյուր արցախցու համար Հայաստանը որպես թիկունք զգալու գրավական էր։ Այդ վստահությունը կար։ Թշնամին միայն առաջին գծի վրա էր, թշնամուն առաջ նայելով էին տեսնում, բայց թիկունքը միշտ կար։ Հիմա չորս կողմից շրջափակման մեջ գտնվող այդ կղզյակում բավականին բարդ է․․․ Իհարկե, դա կհասկանան մարդիկ, ովքեր սահմանամերձ դարձած համայնքներում են, գորիսեցին էլ կհասկանա, Տավուշի բնակիչն էլ կհասկանա, վարդենիսցին էլ։ Նրանք, ովքեր չեն զգացել այդ ամենը՝ կարող են չընկալել, թե ինչու երեք մանկահասակ երեխա ունեցող արցախցի կինը չի ցանկանում վերադառնալ Արցախ, մանավանդ՝ պատերազմից շատ քիչ ժամանակ անց», - ասում է Գայանե Բուդաղյանը։

Գայանեի, ինչպես և բոլոր հադրութցիների համար, հայրենի շենն ու այնտեղ թողած վանքերն ու բերդերը, գույներն ու բույրերը, հրաշալիքներն ու դժվարություններն այլևս երազի պես հեռու ու անշոշափելի են, սակայն մեկ բանում նա վստահ է․ «Նոյեմբերի 9-ին տեղի ունեցածից զատ է՛լ ավելի կարևոր է, թե մենք ինչ ենք անում և անելու նոյեմբերի 9-ից հետո»․․․

 

Սոֆյա Հակոբյան