Հադրութի «օրը». «Կամ լավ պիտի լիներ կա՛մ ոչ մի բան»

«Այսօր Հադրութի օրն է». ասում են շրջափակված քաղաքի «հյուրերը»՝ տեղահանված հադրութցիները:

Ո՛չ «հետ ենք գալու» ոճի կենացային հայտարարությունների, ո՛չ «Կարսի սինդրոմ»-ը հերթական անգամ ասպարեզ բերելու ու «ախ, մինչև երբ» գրելու, և ո՛չ էլ պաշարված, փրկված ու հետո կորսված Հադրութի օրինակով մեր հին ու նոր սխալներից խոսելն է այս սյունակի նպատակը: Կրկնվող, անպտուղ ու ինքնակեղեքող տողերի համար չափից դուրս «անհարմար» ու անպատեհ ժամանակներ ենք ապրում՝ բոլորս՝ կրկին պաշարվածներս, բլոկադայից այն կողմ հոգեպես շրջափակվածներն ու այս ամենի հետ կապ չունեցողները: Որևէ մեկս կրկնվելու ո՛չ սիրտ, ո՛չ ժամանակ ունենք:

Զմրուխտե բարձունքների մեղմ, սահուն անցումները, մեղրի անուշ, կարծես դեպի տիեզերք տարածվող քաղցրագույն բույրը, անվերջ ու դեպի անվերջություն հոսող սառնորակ ջրերը, գետերի հոսանքում սեպ խրած լճակների թափանցիկ հատակը, ու այո՛ թափանցիկությունը, հենց թափանցիկությունն էր Հադրութը:

Անդադար կարելի է խոսել Հադրութի երկրային արժեքից, գեղեցկությունից, հայկականությունից, բացառիկությունից, բայց Հադրութն այս ամենից զատ նաև ուրիշ, իրավամբ անփոխարինելի արժեք է: Հադրութը ողնաշարն էր՝ գաղափարական ու «ֆիզիկական» ողնաշար: Հադրութից էր սկսվել Արցախյան շարժումը, Հադրութում էին սկսել այդքան հանդգնաբար, բարձրաձայն արտասանել «Ղարաբաղի ողբը», Հադրութն էր Արցախի սեղանի հացը, ձմեռը արցախցուն ջերմացնող ծմակը, արաքսյան հոսանքն ու հարավային դարպասը: Ու հիմա՝ առանց ողնաշար՝ դե արի ու ապրիր: Դե արի ու շնչիր:

«Թութակի պոստ», «Զավենի պոստ», եռագույն քարը և ահա մտնում էիր Հադրութ, ինչպես տեղացիներն էին ասում՝ հերոս քաղաք: Իսկ հերոսությունը, պարզվում է, միայն այն չէ, ինչ մենք ֆիլմերում էինք տեսնում ու պատկերացնում: Հերոսությունը երբեմն պարզապես  որոշում կայացնելն է: Որոշում կայացնելու հանդգնության վայր էր Հադրութը: Ընտրելու, ուղղակի ապրելու, ծնվելու, իրենք իրենց նման իրավունք վերապահելու որոշում էր Հադրութն ու Հադրութից սկսված Շարժումը: Ո՛չ մի արտառոց, ո՛չ մի տարօրինակ բան, ո՛չ մի, եթե կուզեք, հերոսություն պետք է որ չլիներ սրա մեջ: Խնդիրն էլ հենց դա է: Այսօրվա աշխարհում, ցեղասպանությունների աշխարհում ծնվելը դարձել է հերոսություն:

«Օգոստոսի 15-ը շատ լավ եմ հիշում: 1200 արկ ընկավ Հադրութի վրա: Ոչ ոք նկուղից դուրս չէր գալիս՝ կին, երեխա, ծեր, հաշմանդամ: Ավիահարվածների աղմուկի մեջ ոչ մեկի ո՛չ լացն էր լսվում, ո՛չ ուրախության ճիչը: Մենք գիտեինք՝ մի քիչ էլ դիմանանք ու լավ է լինելու: Մենք այլընտրանք չունեինք: Դուրս գալու տեղ չկար: Կամ լավ պիտի լիներ կա՛մ ոչ մի բան չլիներ: Տղեքը պոստերը պահեցին, փառք իրանց… Հադրութն ազատագրվեց: Մինչև վերջին թշնամուն հետ չշպրտեցին՝ այդ օրը մեզնից ոչ ոք մի կտոր հաց չդրեց բերանը», - բլոկադայից ներս՝ պաշարված Ստեփանակերտում վարձակալած փոքրիկ ու շոգ բնակարանում արդեն առանց շաքարի խմվող թեյի շուրջ հիշում է Ռուզաննան:

«Էն ժամանակ էլ ո՛չ պեսոկ կար, ո՛չ ձեթ: Ժենգյալով հացը խոզի յուղով էինք անում: Յուղն էլ որ կար՝ հետը ճաշ սարքելու բան չկար: Հիմա շատերն են ասում՝ դե, 90-ականներն էլ էին էսպես, ինչ կա որ: Բայց չէ, էսպես չէր: Ոչ ոք էսքան կասկածամիտ, ոչ ոք այսքան անկեղծության կարոտ, ոչ ոք այսքան անորոշության մեջ խեղդված չէր: Էն ժամանակ մի ռադիո կար, ուրիշ բան չկար, բայց մենք ավելի տեղյակ էինք ֆրոնտից, մեզանից, եղած-չեղածից, քան հիմա: Հիմա ես չգիտեմ՝ մենք ի՞նչ ենք լինելու, իմ մեջքի հետևում իմ ու երեխաներիս ճակատագիրն ո՞վ է որոշում: Էն ժամանակ լավ թե վատ՝ մենք էինք որոշում»: 

Դոշաբի հյութով եփված սալորաչրի մուրաբան, որպես բլոկադայի վերջին հայտնագործություն ուտում ու շատ տխուր ծիծաղում ենք տիկին Ռուզաննայի շոգ, փոքրիկ տանը:

Եվ այնուամենայնիվ, եթե ոչ ափոսանքը, եթե ոչ տխրությունը, եթե ոչ անգամ ուռճացված հերոսականությունը, ապա ի՞նչ է Հադրութը:     

Հադրութն այդ չրի մուրաբան է: Այսինքն՝ անպատկերացնելին, անհասկանալին, կարծես կյանքի իր բաժին հյութալի մասն ապրած, բայց դեռ ասելիք ունենալու պատճառով մեր ներկայից ոչ մի կերպ չհեռացողը: Չորանալուց հետո անգամ համ տվողն ու շաքարին փոխարինողը: Չրի այս մուրաբան է Հադրութը: Եվ ոչ միայն. Հադրութի Տումիում 200 մեղվաընտանիք թողած ու հիմա շրջափակված ու դեպի անջուր քաղաքի արվարձան օրական 7 կմ քայլող, ձեռքով այգին ջրող Վարուժ քեռին է:

Շրջափակված Արցախում անկախ ամեն ինչից Ձմեռ պապի իր բաժին նվերին համառորեն սպասած ու այդ նվերը թեև ուշացումով, բայց ստացած փոքրիկ Վահագն է Հադրութը:

Բլոկադայի պատճառով ուսման համար Երևան մեկնել չկարողացած ու ընտանիքի հետ շրջափակման մեջ մնացած լինելու համար սիրտը թեթևացած Լուսինն է Հադրութը:

Սիրելի պապի տունը այրված տեսած, Ստեփանակերտի կենտրոնում պատշգամբից ներս նուռ տնկող Մհերն է Հադրութը:

Սովյալ քաղաքում հյուրերին իր բաժին լոբին տվող, մոշը խնամքով հացով ուտող Անգին տատն է Հադրութը:

4 ժամ կաթի հերթում կանգնած ու իր հերթը զինվորին զիջող Աննան է Հադրութը:

Ցեղասպանությունները զրկում են մարդուն առաջին հերթին որոշում կայացնելու իրավունքից: Այստեղ կամ այնտեղ լինելու, այս կամ այն լեզվով խոսելու, շարական կամ ազան երգելու, կրթվելու կամ միայն երազելով սահմանափակվելու, ձեռնարկելու կամ սպասելու, մայր դառնալ-չդառնալու, մի խոսքով՝ երջանիկ լինել-չլինելու իրավունքից: Ցեղասպանությունն ավելի պարզ բացատրելու ձև ես չգիտեմ. ուղղակի ոմանք որոշել են, որ դու պիտի երջանիկ չլինես, որովհետև այս ազգի ներկայացուցիչն ես: Ահա այսքան պարզ, ահա այսքան անվիճելի է այն, ինչ տասնամյակներ շարունակ քննարկվում ու վիճարկվում է գրքերում, պառլամենտներում, քաղաքական ելույթներում:

Հադրութն ու հադրութցին այս անգամ զրկված են որոշում կայացնելու, երջանիկ լինելու ու սեփական երջանկության կամ դժբախտության պատասխանատուն լինելու ընտրությունից: Բայց կա մի ընտրություն, որը ոչ ոք նրանցից, մեզնից երբեք խլել չի կարող ՝ ամենաանհույս ու դժվար իրավիճակներում անգամ մարդ մնալու ընտրությունը:

Եվ այո՛, ինչու ոչ, հադրթուցին կարող է հպարտությամբ ասել՝ «Այսօր Հադրութի օրն է», չնայած որ Հադրութը «չկա» կամ մնացել է «անցյալում», մնացել է երանելի հեռվում, բայց կա այն ամենն ինչ հադրութցուն հադրութցի է դարձրել և կա ամենակարևորը՝ ընտրությունը, որ հադրութցին կատարել է՝ մնալ հադրութցի ու մնալ մարդ՝ անկախ ամեն ինչից: Որովհետև հենց դա է Հադրութը, այն Հադրութը, որը կարելի է շարունակել փայփայել ու կրել սրտում՝ Հադրութի ծմակներից հեռու լինելով անգամ:

 

Սոֆյա Հակոբյան