Հաց թխողները

Սպարապետի դասը չենք յուրացրել

«Գրող կոչվելու իրավունք ունեն բացառապես այն ընտրյալները, ովքեր, ասենք, «Միրհավի» մակարդակով թեկուզ մի գործ են գրել»: Այսպիսի պարտքի զգացումով ու համարձակությամբ էր Վազգեն Սարգսյանը փորձում մտնել գրականության՝ իր ասած «սուրբ տաճարի դուռ-լուսամուտից»:

Այս պոետական, ինչ-որ տեղ նաև քնարական մեկնաբանությունն անողը ամենևին էլ նույնատիպ խառնվածքի տեր չէր. գրականության մեջ՝ գեղագետ, ռազմի գործում՝ անզիջում:

Վազգեն Սարգսյանի անունն առաջին հերթին կապում ենք հայոց բանակի ծնունդի հետ: Ինչպես ասում են՝ բանակը նրա զավակն էր:

Սպարապետը, սակայն, մինչև քաղաքական-ռազմական դաշտում իրեն դրսևորելն իր առաքելությունը կապում էր մշակույթի, գրականության հետ:

Դա մինչև Արցախյան շարժումը: Հետո կյանքի հունը փոխվեց: Որովհետև հայրենիքի նկատմամբ սերը պարզապես գրականություն չէր, որովհետև այն, ինչ գրչով էր ասել, ապացուցեց զենքով:

Ինքն իր մի ստեղծագործության մեջ Անդրանիկի մասին գրում է, թե ազգը երեք միլիոն բանաստեղծ ունի և մեկ Զորավար. Զորավարը հանգստանալու իրավունք չունի. մի ամբողջ ժողովուրդ նրան է սպասում:

Երևի նույն նախախնամությամբ ինքն ավելի Արցախում էր պետք, քան գրականության մեջ:

Անկախ ժանրից ու գեղարվեստականությունից նրա մտահոգության կիզակետում է հայրենիքը:

«Էս ի՞նչ եք անում, տղե՛րք» ժողովածուն ընդգրկում է նրա գրականության այն էջերը, որոնցում անհատն է ու հայրենիքի նկատմամբ նրա պատասխանատվությունը: Այն սկսվում է «Հացի փորձություն»-ով, շարունակվում է պատերազմի զոհ-ընտրյալների դիմանկարներով, ավարտվում «Պատմության  սկիզբն ու շարունակությունը» էսսեով, որ գրեց մահից ընդամենը օրեր առաջ: Վաղամեռիկ մեր գրողների՝ մինչև մահն իրենց ստեղծագործական տաղանդն առավելագույն ճիգերով դրսևորել կարողանալը գուցե այն բանի վկայությունն է, որ կանխազգացել են մահվան շունչը: Այս դեպքում ևս. Վազգեն Սարգսյանը մահից ընդամենը օրեր առաջ հիշեցնում էր. «Թշնամուդ վախեցնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է»:

Էլի հիմարացանք: Սպարապետի դասը չենք յուրացրել:

«Հացի փորձություն» վիպակը  լույս է տեսել1987 թվականին: Արցախյան հարցի  թնջուկը խմորման փուլում էր: Նա գրականության քարտեզի վրա գծեց Արցախի սահմանները, որի օրինակը, սակայն, մի ամբողջ պատմություն ու ազգ էր ընդգրկում: Նրա գրականությունը պատմության ոտնահետքերի վրա էր: Դա է պատճառը, որ այն ոչ թե և ոչ միայն գեղարվեստական արժեք է, այլև ու այլ նաև քաղաքական տեսլականներ, արցախյան ու առհասարակ ազգային չլուծվող խնդիրների պատճառների քննություն:

Ինչո՞ւ է էս հողագործ-ռանչպար ժողովրդին բնական իրավունքով տրված հանապազօրյա հացը փորձության տակ մնում: Ինքը որոնեց ու գտավ պատասխանը. «Մի՛ մեռեք ձեր տան մեջ, ձեր հոգու մեռելներին թաղե՛ք»:

Ինչպես հաղթանդամ, աժդահա էր կյանքում, այնպես էլ գրականության մեջ էր: Նրա ստեղծած կերպարներն ամենաբնական ապրումներով, վշտերով, ցավերով մարդիկ էին՝ ամեն մեկը հայրենիքի իր բաժին որբությամբ ու ողբերգությամբ, բայց ամեն մեկը՝ մեծ աղա: Այստեղ պատմություն կա. նրա բառերի ու արտահայտությունների մեջ՝ ընդգրկուն, մեծ ժամանակ: Կա ներկա, կա անցյալ, կա ապագա՝ ամեն մեկն իր բռունցքներով, Եղեռն տեսած հազարիցիներից մինչև Արցախի համար արյուն թափողներ, մինչև իր ու մեր օրերի «ուտող-խմողներ ու մեքենաներով պտտվողներ»:

Մեր աղոտ վերքերի, մեր ամենատկար թուլությունների, մոլորությունների, մեր հայրենիքի՝ մեր ուսերին դրված պարտքն ու պատասխանատվությունը մեզնից վանելու ապտակն է նրա խոսքը: Ու ոչինչ չի փոխվել: Դեռ 1999-ին փորձում էր ուշքի բերել. «Մի բան է միայն անհրաժեշտ. սնապարծության և արկածախնդրության փոխարեն՝ լրջմտություն և պատասխանատվություն: Որպեսզի դուրսպրծուկները կուրծք ծեծելու ասպարեզ չունենան: Որպեսզի ինքնապաշտպանության գործը չվերածվի ինքնասպանության»: Էս վերջինը, վախենամ թե տառ առ տառ համընկնում է մեր ապրած այս օրերին: Ու քանի ես վախենում եմ, ինքն այնքան բնական է համարում, որ բոլոր ժամանակներում էլ եղել են ազգի արյունը ծծողներ: Բայց նույնքան բնական է համարում նաև ազգի համար արյուն թափողների գոյությունը:  

Ի՞նչ է հացի փորձությունը: Մեր ապրելու, շնչելու, մեր լինելու փորձությունն է: Հացի ստեղծումը արարչագործություն է, կյանքի խորհուրդն ունի իր մեջ, լինելության գրավականն է: Ու մինչև էսօր էդ հացի խնդիրը կախված է մեր պարանոցից:

Սպարապետի հայացքը ներս ու դրսից է զուգահեռաբար: Մեզ խանգարողն առաջին հերթին մեր սնապարծությունն է. «Մոսկովյան թղթակիցը լրջորեն հարցնում էր. «Հայոց  հարյուրքառասունհինգհազարանոց բանակը չի՞ պատրաստվում հարձակվել Թուրքիայի վրա»... Չգիտեի՝ նրա միամտության վրա ծիծաղեմ, թե՞ մեր սնապարծության վրա լամ»:

Ներսից ենք քանդվում: Ներսից. «Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք»:

Էդ ո՞նց եղավ, որ մի հավատավոր-քրիստոնյա ժողովուրդ մեռոնի գինը մոռացավ:

Մի ընտանեկան լուսանկարի պատմություն է. գերդաստանն է՝ Հաբեթը, Թորիկը, Վանուհին, Սիրուշիկը, Գառնիկը, Հայկը... 1914-ն էր, շարվել էին, որ նկարվեին՝ իրենց թիկունքում «զմփզմփան» երկհարկանի տունն էր:

Էդ թվից հետո, երբ զրկվեցինք հասարակ քողտիկից էլ, Սպարապետն ասում էր, որ ամոթ է երկուհարկանի տուն ունենալը, երբ իր պատերազմող ընկերներից շատերը տուն չունեն: Ասում են՝ երբ եկել ու տեսել է՝ վարպետները երկրորդ հարկ են բարձրացնում, զայրացել, հերսոտել է:

Իսկ հիմա «զմզմփան» տների պակաս չկա: Զենքի պակաս կա, հույսի պակաս, կամքի ուժի, որ չգնանք. «Իսկ ի՞նչ բարոյական իրավունքով են նրանք վեր կենում ու գնում: Ո՞վ է սպասում նրանց Ամերիկայում»:

Հա. Երևի այն հավատով, որ «մեծ ազգերը մեզ չեն մոռացել»:

«Աշխարհի հզորների օրհնությամբ ու Թալեաթի հրամանով բոլոր վեց զավակներին կորցրած դերձակ Անդրեասի... աչքի մեկը յաթաղանի ծերին թողած «Քոռ» Հրանտի միակ, կենտ աչքում անգամ, շնորհակալության, անսահման երախտագիտության նման մի բան էր հայտնվել. մեծ ազգերը մեզ չէին մոռացել»:

Գերեզմանափոր Գառնիկին մնաց միայն իր գործից օգուտ քաղելը. պաշտոնական դիրքի չարաշումով գյուղի ամենահարմար տեղում նախապես փորեց իր գերեզմանը: Ո՞րն է մեր փրկությունը: Սպարապետը գիտի՝ պետություն, հավատ: Որովհետև հիմա էլ Քրիստոսներ կան, որ իրենց ուսերին են տանում աշխարհի ու հայրենքի բեռը: Որովհետև մեր փրկության գործը պետական մոտեցում է պահանջում և ենթադրում է  պետականություն:

Հարցը մնում է անպատասխան, օդի մեջ. «Էս ի՞նչ եք անում, տղե՛րք»:

«-Գառնի՛կ պապի, եղեռնը էլ չի կրկնվի, չէ՞, ոչ էլ ֆաշիզմը:

-Չէ՛,- ասաց Գառնիկը,-բայց իմացիր, որ եղեռնից ու ֆաշիզմից սարսափելի բան էլ կա՝ դա մարդուս հոգու եղեռն է...»:

Մեր հացը դեռ երկար է փորձության ենթարկվելու, շատ երկար, մեր հացի խմորը դեռ շատ ջուր է խմելու. մեզ իմաստնություն, որ հունցը ճիշտ անենք, ու հավատ, որ հայի ապագան հենց այս հողում է: Գնացողներին՝ բարի ճանապարհ: Մնացողներն են հաց թխողները:

Կռվողներ են մեզ պետք թե՛ ռազմի դաշտում, թե՛ կյանքի:

Եվ, այնուամենայնիվ, սա ապրող ու ապրեցնող ժողովուրդ է: Սպարապետն ասում էր. «Ցավը տանեմ մեր ժողովրդի, ծով համբերություն ունի»:

Գերեզմանափոր Գառնիկը փոշմանեց. իր համար իր ձեռքով փորած գերեզմանափոսը նորից հողով լցրեց, եկեղեցու բակի հողով ծածկեց:

Ապրող ու ապրեցնող ժողովուրդ է:

 

ՀԳ. Բոլոր մեջբերումներն՝ ըստ «Հացի փորձությունը» ժողովածուի:

 

Վանուհի Բաղրամյան