Գուցե ինքնաճանաչման պակա՞սն է մեր սահմանները նեղացնում

Օրորոցայինները ինքնաճանաչման միջոց են

Քառսուն օղորմի Արմաղանին, որ չհասցրեց երգել օրորոցային իր թառլան Դավթի համար։ Ու որբացավ Դավիթ հենց օրոր չլսելուց ու պատժվեց Դավիթ իր զավակին օրոր չերգելու համար։

1915-1916 թթ․ հազարավոր հայ կանայք և երեխաներ հայտնվեցին մահմեդական ընտանիքներում, շատերն էլ մնացին անմարդաբնակ վայրերում՝ ժամանակի ընթացքում վայրենանալով, հեռանալով մարդուն բնորոշ հատկանիշներից։

Սեբաստացի Մուրադի նախաձեռնությամբ կազմակերպվեց «մեկ հայ՝ մեկ ոսկի» ծրագիրը, որով փրկագնվեցին հազարավոր հայ երեխաներ։ Շատերը մոռացել էին իրենց անունը, ազգանունը, հայերենը, անգամ խոսելը։ Նրանց գտնելու համար, պատմում են, միացրել են օրորոցայիններ և երեխաների արձագանքից հասկացել՝ հա՞յ են արդյոք։

Օրորոցային երգը հայ երգարվեստի հնագույն ու ամենակենսունակ ժանրերից է։ Պատմական հայրենիքի տարբեր քաղաքներում, գյուղերում, որտեղ ծնուդ է եղել, որտեղ մանկան ճիչ է լսվել, հնչել է հայ մոր ձայնը, երգը, որով փառաբանում էր իր մանկանը, արտահայտում սերը։

Մոր և մանկան հոգևոր կապն ամրացել է հենց օրորոցայիններով։ Քանի որ այն հայկական ազգային, ժողովրդական մշակույթի մի մասն է: Երեխան, դեռ գիտակցությունն ամբողջովին չձևավորված, հաղորդակից է դառնում հարազատ հայ երգին։ Ենթագիտակցական մակարդակում ձևավորվում է մշակութային գիտակցությունը։

Օրորներով կարող ենք ծանոթանալ հայկական տարբեր բնակավայրերում՝ Տարոնում, Վանում, Սասունում, Շատախում, Ակնում, Մոկսում երեխայի հոգեկերտվածքի զարգացման ակունքներին։

Ժողովրդական օրորների մի զգալի մաս գրի է առել Կոմիտասը։ Քնարական ստեղծագործության այս տեսակը ունի մի շարք անվանումեր՝ հարյուր, լուրիկ, ճոր-ճոր, դանդան, նեննի, նանար։

Օրորներն ունեն պատմական, աշխարհագրական, լեզվական շատ մեծ նշանակություն։ Նրանք մեզ պատմում են տեղանքների լեզվի, ոճի, ճաշակի մասին։ Սա պարզապես  քնեցնելու երգ չէ. այն կենցաղի, հասարակական բարքերի, մտածողության, ներընտանեկան մշակույթի կրողն է։ Այսինքն՝ այն փաստագրական նյութ է։ Ու դրանից կարող ենք, օրինակ, հասկանալ, որ հայ մայրն իր երեխային աբեղայի, տիրացուի, սովդաքարի ապագա չի պատկերացնում․ նրան ապագա զինվոր է մեծացնում։

Բազեն որ եկավ` որդիս լըռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քընեցավ։

Դանիել երաժիշտն օրորների պահպանումը համարում է հայակերտման, հայապահպանման, ազգային անվտանգության հզոր զենք։ Նա մատնանշում է նժդեհյան այն ճշմարտությունը, թե մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը։

Օրորները հիմնականում հանպատրաստից հորինվող մեղեդիներ են։ Նրանք պատմաճանաչողական արժեք են ներկայացնում․ պատմում են հայկական միջավայրի, կյանքի տարբեր կողմերի մասին, հավատալիքների, պատկերացումների, հայ մոր ու մանկան հարաբերությունների մասին։

Օրորոցային երգերը հայ մշակույթի մեջ գոյություն ունեն այնքան ժամանակ, որքան մայրությունը։ Նրանք կենսական նշանակություն ունեն թե՛ մոր, թե՛ մանկան համար։  Խաղաղվում է մանուկը, խաղավում է մայրը։ Օրորն առաջին դասն է։

Նրանք լայնաշառավիղ ընդգրկումեր ունեն՝ սկսած եթերային քնարականությունից մինչև ռազմահայրենասիրական  թեմաներ։

Նրանք կատարյալ սիրո վկայությունն են։

Նրանք յուրօրինակ պահպանիչ աղոթքներ են։

Հայկական օրորոցայիններում ուղերձը հիմնականում տղա երեխաներին է՝ որպես տան ծուխը շարունակող, որպես ապագա զինվոր։ Նրա մեջ հայ մայրը սեր է ներշնչում դեպի հայրենիքը ու առանց ավելորդ մարդասիրության պետք է ասեմ՝ ատելություն դեպի թշնամին։

Շատ օրորոցայիններում մայրը դիմում է Աստծուն, աստվածամորը, հրեշտակների՝ որպես պաշտպանների։ Մայրական բնազդը՝ պաշտպանելու իր զավակին, ակնհայտորեն այդ աղոթքներով է դրսևորվում։

Օրոր, օրոր օրերուդ

Թևս դեմ բերեմ չարերուդ,

Չարխափան չարերդ խափանի,

Աստվածամայրն արևդ պահի:

Մայրը հավատում է իր խոսքի հմայական զորությանը, որ զավակի գլխին է միշտ լինելու Աստծո աջը։

Օրորներով ստեղծվում են խորհրդապաշտական աշխարհներ, որոնք երեխային տանում են հեքիաթ։ Այնտեղ գերբնական ուժեր են, որ պաշտպանում են մանուկներին։ Այդտեղ էլ միախառնվում են իրականն ու անիրականը, երկնայինն ու երկրայինը։ Որովհետև մայրական սերը մանկան հանդեպ վերերկրային իրողություն է. այն հավերժական է, ինչպես բնությունը։ Շատ հաճախ բնության երևույթները, կենդանիները դառնում են օրորների մաս։ Ձուլվում են մեղմասահ մեղեդիներին։ Նույնանում։

Արև քեզի հերիկ, այ, այ էրա,

Լուսին քեզի մերիկ, այ, այ էրա։

Չեմ ուզում մտածել, որ ժամանակները փոխվել են, և հայ մայրերը հեռացել են երգի այս տեսակից։ Ոչ միայն մայրը, հայ մարդը։ Այսօր չկան համերգներ, որ երգվեն այդ օրորոցայինները, որ կարող են մեզ վերադարձնել մեր հոգևոր մշակութային արժեհամակարգի նախաստեղծ հիմքին։ Հասմիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ օրորոցայինները ինքնաճանաչման միջոց են։ Մարդը խուսափում է դրանից։

Գուցե ինքնաճանաչման պակա՞սն է մեր սահմանները նեղացնում։

Ինչպես Վանում, Սասունում, Ակնում․․․ հորինվել են մաքրամաքուր այս մեղեդիները՝ որպես կյանքի խորհրդանիշ, այնպես էլ Շուշիում դեռ ծնվելու են երգերը ու երգելու են մայրերը իրնց «թագավոր» որդիների քունը խաղաղեցնելու համար։ 

Նանա, իմ թագավոր ջան, Ոսկե քանքուլավոր ջան․․․

Եվ ի՞նչ մեղք էր գործել Արմաղանը, որ զրկվեց ամենամեծ թագավորի համար օրոր հորինելու կնոջ աստվածաշնորհ բախտից։

 

Վանուհի Բաղրամյան