Գրիշի կեղտոտ նասկին

Սվետը չէր սիրում, որ Գրիշն իր կեղտոտ նասկիները նետում էր սպիտակեղենի թասի մեջ: 15 տարվա մեջ չկարողացավ բացատրել, որ հոտը կպնում է սպիտակեղենին ու մնում, նույնիսկ տարածվում՝ նախ բաղնիքում, հետո ամբողջ տան մեջ: Գրիշը կնոջ՝ տարիների գանգատը չէր հասկանում: Նա ոչ մի տարբերություն չէր տեսնում կեղտոտ նասկու ու կեղտոտ սպիտակեղենի մեջ, չնայած՝ հրաշալի տարբերում էր էսսեն՝ պատմվածքից, նույնիսկ մի անգամ Ժնևում մասնակցել էր էսսեիստների միջազգային համաժողովի, որի ընթացքում կյանքում առաջին անգամ խմել էր իսկական մեքսիկական մոխիտո: Գրիշը գրում էր մինչև Սվետին հանդիպելը, Սվետի կողքին, Սվետից թաքուն, Սվետի համար: Ու չնայած ամեն տեղ ասում էր, թե ինքը չի կարող գրել, եթե Սվետը չլինի իր կողքին, բայց Սվետը չէր ուզում, որ Գրիշը գրի, ավելի ճիշտ, որ Գրիշը միայն գրի: Սվետը մաթեմատիկայի դասատու էր ու հաշվել էր, որ եթե նույնիսկ Գրիշն ամեն տարի մի գիրք գրի, ու բոլորը վաճառվեն, միևնույն է, իրենք չեն կարող ամեն տարի ծով գնալ, մեքենա առնել, երեխաներին լավ ուսման տալ, մանավանդ, որ երեխաներն ավելի արագ էին մեծանում, քան Գրիշն էր գիրք գրում: Գրիշին միայն Սվետն էր Գրիշ ասում. ինքը հայտնի գրող Գրիգորն էր, որին մի գրաքննադատ նույնիսկ համեմատեց Նարեկացիի հետ, հետո պարզվեց, որ այդ գրաքննադատը Նարեկացի չէր կարդացել, Գրիշին էլ:

Գրիշն այն գրողներից էր, որ քաղաքի ամեն սրճարան չէ, որ գնում էր, ու ամեն ժամի չէ, որ սրճարան էր գնում: Քաղաքի կենտրոնում մեկը կար, որտեղ հատկապես երեկոյան ժամերին հավաքվում էին գրքերի հետ նկարվել սիրող սիրուն աղջիկներ, ու այդ գրքերն իրենց սիրելի աղջիկներին նվիրել ցանկացող հարուստ տղաներ: Պլյուս-մինուս մի քանի ալեհեր մտավորական, որոնք վստահ էին, որ լուռ դեմքով նստելն արդեն նշանակում է մտածել, իսկ մտածելն արդեն մտավորականի վկայականն է՝ կապ չունի երկրի մասին ես մտածո՞ւմ, թե՞ կողքի սեղանի մոտ նստած աղջկա՝ փորձելով չկորցնել պահը, երբ նա ոտքը ոտքին է քցում՝ հրաշալի տիրապետելով մասսայական վայրերում դա անելու շերոնսթոնյան վարպետությանը:

Գրիշն այստեղ էր գրում՝ Սվետի համար: Պատահում էր, որ նրան մոտենում էին՝ մակագրությունը ստանալու, ինչ-որ բան հյուրասիրելու, որպիսությունը հարցնելու, հետը լուսանկարվելու, ուղղակի բարևելու, ժպտալու: Լինում էր, որ առհասարակ չէին մոտենում: Նման օրերին Գրիշը համոզվում էր, որ քաղաքում ոչ մեկը չի կարդում, ու հենց դա է քաղաքի բոլոր խնդիրների հիմնական պատճառը: Այ, եթե կարդային, դժբախտ դեմքերով երջանկության խոստումներ չէին տա, այ եթե կարդային, համախմբված կաշխատեին, որ երկրի տնտեսությունը զարգանա, ՀՆԱ-ն աճի, այ եթե կարդային, թշնամին չէր համարձակվի հարձակվել, այ եթե կարդային, թշնամին կպարտվեր, այ եթե կարդային սահման գծելուց չէին վախենա, ամեն մեկին իշխանություն չէին տա, այ եթե կարդային, ավելի շատ կսիրեին, իսկ եթե սիրեին, կյանքը հիասքանչ կդառնար՝ ճիշտ իսկական մեքսիկական մոխիտոյի պես: Գրիշը համոզված էր, որ սա հենց այսպես է, ինչպես համոզված էր, որ սրճարանի մաքրուհին երկու որդի ունի, երկուսն էլ արտասահմանում են ապրում.

-Չե՞ն զանգում,-մի օր հարցրեց Գրիշը՝ մաքրուհուն:

-Ո՞վ,-զարմացավ կինը:

-Ձեր տղաները, որ արտասահմանում են, չեն էլ զանգո՞ւմ,-ժպտաց Գրիշը:

-Ես տղա չունեմ,-ավելի զարմացավ կինը:

-Այդպես էլ գիտեի,-իրեն չկորցրեց Գրիշը:

Կինը ոչինչ չհասկացավ տարօրինակ մարդուց ու շարունակեց մաքրել սրճարանը, որտեղ արդեն քիչ մարդ էր գալիս. պատերազմ էր, ու Սվետը չէր հասկանում՝ ինքն ավելի շատ կուզեր, որ Գրիշը պատերազմ գնա՞ր, ինչպես շատերը, թե՞ գրեր, ինչպես ավելի շատերը:

-Էդոն էլ գնաց,-մի երեկո, բրնձի փլավ ուտելիս, ասաց Սվետը:

-Նենց սիրուն պատմվածք եմ գրել,-պատասխանեց Գրիշը,-կկարդա՞ս:

Սվետը լվաց ափսեները, մինչ Գրիշը բաց պատշգամբում ծխում էր՝ ընթրիքից հետո՝ նայելով գիշերային քաղաքին:

Պատմվածքն իսկապես լավն էր: Ամեն դեպքում, երբ գրական կայքերից մեկն այն առավոտյան հրապարակեց ֆեյսբուքում, 87 մարդ լայքեց, իսկ 14-ը՝ սրտիկեց: Գրիշը սրճարանում փորձում էր 87-ին գումարել 14, երբ զինվորական համազգեստով տղամարդը մտավ սրճարան ու մոտեցավ հենց Գրիշին՝ տեղավորվելով նրա սեղանի մոտ դրված աթոռներից մեկին:

-Դու ես գրե՞լ «Պատերազմը պարտություն  է» պատմվածքը,-ասաց զինվորականը:

-101,-բարձր ասաց Գրիշը:

-Հը՞,-զինվորականը խոժոռվեց:

Գրիշը նոր նկատեց իր սեղանի մոտ նստած անծանոթ մարդուն.

-Կներեք,-ասաց նա,-բարձր մտածում էի ուղղակի:

-Հենց դա էլ խնդիրն է,-ասաց զինվորականը:

-Ի՞նչը:

-Էն որ բոլորդ միայն մտածում եք:

-Չկա միտք, չկա գործ, եղբայր,-Գրիշը ժպտաց:

-Իսկ ի՞նչ անենք, որ կա միայն միտք: Դու գիտե՞ս, որ ես գիշերները մտածում եմ Վանա ծովի ափի մասին, Էրզրումի հով իրիկունների մասին, Սասնա լեռներում հարսանիք անելու մասին, հետո ի՞նչ, առավոտը զարթնում եմ՝ էլի էս մի թիզ հողում, որովհետև ոչ մեկս գործ չի անում:

Գրիշը վառեց սիգարետը.

-Իսկ ինչո՞ւ ես մտածում, որ Վանը, Էրզրումը, Սասունը քոնն են:

-Հը՞…Էդ ի՞նչ ես ասում, բա ո՞ւմն են,-գոռաց զինվորականը:

-Չէ քոնն են,-Գրիշը հանգիստ էր,-իմն էլ են, բայց դու որտեղի՞ց գիտես, որ քոնն են:

-Որտեղի՞ց,-զինվորականը կմկմաց,-որտեղից-որտեղից, գիրք եմ կարդացել:

Գրիշը լայն ժպտաց.

-Բա տեսնում ես, թե ինչ է գիրքը: Եթե մարդիկ չգրեին, որ Վանը, Էրզրումը, Սասունը Հայաստան են, այլ գնային ու զոհվեին Վանի, Էրզրումի ու Սասունի համար, դու երբեք չէիր իմանա, որ այդ հողերը հայկական են, ավելին, գուցե դու չլինեիր էլ:

-Ուզում ես ասել, որ հայրենիքի համար զոհվելն անիմա՞ստ ա,-զինվորականը սեղմեց բռունցքը:

-Ուզում եմ ասել, որ հայրենիքը, նրա ամեն մի թիզը ժառանգություն է, որը պետք է թողնել, եթե հնարավոր չէ զենքով, գոնե գրքով, և ուզում եմ ասել, որ հայրենիք գրողը նույնպես զինվոր է,-Գրիշը հանգցրեց սիգարետը:

-Զինվորն իր կյանքը վտանգողն է,-մի քիչ հանգստացավ զինվորականը:

Երկուսն էլ լռեցին: Զինվորականն իր սիգարետը վառեց ու ուշադիր նայելով ուղիղ Գրիշի աչքերին, ասաց.

-Արի գնանք կռիվ: Ես կկռվեմ քո կողքին: Դու անմահ ես, ես էլ մեռնելուց չեմ վախենում:

Գրիշը լռեց մի պահ, հետո ասաց.

-Աքիլեսի պատմությունը կարդացե՞լ ես:

Զինվորականը ժպտաց: Հետո վեր կացավ ու ասաց.

-Հիմա զինվորը հաստ նասկի է հագնում:

-Սպասի՛ր,-ասաց Գրիշն, ու զինվորականը, որ արդեն հեռանում էր, շրջվեց,-Չմեռնես, ցավդ տանեմ:

Զինվորականը ժպտաց.

-Էդ պատմվածքն լավն ա, վերնագիրն էլ՝ «Պատերազմը պարտություն է»…Ոնց որ գրողը պատերազմին մասնակից լինի, տեսած լինի…Ու գիտե՞ս, երևի ճիշտ ես ասում՝ պատերազմը նենց բան ա, որին մասնակցելու համար պարտադիր չի կռվի դաշտում լինես:

-Պատերազմը նենց բան ա, որի ժամանակ պարտադիր ա, որ կռվի դաշտում մարդ լինի,-հազիվ լսելի ասաց Գրիշը:

Զինվորականը ձեռքն օդում պարզեց՝ հաջողություն մաղթելով Գրիշին.

-Անունս Մուշեղ ա, չմոռանաս:

Գիշերը Սվետը եղբոր՝ Էդոյի հետ էր խոսում: Լավ էր, կողքի գյուղից նոր կամավորներ էին եկել, հետներն էլ մի խոզ բերել: Քեֆ էին անում: Գրիշը նասկիներն էր լվում: Երբ տուն եկավ, կոշիկները հանեց, անտանելի հոտն զգաց, երևի այդ օրը քրտնել էր ավելի, քան երբևէ:

 

Հովիկ Աֆյան