Գորիսում համբերատար ու զուսպ հույսով սպասում են իրենց բաժին գարնանը

Հարազատ արահետներն այժմ կարող են տանել մահվան, լավագույն դեպքում՝ գերության

Պատերազմը քաղցկեղ է։ Սա առաջին միտքն է, որ գալիս է պատերազմից հետո գլուխդ պատուհանից, տնից, քաղաքից դուրս հանելուն պես։ Պատերազմի ընթացքում՝ քանի դեռ ամեն ինչ ավարտված չէ, քաղցկեղածին բջիջների զարգացումն այնքան էլ լավ չես զգում․ սպասումը, հույսը, ներքին ու արտաքին դիմադրությունը թույլ չեն տալիս հավատալ, որ վաղուց հիվանդ ես։ Սակայն վերջում հասկանում ես, որ այո, սա քո կյանքի աղետն է, անկախ նրանից այս անգամ հաղթեցիր, թե՝ ոչ։

Իսկ հիմա բուժման մասին։

Սյունաց լեռները մի ուրիշ աշխարհ, մի ուրիշ իրականություն են։ Առհասարակ՝ լեռները հավերժությունն են։ Այն հավերժությունը, որի մեջ մենք մեր անլուծելի թվացող խնդիրներով, մեր ամբողջ կյանքով, պարտություններով ու հաղթանակներով պատմության մի ակնթարթն ենք միայն։

Պատերազմի օրերին փախստականների մի մեծ ճամբարի նմանված Գորիսում փողոցներն այժմ պակաս մարդաշատ, իսկ կենդանությունն ավելի շատ է։ Հայաստանի ամենայուրահատուկ քաղաքներից մեկում այս տարվա գարնան սկիզբը կարմիր կտուրների ու դեղին փայտե պատշգամբների հետ խաղացող արևի շողերից բացի բերել է նաև շատ հոգսեր: Արցախից տեղահանված հադրութցիների ընտանիքներին ամիսներ շարունակ հյուրընկալող հյուրանոցներում և բարի կամքի տեր մարդկանց տներում, սահմանամերձ դարձած գյուղերում ու ամենուր բոլորը համբերատար ու զուսպ հույսով, փոխադարձ կարեկցանքի ու անտեսանելի ներքին ուժի դրդմամբ սպասում են իրենց բաժին գարնանը։

Լաստիխութի ձյունոտ բարձունքի ու Հին Գորիսի փառահեղ ներդաշնակությանը կարելի է նայել հավերժ, սակայն մեզ է սպասում ոչ պակաս հզորը՝ Խնձորեսկը։ Հայտնի ճոճվող կամուրջն ու հնագույն քարանձավային քաղաքը, որոնց հետ միշտ ասոցացվել է Խնձորեսկը, վերջին ամիսներին հյուրեր չեն ընդունում, իսկ Խնձորեսկի նոր «բրենդն» այլևս «սահմանապահ» բառն է։ Անկեղծ ասած՝ արդեն չեմ սիրում այդ բառը․ արյդո՞ք դա սահմանամերձ գյուղերի բնակիչների միակ «առավելությունն»  ու  միակ պարտականությունն է. Չեմ կարծում։

Չնայած  մայրաքաղաքում տարածված կարծիքին՝ սահմանամերձ դարձած այս բնակավայրում թշնամուց սարսափած, խրամատները լքելու տրամադրված չեն, իսկ բուն գյուղից ներքև ընկած Հին Խնձորեսկը՝ ադրբեջանական դիրքերից բավականին հեռու է ու նույնքան հմայիչ է, որքան նախկինում։ Խնձորեսկցիները սրտնեղում են միայն մեկ բանից․ առաջին անգամ է, որ իրենց իսկ գյուղում արարելու, ստեղծելու, շենացնելու հնարավորությունները խիստ սահմանափակվել են։

Անասնապահությունը, ինչը տեղացիների հիմնական եկամտի աղբյուրն էր մինչև վերջին պատերազմը, այլևս անվտանգ չէ Սյունիքի բազմաթիվ գյուղերում, այդ թվում նաև Խնձորեսկում։ Այստեղից դեպի հարավ-արևելք ձգվող Կովսականի ազատ ու անծայրածիր արոտավայրերը մնացին սահմանից այն կողմ, հարազատ արահետներն այժմ կարող են տանել միայն մահվան, լավագույն դեպքում՝ գերության։

Արևելյան Հայաստանի երբեմնի ամենախոշոր գյուղն է՛լ ավելի նոսրանալուց փրկելու համար, թերևս, գերմարդկային ջանքեր չեն պահանջվում․ խնձորեսկցիներն ասում են՝ ջերմոցներ, պահածոների փոքրիկ արտադրամաս, ինչ էլ լինի՝ կաշխատեն ու ոչ մի դեպքում չեն լքի հարազատ գյուղը։

Անկախ Հայաստանն այսօր փաստացի ունի խորհրդային սահման, բայց խորհրդային ժամանակներից խիստ տարբերվող իրականություն, պայմաններ ու հարաբերություններ։

«Ոնց որ Լոռիի ու Տավուշի միջև սահման լինի, պատկերացնո՞ւմ ես։ Այ էդպես էլ սովետի ժամանակ. Մենք մեր կովն էինք քշում, իրանք՝ իրանցը, ոչ մեկ բան չէր ասում։ Հիմա կարա՞ս։ Մի քայլ էս կողմ, մի քայլ էն կողմ՝ գերի ես։ Ամենացավոտը գիտե՞ս որն ա, ուր որ նայում եմ՝ էդ արոտավայրերում մանկությունս ա անցել, հիմա արդեն պոստերն են», -ասում է Նարեկ Սարդարյանը, որը բոլորից լավ գիտի «սխալ» արոտավայրում հայտնվելու գինը․ պատերազմից դեռ ամիսներ առաջ ադրբեջանցի զինվորականների ձեռքում էր հայտնվել գյուղից հեռու մեկ այլ արոտավայրում կենդանիներին արածեցնելիս։

Ադրբեջանից վերադարձել, բայց ադրբեջանցիների «ստվերից» չի փրկվել․ Ներքին Խնձորեսկին մոտեցած ադրբեջանական դիրքերի դրոշը Սարդարյանների տան՝ 2020-ի աշնանը ռմբակոծությունից վնասված ու դեռևս միայն սկոտչե ժապավենով փակված պատուհանից շատ պարզ է երևում։ Չի սրտնեղում, ասում է. «Իմ փորձը ցույց տվեց, որ ամեն տեսակ բանից չպետք է հիասթափվես, հրաշքներ լինում են, իմ հետ էլ պատահածը հրաշք էր, որ վերադարձա։ Ես էլ վախում չեմ, աշխատանք լինի՝ ոչ մեկս օզում չենք տյուս կյանք գյուղից»։

Զարմանալի է, բայց մի ահռելի թեթևություն եմ զգում Նարեկենց տանից դուրս գալուց հետո։ Ես, իհարկե, բոլորովին այլ կերպ էի պատկերացնում 6 ամիս ադրբեջանական բանտում կտտանքների ենթարկված մարդու հետ հանդիպումը։ Արի ու տես՝ դժոխքը տեսած Նարեկը ժպտում է, իր ու իր երեխաների համար ապագայի ծրագրեր կազմում, անգամ այն  դեպքում, երբ կենցաղային ու անվտանգային այսքան խնդիրներին հավելվում է միայն ու միայն անորոշությունն ու անպատասխան հարցերի մեծ թնջուկը։ Նարեկենց տնից դուրս գալուց հետո ներսումս ընկճվածության, հուսահատության ամենաչնչին զգացումն ու տրտնջալու ամենափոքր ցանկությունն անգամ երբեք այդքան ամոթալի չէին եղել։

 

Սոֆյա Հակոբյան