Գորիսի փափուկ պանիրն ու շրջափակված օրերի անակնկալ երջանկությունը

«Շատ քայլիր, բլոկադայի ժամանակ շատ է օգնում, ութ ամիս բլոկադայի մեջ ապրած մարդու խորհուրդը լսիր». ամեն օր հեռախոսի այն կողմից կրկնում է լիբանանահայ ընկերներիցս մեկը:

Այդ զբոսանքների ընթացքում Ստեփանակերտի հորիզոնը ստվերագծող լեռները, լուսնի լույսը կարծես առաջինը դիմավորող ու դեպի մեզ ուղարկող Շուշիի բարձունքները, մսավաճառի կրպակի դիմաց դրած վերջին կարմիր նուռն ու աշխարհից իսպառ կտրված քաղաքի ակտիվ շարժն այնքան գեղեցիկ, այնքան խորհրդավոր են, այնքան նուրբ գույներով, այնքան դանդաղ պատմող, այնքան արտառոց են, որ ամոթ չլինի՝ պիտի շնորհակալություն հայտնեմ շրջափակմանը, որ հենց այստեղ է ինձ փակել. ուզած-չուզած՝ նայելու, տեսնելու, նկատելու, քայլելու ու էլի քայլելու:

-Էդ ի՞նչ են ստացել, բալաս:

-Նարինջ, մանդարին, -շնչակտուր պատասխանում եմ շատ էլեգանտ ձմեռային գլխարկով ու շագանակագույն մորթուց վերարկուն մեղմ նրբագեղությամբ կրող ժպտերես տատիկին, որը դեռ հեռվից նշմարել էր մի քանի մետր ներքև գոյացած մեծ հերթը: Շնչակտուր, որովհետև Ստեփանակերտը, ինչպես գիտեք, վայրիվերումների, բավականին «չորկող» ու կտրուկ դիքերի քաղաք է: Եվ այդ հանրահայտ հանգամանքին  էլ գումարվում են 3 մեծ-մեծ նարինջները պայուսակումս ու դրսում՝ -7 ջերմաստիճանի պայմաններում ծանր, դեղին վերարկուս, որը երջանիկ պատահականությամբ հասցրել էի հետս բերել Երևանից դեռ հոկտեմբերին, և բոլորը միասին անում են իրենց սև գործը: Ազնիվ խոսք՝ ընդամենը երկու նարինջ էի ուզում վերցնել, երրորդը վաճառողները գրեթե թաքուն են խցկել տոպրակս ու իմ կամքից անկախ կշռել: Այո, մեր օրերի Արցախում փոքր-ինչ ավելի ապրանք դնելը վաճառողի կողմից ոչ թե հանդգնություն, այլ մեծագույն հոգատարություն է: Այսպիսի ժամանակներ են:

«Տիրեցիք, տիրեցիք, խոխան բալի (գուցե) հմաչում ա շատ յոր օնի: Քուրիկ, մին հոգուն 4 հատ հսնում ա, արխային յեր կալ»:

Ամեն դեպքում՝ 3-ի վրա «բարիշեցինք»: Ականջի ծայրով էի լսել, որ մեկուկես ամիս անց Ստեփանակերտում անակնկալ կերպով հայտնված ու կայծակնային արագությամբ սպառված նարնջի վերջին մնացորդներն են խանութում, ինչ էլ փրկվեր՝ խոստացել էին աշխատողներին թույլ տալ իրենք գնեն ու տուն տանեն:

Ճիշտ երկու օր առաջ նույն ճակատագրին արժանացավ հանկարծակի հայտնված գազարը, ավելի վաղ՝ զելանդական կարագի խիստ սահմանափակ, աստղաբաշխական գներով բերված ու ակնթարթորեն սպառված փոքրիկ տուփերը:

«Ի՞նչ անեմ, չգիտեմ, գուցե մեծ քանակով դդո՞ւմ վերցնեմ գյուղերից», -ասում է Ստեփանակերտի հյուրատներից մեկի տնօրենը, որն արդեն երկու տարի է զբոսաշրջիկ չի ընդունում, փոխարենը պետության սուբսիդավորմամբ հյուրընկալում է 54 տեղահանված արցախցիների, հիմնականում՝ Շուշիից:

Մտածում եմ՝ ավելի վատ տեղ չկա՞ր այս մարդկանց տեղավորելու: Ո՛չ, ո՛չ, հյուրատունը չափազանց մաքուր, կոկիկ, տնօրինությունը՝ անչափ հոգատար են: Նույնիսկ՝ երկար-բարակ մտածում է՝ բա որ դդումը չուտե՞ն երեխաները: Կոտլե՞տ պատրաստել տա, թե՞ քաղցրավենիքի տեսքով մատուցեն շուկայում միակը մնացած տեղական դդումները: Ասում են՝ տեղահանվածներին ապաստան տված հյուրատների ոչ բոլոր ղեկավարներն են այդքան բարեխիղճ: Բայց ինչո՞ւ հենց այստեղ, հենց այս լուսավոր սենյակներով, բայց բոլոր պատուհանները Շուշիին նայող հյուրատանն են հայտնվել այս մարդիկ: Բայց ամենահետաքրքիրը՝ ինչո՞ւ նրանք Երևանի կամ որևէ այլ երկրի այլ քաղաքում ապաստանելու փոխարեն նախընտրում են լինել այստեղ՝ իրենց  կյանքի վերջին երկու տարում ամենածանր տեսարանին դեմ հանդիման, ամեն առավոտ Շուշիի հետ ու՝ առանց նրա: Ինչու ես, որ երբեք չեմ ապրել Շուշիում, չեմ կարողանում երկու րոպեից ավեիլ նայել այս հյուրատունը Շուշիից բաժանող չնչին հեռավորությանը, իսկ նրանք, որ տունն ու ամեն ինչ են թողել վերևում, ունակ են ամեն առավոտ արթնանալ, տեսնել դա ու մի քիչ էլ առաջ քայլել:                   

Վերադառնանք նարինջներին: Բլոկադայի 50, 51 կամ 52-րդ օրն էր: Չեմ հիշում: 30-ից հետո, անկեղծ, ծուլացել եմ հաշվել: Լավ տպավորվել է միայն, որ 45-րդ օրն արտառոց, հիշարժան ու շատ ջերմ էր: Այդ օրը, բլոկադայի սկսվելուց ի վեր, քաղաքում առաջին անգամ հայտնվել էր Գորիսի աղի պանիրը, որն այդքան սիրում եմ ես, ու որն այդքան հաճախ փնովում են Ստեփանակերտում՝ իր փափկության ու աղիության համար: Ուրախ էի, որովհետև անակնկալն անսպասելի էր, իսկ ես ընդամենը նախօրեին արդեն հույսս կտրել էի, որ ես ու Գորիսի պանիրն առաջիկայում կհանդիպենք: Դրա նախորդ օրն ավելի քիչ եկած խմբաքանակից մեզ այդպես էլ բան չէր հասել ու «քոռ ու փոշման» տուն էինք վերադարձել շուկայից: Բայց 45-րդ օրը նա եկավ, եկավ ու հասավ մեր տուն: Թե ինչո՞ւ շրջափակված Արցախը 45 օր սպասեց ընդամենը մի քանի կիլոմետր հեռու և բլոկադայի սահմանագծից այն կողմ գտնվող հենց Գորիսի պանրի՝ ոչ ոք չհարցրեց ու չիմացավ: Կամ էլ հարցրին, բայց մտքում, որովհետև ամաչեցին բարձրաձայն հարցնել:

«Շենու պանե՞ր ա», -սկզբում զարմացած հարցնում էին արցախցիները: Ոչ, Գորիսինն է, կրկին Գորիսի փափուկ պանիրը: Ինչպես բլոկադայից առաջ՝ այնպես էլ հիմա: Այն օրը ստեփանակերտցի Լիանան երկու օր առաջ բնակարանային պայմաններում իր իսկ ձեռքով պատրաստած առաջին պանրի նկարն էր ուղարկել: Ներքուստ այնքան հպարտ, այնքան հաճելիորեն զարմացած էր՝ կարողացել է 5 երեխաներին ինքնուրույն երջանկացնել՝ ոչ ոքի բարի կամքին չսպասելով: Իսկ ես այնքան լավ հիշեցի Լիանային ու նրա սարքած պանրի հպարտ լուսանկարը, որովհետև նա, թերևս, միակն էր, որ հանդգնել էր տեղական պանիր «արտադրել» շրջափակված Արցախում:

Ինչևէ, ինձ համար շրջափակման 45-րդ օրն այդքան գեղեցկացնողը միայն Գորիսի պանիրը չէր, ի վերջո, այդ առավոտ հադրութցի տիկին Վեներան բացառիկների շարքից մի քանի ձու էր փոխանցել ինձ, մինչև այդ էլ ես ունեի Սասունի մեղր, Կարսի դոշաբ, Թաղավարդի խոզի միս ու նույնիսկ բլոկադայից ճիշտ երեք օր առաջ գնած Գավառի կարտոֆիլ, իսկ արդար հերթի մեջ կտրոններով ստացածս հնդկաձավարն ու բրինձը ոչ թե երկու շաբաթ, այլ երկու ամիս էլ կհերիքի ինձ: Էնպես որ, թող ների ինձ Գորիսի անմահական պանիրը, բայց այդ օրվա երջանկության մենաշնորհը նրանը չէր: Եվ առհասարակ՝ ոչ մի օր որևէ սննդամթերքի կամ որևէ նյութական բանինը չէր այդ «մենաշնորհը»: Շրջափակման 45-րդ օրվա ամբողջ գեղեցկությունն իրականում ակնթարթի մեջ էր: Այն ակնթարթի, երբ որքան էլ տարօրինակ է, զգացի, որ ամեն բան անսովոր լավ է: Մի տեսակ ամեն ինչ շատ հեշտ ու հարթ չէ՞՝ մտածեցի մի պահ: Այո, ամեն ինչ շատ էր հարթ ու ավելի քան իրական, ավելի քան երջանիկ: Որովհետև և՛ կարոտածս Գորիսի պանիրը, և՛ օրեր առաջ անջատված գազը, և՛ հովհարային անջատումներով եկող ու գնացող էլեկտրաէներգիան, և՛ Սասունի մեղրը, այս ամենը կար միժամանակ: Այո՛, միաժամանակ: Այդ երեկո կարճ ժամանակով, բայց անմոռանալի կերպով զգացի այն իրական անհոգությունը, որը որևէ աղերս չունէր ուռճացված, սովորաբար մեր իսկ հորինած խնդիրների ու դրանք հաղթահարելու՝ մեր բարդացրած պատկերացումների հետ: Անհոգություն և դրան հետևած ակնթարթի մեջ շատ արագ տեղավորված երջանկություն: Երջանիկ լինել հենց գիտակցությամբ, թե ինչքան պարզ է այդ երջանկությունը: Արցախի բլոկադայի 45-րդ օրն, իսկապես, շատ գեղեցիկ, ջերմ հիշողություն էր: Որովհետև ամեն ինչ կար: Ինչպե՞ս երջանիկ չլինեի: Երբ մի քանի կիլոմետր այն կողմից եկած Գորիսի պանիրն ու հազարավոր կիլոմետրերի հեռուներից Ստեփանակերտ հասած Սասունի մեղրը միաժամանակ դրված էին իմ սեղանին ու «միասին» ջանում էին ինձ երջանկացնել, իսկ գազի վերադարձը միշտ առաջինը «շնորհավորող» երկար ու տաք լոգանքից հետո հանկարծ զգացի, թե ինչպես են մազերս տան ներսի տաքությունից իրենք իրենց չորանում: Այդպիսի բան վերջին անգամ զգացել էի անցյալ տարվա այս օրերին, երբ Երևանի մեր տանը գլուխս մայրիկիս ուսին հենած ֆիլմ էի դիտում, իսկ նա զգույշ դուրս պրծավ իմ գրկից, որ լոգանքից հետո ինձ համար թարմ, տաքուկ անկողին պատրաստի: Ահա հենց այդպիսի փոքրիկ ու անմոռանալի երջանկությունը, որն իրականում ոչնչից կախված չէ, բլոկադայի 45-րդ օրվա իմ նվերն էր:  

Մնում էր միայն հպարտությունս կուլ տար, որ ինչ-որ մեկը, ինչ-որ շատ անարդար պատճառով որոշել է, որ ես մայրիկիս դեռ գրկել չեմ կարող: Հարևան ժողովրդին շատ բան եմ ներել, տեսնես այս մեկը երբևէ կներե՞մ:

Ի՞նչ երջանիկ է լինելու, չէ՞, բլոկադայի չգիտեմ որերորդ՝ վերջին, մայրիկի գրկում ավարտված օրը:

 

Սոֆյա Հակոբյան