Գլխիվայր շրջված կյանք․ Սասունի լեռներում՝ հավերժության հետ կողք կողքի

Դու սխալ ես, դու կրոնափոխված ես, դու լիարժեք չես, բայց՝ իմ միս ու արյունն ես

Որքան հրաշալի ու վեհ են Սասնո լեռներն ու դրանցում ծվարած դրախտային գյուղերը. այնքան ճնշող, անճոռնի ու պարզապես անհանդուրժելի է Սասունի շրջկենտրոնը՝ այսօրվա Սասոն քաղաքը, որը պատմական Սասուն գավառի Խաբլջոզի մի փոքրիկ մասն է ներառում։

Այստեղ հայ զբոսաշրջիկի համար ո՛չ սպասելիք, ո՛չ անելիք կա․ հայերը ավելի շատ ոչ թե շրջկենտրոնում, այլ լեռնային բարձրադիր գյուղերում են հանդիպում, իսկ այստեղ շուկայում նստած չափից դուրս հետաքրքրասեր պապիկները, ճերմակ շալերով քուրդ կանանց խիստ հայացքները, անտանելի շոգն ու փոշին, հիպերակտիվ երեխաների վայրենի աղմուկն ու անհարկի հարցերի տարափը ստիպում են միայն մտածել վայրկյան առաջ այստեղից դուրս պրծնելու մասին։

Փոխարենը զով, հավերժական, դիմացկուն լեռները լի են իրենց պես դիմացկուն մարդկանց պատմություններով, աշխարհի ամենաջերմ հյուրընկալությամբ ու հավերժությանը ծանոթ լինելու տարօրինակ զգացումով, որը տանելու ես քեզ հետ Սասուն առաջին իսկ այցից հետո։

«Հայերեն մի երկու բառ ասա, Երևանից հյուրեր եմ բերել», -մեզ Քաղկիկ գյուղ տանող արաբ վարորդի ինքնագոհ խոսքին ի պատասխան բահը ձեռքին կանգնած պապիկը միայն աչքերն էր վեր հառել՝ վերջապես իր պես մի հայ տեսնելու։ Սասունն ինձ համար սկսվեց այս հայացքով, բայց շարունակվեց շատ ավելի բազմատեսակ, անհավատալի ու աննկարագրելի ճանապարհներով, հարցերով ու պատասխաններով։

 

Վեդաթ, 29 տարեկան, Ստամբուլ

Ծնվել եմ Սասունում, 1991 թվականին։ 15 քույր-եղբայր ենք՝ 11 աղջիկ, 4 տղա։ Հայրս ասում է՝ պապիկիս մի քուրդ ընտանիք է որդեգրել, պահել։ Բայց ուրիշ ոչինչ չեն ասել։ Չեն թաքցրել, բայց չեն էլ մանրամասնել թեման։ Հետո, դե՛, գյուղական միջավայրում շուրջդ միշտ էլ կան այդ քչփչոցները․․․ «Այդ կրոնափոխները», «այդ շուռ տվածները»․․․ Այդ բառերը միշտ հնչում են  ականջումդ։   

Ես մինչև հիմա էլ մտածում եմ, թե այդ ոնց եղավ, որ մեր ազգականների մի մասը գաղթել է Հայաստան, իսկ պապս մնացել է ու իսլամացել։ Չգիտեմ։ Գործի բերումով շատ երկրներում եմ եղել, որտեղ որ հարցրել են, ասել եմ՝ թուրք եմ։ Իհարկե, իմացել եմ մեր ծագման մասին, բայց այդ գիտակցությունը չկար, շատ չէի մտածում այդ մասին, չէի հետաքրքրվում։ Կյանքիս վրա ազդեցություն ունեցող ինչ-որ բան չէր, այսինքն։ Մորս ընտանիքը մինչև օրս էլ քրիստոնյա է, բայց մայրս ամուսնանալուց հետո հորս ընտանիքի պես մուսուլման է դարձել։ Ես երբեք նախկինում այս թեմաների շուրջ չեմ կենտրոնացել։ Տարիներ առաջ իմացել եմ, որ հայ ենք, բայց այդքան էլ պետքս չէր, ու սովորականի պես շարունակել եմ ապրել։ Անգամ Նուրիյե մորաքույրս, որին այդքան սիրում եմ, հետո եմ հասկացել, որ հայ է, այսինքն՝ քրիստոնյա։ Իմ ճանաչած ամենամաքուր, ամենալավ մարդկանցից է։ Մինչև հիմա իր գյուղում է, երեխաներն՝ այստեղ, Ստամբուլում են։ Ինքը մինչև հիմա շատ լավ հայերեն է խոսում, բայց մայրս ընդհանրապես չգիտի, որովհետև փոքր տարիքում է ամուսնացել, հորս ընտանիքում էլ հայերեն չեն խոսել։ 

Իմ կյանքը գլխիվայր շուռ եկավ, երբ Ուկրաինայում էի, ու մի օր զարմիկս ասաց․ «Մենք այստեղ հայ ազգականներ ունենք, գնա՞նք»։ Գաղափար չունեմ, թե ոնց է գտել, ոնց է ծանոթացել։ Շատ ջերմ էին մեզ հետ։ Շատ յուրահատուկ օր անցկացրինք, և այդ ժամերն ամեն ինչ փոխեցին իմ կյանքում։ Անծանոթ մի մարդուն այդքան ջերմ վերաբերվելը, Սասունի հանդեպ ունեցած նրանց այդ անսահման կարոտը, այդ ամենը շատ ազդեց վրաս։ Հորիցս էին հարցնում, պապիկիցս։ Իրենց հետ ընթրեցինք, մի գիշեր էլ իրենց տանը մնացինք։ Շատ չկարողացանք խոսել, բայց պատկերացրո՛ւ, որ հայերեն իմանայի ու խոսեինք, թե ինչեր կզգայի, եթե առանց նորմալ խոսելու եմ էդպես տպավորվել ու մեկ օրում այդքան փոխվել։

 

Մորս ասացի, որ ուզում եմ քրիստոնյա դառնալ՝ շատ բարկացավ

Հետո եկա Իսպանիա սովորելու, շուրջս ամեն տեղ հայ եմ փնտրում։ Գնամ, գտնեմ, ծանոթանամ, խոսենք։ Սկսեցի պրպտել, մեր պատմությունից բաներ կարդալ, Սասունի ու հայերի պատմությունը օր օրի ավելի էր հետաքրքրությունս շարժում ու, ճիշտն ասած, բոլոր զոհվածների հանդեպ մի տեսակ պարտքի զգացում ունեի։ Նաև հպարտություն, որ ես նրանցից մեկն եմ ու, այսպես ասած, չեմ փչացել։ Առաջին բանը, որ այս թեմայի շուրջ մտածել եմ, սա էր․ «Երանի հորս ընտանիքն էլ մորս ընտանիքի պես չկրոնափոխվեր»։ Ու որոշում եմ կայացրել, որ կյանքում լինեմ այն, ինչ կամ։ 

Մի օր էլ հասկացա, որ կարող է հանկարծ շատ ծայրահեղ որոշումներ կայացնեմ այս հարցում, ընդհուպ մինչև կրոնափոխության մասին եմ մտածում։ Առանց այդ էլ շատ բարեպաշտ մուսուլման չէի։ Կարծում եմ, հնարավոր է, որ ապագայում կրոնափոխվեմ։ Իմ կյանքում եղել են ժամանակներ, երբ հավատացել եմ կրոնին, նամազ եմ արել, բայց հետո իմ մեջ հարցեր են առաջացել, ու այդ հարցերի պատասխանն իսլամի մեջ չեմ գտել։ Ես հակված եմ կրոններին չհավատալ ու եթե քրիստոնեություն էլ ընդունեմ, դա որպես իմ նախնիներին պատկանող մի ավանդույթ կընկալեմ։ Լեզուն պիտի սովորեմ,bանպայման։ Դա կլինի իմ պարտքը մեր բոլոր մահացած ազգակիցների կրած տառապանքի դիմաց։ 

Մորս ասացի, որ ուզում եմ քրիստոնյա դառնալ։ Փորձեցի կատակով ասել, կարծիքն իմանալ։ Շատ բացասական արձագանքեց, բարկացավ։ Երևի վախն այդպես արտահայտեց։ Ասացի՝ ուզում եմ հայ աղջկա հետ ամուսնանամ, ինձ հայ աղջիկ կուզես։ Սկսեց հոգուս հետ խաղալ՝ բա թե․ «Գնա՞մ քեզ Սաբրիյեի կաղ աղջկան ուզեմ, էն էլ հայ է»։ Ծիծաղեցինք, բայց ես հիմա էլ եմ էդպես մտածում։ Եթե ամուսնանամ, վստահաբար կուզեմ, որ հայ լինի, երեխաներս հայկական միջավայրում մեծանան, հայկական դպրոց գնան, թո՛ղ մեր ցեղը շարունակվի։ Քույրերիս-եղբայրներիս մի մասն ինձ պես է մտածում, մի մասն էլ՝ ինքնաբերաբար գնացել է այն հոսանքով, որը թելադրել է միջավայրը։ Քույրերիցս 8-ն են ամուսնացած։ Մի քանիսը Սասունում են, մի մասն՝ էստեղ։ Ավագ եղբայրս շատ է գնում-գալիս Հայաստան, մեր ազգականների հետ շփվում է։ Իր օրինակն էլ ինձ շատ է ոգևորել։ 

Էսքան հեռու եմ մնացել ամենից, բայց հայերի մեջ օտարություն չեմ զգում։ Միայն Ստամբուլի մեր քրիստոնյա զարմիկների հետ շփման ընթացքում մի փոքր քաշվում եմ։ Չեմ կարող բացատրել, թե ինչու։ Իրենք Թուրքիայում ապրելով ու քրիստոնյա մնալով կարծես մեզանից իրենց բարձր են դասում։ Գյուղում մնացածներին, կրոնափոխներին «տաճիկ» են ասում, բայց ազգակցական կապն էլ պահում են։ Այսինքն, այսպիսի մի բան կա․ դու սխալ ես, դու կրոնափոխված ես, դու լիարժեք չես, բայց սխալ ու թերի էլ լինես՝ իմ միս ու արյունն ես, իմ ազգականն ես, մինչև վերջ պիտի տեր կանգնենք միմյանց։ Բայց, օրինակ, Ուկրաինայի ազգականներիս հետ խոսելիս չկար նման բան, հայաստանցիները մեզ ավելի ջերմ են վերաբերվում, ու կրոնի գործոնի ազդեցությունը բացարձակ չես զգում։ Շատ անկեղծ էին, շատ երջանիկ ու շատ հանգիստ զգացի ինձ նրանց հետ։ Բայց չկարողացա մանրամասն հարցնել, թե ոնց է պատահել, որ փրկվել են։ Ի վերջո, նույն լեզվով չենք կարողանում խոսել։ Հիմա ծրագրում եմ անպայման  գալ Հայաստան։ Անգամ ուզում եմ մի 2-3 ամիս մնալ, որ լեզուն սովորեմ։ Մինչև այդ միջավայրում չլինեմ, չի հաջողվի երևի։ Պետք է անպայման գամ, անպայման գալու եմ․․․

 

Սոֆյա Հակոբյան