Գիրք չգրելու մասին կամ թարմություն՝ փոթորկից հետո

Բանաստեղծ Նշան Աբասյանը երկարատև լռությունից հետո ընթերցողին է ներկայացնում նոր՝ «Պետրիկոր» ժողովածուն, որը «Երեքշաբթի», «Ծիրանենի», «Ուրիշ լռություն» գրքերից հետո չորրորդն է, բանաստեղծի պնդմամբ՝ վերջինը։

Աբասյանն ասում է՝ «Պետրիկորն» ավելի շատ գիրք է հենց չգրելու իր պատճառների մասին։ Ինչպե՞ս մեր սխալներին նայելն ու դրանց մասին խոսելը կարող են փրկել Դարվինի կյանքն ու արև բացելմեր երկրում՝ փոթորկից հետո, փորձել ենք հասկանալ «Պետրիկորի» շնորհանդեսին ընդառաջ։

-Նշեցիք, որ սա Ձեր վերջին գիրքն է։ Ինչո՞ւ։ Որոշ գրողներ մի պահ լքում են դաշտը, սակայն վերադառնում են. հիմնականում նրանց հետ է բերում հենց ընթերցողը և նրա հանդեպ պարտավորվածության զգացումը։ Ըստ Ձեզ՝ ստեղծագործող մարդն իրավունք ունի՞ թողնել այդ ամենն իր անձնական նախապատվությանը, թե՞ նա, այնուամենայնիվ, որպես նաև հասարակությանը  կրթող մասնիկ, պատասխանատու է իր կողմից «ընտելացվածների» հանդեպ, ինչպես ասում էր Փոքրիկ իշխանը։
 

-Չգրելու հատուկ որոշում էլ չունեմ։ Այս ընթացքում երբեմն֊երբեմն նոր տողեր գրել եմ, և դրանք բոլորն ընդգրկված են գրքում։ Ինչ֊որ առումով ժողովածուն նաև հենց Ձեր նշած`ընթերցողի համար պատասխանատու լինելու ցավոտ զգացությունից է ծնվել։ Իմ ընկալումն է փոխվել պոեզիայի, գեղարվեստի վերաբերյալ, և ահա դա եմ փորձել փոխանցել բոլոր նրանց, ում «ընտելացրել» եմ ժամանակին, փոխանցել ինչպես ուղղակիորեն նախաբանի, այնպես էլ գրվածքների ընտրման տրամաբանության միջոցով։ Բանն այն է, որ ես ինձ արժանի չեմ համարում որևէ մեկին, ինչպես Դուք եք ասում, կրթելու։ Բայց ժամանակին այդքան չեմ վախեցել գեղարվեստական խոսքի ազդեցությունից, չեմ գիտակցել դրա ամբողջ լրջությունը, և ունեմ մեծ տարածում գտած այնպիսի գործեր, որոնք այսօր չէի գրի, և որոնք ամեն անգամ ինչ-որ մեկի էջին տեսնելն ինձ կսկիծ է պատճառում, որովհետև դրանցում բժժանք կա։ Ավելի շատ փակագծեր չեմ ուզում բացել․ ընթերցողն ինքը կկարդա գրքում։
 

-Հնարավո՞ր է ուղղակի որոշել ու չգրել, եթե ստեղծագործելը դիտարկենք որպես կենսակերպ, այլ ոչ թե նպատակ։

-Ոչ, իհարկե չի կարող, և մարդկության մեծ տառապանքներից է դա՝ զգացմունքներրի պայքարը։ Բայց մենք պետք է սնենք մեր որոշ զգացմունքներ, իսկ որոշները՝ հաղթահարենք։ Խնդրում եմ ճիշտ հասկանալ, խոսքը զգալու մասին չէ, երբ դիմացինիդ ես զգում, այլ զգացմունքի, երբ ինքդ ես մեկի կամ մի բանի հանդեպ զգացմունք տածում։ Գրելն էլ, ըստ էության, ստացվում է՝ կիրք է (համենայն դեպս մերօրյա իրականության մեջ), իսկ կրքերը լավ տեղ չեն տանում։

-Խոսեցիք կսկիծի մասին, որը վրա է հասնում նախկին ստեղծագործությունները վերընթերցելիս։ Երևի թե ամեն ստեղծագործող բախվում է դրան։ Սակայն հետո գալիս է գիտակցումը, որ դա նույնպես դու ես, դա էլ է քոնը, և դա խմբագրելն իմաստ չունի, թեև երբեմն ցանկություն է առաջանում «ոչնչացնել» այդ գործը, որն այլևս քո ճաշակով չէ, բայց և հենց այդ փաստը ցույց է տալիս քո աճը։

-Չէ, եղածը եղած է, գրածը՝ գրած։ «Ոչնչացնելով» կյանքդ չես խմբագրի, ցավոք։ Դրանք կարող են մնալ, միայն թե ընթերցողն իմանա, որ դու հետո այլ բան ես հասկացել։ Իսկ եթե չիմանա՞։ Իսկ եթե կարդա ու ոգևորվի՞։ Այ դա է ողբերգությունը։ Քանի՞սն այսօր գիտեն, որ Դարվինը սոսկալի տառապել է մահվան մահճում՝ հասկանալով, որ սխալ ուղով է գնացել։ Հիմա մենք բոլորս, որպեսզի փրկենք Դարվինին, այդ մասին պիտի ասենք ամենուր։

-Հնարավո՞ր է ստեղծագործական կյանքում հասնել քեզ լիովին կամ գոնե մեծամասամբ գոհացնող արդյունքի և եթե այո՝ արդյո՞ք դրանում իրենց դերը չունեն հենց անցյալի վրիպումները։

-Հենց բանն էլ այն է, որ կատարյալին հասնելը գրականության հետ ընդհանրապես առնչություն չունի։ Կատարյալին հասած մարդն աշխարհիկ գրականություն չի գրում։ Գրականությունը կյանքից անջատ, ինչ-որ անհոգ, թռի-վռի մի բան չի․ «Դե խոսք է, էլի, գրում ենք, հետն էլ սիրուն է»։ Սխալը սխալ է, և այն պետք է շտկել:

-Գրքի վերնագիրը շատ խոսուն է հենց այս ժամանակաշրջանում։ Կարո՞ղ ենք եզրակացնել, որ սրանով հատուկ ուղերձ եք փորձել փոխանցել Ձեր ընթերցողին՝ հիշեցնելով ու կանխագուշակելով փոթորիկից հետո սպասվող արևն ու թարմությունը։

-Այն «Էդիտ Պրինտ» հրատարակչության դիզայներն առաջարկեց։ Բոլորս միանգամից համաձայնեցինք, իսկ ես, այո, այդ հիմնական երանգը տեսա, թեպետ մի առիթով հակառակ մեկնաբանությունն էլ եմ արել՝ կապված այդ բառից առաջին անգամ ակամա ստացած ասոցացման՝ այժմ մեր «կորացած» լինելու հետ։ Բայց այդ երկուսն էլ նույնն են․ մենք հիմա միանգամից խաղաղություն ենք տենչում, բայց չենք ուզում դրա համար տառապել։ Հիմա ավելի քաղաքականացնեմ խոսքս, քան նախորդ հարցազրույցում․ եթե մենք մենք լինեինք, ադրբեջանցին գլուխը պատին կտար, թե բռունցք թափ տալով կհոխորտար մեզ վրա։ Թեպետ, ասեմ Ձեզ, նա էլ դեռ չգիտի իր գլխի գալիքը։

-Սովորեցի՞նք ճիշտ «տառապել» խաղաղության համար, թե՞ դեռ կոր ենք քայլում։

-Դեռ շա՜ա՜տ կոր ենք՝ ասֆալտին փռված․․․ Ի դեպ, լայնամասշտաբ ասֆալտապատում է մեր կողմերում։

-Բա ի՞նչ պետք է անենք մեջքն ուղղելու համար։

-Աղոթք, էլ ի՞նչ պիտի անենք։ Եթե ինքներս չենք կարող, գոնե կարողացող մեկին խնդրենք։

-Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ մարդու ամենակարևոր հատկություններից է ցավ զգալու, արտասվելու կարողությունը, և Դուք ցանկանում եք նաև դա արթնացնել մարդկանց մեջ։ Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր զգում են այդ ցավը։ Նրանք ի՞նչ պիտի գտնեն Ձեր գրքում։

-Ես նկատի եմ ունեցել հրապարակախոսներին։ Բոլորը շտապում են վերլուծություններ անել։ Բայց արտասվողները բոլորովին ուրիշ մարդիկ են, օրինակ՝ երեկոյան բարի հավաքարարը։

-Այսօր մարդիկ ցավից ու շփոթվածությունից կարծես նմանվել են մոլորված ու խոցված երեխայի, որն ամեն քայլի փնտրում է ճիշտ խորհուրդ իրավիճակից դուրս գալու։ Մտավորականը նման ճակատագրական պահերի կարևոր դեր ունի հասարակության մեջ։ Մեր արդի գրականությունն ու մտավորականները ունա՞կ են, ըստ Ձեզ, այդ բեռը կրելու և մարկանց ուղղորդելու դեպի անձրևից հետո սպասվող այդ արևը։

-Իմ կարծիքով՝ այդ կերպարը մտավորականը չի, այլ իմ ասած հավաքարարը՝ երեկոյան բարում։ Ի դեպ, նրանք միշտ ծեր կանայք են լինում, և ամոթ մեզ՝ այդ ակումբներ այցելող մտավորականներիս, նաև յութուբյան ալիքներ վարող մտավորականներիս, ընդհանրապես ՄՏԱԾԵԼ սիրող մտավորականներիս, երբ մտածելու բան չկա։

-Մեր հասարակության ներսում կա կարծրատիպ, ըստ որի արվեստը, այդ թվում՝ պոեզիան, պիտի հեռու մնան քաղաքականությունից։ Երևի նրանից է, որ արվեստն ընկալում ենք որպես անբիծ մի բան, իսկ քաղաքականությունը՝ «կեղտոտ»։ Դուք Ձեր գործերում չեք խորշում քաղաքական թեմաներով շատ հստակ ուղերձներ տալ՝ տողատակերով։

-Իսկ այդ հասարակությունն ինչո՞ւ է միևնույն պահում ապրում քաղաքականությամբ, ոչ թե հետաքրքրվում, այլ ապրում․․․ Արհեստական տարանջատումներ են, կեղծ շերտավորումներ։ Կյանքը կյանք է։ Եվ այդ քաղաքականություն կոչվածն էլ ինչ-որ այլմոլորակային իրողություն չէ։ Լավ են անում, որ արվեստից անբիծ լինել են պահանջում, բայց եթե իրենք գրելու հմտություն ունենային, կդիմանայի՞ն չգրելու գայթակղությանը։ Սա է մեղավոր, նա է մեղավոր։ Բոլորը թիվ մեկ մեղավորին են փնտրում։ Նա գտնվել է․ երկրորդին է պետք փնտրել։

-Ուղիղ 10 տարի առաջ, երբ ես նոր էի սովորում հոդված ու հարցազրույց պատրաստել, իսկ Դուք պատրաստվում էիք Ձեր առաջին գրքի լույս ընծայմանը՝ մի խոսակցության ժամանակ նկատել էի երկու հայ դասական գրողների միջև եղած ակնհայտ տարբերությունը։ Մեկը նկարներում միշտ մտահոգ դեմքով էր, կարծես գրելը տառապալից լիներ նրա համար, մյուսը՝ շատ խաղաղ։ Այդ ժամանակ համաձայնեցինք, որ ստեղծագործելը, ամեն դեպքում, տառապալից չպիտի լինի։ Այսօր՝ 10 տարի անց, ի՞նչ կասեք․ գրելը, ի վերջո, տառապա՞նք է, թե՞ ոչ։

-Գրելը տառապանք է, երբ հոգիդ խաղաղ չէ՝ մեկ, ցավդ եսասիրական է՝ երկու, բառերը չեն գտնվում՝ երեք։ Եվ բնականաբար հակառակը․ գրելը դյուրին է, երբ հոգիդ խաղաղ է, եթե ցավի մասին ես գրում, այն էգիոստական չէ, և եթե գրելիս մտքի փնտրտուքի մեջ չես ընկնում՝ փազլ հավաքելու նման։

-Ինչո՞վ է տարբերվում այս գիրքը նախորդներից։ Ի վերջո՝ հեղինակի կողմից «վերջին գրքի» տիտղոսին արժանանալը ենթադրում է, որ այն Ձեզ համար որոշակի բարձրության վրա է մյուսների համեմատ և վերջապես գոհ եք ստացված ստեղծագործությունից։

-Ոչ, ամենևին։ Ես երբեք էլ ինձ գոհ չեմ զգա, որ բանաստեղծ եմ դարձել։ Եվ ես հաստատ գիտեմ, որ բանաստեղծ դառնում են, ոչ թե ծնվում։ Ես շատ կուզեի բժիշկ լինել։ Բայց ուզում եմ, որ այն բանաստեղծությունները, որոնք ընդգրկված են այս գրքում, օգնեն մարդկանց, լավը դուրս գան։

-Դուք նաև նշել եք, որ այս գրքում փորձել եք դուրս թողնել Ավետարանին ոչ համահունչ գործերը։ Որո՞նք են դրանք և ինչպիսի՞ն է Ավետարանին համահունչ բանաստեղծությունը։ Ինչո՞ւ աշխարհիկ գործը պիտի համահունչ լինի Ավետարանին, մանավանդ, որ մեկ այլ առիթով ինքներդ նշել եք, որ աշխարհիկ գրականությունը ոչ մի դեպքում չպետք է դարձնել կյանքի ուղեկից, այդ դերը կարող է ստանձնել միայն հոգևոր գրականությունը։

-Ավետարանին ոչ համահունչ գործերը երկու հիմնական տեսակի են՝ նրանք, որոնք իրենց ուղերձով հակադիր են քրիստոնեկան պատվիրաններին՝ ուղիղ կամ անուղղակի, ենթագիտակցական կերպով, և նրանք, որոնք պատրանքներ են ստեղծում՝ առանց հստակ փոխաբերության պատկերներ ու սիմվոլներ, իսկ աշխահիկը կյանքի ուղեկից չի կարելի դարձնել, որովհետև կատարյալ ապրելու օրինակն Աստվածաշունչն է տալիս, իսկ աշխարհիկ գրականությունը կարող է համադրվել նրա հետ, կարող է և՝ ոչ։ Ես վախից եմ այդպես ասել։ Իմ գրածը սոսկ գեղարվեստական գիր է։

 

Հարցազրույցը՝ Սոֆյա Հակոբյանի