Գարշահոտ գետերն էլ են թափվում ծովը

Բացի յոթանասունմեկ հազար հինգ հարյուր վեց բնակչից, ոչ մի հետաքրքիր բան չկար քաղաքում: Սովորական, անգույն շենքեր էին՝ առանց ճարտարապետական յուրահատուկ ձեռագրի կամ ոճի, որևէ տեսակի թատրոն կամ ժամանցի վայր չկար, նույնիսկ սրճարաններ չկային. խիստ, նույնիսկ ցուրտ արդյունաբերական քաղաք էր՝ չորս, թե հինգ գործարանով, որոնցից մեկը՝ քիմիական: Հատկապես ամառները, երբ արևը հիշեցնում էր քաղաքացիներին, որ ինքը կա, բնակիչները կատակում էին, թե եթե աշխարհում յոթ հրաշալիք կա, ապա «մեր քաղաքը յոթանասունմեկ հազար հինգ հարյուր վեց հրաշալիքների քաղաքն է»: Հավանաբար նկատի ունեին մարդկանց, կամ գուցե հենց այդքան երազանքները, որոնք, ի դեպ, հատուկ տեղ ունեին քաղաքում: Մի փողոց կար՝ առանց խաչմերուկների, ուղիղ, գարշահոտ գետի ափով ձգվող, քաղաքացիներն այն անվանել էին Երազանքների փողոց: Միակ տեղն էր, որտեղ հնարավոր էր համբուրվողներ տեսնել, ու չնայած՝ քաղաքում մարդիկ ապրում էին՝ «տնից՝ գործի, գործից՝ տուն» անառարկելի կանոնով, դեռ Դրախտից է հայտնի, որ եթե միևնույն վայրում տղամարդ ու կին կան, ապա նրանք հաստատ տեղ ու ժամ կգտնեն՝ համբուրվելու:

Սոնան, որ աշնանը երեսուն տարեկան էր դառնում, միշտ մենակ էր քայլում Երազանքների փողոցով: Ամուսինն աշխատում էր քիմիականում, գիշերային հերթափոխով, ու քանի որ Սոնան էլ տեքստիլ գործարանի աշխատակցուհի էր, որտեղ աշխատանքն ավարտվում էր ճիշտ այն պահին, երբ քիմիականում սկսվում էր գիշերային հերթափոխը, համարյա իրար չէին տեսնում: Հենց գործից հետո էլ երեսնամյա կինը քայլում էր Երազանքների փողոցով ու հասկանում դրա անվանման նշանակությունը: Քանի որ քաղաքը բավականին փոքր էր ու բնակեցված բացառապես աշխատողներով, Սոնան ճանաչում էր Երազանքների փողոցի բոլոր անցորդներին, ոչ միայն անուններով, աշխատավայրո՛վ: Ահա՛ Գայանեն, աշխատում է մետալուրգիականում, բայց երեկոյան ժամը վեցից հետո այնպես է անցնում Երազանքների փողոցով, ասես կոլտնտեսության նախագահ Հովհաննեսի դուստրն է ու շուտով սարից կիջնի հովիվ Արմենը: Ի դեպ, Գայանեն երաժշտական կրթություն ուներ ու գիշերները՝ քարի արտադրամասի բանվոր Մուշեղի ծոցում, երազում էր օվկիանոսի վրայով թռչելու ու Նյու Յորքի Մետրոպոլիտենում ճախրելու մասին:

Կամ այս մեկը՝ դեղագործական ֆաբրիկայի աշխատակցուհի Արմինեն, որ ոչ այնքան քայլում էր Երազանքների փողոցով, այլ կանգնում-նայում էր, թեկուզ գարշահոտ, բայց գետին՝ երազելով հեռու քաղաքի ծովափին փոքրիկ սրճարան բացելու ու մարդկանց համար իր իսկ ձեռքով քաղցր բաներ թխելու մասին, հրաշալի հասկանալով, որ եթե մարդը քաղցրի պակաս չունենա կյանքում, նա դեղի կարիք չի ունենա երբեք:

Իհարկե, տղամարդիկ էլ կային Երազանքների փողոցում, բայց նրանք հիմնականում անբան-անբաշար պիտակն էին ստացել ու զբաղված էին կամ ինչ-որ մեկին համբուրելով, կամ բոլորի համար /իսկ իրականում՝ ինչ-որ մեկի/ ջութակ-մութակ նվագելով: Պետք է նկատել, որ մեջներն ահագին տաղանդավոր մարդիկ կային, ամեն դեպքում, երբ մի անգամ արտասահմանից մարդ էր եկել՝ «ծանոթանալու արդյունաբերական քաղաքու հոգու հետ», Երազանքների փողոցում երկար կանգնել էր ջութակահար Գևորգի մոտ՝ չկարողանալով կտրվել նրա երաժշտությունից: Իսկ երբ արտասահմանցին ասել էր, թե Գևորգին հրաշալի ապագա է սպասվում, եթե նա համաձայնի իր հետ օվկիանոսի վրայով թռչել, Գևորգը պատասխանել էր.

-Որ թռչեմ, էլ չեմ երազի...Իսկ որ չերազեմ, էլ չեմ նվագի:

Սոնան սիրում էր հատկապես գիշերները քայլել Երազանքների փողոցով: Հա՛մ ջութակահարների մատներն էին արդեն տաքացած լինում, հա՛մ էլ երկնքում աստղեր էին հայտնվում: Սոնան վստահ էր՝ ճիշտ յոթանասունմեկ հազար հինգ հարյուր վեց հատ:

Հենց դրանց տակ էլ նստեց ու ինչպես տեքստիլ գործարանում աշխատող յուրաքանչյուր կին կաներ այդ ժամին, փակեց աչքերը: Քիմիական գործարանում եռում էր աշխատանքը, երբ Սոնան տեսավ, թե ինչպես են երկնքի բոլոր աստղերն արտացոլվում Արթուրի աչքերում: Ինչպես երիտասարդ կիթառահարը փակ համերգասրահում վերադարձավ հերթական ծովից ու բազմաթիվ հանդիսատեսի մեջ իրեն ընտրեց՝ աչքերի մեջի աստղերը ցույց տալու համար: Ինչպես իրենք միասին դուրս եկան այդ երեկո, որքան երկար քայլեցին այստեղից շատ հեռու՝ իրենց հարազատ քաղաքում, ինչքան շատ ձյան փաթիլներ էին թափվում իրենց վրա՝ երդվելով, որ նախկին կյանքում աստղեր են եղել ու ինչպես էր իրենց հոգիները ջերմացնում այդ ձյունը՝ փաթիլ-փաթիլ:

Արթուրը խոստացավ, որ քաղաքից հեռու, հին ծառերի պուրակում ինքը տուն կկառուցի իրենց համար, որը գետնից սկսվող մեծ պատուհան կունենա՝ աստղերին նայող, և որ ինքն ամեն օր փայտ կկոտրի տան բակում, որպեսզի երբեք չմրսեն: Արթուրը հենց այդպես էլ ասաց.

-Աստղերի վրա չեն մրսում:

Հետո եղավ հրամանը՝ քաղաքն անհապաղ տարհանելու մասին: Բոլորը դուրս եկան, ամեն ինչ չէ, որ վերցրեցին: Արթուրն, օրինակ, կիթառը չվերցրեց.

-Ես հասել եմ երազանքիս, էլ պետք չէ,-ասաց ու հայրենի քաղաքը լքողների բազմության մեջ ամուր բռնեց Սոնայի ձեռքը:

Կառավարությունն անտեր չթողեց թշնամու ռումբերից փրկված մարդկանց: Հատուկ նրանց համար քաղաք կառուցեցին՝ գործարաններով լի, որ աշխատեն՝ ցրվեն, որ աշխատեն՝ իրենց ապագան կառուցեն: Քաղաքը գետի ափին էր, ու քանի որ տեղահանված մարդիկ դառնությամբ են լի, գետն արագորեն գարշահոտ դարձավ:

«Իսկ ո՞ւր է գնում գետը, որտե՞ղ է հասնում»,-հանկարծ անցավ Սոնայի մտքով, որ աչքերը փակ նստել էր դրա ափին: Կինն անմիջապես որոշեց՝ հենց այդ գիշեր պիտի պարզի, պիտի քայլի գետի հոսանքին զուգահեռ այնքան, մինչև հասնի դրա վերջին: Գետն ու քաղաքը բաժանող մոխրագույն քարե պատին մեկը դեղին տառերով գրել էր. «Այստեղ երազանքները չեն գողանում. միայն երազանքները»: Տեսնես ո՞վ էր: Սոնան առաջ էր գնում, երբեմն վազում էր, քայլում էր, կանգնում-նայում էր, նույնիսկ լողում, սողում ու մագլցում էր՝ չխորշելով այն ամենից, ինչն անում են առաջ գնացողները: Աստղերն ամբողջ ճանապարհին ուղեկցում էին կնոջը, ու նա հասկացավ, որ դրանց թիվը շատ ավելին է յոթանասունմեկ հազար հինգ հարյուր վեցից:

Էլ մարդ չէր տեսնում Սոնան. բոլոր մարդկանց ճանապարհին էլ լինում են հատվածներ, երբ ոչ մեկը չի լինում, նույնիսկ ամենասիրելին, միայն դու ես, ճանապարհն է, աստղերն են, գետն է:

Արթուրը վերմակով ծածկեց կնոջը, ու մրսած մարմնին վրա հասած ջերմությունից Սոնան մի պահ բացեց աչքերը: Լուսացել էր, Արթուրն արդեն տուն էր եկել աշխատանքից ու հագել կապույտ գիշերազգեստը՝ դեղին աստղերով: Սոնան ամուր ծածկվեց վերմակով, նորից փակեց աչքերը ու չնայած՝ արդեն ուշանում էր աշխատանքից, վստահ շշնջաց. «Գարշահոտ գետերն էլ են թափվում ծովը»:

 

Հովիկ Աֆյան