Գարնան վերջին օրը

Որոշումն ընդունվեց միաձայն: Ազգային ժողովը, որի բուֆետն այդ օրը ցեղական ցլիկի մատղաշ միս էր ստացել, և խոհարարն ամբողջ խորհրդարանով տարածել էր քյաբաբի սուր հոտը, քննարկում էր միութենական հանրապետություն մտնելու որոշման նախագիծը: Ավելի ճիշտ՝ չէր քննարկում, քանի որ բոլորն ասում էին, թե ինչու է պետք դա անել, ինչ գեղեցիկ են մերձմոսկովյան երեկոները, և որքան անվտանգ է Մոսկվային մերձ լինելը: Ճիշտ է՝ 6 պատգամավոր քվեարկությանը մասնակցեց հեռավար: Երկուսը հիվանդ էին ու ձայները կտրվել էր, 4-ն էլ գործուղվել էին Զանզիբար՝ ամրապնդելու հայ-տանզանիական դարավոր, ռազմավարական հարաբերությունները: Ի դեպ, պատգամավորների այս այցից Մոսկվան տեղյակ էր, ավելին՝ մշակույթի նախարարության մակարդակով ողջունել էր: Քվեարկությունից անմիջապես հետո պատգամավորներն իջան բուֆետ: Քյաբաբը պատրաստ էր. պարզվեց՝ օրենսդիրների 70 տոկոսն այն գերադասում է սոխով: Բայց, ի տարբերություն բուն խորհրդարանի, բուֆետում փոքրամասնության կարծիքը հարգում են ու «իսկական քյաբաբ» ուտողները նստեցին աջ կողմում, այդ օրը համբուրվելու պլաններ ունեցողները՝ ձախ: Կային, իհարկե, մարդիկ, որոնք առհասարակ քյաբաբ չէին սիրում, փառք Աստծո՝ խոհարարը հմուտ վարպետ էր, ու խորհրդարանական բուֆետում ոչ մեկը սոված չէր մնում: Իմիջիայլոց, բացի հմուտ լինելը՝ խոհարարը նաև հնարամիտ մարդ էր, օրինակ, հենց ԱԺ բուֆետի դռան վրա ցուցանակ էր փակցրել. «Այստեղ ոչ մեկը չի թաքցնում, որ ուտում է»: Կային պատգամավորներ, որ բողոքեցին, ավելի շատ պատգամավորներ կային, որ կարդալ չէին սիրում, հատկապես, երբ լավ սոված էին լինում կամ`կարգին կուշտ:

Ու մինչև ազգային ժողովի բուֆետում բուռն քննարկում-բանավեճ էր ծավալվել, թե երեկոյան որտե՞ղ են հավաքվելու, որ նշեն հայրենիքի՝ այլևս կատարյալ անվտանգությունը, հեռավոր Սարալանջ գյուղում միութենական հանրապետություն մտնելու փաստն արձանագրվեց շատ ինքնատիպ ու բավականին խոսուն կերպով: Չոբան Սեթոյի կարմիր կովը մի պահ կտրվեց խոտից, նայեց դիմացի սարին ու բառաչեց: Անասունի հանկարծահաս բնազդին ուշադրություն չդարձրեց Սեթոն: Գյուղում ամենաքիչն էր լինում, բայց ամենաճանաչվածներից մեկն էր: Մի տարի առաջ գնացել էր գյուղապետի տուն՝ աղջկան ուզելու: Պատմում են, որ գյուղապետը թույլ է տվել, որ ջահելներն առանձնանան, իրար հասկանան: Հենց առանձնացել են, աղջիկն ասել է.

-Ես չեմ ուզում: Քեզնից ոչխարի հոտ է գալիս:

Սեթոն էլ, ըստ մոտակա ծառերի հետևը ականջ դնողների վկայության, պատասխանել է.

-Ում հետ քնում եմ, նրա հոտն էլ գալիս է:

Ասում են, որ գյուղապետի աղջիկը կարմրել է Սեթոյի խոստովանությունից հետո: Պատմում են նաև, որ Սեթոն գյուղապետի այգուց մի խնձոր է քաղել, կծել ու ասել.

-Ես քաղցր խնձոր եմ սիրում, բայց ոնց հասկանում եմ հորդ այգում իմ սիրածը չկա:

Սա ասել է ու հեռացել: Աղջիկն էլ մնացել է շիվարած-կանգնած, ուզել է հետևից կանչի, բայց այդպես էլ չի կանչել: Սեթոն էլ գնացել է նախրի մոտ ու հերթով պաչել բոլորի ճակատները: Այդպես ավարտվել էր սերը, կամ սկսվել էր: Սերն օրվա պես բան է՝ չես հասկանում գիշերն է սկսվո՞ւմ, թե՞ ցերեկը... Ամեն դեպքում Սեթոն մի անգամ եկել էր իր տուն ու տեսել, որ գյուղապետի աղջիկը սպասում է իրեն, ճաշն էլ եփած է:

Սարալանջը ականավոր մարդկանց ծննդավայր էր: Գրողների միությունում մինչև հիմա կախված է Բալաբեկ Սարիբեկյանի լուսանկարը, որը գրական աշխարհում հայտնի է՝ Ալ Սար կեղծանունով: Հենց լուսանկարի տակ էլ Ալ Սարի ամենահայտնի տողերն են.

Սարերը ոռնում են ցավից՝ աննահանջ,

Իսկ մենք մնում ենք խուլ և անականջ:

Արդ տողերս այս ընդունիր՝ որպես կանչ,

Մանկության դրախտ, դու իմ Սարալանջ:

Բայց ամենահայտնի սարալանջցին Գուրգեն Ժորիկի Տափաստանյանն էր: Դպրոցն ավարտելուն պես թռավ քաղաք՝ համալսարանում սովորելու: Ընդունվեց Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը ու դարձավ դիվանագետ: Մեկ-մեկ արտաքին գործերի նախարարությունում հավաքվում են կուրսեցիներով ու հիշում, թե ոնց էին համալսարանի բակում հայտնի բոմժ Պողոսին 1000 դրամ տալիս, որ գնա դիմացի բանասիրական ֆակուլտետի աղջիկներին իրենց անունից բան ասի. իրենք այդքան համարձակություն չունեին՝ խոսելու, լեզու գտնելու: Գուրգենը գերազանցությամբ ավարտեց միջազգային հարաբերությունների ֆակուլտետը ու միանգամից մտավ քաղաքականություն: Հենց Գուրգենի ջանքերով էր, որ Հայաստանի եռագույն դրոշը բերեցին ու տեղադրեցին աշխարհից կտրված Սարալանջի գյուղամիջում, պատվանդանին էլ գրեցին. Այս սուրբ դրոշը տեղադրել է Սարալանջի ամենաականավոր զավակ՝ Գուրգեն Ժորիկի Տափաստանյանը:

Միութենական հանրապետություն մտնելու որոշման նախագիծը խորհրդարան էր բերել հենց Տափաստանյանը: Շատ համոզիչ կերպով մարդը բացատրեց, որ եթե ուզում ենք ապրենք, ուտենք, շենանանք, պիտի մտնենք Ռուսաստան: Իսկ եթե նախագիծը մերժվի, թուրքը սիրով ու սրով մտնելու է մեր հայրենիք: Հենց «սիրով ու սրով» էլ ասել էր:

Հայրենիքն արդեն 44 օր միութենական անծայրածիր հանրապետության անքակտելի մասն էր, երբ Մոսկվայից հատուկ հանձնաժողով էր եկել, ինչպես պաշտոնապես էին հայտարարում՝ «զարկ տալու հայ-ռուսական ժողովրդական հարաբերությունների զարգացմանը», ինչպես փողոցում էին ասում՝ «ստուգումների»: Ռուսներին տանում էին այն հրապարակները, որտեղ ծածանվում էր միութենական հանրապետության դրոշը, ռուսներն էլ ասում էին՝ խորոշո: Քանդակագործներից մեկը պետական պատվերի շրջանակում քանդակեց հայ-ռուսական բարեկամության արձանը՝ երկու տղամարդ, մեկը նստած է աթոռին, մյուսը կանգնած է կողքին՝ ձեռքը դրած նստածի ուսին: Բացման հանդիսավոր արարողությանը քանդակագործը շեշտեց, որ նստածը ռուսն է:

-Բայց չէ՞ որ ռուսը մեր թիկունքն է,-առարկեցին:

-Բայց չէ՞ որ մենք մեր տան միակ աթոռը տալիս ենք  հյուրին,-պատասխանեց:

Սարալանջը հայրենիքում միակ տեղն էր, որտեղ ստուգողները չհասան: Գյուղ տանող մի ճանապարհ կար, այն էլ միայն ամռանն էր բաց լինում: Հայրենի եռագույնը դեռ ծածանվում էր Սարալանջում, որտեղ առևտուրը ռուբլով չէին անում, հացը թխում էին, միրգ-բանջարեղենը քաղում էին, միսը՝ մորթում էին: Կարելի էր ասել, որ սարալանջցիներին փող առաձնապես պետք էլ չէր: Սեթոյին՝ հատկապես: Առավոտը գնում էր սար, երեկոյան գալիս էր տուն: Կինն ամեն օր կշտացնում էր մարդուն՝ այգու ու գոմի ջանը սաղ լինի: Սեթոյից սարի ծաղկի հոտ էր գալիս: Կինը բան չէր ասել, բայց հենց ամուսնացան, գնում էր սարերը, պառկում էր ծաղիկների մեջ:

Սարալանջում Տափաստանյանները հայտնեցին լուրը, որ երկիրն անծայրածիր է դարձել: Գյուղի ականավոր զավակը զանգել էր տուն ու ասել, որ պատրաստվեն՝ «ամռանը ստուգողներ են գալու»:

-Բա էս դրոշն ի՞նչ անենք,-բարձր մտածեց գյուղապետը՝ գյուղամիջում հրավիրված ժողովի ժամանակ:

-Գուրգենն ասաց՝ մինչև ամառ թող մնա,-պատասխանեց Ժորիկ Տափաստանյանը:

Գյուղը բաժանվեց երկու մասի. մի մասում անհամբեր սպասում էին ամռանը, մի մասում վայելում էին գարունը: Սեթոն նոր ծաղիկներ էր տեսել՝ դիմացի սարի հետևը: Այդ սարի հետևից էր իր հայրը եկել: Այդ սարի հետևի մասին էին իր մոր բոլոր հեքիաթները: Այդ սարի հետևում հայրենիքն էր թաքնվել՝ հորից որդի փոխանցվող անկարողությունից: Այդ սարի հետևն էր թուրքն իր սուրը սրում և սերը շիրայոտում, որ կտրի, որ կպնի: Սեթոն համարձակություն չուներ մոտենալ այդ սարին: Աշխարհի ամենասիրուն գարունն էր ,ու Սեթոն դեպի սարն էր գնում...Նախիրն այդ օրը մի քիչ ուշացավ, բայց կովերն աննախադեպ շատ կաթ տվեցին: Սեթոն տաք ճաշ էր ուտում: Կինը սարի այն կողմից բերված ծաղկեփունջը դրել էր սեղանին ու նստել մարդու կողքին: Սեթոյից հայրենիքի հոտ էր գալիս: Գարնան վերջին օրն էր:

 

Հովիկ Աֆյան

Լուսանկարը՝ Տիգրան Վանյանի