Եւ նստաւ տապանն … ի լերինս Արարատայ

«Փոքր մատենադարան» սենյակի պատուհանները նայում էին ծովին․ այստեղ պոետ չլինել չէիր կարող։ Ամեն օր վենետիկյան մի գոնդոլ նրան հասցնում էր հոգու այս «մենաստան»։ «Փոքր մատենադարան» սենյակը արևելյան կոլորիտ ուներ․ այստեղ է եղել ծանոթությունը աստծո հետ հաղորդակցման լեզվի հետ։ Հետո երբ միտքը, ուղեղը կլարվեր հայերենի բազմաճկուն քերականությունից, դուրս կգար վարդաստաններով ու նոճիներով պուրակում զբոսնելու, խորհելու աշխարհի, կյանքի, բանաստեղծության ու հայերենի մասին։ Նոճիների հմա՞յքն էր նրան ստիպում դանդաղ քայլել ծաղկավետ ճեմելիքով։

Հետո Այվազովսկին պետք է մեզ «պատմեր»՝ ինչպես է նա մոտենում Սուրբ Ղազար կղզուն, ինչ հանդիսավորությամբ են նրան դիմավորում հայ աբբահայրերը։

Ամբողջ կյանքում ազատության, ազգային գոյության պայքարի ջատագով էր անգլիացի մեծ պոետ Բայրոնը։ Երբ երկար դեգերումներից հետո իր հերթական արկածախնդիր ցանկությունը հագեցնելու համար եկավ Սուրբ Ղազար, սիրահարվեց կղզուն՝ նրա ներս ու դրսի հոգևոր աշխարհով։

Ի սկզբանե Բայրոնը նպատակ չուներ երկար մնալ Մխիթարյանների մոտ, սակայն հայերի պատմությանն ու մշակույթին ծանոթանալուց հետո որոշեց մնալ ու սովորել հայերեն։

Որքան էլ զարմանալի էր, Հարություն Ավգերյանը մերժեց մեծ պոետին։ Հարցն այն էր, որ Բայրոնն արդեն քաղաքական ընդվզումների կիզակետում էր, և Ավգերյանը վախեցավ․ նրա՝ այդտեղ մնալը գուցե քաղաքական բնույթ ունենա։

Ահա ամեն օր վենետիկյան գոնդոլը նրան բերում էր Սուրբ Ղազար։ Նա «սկսեց վանք հաճախել հիսուն օր շարունակ ու սովորում էր օրական երկու-երեք ժամ և, մանավանդ, զրույցներ էր ունենում սփոփանքի համար»։ Փակվում էր սենյակում և սովորում էր գրաբար։ Բայրոնն իր ուսուցչին՝ Ավգերյանին, անվանում է Հայր Պասկալ (Padre Pescual), իսկ Ավգերյանն իր մոտ ուսանող այս գեղեցկադեմ երիտասարդին անվանում է «խենթ»։

Ինչո՞ւ հատկապես հայերենն ընտրեց սովորելու համար։ Բայրոնը գրում է․ «․․․ ես ամեն օր հայերեն եմ սովորում հայոց Մենաստանում: Ես գտա, որ միտքս զբաղեցնելու համար մի դժվար աշխատանք էր հարկավոր ինձ: Սրանից ավելի դժվար զբոսանք ես չէի կարող գտնել այստեղ: Ես այն ընտրեցի, որ նրանով զբաղվելով՝ միտքս տանջեմ: Դա մի հարուստ լեզու է, այսուամենայնիվ, և կարող է մեծապես հատուցել իրեն սովորողի նեղությունը»: Ուրեմն աստվածների լեզուն նրա համար ինքնակատարելագործման, ինքնամաքրման հնարն էր։

Դա ժամանակ էր, երբ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները դեռ չէին արել հետազոտություններ, որոնց արդյունքում հայերենն աշխարհի 60 ամենաազդեցիկ լեզուների շարքում պիտի դասեին: Դա շատ ավելի ուշ էր՝ 21-րդ դարի սկզբին։

Մխիթարյանների ու Բայրոնի հարաբերությունները հետագայում շատ ու շատ գիտնական-մտավորականների համար ոգեշնչման աղբյուր և ուսումնասիրության առիթ դարձան։ Այս իրադարձությունների մասին պատմում են Ջ․ Ջեֆրսոնը, հայր և որդի Վեսելովսկիները, Անդրե Մորուան, Վ․ Ժիրմունսկին և այլք։ Դա պայմանավորված է հատկապես նրանով, որ այսօր Բայրոնի իրերը, նրա անվան հետ կապված բոլոր մասունքները՝ փոքրիկ գրչահատը, պատից կախված նրա երիտասարդ հասակի նկարը հատուկ խնամքով  պահում են միաբանությունում։ «Կղզու վրա մինչև օրս գոյություն ունեն մեծ բանաստեղծի ձիթենիները, որոնք կոչվում են «բայրոնյան» ձիթենիք: Այդ ծառերի տակ է երազել Անգլիայի մրրկաշունչ զավակը: Պահպանվում է նաև բանաստեղծի հայերեն ստորագրությունը վանքի այցելուների գրքում: Այդ ստորագրությունը պահվում է ապակու տակ, այն սենյակում, որտեղ հայերեն է սովորել մեծ բանաստեղծը»,- մեզ պատմում է Դաշտենցը։

Բայրոնը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում ծանոթացել է հայերեն Աստվածաշնչին։ Նա թարգմանել է այն հատվածները, որոնք չեն եղել անգլիական  Bible-ում։ Այդ մասին նա նամակով պատմում է ընկերոջը. «Գրել եմ արդյոք քեզ, որ ես թարգմանել եմ առաքելական թղթերից երկուսը: Դա մի թղթակցություն է Սուրբ Պողոսի և կորնթացոց միջև, որ մեր թարգմանության մեջ գոյություն չունի, այլ կա հայերենում, և, ըստ իս, խիստ վավերական է: Ես այն թարգմանել եմ Սուրբ Գրքի հատուկ անգլերենով»:

Նրա ծառայությունը հայերին դեռ նոր էր սկսվում։

Բայրոնը ոչ միայն հայերեն է սովորել, այլև իր ծախսով տպագրել է անգլերեն-հայերեն քերականության գիրքը։ Ավգերյանի հետ միացյալ ջանքերով ձեռնարկելով անգլո-հայ քերականության դասագրքի հրատարակությունը հայերի համար՝ Բայրոնի առաջարկությամբ և քաջալերանքով նրանք կազմում են հայ լեզվի քերականության դասագիրք անգլախոս ուսանողների համար: Ավգերյանը գրում է. «Ապա հաղորդեց կազմել նաև մեկ ուրիշ հայերեն և անգլերեն քերականություն հօգուտ իր ազգակիցների»։ Բայրոնի նպատակն էր իր եվրոպացի հայրենակիցներին ուսուցանել աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի լեզուն, հետաքրքրություն արթնացնել նրանց մեջ դեպի հայերի հայրենիքը և մշակույթը: Այդ նպատակով դասագրքի ճակատին իբրև բնաբան գրված է Ծննդոց գրքի խոսքը. «Եւ նստաւ տապանն … ի լերինս Արարատայ»:

Սակայն Բայրոնի հետաքրքրությունը սոսկ հայերենի լեզվական հմայքը չէր։ Նա սիրեց այս ժողովրդին։ Դաշտենցը հավաստում է, թե նա սիրում ու հարգում էր այն բոլոր ազգերին, որոնց սիրելի էր անկախության ոգին: Բանաստեղծը գտավ մի ազգ, որին բռնությունն ու ազգության կորուստը չէին կարող աղավաղել կամ ընկճել, մի ազգ, որը, հակառակ իր պարտության, անաղարտ է պահել իր ավանդույթների վեհությունը և իր հին համոզմունքների գեղեցկությունը։

Ազատության պայքարը նրա կենսակերպն էր․ գիտենք՝ ինչպես սեփական միջոցներով օգնում էր հույներին։ Հայերին ծառայությունը մտավոր աշխատանքն էր։ Իր և Ավգերյանի հրատարակած բառարանները՝ անգլերենի և հայերենի, մինչ օրս մնում են անգերեզանցելի և ամենանշանավորն են 19-րդ դարի անգլերեն-հայերեն բառարանագրության մեջ։

Բայց շատ կարևոր մի հետաքրքրական միջադեպ, որ տեղի ունեցավ Մխիթարյան հայրերի ու Բայրոնի միջև, մեզ երկար մտածելու առիթ է տալիս։

Անգլերեն-հայերեն քերականության դասագրքի համար Բայրոնը առաջաբան է գրում, որը, սակայն, այդպես էլ չի տպագրվում գրքում հենց Մխիթարյանների ընդդիմությամբ։

Հետագայում Թոմաս Մուրն այս առաջաբանը գտնում է բանաստեղծի թղթերում և հրապարակում նրա կենսագրության մեջ։ Այդտեղից էլ այն թարգմանվում ու տարածվում է ամբողջ աշխարհում գրեթե բոլոր քաղաքակիրթ լեզուներով։

Բայրոնը գրել էր․ «Գուցե դժվար կլիներ որևէ այլ ազգի տարեգրությունները գտնել ավելի նվազ արատավորված ոճիրներով, քան հայոց, որոնց առաքինությունները խաղաղասիրության արգասիք են, իսկ թերությունները`ճնշման հետևանք: Սակայն ինչպիսին էլ եղած լինի նրանց ճակատագիրը, -իսկ դա անցյալում դառն է եղել,- ինչպիսին էլ լինի նա ապագայի մեջ, նրանց երկիրը հավետ պիտի մնա որպես աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկը, և թերևս միայն նրանց լեզուն կարիք ունի ավելի շատ ուսումնասիրվելու, ավելի գրավիչ դառնալու համար: Եթե Ս. Գիրքն ուղիղ ըմբռնենք, Հայաստանի մեջ էր, որ զետեղված էր դրախտը, Հայաստան, որ Ադամի սերունդների չափ նույնքան թանկ վճարեց իր հոգու վաղանցուկ մասնակցության համար այն մարդու երջանկությանը, որն իր փոշուց էր ստեղծված: Հայաստանի մեջ նախ ջրհեղեղը տեղաց և ապա աղավնին հանգչեց: Բայց կարելի է ասել, թե դրախտի անհետացման հետ սկսվեց նաև այս երկրի տարաբախտությունը, որովհետև թեպետև երկար ժամանակ նա եղավ մի զորավոր թագավորություն, բայց հազիվ երբեք անկախ մնաց. և´պարսից սատրապները, և´թուրքական փաշաները հավասարապես անապատ դարձրին այն երկիրը, ուր Աստված ստեղծել էր մարդուն ըստ իր հատուկ պատկերի»:

Ինչո՞ւ Մխիթարյանները հրաժարվեցին տպագրել այս հանճարեղ ու մեզ համար թերևս քաղաքական ու հոգևոր առումով «շահեկան» խոսքերը։ Հրաժարվեցին այն տպագրելուց՝ քաղաքական նկատառումներից ելնելով: Բայրոնն իր ազատասիրական գաղափարներով ու գործունեությամբ նկատելի ուժ էր դարձել Եվրոպայում: Նրա ցանկացած խոսք, որ դուր չէր գա որևէ ուժեղ իշխանության, կարող էր Մենաստանի խաղաղությունը վրդովելու պատճառ դառնալ․ չէ՞ որ նա հեգնանքով էր գրում մեզ ճնշած որոշ ազգերի մասին:

Նրան առաջարկում են ավելի «անվնաս» առաջաբան գրել։ Նա խոստանում է և, Ավգերյանի պատմածի համաձայն, այլևս դադարում է Հայոց կղզի հաճախել:

Սա, սակայն, լուռ համաձայնություն չէր։ «Դուք վախենում եք խիստ կարծիք տպել ձեզ ճնշողների մասին: Ստրուկնե՛ր և վախկոտնե՛ր, դուք արժանի եք բիրտ իշխանավորների: Դուք արժանի չեք այն մեծ ազգին, որից ծագում եք», -գոչել է նա Մխիթարյան հայրերի երեսին:

Բայրոնի խոսքերը եղբայրական սիրո հետևանք էին և ոչ թշնամական խոսքեր։ Մխիթարյանների ու նրա բաժանումը շատ սրտառուչ է եղել, արցունքն աչքերին։

Բայրոնն իր ներքին հոգեկան թափառումների արդյունքում հայտնվեց այդ մենաստանում՝ գտնելու խաղաղությունը։ Եվ հավաստեց այն ճշմարտությունը, որ «կա մի ուրիշ և ավելի լավ բան» նույնիսկ այս կյանքի մեջ:

 

Վանուհի Բաղրամյան