Երանելի, երանելի Անդոկ

«Սա բոլորովին այն չէ, ինչ ես կարող եմ անվանել իմը», -պնդեց Րինան տխուր, թուլացած ձայնով` Դիարբեքիրի տիպիկ միջագետքյան տաք, գունավոր ու այստեղ վաճառվող աղացած պղպեղի պես կծու փողոցներով քայլելիս:
Խոստովանեց հենց այն ժամանակ, երբ ես`տիպիկ հարավցիս, հազիվ էի շունչ քաշել ու մարդավարի վայելում էի մի քանի ժամս կարսյան ցրտից ու էրզրումյան խստությունից հետո:
Ամիսներ առաջ նույն բանն ավելի մեղմ արտահայտել էր Աննան՝ ջավախեցի, ասել է թե նույնպես կարինցի ընկերուհիս, որը Սասունի լեռներում հանկարծ խոստովանեց՝ այս ամենը հրաշալի է, բայց՝ «իմը չէ, ես էրզրումցի եմ»։
«Այ, Սոֆան իրենցից մեկն է, ես՝ չէ», -պարզ բացատրեց Աննան։
Ինչպե՞ս․․․
«Չեմ կարող բացատրել»․․․
Եվ պետք չէր, դա չեն բացատրում, դա զգում են, և ամեն մեկը յուրովի է դա զգում։
Բայց վերադառնանք Րինային։
Ես չկարողացա նրան բացատրել, որ Վանա տառեխը կարելի է և փշերով ուտել։ Մենք՝ սասունցիներս, ու առհասարակ հարավի մարդիկ, որ այդքան սովոր ենք դժվարությունը չտեսնելու տալ, կուլ տալ ու առաջ անցնել, ո՞նց բացատրենք հյուսիսցուն, որ՝ հա, փուշ է էլի, անտեսի, կըլլա կերթա։
Չէ, չէրթար։ Րինան փուշը հատ-հատ պիտի հանի, կարծես դա տարվա ամենակարևոր արարողակարգն է, որովհետև ինչպե՞ս կարելի է այդքան պարզամտորեն մոտենալ տառեխին, կյանքին, առհասարակ՝ որևէ բանի այս աշխարհում։
Ես ու մեր ընդհանուր ընկեր Գևորգը վաղուց ենք Րինային համոզել, որ չնայած շատերը նրան սլավոնական արտաքին են վերագրում, Րինան տիպիկ Էրզրումցի է։ Դիմագծերով, չափվածությամբ, տեղ-տեղ՝ աշխարհընկալմամբ: Ինչու այս մեկը «տեղ-տեղ»` դե, որովհետև սլավոնականությունը, որն, այնուամենայնիվ, կա նրա կյանքում, ոչ ոք չեղարկել չի կարող:
Բայց և այնպես ամեն ինչ չափված-ձևված սիրող, ամեն ինչում կատարելություն փնտրող և անկատար այս աշխարհից ու Էրգրից մի քիչ կոտրվող Րինան տիպիկ կարինցի է:
Այնքան կարինցի, որ նրա որոշ կամակորություններ նշմարելիս անգամ աչքիս առաջ գալիս է ժամանակակից Էրզրումի աղմկոտ փողոցներում անվրդով մխրճված այն երկհարկ տունը, այն կապույտ պատշգամբով, կարծես այս իրականության հետ կապ չունեցող, շուրջը եղած ավերակների հանդեպ այդքան անտաբեր, այդքան զարմանալի ու այդքան զուսպ տունը։ Ասում են՝ Արամ փաշայի տունը։ Դա սառը Էրզրումի հետ կապված իմ միակ ջերմ հուշն էր երկար ժամանակ, և այն տարեց կապուտաչյա մարդը, որի աչքերի գույնը կարծես դիտավորյալ համընկնում էր այդ հին տան պատշգամբի նրբագույն նկարազարդումների կապույտ գույնին, և որը համարձակորեն քայլեց դեպի մեզ՝ սառն ու անտարբեր քաղաքի աղմուկի մեջից մեզ նշմարելով ու դեպի մեզ մեկնելով այդ տան բանալին։ Հիմա այդ տունը և այդ խորհրդավոր մարդն էլ չկան, բայց կա կարինցի Րինայի ջերմ կամակորությունը, և դրանք ինձ սառը Էրզրումի հակասականության մասին լիովին նույն զգացողությունն են տալիս։
***
Հայկական լեռնաշխարհի ամենափխրուն ու տպավորիչ բանն են վայրիվերումները բուն և փոխաբերական իմաստով։ Պատմության վայրիվերումները մի կողմ թողնենք, վերջերս սկսել են հոգնեցնել։ Իսկ այ բնական «վայրիվերումները» շատ տպավորիչ են, գիտե՞ք։
Օրինակ՝ գիտե՞ք, որ քանի դեռ Աշոցքում ձյուն է, Մեղրիում կեռասը հասել է։ Գիտե՞ք, Արարատյան դաշտից հետո Վայոց ձոր մտնելիս բոլոր օտարերկրացիներն ինչպես են իրենց շունչը պահում։ Զարմացած, խոր, անպատմելի հիացմունքով։ Կարգին վայրիվերումն ինչ է, որ էս մարդիկ չունեն, չէ՞։
Հայաստանի ամեն անկյուն, կամ՝ «աշխարհ» յուրահատուկ է հենց իրենով՝ մեծ գունագեղ պատկերի իրեն հատուկ գույնով։ Այդ աշխարհներից ամեն մեկն ունակ է եղել «փակվել» ու դիմանալ ցանկացած բլոկադայի լիովին առանձին և հենց դրանով էլ «աշխարհ» էր։ Իր դաշտերի ցորենով, իր լեռ ու սարով, իր անտառով, ջրերով ու բարիքով։ Հաճախ՝ միայն իրեն հասկանալի բարբառով, երբեմն՝ այլոց անհասկանալի հագուկապով ու վարքով, ամեն «աշխարհ» իր հոգին ուներ։ Հիմա էլ ունի, ուղղակի մենք ենք «մանրացել»։ Այնքան ենք «մանրացել», որ մեր հանցանքը կոծկելու համար որոշել ենք «խոշորացման» ենթարկել էս բոլոր հրաշքները, որ մեր սխալները չերևան։ Վեր ենք կացել ու որոշել ենք, թե «բոլորս մեկ ենք», առը հա․․․
Չէ։
Մենք տարբեր ենք:
Եվ սա բոլորովին ամոթալի չէ: Ավելին`պառակտիչ չէ: Մենք ոմանց պես մեկ ազգ երկու պետություն չենք և չէինք, մենք գուցե այդքան սուրբ եռամիասնություն էլ չենք, մենք այն ենք, ինչ կանք, և դա հրաշալի է:
Չգիտեմ որ պահից սկսած այդքան զգուշորեն սկսեցինք խոսել այն մասին, որ Սյունիքում ու Արցախում թանավը մի քիչ այլ է, իսկ մեզ մոտ՝ սպաս ու թանապուր է։ Այն մասին, որ Մարտակերտից Իջևան «պյան» են ասում, իսկ մեր կողմերում՝ «բան մը»։ Այն մասին, որ Վայոց ձորում գինու լավը կարմիրն է, իսկ Տավուշում՝ սպիտակը։ Այն մասին, որ վանեցու գոգնոցը վարդագույն նախշ ունի, իսկ Արարատյան դաշտում՝ այլ։
Չգիտեմ որ պահից այնքան անմիտ դարձավ ամեն ինչ, որ մեր տարբերությունները և դրանց մասին խոսելը, վանեցուն «վանեցի», արցախցուն «արցախցի», լոռեցուն «լոռեցի» ասելը ամոթալի դարձավ։ Դե չէ, իհարկե՝ գիտեմ։
Մոտավորապես այն պահից, երբ մենք թույլ տվեցինք այնքան հեռվանալ իրարից ու այնքան ատելության սերմ ցանել սիրո համար նախատեսված հողում, որ կանաչին կանաչ, կապույտին կապույտ ասելն ամոթ դարձավ։
Այն պահից սկսած, երբ կանաչ լինի թե կապույտ՝ ամենը սև տեսնողներին չնեղացնելու համար գույները ներս ես տանում, պահում քո անկյունում։ Երբ նորաձև դարձավ «բոլորս մեկ ենք» ասելը, որ հանկարծ «սև» չդիտվես, մինչդեռ դու գույներ ունեիր պահած․․․ Այն անկյունում։
Մենք տարբեր ենք։
Մենք տարբեր ենք, և դա բիծ չէ, գույն է։
Մենք տարբեր ենք և դրանով թերի չենք, հարուստ ենք:
Մենք տարբեր ենք և ոչ ոքի ապացուցելու այլ իրականություն չունենք։
Այնպես որ հանգիստ եղեք, թույլ տվեք ձեզ լինել տարբեր, լինել այնպիսին, ինչպիսին կաք:
***
Երևելի է Անդոկը, երևելի են Անդոկից դեռ հոսող ձյան շերտերն ու դրանց շուրջ ծաղկող ծաղիկները, երևելի ենք մենք մայիսի վերջին օրերին, որ բախտ ենք ունեցել տեսնելու Անդոկը հենց այս օրերին։ Որովհետև սա ամենաերևելի բանն է, որ կարելի է տեսնել մայիսի վերջին։ Եվ նույնիսկ Մշո դաշտի վերջին կակաչներն այնքան ազդեցիկ չեն, որքան Անդոկի վսեմ, անհաս, աննկարագրելի պարզ ու հզոր գագաթը հեռվից, մոտիկից, հյուսիսից, արևմուտքից, հարավից, արևելքից, ամեն կողմից։ Երանելի, երանելի Անդոկ, որքան երանություն կար մեր հոգում, երբ դեպի քեզ էինք գալիս։ Ես չգիտեմ, թե դու ինչի մասին ես, բայց գիտեմ, որ այդ ամենի մեջ նաև իմ մասին ես։ Ինձ ոչ ոք չի պատմել քո մասին, ինձ ոչ ոք չի պատգամել տեսնել ու հպվել քեզ ու գուցե դրա համար իմ ու քո հարաբերությունն այդքան բնական ու անկեղծ են, այդքան երանելի ու մաքուր է իմ ու քո՝ միասին անցկացրած ամեն պահը։ Դու ինձ պարտք չես, ես էլ՝ քեզ։ Դու իմ զինանշանի վրա չես, ու ես դրա կարիքը չունեմ։
Ասում են՝ հենց Անդոկի «խաչմերուկից» են կտրել սասունցիների ճանապարհը դեպի Մուշ, ասել է թե՝ սկսել Սասունի բլոկադան դեռևս 110 տարի առաջ։ Ասում են՝ ինչ եղել՝ քո շուրջ է եղել, Անդոկ։ Ասում են՝ Արցախի պես Սասունում էլ են վիճել՝ ոնց վարվել, կուլ գնալ հանուն մեծամասնությա՞ն, թե՞ սպանվել ու սպանել մինչև վերջ։ Ասում են՝ Սասունում էլ նույն կերպ սխալվեցին։ Ասում են՝ միայն այս հարցում ենք նույնը։
Ասում են՝ ամեն ժողովրդի համար իր «օրիենտիրը»՝ տարածքի ամենաբարձր կետն է։ Եվ ո՞վ պիտի հիմա զարմանա, որ Գելիեգուզանցու թոռը Անդոկը տեսնելիս է խելագարվում, ոչ թե Մարաթուկի փեշերին։ Ո՞վ պիտի ինձ դատապարտի ու «անցյալում կորսված» անվանի՝ միայն նրա համար, որ Անդոկը մնացել է իմ «օրիենտիրը»՝ անկախ ինձնից։ Եվ, ի վերջո, հանգիստ թողեք ինձ ու Անդոկիս, չէ՞ որ մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում։
Սոֆյա Հակոբյան