Ելքը դեպի վեր է

Մեր սիրտը խոցել չեն կարող, որովհետև մեր սիրտը «լեռներում է ապրում»

«Տիեզերքում երկու երևույթ չեն հոգնում՝ ժամանակը և հայը: Մեկը կործանելով, մյուսը վերաշինելով». -ասում է Վարդան Պետրոսյանը կեսկատակ, կեսլուրջ իր «Վերելք» ներկայացման ընթացքում:

Պատերազմի օրերին Վարդան Պետրոսյանը վերսկսեց խաղալ իր ներկայացումներից թերևս ամենաազգայինը, ամենահայկականը, ամենավերելքայինը:

Ապահովելով ամուր թիկունքը, փորձելով թուլացնել ժողովրդի բարոյահոգեբանական լարվածությունը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հատուկ հանձնարարությամբ բեմադրում է արդեն նախատեսված ներկայացումը, որի ամբողջ հասույթը փոխանցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Ներկայացմանը մասնակցում են նաև Գյումրու թատրոնի դերասանները:

«Վերելքն» առաջին անգամ բեմադրվել է 2005 թվականին: Ինչո՞ւ այսօր այդքան անհրաժեշտ է վերհիշել այն: Ինչո՞վ և ի՞նչ չափով է առնչվում այն մեր օրերին: Պատերազմի ընթացքում դահլիճը լեփ-լեցուն էր. մարդիկ կարիք ունեին հոգևոր այդ կարևոր սնունդի, ապրածն ու այն պատմել չկարողանալը, օրերի զսպված ու անզուսպ վիշտը միավորեց հայ հանդիստասին, որպեսզի փնտրենք վերելքի ուղիները: Ե՛վ մեր դառը պատմության դառը կրկնությունների, և՛ մեր վերելքների թաքնագրերը բացելու, ճանաչելու ժամանակն է այլևս:

Սա մեր պատմության ամենաահավոր դիպվածի համառոտ ակնարկն է բեմում: Ցեղասպանության թեման դառն է ու ծանր: Ինչպե՞ս խոսել դրա մասին, ինչպե՞ս մատուցել: Երկար է մտածել Վարդան Պետրոսյանը ու գտել է լավագույն տարբերակը: Մեր պատմության գրեթե բոլոր հաղթանակների ու պարտությունների նման այս ներկայացումը ևս հակադրությունների ամբողջականություն է: Սա լաց է ծիծաղի մեջ ու ծիծաղ լացի մեջ:

Ցեղասպանությունը բանաստեղծական արտահայտություն չէ: Խաղաղ ժամանակ մենք այն թյուրիմացաբար, անհոգ հանգստությամբ ընկալել ենք որպես անցած պատմական իրողություն: Արտիստը հատուկ է տրորում մեր վերքերը՝ ցավը հասկանալու, վերքը հասկանալու համար: Իսկ եթե զգանք վերքի ահավորությունը, կփորձենք նաև այն բուժել:

Սա այն հայի դիմանկարն է, որը զայրույթի պահին կարող է իրեն թույլ տալ ասել՝ քիչ են արել՝ կոտորել են, լավ են արել՝ կոտորել են... և այն հայի, որը ստեղծեց «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս»...

Ներկայացման ողնաշարը Կոմիտասն է, այն ամբողջանում է՝ նրա կերպարի պարբերաբար հայտնվելով: Մենք նրան տեսնում ենք տարբեր տարիքներում, նա առաջին դեմքով պատմում է իր կենսագրությունը: Կոմիտասը մեկ համաշխարհային բեմերի փառքի նվաճման ընթացքի մեջ է, մեկ անապատներում՝ ամենավայրագ տեսարանների ականատեսը, մեկ ներքին թուրքերից հալածական, մեկ՝ խելացնոր  պառկած հոգեբուժարանում՝ «գրկին» ամբողջ ունեցվածքը՝ միակ դաշնամուրը:

Պարույր Սևակը փորձեց գրել «վեպ» Կոմիտասի կենսագրության մասին, և արդյունքը եղավ «Անլռելի զանգակատունը»: Որովհետև խոսել Կոմիտասի մասին ու անմասն մնալ դարի ոճրագործությունից անհնար է: Ինչպես այս ներկայացմանը խոսել Ցեղասպանությունից ու անմասն մնալ Կոմիտասից՝ անհնար է:

Կոմիտասը մեզ տանում է մեր ակունքներին՝ մաքուր, ճիշտ, անխառն երաժշտությամբ, հարմոնիայով: Նա վեր հանեց իրական հայկական մշակույթը: Վարդան Պետրոսյանը, դա փաստելով, մեզ ցույց է տալիս ու դրանով մերժում այսօր մեր նախընտրած խառնափնթոր երաժշտությունը, որի նոտաները մեր թշնամի հարևանի մշակույթն են հիշեցնում: Մենք այդպիսին չենք եղել, մերը Կոմիտասն է: Վերելքը նրա միջոցով ակունքներին վերադառնալու ճանապարհով է լինելու միայն:

Ահա հայը՝ կանգնած թուրքական յաթաղանի առաջ: Ի՞նչ տեղի ունեցավ 100 տարի առաջ: Ի՞նչ փոխվեց այս օրերին՝ պատերազմի ընթացքում: Ներկայացումը գաղափարական լուծումների առումով փոխվել է: Պետրոսյանն ինքն էլ հավաստում է, որ հայի տեսակը պայքարելու ոգեղենության առումով ուրիշ է: Եթե Ցեղասպանության ժամանակ շատ նահանգներում, գյուղերում զենք վերցնելու փոխարեն «հերթի էին կանգնել» գլխատվելու համար, ապա այսօր կռիվ են տալիս հարձակվող ԱԹՍ ու տանկ խոցելու համար: Երբ տարիներ առաջ բեմադրվեց ներկայացումը, այն ավարտվում էր Ցեղասպանության դաժան մի քանի տեսարանի վերապատմումով՝ նպատակ ունենալով արթնացնել ազգային հիշողությունը:

Այսօր փոխվել է վերջաբանը: Վարդան Պետրոսյանն աղաղակելով փաստում է՝ ծնվել է մեր Վահագնիկը: Բոցերից, կրակներից վեր է հառել ու Արցախի սահմանին հպարտորեն կանգնած սպասում է մինչև այն պողպատե հսկան՝ տանկը, մոտենում է  իրեն, ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա կանգնում է դեմ-դիմաց: Իսկ ինքն անսասան, կրակն աչքերում, համարձակ ոչնչացնում է այդ դևին: Որտեղի՞ց նրան այդքան ուժ, համարձակություն: Ո՞վ է 18 տարեկան պատանուն այդ խիզախությունը սովորեցրել:

Բեմադրությունն ընդգրկում է նաև երաժշտական համարներ, որոնցից մեկի ընթացքում ականտեսն ենք դառնում Եվրոպական պետությունների ու Ռուսաստանի կերպարների խեղկատակությանը: Մինչդեռ իրենց քթի տակ հազարավոր մարդկանց էին ոչնչացնում, նրանք միասին տանգո էին պարում՝ անհոգ, կույր, իրար գրկած: Ինչպես այսօր: Ներկայացման այս հատվածը մնացել է նույնը: Մարդասիրական բոլոր միջազգային կառույցները, եվրոպական հումանիստ երկրները խուլ ու համր են, ինչպես Բեռլինի վեհաժողովի ժամանակ: Խրիմյան Հայրիկի շերեփը մինչև օրս թղթից է: Այս օրերին անկախության սերունդը կռում է երկաթե շերեփ մահվան գնով, բայց չի հանձնվում:

Վարդան Պետրոսյանը փաստում է՝ մեր ազգային առանձնահատկություններից մեկը մեր շինարարական ջիղն է: Մերը քանդում են, մենք վերակառուցում ենք: Աշխարհում երկու երևույթ չեն հոգնում՝ ժամանակը և հայը. մեկը քանդելով, մյուսը՝ կառուցելով:

Այսօր էլ իրավունք չունենք հոգնելու: Քանդեցին մերը, մենք նորից ենք սարքելու:

Տարիներ առաջ բեմադրության մեջ արտիստն ասում էր՝ մեր գլխին խփել են, մենք երգել ենք, ինչքան շատ են խփել, այնքան շատ ենք երգել: Դա տարիներ առաջ: Փոխեց այս միտքը պատերազմը: Հիմա մեր գլխին խփում են, մենք չենք երգում, շրջվում ենք, մենք ենք տալիս նրանց գլխին, «աշքի թայն էլ հանում ենք»:

Մեր ուժը մեր գլուխն է: Որքան էլ մեր գլխին հարվածեն, միևնույն է, մենք ուժեղ ենք գլխով, մտավորականությամբ: Մեր սիրտը խոցել ևս չեն կարող, որովհետև մեր սիրտը «լեռներում է ապրում»:

Նա չի բացարձականացնում հային: Այո՛, մենք  ունեցել ենք, ունենք Կոմիտաս՝ հայի կատարելությունը: Բայց ունենք ազգային, քաղաքական շատ լուրջ թերություններ, թերացումներ, որոնք պետք է շտկենք, հաղթահարենք:

Նախորդ հարյուր տարվա ընթացքում թուրքերը քաղաքական տարբեր գլխարկներով եկան իշխանության, ամեն անգամ հավատացինք կեղծ լոզունգներին, ընկերացանք, վստահեցինք: Ամեն անգամ կարծեցինք՝ սրանք ուրիշ են, քաղաքակիրթ թուրքերն են: Ու շրխկում է բեմում հարցը. թուրքի ուրիշը ո՞րն է:

Վերջապես հասկացանք՝ թշնամին նույնն է:

Բանահյուսական մեր ամբողջ գրականության մեջ մենք՝ արևապաշտներս, կռիվ ենք տալիս ու փորձում ենք մեր տարածքներից վռնդել լուսնապաշտներին:

Ու այսօր, որ փյունիկի պես վեր է հառել մեր Վահագնիկը, հուսալքվելու, մեզ կորցնելու իրավունք չունենք:

Ամեն ինչ վերջացած չէ: Ապրելու ենք:

 

 Հեղինակ՝ Վանուհի Բաղրամյան