Էդվարդ Սասուն. կարոտի պատվիրակն ու հիշողության ուժը

Ամեն օր, ամեն ամիս ու տարի լինել քո՝ մինչև այդ եղած ամենալավ տարբերակը

«Լավ նկարիչ դառնալու համար պետք է գրագիտություն և տաղանդ: Եթե գրագիտություն չեղավ, տաղանդը`զրո է: Ինքնուս շրջանում ինձ հռչակավոր նկարիչ էի համարում, որքան խորացա, այնքան ինձ նկարիչ չհամարեցի… Եթե ամեն նկար իր նախորդից լավը չեղավ, ուրեմն մեռած նկարիչ ես». մեր ժամանակների հայկական գեղարվեստի ամենավառ անուններից մեկի՝ Էդվարդ Սասունի բանաձևումն է՝ 13 տարի առաջ «Եթեր» շաբաթաթերթին տված հարցազրույցում:

Էդվարդ Սասունը հենց այն «կենդանի» նկարիչներից էր, որի բոլոր աշխատանքներում անքան ակնհայտ ու սահուն էր տարեցտարի մի ստեղծագործությունից մյուսը ցատկող աճը, նույնիսկ այն գործերում, որոնք նա արել էր արդեն պատկառելի տարիքում: Չէ որ նա վստահ էր՝ երբեք ու երբեք չի կարելի չաճել:

Օրեր առաջ կյանքին հրաժեշտ տված գեղանկարչի, թերևս, ամենակարևոր պատգամներից մեկն ինձ համար հենց սա էր՝ ոչ միայն ամեն օր զարգանալն է կարևոր, այլև հարգանքը նախկինում ստեղծածիդ հանդեպ: Քանի որ այդքան սիրելի աճդ երբեք վերջնական կետի չի կարող ու չպիտի էլ գա, և ամեն օրվա ստեղծածդ, իր բացերով հանդերձ, փայփայելի ու սիրելի է այնքան, որքան վաղվա առավել կատարյալը:

Ամեն օր, ամեն ամիս ու տարի լինել քո՝ մինչև այդ եղած ամենալավ տարբերակը:

 

***

Նախօրեին մտերիմ ընկերոջ մասին շատ խոսուն էր պատմել գրող Վրեժ Սարուխանյանը.

«Ծնվեց Շղարշիկում, սովորեց և աշխատեց Երևանում, գեղանկարչական ակադեմիան ավարտեց Պետերբուրգում, ապրեց Հնդկաստանում, հետո՝ Թաիլանդում․․․ Նա էլ յուրովի գաղթական էր իր պապերի պես։ Վերջապես իր ոդիսականն ավարտեց Հայաստանում, ուր նոր տուն էր կառուցել, զավակներ մեծացրել, արվեստանոց հիմնել և աշխարհի հետ խոսել դասական գեղարվեստի լեզվով։

․․․ Նրա կտավները վրձնահար կռունկներ են, որոնք հայոց կարոտի խաբրիկներն են հասցրել Ամերիկա, Հնդկաստան, Անգլիա, Թաիլանդ և այլուր: Սարալանջի ժայռերի սոսափն ու ալպիական ծաղիկների բույրը Էդիկը գույների ճախրանքով աշխարեաշխարհ տարավ և կերպարվեստի համաշխարհային վարպետների ծննդավայրերի քարտեզում մի կետ ավելացրեց՝ Շղարշիկ, որի հայրենի հողի տաք գրկում սասնա պապերի կողքին  ննջելու է Էդվարդ Սասունը»․․․

Եվ իսկապես՝ որպես ժողովուրդ կարծես «կարոտի պատվիրակներ» լինենք այս երկրագնդի վրա. մեր անձնական պատմությամբ, մեր ինքնությամբ ու նույնիսկ մեր արած գործով՝ ակամա անընդհատ հիշեցնում ենք գաղթականի ու նրա՝ բոլորի պես այս աշխարհի վրա մի ոտնաչափ հողի արժանի լինելու մասին:

Փորձում ենք լինել լավագույնը, խոսել ամենատպավորիչ բառերով, նկարել ամենահիշվող պատկերներն ու ամենահավերժական գույներով անմահացնել դրանք, պատրաստել ամենահամեղ փախլավան, վազել ամենաարագը, երգել ամենագեղեցիկը, որպեսզի աշխարհին համոզենք՝ մեր չլինելը, ախր, շատ սխալ կլիներ:

 

***

Մեկուսի, հպարտ մի տեղում է բազմած Շղարշիկը՝ Էդվարդ Սասունի ծննդավայրը: Արագածի խրոխտ, խիստ ու վսեմ լանջերին տարածված այս և մյուս բոլոր հարևան գյուղերում մարդիկ երկու բան են սովորաբար լավ անում՝ բառի բուն իմաստով քարից հաց են քամում և կարոտում Էրգիրը՝ Սասունը:

Սասունցիները միշտ վստահ են՝ հենց Արագածոտնն են ընտրել իրենց պապերը, քանի որ շատ նման է Էրգրին՝ Սասունին, ուր այդքան փափագում էին նրանք վերադառնալ: Ես՝ Սասունը բազմաթիվ անգամ տեսածս, միշտ վախեցել եմ նրանց անկեղծ ասել՝ ոչ, այստեղ բացարձակ Սասուն չկա: Եվ ոչ թե այն պատճառով, որ Սասունն ավելի լավը կամ ավելի վատն է: Պարզապես սա Սասունը չէ և ոչ մի նմանություն չունի մեր Էրգրին, բացի բազմաթիվ քարերից, որոնց վրա սիրում էին արածել սասունցիների պահած այծերը:

Բայց այստեղ կա Սասունից բերված մի կարևորագույն, անասելիորեն հրաշալի մի բան: Մի բան, որի համար միշտ արժե գալ այստեղ, անգամ եթե Սասուն չես գտնելու: Մի բան, որը տարբերում է այստեղի մարդկանց մյուսներից. Հիշողությունը, Սասունի մասին հիշողությունը: Էրգրի, մեր իրական «ես»-ի ու մեր սկզբի մասին հիշողությունը: Եվ այն ամենուր է՝ գյուղերի անվանումներից սկսած մինչև մարդկանց անունները, ինչպես նաև շատերի տան ամենահանդիսավոր անկյունում դրված, ինչ-որ մեկի՝ ծանոթի ծանոթի կամ երբեմն էլ սեփական ձեռքով բերված Սասունի մի բուռ հողը: Իմ կողմից միշտ չափազանց պաթետիկ ու անիմաստ համարված սույն գործողությունը, սակայն, հենց  այդ հիշողությունն է, որ կա:

Այո՛, այստեղ՝ Արագածոտնի փեշերին Սասուն չկա ու չի լինի, բայց կա ամենակարևորը՝ հիշողությունը, որն իր մեջ ամուր-ամուր պահում է այն ամենը, ինչ մեզ պատգամում ու սովորեցնում է Սասունը:

Էդվարդ Սասունի գործերում նույնպես չկան Սասունի Ժռենց վանքը, Գոմոցն ու Ռաբաթ բերդը, չկան Անդոկին նայող Սեմալն ու Շենիկը, Տալվորիկի ջրի երկայնքով ծաղկող Սասունի «հաստակող» շուռ տված գունավոր կակաչները: Բայց նրա, ինչպես բոլոր վերաբնակ սասունցիների գյուղերում, տներում, սրտում ու անվան մեջ կա ամենակարևորը՝ այս ամենի հիշողությունը:

Այդպիսին են սասունցիները. իրենց Էրգրից ոտաբոբիկ ու ձեռնունայն եկած՝ հայրենի լեռներից այստեղ հասցրած ամենակարևոր ու անգին ժառանգությունը համարում են հենց դրա հիշողությունը: Հիշողության ուժը, որը ներթափանցել է նրանց ստեղծած ամեն ինչի՝ հողից դուրս եկող շաղգամից մինչև փառահեղ գեղանկարի և անգամ անվան մեջ, սասունցիները կրում են անտրտում ու անխռով, որպես ամենաբնական մի բան, որի հակառակը լինել պարզապես չի կարող: Որովհետև՝ ինչպե՞ս ապրել առանց հիշողության ու դրա տված ուժի, ինչպե՞ս ապրել ու վեր բարձրանալ առանց ամենակարևորը հիշելու:

Եվ գուցե Էդվարդ Սասունը չհասցրեց նկարել Սասունի Ժռենց վանքն ու Գոմոցը, Ռաբաթ բերդն ու Անդոկին նայող Սեմալն ու Շենիկը, չհասցրեց մեզ փոխանցել Տալվորիկի ջրի երկայնքով ծաղկող Սասունի «հաստակող», դեպի հողը նայող կակաչների վառվռուն պատկերը, սակայն նրա ցանկացած ստեղծագործություն այսպես թե այնպես հեղինակի անվամբ միայն կրելու է այդ ամենի հավերժական, չնահանջող հիշողությունը, բոլորին պատմելու է շատ խրթին, շատ անձնական, բայց շատ հզոր մի բանի՝ սկզբի մասին:

Էդվարդ Սասունն ասում էր, որ կցանկանար Սասուն գնալ ոչ թե որպես «հյուր», այլ   որպես լիիրավ տեր: Ու թեև նրա՝ Սասունում  երբևէ «հյուր» լինելու և այդ աշխարհին ներկա կարգավիճակում չառնչվելու միտքն այնքան էլ չեմ կիսում, այնուամենայնիվ՝ անվերջ շնորհակալ եմ մնալու մեծ վարպետին, քանի դեռ նրա անունը շատերին կհուշի ու գուցե կօգնի հիշել Սասունն ու մի օր վերադառնալ Էրգիր՝ զգալու ու շոշափելու հիշողության ուժը:

 

Սոֆյա Հակոբյան