Դրախտի երկու կանայք

Տուն մուկ էր մտել: Հենց այն օրը, երբ թշնամու վերջին ռմբակոծությունից հետո փլուզվեց քաղաքի միակ գունավոր շենքը՝ գրադարանը, որի պատերին հիմնականում անտաղանդ նկարիչները պես-պես գույներով պատկերել էին հիմնականում տաղանդավոր գրողներին, այնտեղ ապրող մկները որոշեցին, որ իրենք մարդկանցից ոչ պակաս են կյանքին կառչած ու վազվզեցին՝ ապրելու նոր տեղ փնտրելու, անցյալ տարի «Լավագույն լրագրող» տիտղոսին արժանացած Լիլիթը երկու խլրտոց զգաց՝ առաջինը կրծքի տակ, երկրորդը՝ տատական պահարանի կողքին: Ընդ որում՝ երկրո՛րդը տագնապ հարուցեց երիտասարդ կնոջ սրտում. առաջինն արդեն սովորական էր, բայց ոչ պակաս տագնապալի:

-Մո՜ւկ, -գոռաց Լիլիթը՝ ահաբեկված նայելով պահարանի կողմը:

Բայց հանկարծ դիվային հանգստություն իջավ երիտասարդ կնոջ հոգում, ու Լիլիթը նույնիսկ ժպտաց՝ արձանագրելով.

-Փաստորեն էլ մենակ չեմ:

Իրականում մենակ էր, եթե, իհարկե, հղի կինը մենակ լինում է, կամ պետք է լինի: Երբ պարզեց, որ հղի է ու վերջինը մեռնող հույսով այդ մասին հայտնեց «աշխարհի բոլոր լեռները բարձրացած» Սուրենին, ու երբ Սուրենը վառեց սիգարետն ու բացեց պատուհանը՝ երես թեքելով աստվածահաճո կնոջից, Լիլիթը վերջապես հասկացավ, թե ինչու է իր տղամարդը սարերը բարձրանում և ինչու են այդքան շատ սարերը նրա կյանքում.

-Դու ուղղակի օդում ես քայլում, -ասաց:

Էլ չհանդիպեցին: Ամեն դեպքում Սուրենը որոշեց, որ ինքն արդեն պատրաստ է Էվերեստի համար, իսկ Լիլիթն զգաց, որ ներսում մի բան էլ է խլրտում՝ տագնապը:

Ինչպես բոլոր մարդկանց պատմության ամենասկզբում, այնպես էլ այստեղ՝ Եվան հայտնվեց ճիշտ ժամանակին: Արդեն թշնամուն հանձնված քաղաքից էր եկել, եթե, իհարկե, թշնամուն հանձնված քաղաքից գալիս են, ոչ թե փախչում: Ժպտալով մտավ հեռուստատեսություն ու ասաց.

-Բարև Ձեզ: Ես աշխատելու համար եմ եկել:

Հենց աշխատելու ասաց, ոչ թե աշխատանքի: Գուցե ձայնի, որ առվակի քչքչոց էր հիշեցնում, գուցե ժպիտի, որ պատերազմող երկրում խիզախության մասին էր վկայում, պատճառով Լիլիթն անմիջապես սիրեց Եվային: Նրան հնարավոր էլ չէր չսիրելը, երևի որովհետև ինքն էր սիրում: Բոլորին չէ, ինքն իրեն:

Եվան առաջինն իմացավ Լիլիթի հղիության մասին: Այդ օրը հումանիտար հրադադար էր հաստատվել՝ մի քանի ժամով ու իրար արյուն թափող թշնամիները համաձայնել էին թույլատրել՝ զոհերի մարմիններն ու վիրավորներին հանել ռազմաճակատից: Ռումբեր չէին թափվում, կրակոցները հատուկենտ էին ու Լիլիթն ու Եվան՝ քաղաքի մեջտեղով հոսող՝ առաջ կապույտ, հիմա յասամանագույն գետի ափին նստած՝ մտածում էին, թե ինչու պատերազմը չի կանգնեցնում գետի ընթացքը, և ուրեմն որքան ուժեղ է այն և համառ՝ իր նպատակին հասնելու համար:

-Անպայման ունեցի՛ր, -ասաց Եվան:

-Բայց կարա՞մ, -վախենում էր Լիլիթը:

-Ու ինչի՞ ա մարդկանց թվում, որ մեռնել կարան, ապրել՝ ոչ, -Եվան չէր նայում Լիլիթին:

Հրադադարն իսկապես մի քանի ժամ տևեց: Ռումբերն արդեն քաղաքին մոտ էին ընկնում ու արնածին կարմիրը խառնվում էր գետի կապույտին, և քանի որ երկուսն էլ չէին նահանջում, գետն ավելի ու ավելի յասամանագույն էր դառնում՝ գուցե հուշելով, որ շուտով գարուն է: Շենքերը դեռ կանգուն էին քաղաքում, բայց դրանք դատարկվում էին՝ ապրել ցանկացող մարդկանցից: Հենց տեղահանվողների մասին էլ պետք է ռեպորտաժներ պատրաստեին Եվան ու Լիլիթը: Խմբագիրը, չգիտես ինչու, համոզված էր, որ քաղաքում դեռ մնացող մարդկանց հետաքրքրում են քաղաքը լքողների պատմությունները: Լիլիթը գնաց քաղաքի այն կողմը, որտեղ այգիներ կային, նրա ռեպորտաժն ավարտվում էր այսպես. «Ծուխ: Թանձր, սև ծուխ, որ չգիտես՝ տղամարդկանց շատ ծխելո՞ւց է, թե՞ այրվող հիշողություններից: Ահա՛ այն, ինչ տեսնում են քաղաքից ընդմիշտ հեռացող մարդիկ՝ մի պահ հետ նայելիս: Ուրիշ ոչինչ»:

Եվան գնացել էր ծայրամաս, որտեղ քաղաքի աղբանոցն էր: Նրա ռեպորտաժն էլ այսպես էր ավարտվում. «Ամուր փակեց դուռն ու պատուհանը: Նույնիսկ ծաղիկները ջրեց, որ պաշտպանում էին տունը գարշահոտությունից: Հետ չի նայում: Միայն առաջ: Տուն կառուցելուց ու ճամպրուկ հավաքելուց կոշտացած մատներով շոշափում է գրպանում գտնվող իրը ու ժպտում: Տան բանալին է»:

Հաջորդ օրը, երբ առաջին ռումբերը հայտնվեցին քաղաքում, որտեղ արդեն օդային տագնապ էին միացնում, Եվան հեռուստատեսություն մտավ ոչ միայն քչքչան ժպիտով, այլև դեղին վարդերով:

-Էս որտեղի՞ց, -Լիլիթն էր:

-Մեր հեռուստադիտողներից, -ժպտաց ինքը:

Լիլիթը հիշեց, որ «Լավագույն լրագրողի» իր պատվոգիրը տառասխալով է գրված: Չգիտես ինչու հիշեց այդ պատվոգիրը ու այն, որ իրեն երբեք ծաղիկներ չեն նվիրել հեռուստադիտողները:

Կարելի է ասել, որ քաղաքի միակ գունավոր շենքի՝ գրադարանի շենքի փլուզումն ստիպեց հրադադար հաստատել, բայց դա, իհարկե, այդպես չէր: Պարզապես թշնամին գրավել էր այնքան, որքան պետք էր, յուրայինները պահել էին այնքան, որքան կարելի էր, ու կրակոցներն ավարտվել էին: Կրակի դադարեցման համաձայնագրի ստորագրման օրը Լիլիթը, չգիտես ինչու, հորն էր հիշել, որից ծխախոտի հոտ էր գալիս, և ում մայրը միշտ ասում էր.

-Դա քեզ գերեզման ա տանելու:

Բայց մայրն ավելի շուտ մահացավ: Ու երբ թաղումից վերադարձան տուն, և ինքն առաջին անգամ զգաց, որ մայրն էլ չկա, հայրն էլ դողդոջուն ձեռքը դրեց ուսին, թեքվեց դեպի ծերունին ու ասաց.

-Պա՛պ, էլ մի ծխի էլի: Ախր էդքան ասում էր...

Չծխեց: Երեք օր: Երրորդ օրն ինքն էլ գնաց: Երևի չդիմացավ...

Իսկ հիմա տուն մուկ է մտել: Ավելի ճիշտ՝ արդեն ապրում է տանը, նույնիսկ համարձակվում է ազատ վազվզել պահարանի տակից՝ սեղանի տակ, նույնիսկ երբ Լիլիթը տանն է: Եվան վաղուց արդեն քաղաքում չէ: Ծաղիկներով մտավ հեռուստատեսություն ու հաջորդ օրն էլ չեկավ: Մի քանի օրից իմացան, որ ինքն էլ է լքել քաղաքը: Երևի չի դիմացել: Երևի իր տան դուռն ու պատուհանն ամուր փակող մարդը, որ նաև ծաղիկներն էր ջրել, իրականում տան բանալին հետը չէր վերցրել, ու հավանաբար Եվան դա ուղղակի գրել էր: Երևի Եվան այդպես էլ չհասկացավ, թե ինչպես հայտնվեց ճիշտ ժամանակին:

Հիմա քաղաքում նույնիսկ ծաղկավաճառն է բացել խանութը, որտեղ յասամաններ կան ու նույնիսկ ՝գնորդներ, իսկ մեջտեղով հոսող գետը նորից կապույտ դառնալու քչքչան հույսեր է աջ ու ձախ ցողում, ու Լիլիթը, որ արդեն գիտի դստերն ինչ է անվանելու, նորից է կարդում կարճ նամակը, որն ավարտվում է այսպես. «Չես պատկերացնի՝ այստեղից ինչքան փոքր են երևում մարդիկ: Բոլոր մարդիկ: Ես էլ, դու էլ, ու այն ամենն ինչ կատարվում է մարդկանց միջև... Հա, էս ծաղիկն աշխարհի ամենավերջին ծաղիկն է: Ամենաբարձր տեղում աճող ծաղիկը: Ամեն դեպքում՝ ավելի բարձր էլ որևէ տեսակի բուսականություն չկա: Ուրիշ բան կա: Դու ասում ես՝ օդ, ես ասում եմ՝ ազատություն»:

Եվ ստորագրություն՝ Սուրեն:

Ծաղիկն, իհարկե, չորացել էր, բայց Լիլիթն էլ մենակ չէր:

 

Հովիկ Աֆյան