Դյութիչ երազանքի հետևից

Տոնածառի լույսերի փոխարեն հավատը վառենք չհանգչող կրակով

 

Ցոլա՛, ցնորք Նաիրի...

Վահան Տերյան

 

Հին օրերի երգը էլի լսվեց մեր մոռացկոտ ունկերին, ու երազեցինք մի Ֆրունզիկի, որ կգար ու կգոռար՝ Վերջացա՜վ: Ու կցոլար էլի մեր Նաիրին: Ու խանդավառ՝ հաղթանակի բերկրանքով՝ կպարեինք: Մենք միամիտ երազկոտությամբ կհավատայինք, որ վերջացավ, որ Ամանոր է գալու, որ նոր երազանքներ ենք հորինելու:

Մեր երազանքը եղել ու մնում է ազատության «դյութիչ բաղձանքը»:

Վերջացա՞վ: 

Վահան Տերյանը մի հոդվածում գրել է. «դրանով չի վերջանում մեր անելիքը. դա միայն նախադուռն է մեր ապագա հայրենաշեն, ազգակառույց գործի»:

Հոգին մամլող, սեղմող մի մեծ պարտք, որ պատմությունից ենք ժառանգել, հիշեցրեց իր լինելիությունը հերթական անգամ արյան գնով:

Ամեն Ամանորի չափում, կշռում, քննում ենք անցնող տարին: Հեշտորեն գրքի էջի պես թերթում: Բոլորիս չափումները մեկ ու նույնը պետք է լինեն այս տարվա ավարտին:

Հետպատերազմյան Հայաստանը հոգևոր հաղթահարումների ծանր, բայց անցանելի փուլում է: Կանցնե՞նք: Պատասխանն աներկբա մեկն է: Ի՞նչ անենք դրա համար:

Վահան Տերյանը դեռ հարյուր և ավելի տարի առաջ իր մի քանի հոդվածներում («Հոգևոր Հայաստան», «Մեր պարտքը», «Ինքնակոչ փրկիչներ») առաջ է քաշել գաղափարական կոնցեպցիաներ, գրել դրանք իրագործելու խնդիրների, խոչընդոտների, մեր թերությունների, առավելությունների, ճանապարհների մասին: Ցավոք, Տերյանի մտքերը դեռ արդիական են, լուծումները՝ կենսական պահանջ:

«Մեր պարտքը» հոդվածում գրում է. «Դժվարին ու արկածալի այս օրերում պայծառ պահենք մեր միտքը, մեր հոգին թող չմթագնեն առօրեական չնչին ու փոքրիկ զգացումները:

Բարձրանանք սրտով, լայնսիրտ լինենք այս դաժան պահին:

Ըմբռնենք, զգանք այսօրվա ահավոր ու արյունոտ անցքերի ճակատագրական նշանակությունը»:

Մեր պատմության դասագրքից դուրս եկան բոլոր դասերը, եկան, կանգնեցին մեր առաջ, շլինքից բռնած թափահարեցին մեր անհոգությունը: Մեզնից ի՞նչ մնաց: Ուրեմն տարին ամփոփելուց հետո հասկանալ է պետք նոր տարվա անելիքները:

Դեռ հարյուր ու ավելի տարի առաջ Վահան Տերյանը մեր գիտակցության մեջ փորձեց վառել մի գաղափար, որ կարծես ժամանակ առ ժամանակ հանգչում է: Վառել չե՞նք կարող:

Սա Հոգևոր Հայաստանի տեսիլն է: Մենք էլի առերեսվեցինք մահվան խորհրդին: Մենք նորից մտածեցինք ֆիզիկական ու հոգևոր արժեքների, պաշտպանության, վախերի մասին: Ամեն զինվորի հետ ապրեցինք բնաջնջման սարսափը: Կարծես պայքարում էինք լոկ ֆիզիկական  գոյության համար: Այո՛: Բայց Տերյանն ասում էր. կա նյութական, ֆիզիկական Հայաստան, կա Հոգևոր Հայաստան: Մեր հոգու շենքերի սյուները խարխլվել են: Մենք պետք է կառուցենք, վերակերտենք դրանք: Մենք նորից կանգնեցինք Տերյանի ակնարկած նյութական Հայաստանի ազգակործան վնասների առաջ, որ ծնվեց այն պահին, երբ ստվերեցինք Հոգևոր Հայաստանի գաղափարը՝ իբրև կենսակերպ:

Եթե ունենք Հոգևոր Հայաստան, ուրեմն ունենք նաև նյութապես հզոր Հայաստան: Այս երկուսը զատել իրարից անհնար է: Սա միություն է, մեկ ընդհանուր գաղափար: Ուժն այդ միության ու հավաքականության մեջ է:

Չարենցը հետո պիտի գար այդ ճշմարտությանը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

Ինչպե՞ս գաղափարը դարձնենք գործողություն: Տերյանը ունի ճանապարհը. մեր շարժիչ ուժը մտավորականությունն է, որ անկախ քաղաքական, անձնական, սուբյեկտիվ դիրքորոշումներից պետք է համախմբվի մեր մշակութային վերածնունդի շուրջ:

Տերյանը գրում էր, որ մեր մտավորականությունը պարտք ունի ազգի առաջ: Մեղք ունի, որ պետք է  մաքրի: Պատերազմը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է դիվանագիտությունը: Վերջինս չի կարող գործուն լինել, եթե մենք հեռանում ենք մեր մշակույթից, լեզվից, պատմությունից, կոչումից, ազգային պատկանելությունց, ավանդույթներից, որ մեզ միավորում, դրանով ուժ են դարձնում:

«Հայաստանը» լոզունգ չէ: Տերյանը հարց է բարձրացնում՝ «ի՞նչ ենք տվել և ի՞նչ ենք պահանջում»:

Սպանենք մեր մեջ օտարամոլին և ոչ թե ամբիոնի հռետորաբանությամբ սիրենք, այլ ճանաչողությամբ սիրենք մեր երաժշտությունը, նկարչությունը, իմանանք պատմությունը, կարդանք գրականությունը:

«Որպիսի՞ Հայաստան եք ուզում կառուցել դուք, որ չեք ուզում ճանաչել այդ հոգեղեն Հայաստանը»,-մեզ է գրում Տերյանը:

Պատերազմի դաշտում ֆիզիկական կորուստներ ունեցող տղերքը գիտեին՝ ինչպիսի Հայաստանի հետևից են գնում: Մենք գիտե՞նք:

Նրանք գործեցին սխրանքը ու կատարեցին իրենց բաժին առաքելությունը: Հիմա մենք ավելի քան պարտավոր ենք շարունակել այդ ծանր ընթացքը: Հայաստանի վերակառուցման համար գաղափարական առումով հայության հավաքում ու հայության կազմակերպում է պետք. Տերյանն է պահանջում և սպասում, որ դա հենց այն ժողովուրդն է, որի գալուն ինքն ուզում է հավատալ:

«Չպետք է ծույլերի հոգեբանությամբ  հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա. Չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնի»:

Աշխարհին, մեր բոլոր մեծ բարեկամներին մենք լավ ենք ճանաչում, բայց դա մեզ չի խանգարում հույսը հերթական սխալմունքով դնել նրանց վրա: Կռված տղերքը հույսը իրենց խելքի, բազկի ու հոգու վրա էին դրել. դրա համար հաղթեցին: Սա դաս է մեզ:

Մի՞թե չենք կարող: Տերյանը վախ ուներ. «Մի՞թե դիակ է կամեցածս»: Ո՛չ: Եռաբլուրի տղաները մեզ ավանդեցին  Տերյանի կամեցածը վերկանեդանացնել՝ երկնելով մշակութային, հոգևոր արժեքներ՝ ամրանալով դրանով, ապրելով իրենց՝ մեզ տրված կյանքը արժանապատիվ:

«Ժողովուրդը անվերջ տառապանքի մեջ կենդանի է պահել իր մաքուր հավատը դեպի ազգի ապագան, դեպի լավագույն գալիքը: Որպես մի վսեմ ցնորք, որպես դյութիչ մի երազանք նա փայփայել է ազատության և վերածնության բարձր բաղձանքը»,- գրում է Տերյանը որպես բացարձակ ճշմարտություն, որը մեր գենոֆոնդի, մեր ապրելու գաղտնիքի մասն է:

Տերյանն ասում է. «Քննեցեք ձեր սիրտը և նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ Հոգևոր Հայաստանը»:

Այս Ամանորին տոնածառի լույսերի փոխարեն հավատը վառենք չհանգչող կրակով ու վերջապես գնանք այդ դյութիչ երազանքի հետևից:

Ուրեմն՝ ցոլա՛, մեր ցնորք  Նաիրի...

 

Հեղինակ՝ Վանուհի Բաղրամյան