Դաշտը հնձելու օրերը

Հայելու առաջ նստածն Ավետիսն էր: Առաջ, երբ պատերազմ էր սկսվում, առաջինն էր գնում, հիմա, երբ գնալու համար ոտքեր չունի, պատուհանի մոտ չի նստում, հայելու դիմաց է նստում:

Ոչ մեկը չգիտեր, թե երբ է ծնվել Ավետիսը: Ինքն ասում էր. «դաշտը հնձելու օրերին»: Ու իսկապես, մի ամառ, երբ նույնիսկ ամբողջ օրն իրենց թախտին փռված ալարկոտները քրտնում էին ու քրտնելն ամենևին էլ աշխատասիրության ցուցիչ չէր, գյուղի կարմրաթուշ ու արևից վարդագույն դարձած մաշկով պատանիները վազեցին դաշտերն ու գոռացին.

-Գույժ հոպա՜ր, Գույժ հոպա՜ր, տղա ես ունեցե՜լ, տղա՜:

Գույժն էլ, որ ներքին կռիվ ուներ հոր հետ, թե ինչպե՞ս կարա մարդը սեփական որդու անունը Գույժ դնի, մանգաղը մի կողմ նետեց, ճակատից քրտինքը մաքրեց, ձախ ձեռքով մեջքն ուղղեց ու արևին նայելով՝ ասաց.

-Ավետի՛ս:

Երբ հայտնի դարձավ, որ հայրը պատերազմից հետ չի գալու, Ավետիսը վերցրեց մանգաղն ու գնաց դաշտերը: Էլի հնձելու օրեր էին: Ասում են՝ Ավետիսը մի շաբաթ դաշտից տուն չէր գալիս, մանգաղը ձեռքից վայր չէր դնում, քրտնքի մեջ կորել էր, նույնիսկ հաց չէր ուտում: Կպել էր հողից ու պոկ չէր գալիս:

-Հոր վրեժը հողից է առնում,-ասում էին գյուղում:

-Համաձայն չի, որ հողը գերեզմանոց է,-նույն գյուղում էին ասում:

Երբ իր որդին ծնվեց, Ավետիսը որոշեց, որ Նարեկ պիտի կոչի, որ պատերազմից՝ պատերազմ ավետիս սպասող ու գույժ ստացող իրենց ընտանիք մի նոր շունչ մտնի, աղոթք մտնի: Հետո պապենական մանգաղը հենեց եկեղեցու պատին, կնոջը մի սիրուն շոր առավ, ընտանեկան տեղաշորը դարսեց հին սովետական մեքենայի վրա, տուն-տեղը ծախեց, որդու ձեռքն ամուր բռնեց ու քաղաք եկավ:

-Հերիք ա՝ ինչքան գյուղացի եղանք,-մեքենայի դուռն աղմուկով փակեց ու ասաց:

Նարեկը դեռ փոքր էր ու շաքարաքլոր էր ուտում: Կինը կյանքում մի անգամ էր քաղաքը տեսել ու ամբողջ գեշեր արդուկել էր սիրուն շորը:

Քաղաքը շատ էր մեծ, Աստված չէր հասցնում բոլորի աղոթքները լսել: Ավետիսը գիշերով պաչեց Նարեկի ճակատն ու գնաց:

Ասացին՝ դժվար ապրի: Կինն էլ ասաց. «պատերազմից հետո բոլորս էլ դժվար ենք ապրում»: Հետո ասացին՝ կապրի, բայց էլ չի քայլի: Կինն էլ պաչեց Նարեկի ճակատը:

Աշունը դեղին էր, ձմեռը՝ երկար, գարունը՝ ցեխոտ, ամառը՝ անհոգ, խաղաղությունը՝ կարճ, պատանեկության պես:

-Ես քո տեղը կռվել եմ,-ասաց Ավետիսը:

-Ես քո տեղն էլ կկռվեմ,-պատասխանեց Նարեկը:

Մայրը նստեց պատուհանի մոտ, հայտնի չէ՝ Աստծո՞ւն, թե՞ որդու տունդարձի ճամփեն տեսնելու համար: Հայրը նստեց հայելու դիմաց, պարզ չէ՝ որդուն օրհնելո՞ւ, թե՞ իրեն անիծելու համար: Աշունը կարմրել էր:

Դուռն ամբողջ ուժով էին ծեծում: Թվում էր՝ այն կողմում գտնվողը դրախտի դուռն է գտել, ու քանի որ անձամբ տեսել է դժոխքը, պիտի մտնի: Բանալի չուներ. պատերազմ գնացողները տան բանալի չեն վերցնում, տեսնես ինչո՞ւ... Նարեկը կոտրեց դուռը: Մայրը պատուհանի մոտ էր, հայրը՝ հայելու դիմաց: Ոչ մեկը չպաչեց որդու ճակատը:

Միացված հեռուստացույցով հայտնում էին, որ հրադադար է, որ հարյուրից ավել զոհ կա: Ու անուն չէին տալիս...Ոչ մի:

Քաղաքը շատ էր մեծ:

Գյուղում դաշտը հնձելու օրերն էր:

 

Հովիկ Աֆյան