Չլռող ձայնի արձագանքը

Ճանապարհը բարդ է, բայց՝ հաղթահարելի

Անկախության փողոցում «Cercle d'Orient» ակումբում Զոհրապը Թալեաթ փաշայի հետ թղթախաղ էր խաղում: Վեր կացավ տուն գնալու: Ոտքի կանգնեց նաև Թալեաթ փաշան, մոտեցավ Զոհրապին, համբուրեց այտը:

Դա Հուդայի համբույր էր. երկու օր առաջ ինքն անձամբ էր ստորագրել Զոհրապի ձերբակալման հրամանը:

Մեր ձայնը թուրքական քաղաքականության ու հասարակական կյանքի կենտրոնում չի լռում արդեն 100 և ավելի տարի:

Պատմական արդարությունը վերականգնելու ճանապարհներից մեկը հենց Թուրքիայի ներսում ձայն բարձրացնելն է՝ նկատի առնելով նաև այն հանգամանքը, որ մեր պատմական հայրենիքը մեզնից խլած երկրում շատ հայեր են ապրում:

Այսօր փոքրաթիվ ազգերի ապրելու իրավունքի, մշակութային արժեքները պահպանելու կամ գոնե չկործանելու, ժողովրդավարության հաղթանակի համար թուրքական մեջլիսում պայքարում է Կարո Փայլանը: Իր համարձակ խոսք ու գործով վտանգելով իրեն՝ լծվել է Արևմտահայաստանի կորսվող քաղաքակրթության փրկության գործին:

Փայլանը թուրքական խորհրդարանում առանձնանում է հատկապես իր համարձակ ելույթներով, որոնք հակաիշխանական են, որոնք սուր հարցադրումներ են անում՝ անհաճո ղեկավարությանը: Բայց նա չի ընկրկում, արժանապատվորեն է անցնում իր ընտրած հայրենանվեր ճանապարհը:

Հարցազրույցներից մեկում նշում է. «Ինձ հաճախ են ասում՝ շատ ձայն մի հանիր, գլխիդ մի բան կգա։ Ես էլ ասում եմ՝ լռելն ապահովության մեջ լինելը չէ։ Երանի իմ լռելով բոլոր հարցերը լուծվեին։ Մինչդեռ իրականում ընդհակառակն է․ եթե ձեր հանդեպ անարդարություն է իրագործվում, ձայնդ լսելի դարձնելն ամենաապահով քայլն է։ Որքան ուզում եք, լռեք, փակվեք ձեր տներում. սադրանքը էլի կլինի։ 1915-ին, 1955-ի սեպտեմբերի 6-7-ին այս ամենը մեր գլխին եկավ հենց մեր լռելու պատճառով։ Այդ ամենը մեզ հետ պատահեց միայն այն պատճառով, որ մենք հայ էինք, հույն էինք։ Եթե դուք իրավացի եք՝ պետք է լսելի դարձնեք ձեր ձայնը։ Ես շարունակելու եմ դա անել»: Փայլանն իր ապահովության երաշխիքը հենց իր ձայնն է դարձրել:

Կարո Փայլանի քաղաքական պայքարը որքան ազգային է, այնքան էլ՝ համամարդկային: Նա, ինչպես մեկ դար առաջ Գրիգոր Զոհրապը, պաշտպանում է փոքրաթիվ ազգերի՝ քրդերի, հույների, հայերի ոտնահարվող իրավունքները: Նրա գերագույն նպատակն իրական դեմոկրատիայի լիարժեք հաղթանակն է, որով կկասեցվեն բոլոր պատերազմները:

Նա ակտիվորեն զբաղվում է նաև եկեղեցիների պահպանման, հայկական դպրոցների կայուն աշխատանքն ապահովելու գործով: Ինքն ուսուցիչ է: Ցավ է ապրում, որ թուրքական դպրոցներում, խեղաթյուրելով պատմությունը, ատելություն են սերմանում հայերի նկատմամբ: Հայկական դպրոցները փորձում է ապահովել համապատասխան բովանդակությամբ նյութերով, ծրագրերով: Փայլանն այն կարծիքին է, որ մայրենին խաղաղություն է, արդարություն, այն մեր պատիվն ու ինքնությունն է: Ինքն այդ պատվի ու ինքնության արժանապատվորեն կրողն ու պահպանողն է:

Փալյանի՝ իբրև քաղաքական ուժի, ծնունդն ուներ ակունքներ: 20-րդ դարասկզբին մենք թուրքական առաջին ատյանում՝ մեջլիսում, ունեինք հայ պատգամավորներ: Նրանք էին Գրիգոր Զոհրապը, Վահան Փափազյանը, Վարդգես Սերենգյուլյանը, Համբարձում Բոյաջյանը և այլք:

Եղեռնի հերթական տարելիցի ժամանակ Կարո Փայլանը Թուրքիայի Ազգային ժողովում իր նախնի հայ պատգամավորների նկարներն է դրել խորհրդարանի նստարաններին ու պատասխանատվություն պահանջել իշխանություններից  նրանց սպանության համար:

Հայ պատգամավորները մեջլիսում հայտնվեցին հատկապես երիտթուրքերի հեղաշրջումից հետո: Նրանք հավատացին նոր իշխանության կեղծ բարենորոգչական ու դեմոկրատական գաղափարաբանությանը: Այնինչ, իշխանությունը զավթելուց հետո նրանք դրժեցին բոլոր խոստումները և սկսեցին վարել ոչ թուրք ազգերի ձուլման քաղաքականություն: Նրանց ճանապարհին կանգնողներին վիճակվեց ամենադաժան ճակատագիրը:

Ովքե՞ր էին թուրքական իրականության մեջ պայքարի դուրս եկած հայ պատգամավորները:

Գրող, իրավաբան, քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը երեք անգամ ընտրվել է թուրքական մեջլիսի անդամ: Նա առանձնացել է իր ազդեցիկ ելույթներով: Բարձրաձայնել է ինչպես հայերի խնդիրները, այնպես էլ ամբողջ օսմանյան կայսրության հասարակության ու պետական քաղաքականության սխալները: Նա մտերիմն էր Թալեաթի, ում արյունոտ ձեռքով էլ սպանվեց: Զոհրապը հմուտ իրավաբան էր, պաշտպանում էր ազգային փոքրամասնությունների՝ հայերի, հույների, բուլղարների և այլազգի անմեղների իրավունքները: Փաստերը վկայում են՝ ոչ մի դատ տանուլ չի տվել:

Ընդամենը 18 տարեկանում նա գրում է իր քաղաքական ընդգրկուն  վերլուծությունը՝ Բեռլինի վեհաժողովի ու վերջինիս՝ հայերի հարցի լուծման գործում ունեցած արդյունավետության մասին:

Զոհրապը, հասկանալով երիտթուրքերի վարած քաղաքականության հետագա վտանգավոր զարգացումները, իր բողոքի ձայնն է բարձրացնում: Նրա նման գործիչ թուրքական մեջլիսն, իհարկե, այլևս հանդուրժել չէր կարող: Նա կարող էր դառնալ արևմտահայերի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը, ինչպես Վահան Փափազյանը, լինել ցեղասպանության ծրագրի խաթարողներից: Եվ նրա ընկեր Թալեաթը՝ իբրև նոր Հուդա, ձերբակալման հրաման տվեց: 1915 թվականին խոշտանգելով սպանեցին մեջլիսի երկու երևելի հայ պատգամավորներ Զոհրապին ու Վարդգես Սերենգյուլյանին:

Հովհաննես Սերենգյուլյանին շատ հաժախ անվանում էին նաև Զարմայր, Գիսակ, իսկ առավել տարածված անունով՝ Վարդգես: Էրզրումում ծնված խելացի  երիտասարդը դարձավ ուսուցիչ, մտավորական: Ազգային խնդիրների մտահոգությունը նրան տարավ դեպի քաղաքական ասպարեզ: Դարձավ հեղափոխական կարկառուն գործիչներից մեկը: 20-րդ դարասկզբին ընտրվեց Օսմանյան խորհրդարանի անդամ, ազգային երեսփոխան: Ազգային-ազատագրական իր համարձակ գործունեության համար նա ևս չխուսափեց դարի մեծագույն ոճրագործության զոհ դառնալուց: 600 հայ մտավորականների ցուցակում նաև նրա անունն էր: 1915 թվականին նույն կառքում, նույն Նազըմի ձեռքով սպանվեց ընկերոջ՝ Զոհրապի հետ:

Թուրքիայի Ազգային ժողովի պատգամավոր է եղել նաև Համբարձում Բոյաջյանը:  Մեծն Մուրադը, ինչպես նրան կնքել էին զինակից ընկերները, մինչև խորհրդարանում հայտնվելը, ակտիվորեն մասնակցում էր հայերի ինքնապաշտպանական մարտերին, աչքի է ընկել հատկապես Սասունի ինքնապաշտպանության ընթացքում, երբ նրա զինակիցներն են եղել Անդրանիկը, Գևորգ Չաուշը: Սուլթանական Թուրքիան, ի վերջո, նրան ձերբակալում և  դատապարտում է 101 տարվա ազատազրկման: Փախչելով բանտից, խուսափելով հետապնդումներից՝ թուրքական նոր քաղաքական ուժի հաստատումից հետո նրան հաջողվում է ընտրվել ազգային երեսփոխան, օսմանյան պառլամենտի անդամ:

Մեծն Մուրադը պառլամենտում խիստ քննադատության էր ենթարկում երիտթուրքերի քաղաքականությունը, ինչի հետևանքով էլ 1915 թվականին ձերբակալվում է, աքսորվում Կեսարիա և կախաղան բարձրացվում:

Նույն ճակատագրին է արժանանում նաև բժիշկ, գիտնական, գրող, հասարակական գործիչ Կարապետ Փաշայանը: Համիդյան բռնապետության ու ջարդերի ժամանակ կազմում է հայդուկային խմբեր, մասնակցում ազատագրական շարժմանը, որի համար կազմում էր զինված խմբեր, օգնում էր տեղափոխել զենք, իր տանն էլ պահում էր զինամթերք: Այդ ամենի համար ձերբակալվել և մահապտժի դատավճռի է ենթարկվել: Սակայն Անգլիայի դեսպանի միջնորդությամբ նրան ներում է շնորհվել: Փաշայանը տեղափոխվում է Եգիպտոս, որտեղ իր միջոցներով բացում է դպրոց ու տպարան: Սակայն երիտթուրքական հեղաշրջումից հետո նա ևս վերադառնում է Պոլիս և ընտրվում Ազգային ժողովի երեսփոխան: Իր մյուս բախտակից ընկերների հետ, սակայն, 1915 թվականին նա էլ բանտարկվում և սպանվում է:

Նրանց ճակատագիրը վկայում է, որ մեր պայքարը նախ զենքով է եղել: Այս պատգամավորներից շատերը համիդյան բռնապետության տարիներին մասնակցել են զինված պայքարին: Հեղաշրջումից հետո միամտաբար հավատալով երիտթուրքերի միության, առաջադիմության գեղեցիկ լոզունգներին՝ կարծեցին, թե քաղաքակրթված թուրքի հետ կարելի է բանակցել, փաստերով խոսել ու հասնել արդարության:

Պատմությունը դառը ապտակ տվեց նրանց ու բոլորիս՝ ապացուցելով՝ այդ կառավարության գաղափարաբանությունը եղել ու մնում է նույնը: Պանթուրքիզմի զավթողական քաղաքականության դեմ մի քանի ճակատով է պետք կռվել. մտքով, քաղաքականությամբ թիկունքում և  ճակատում՝ երբեք զենքը վայր չդնելով:

Կարո Փայլանն իր նախորդների գենետիկ շարունակողն է: Շնորհիվ նրա՝ մեր ձայնը չի լռելու ու իր արձագանքն է ունենալու հենց այնտեղ՝ ամենավտանգավոր օջախում, այնքան ժամանակ, քանի դեռ վերջնական հաղթանակ չենք գրանցել: Ճանապարհը բարդ է, բայց՝ հաղթահարելի:

 

Հեղինակ՝ Վանուհի Բաղրամյան