Չհղկված քարի, ամենապարզ երջանկության ու հեռվում թողած Շատախի մասին

Էրգիրը երջանկությունն է, որ կա

Էրգիրը միշտ հակասական է, միշտ առողջացնող ու միշտ ուսուցանող։ Այստեղ երբեք չեն լինում պատահականություններ, և որքան էլ զարմանալի թվա՝ այստեղ երբեք ողբի ժամանակ չկա։ Իհարկե, դու պետք է անկեղծ լաց լինես, երբ երկար ժամանակ չես տեսել Վանա ծովը, որն այդքան մեղմ, այդքան գեղեցիկ, այդքան հավերժ ու այդքան ուժգին է սիրում ու սիրվում: Իհարկե, պետք է սիրտդ կտոր-կտոր լինի, երբ Անիում այդքա’ն երջանիկ, այդքա’ն մենակ ու այդքա’ն շնորհակալ ես, և, անշուշտ, բարդ է ապրել Մուշի Առաքելոցի, Վանի Սուրբ Թովմասի, Սասունի Գոմոց վանքի ու Երզնկայի պարզ երկնքի հետ հանդիպումից հանդիպում, հպումից հպում, մեկ լիաթոք շնչից մինչև հաջորդը։ Ու հաշվի առնելով, որ մեր ամբողջ կյանքն է բաղկացած երջանկության փոքրիկ ակնթարթների միջև ընկած ժամանակահատվածներով՝ Էրգիրը երջանկությունն է, որ կա։ Ավելի ճիշտ՝ Էրգրում էր մեր երջանկությունը։ Այն, որին այդպես էլ չհպվեցինք ու այդպես էլ լիաթոք չշնչեցինք։

Ահա, թե ինչու ենք այդքան երջանիկ մենք՝ Երզնկայի երկնքին հպվածներս ու Վանի Նեմրութի օդը լիաթոք շնչածներս։

***
Ինչպես ասացինք՝ Էրգրում երբեք չեն լինում պատահականություններ։ Այստեղ միշտ ճանապարհները տանում են այնտեղ, ուր պետք է ու ում մոտ պետք է։ Չգիտեմ, թե ինչու ու ինչպես, բայց այս անգամ ճանապարհը տարավ դեպի Շատախ։
 

Միշտ մտածել եմ, որ եթե Վասպուրականում որևէ տեղ հայեր մնացած լինեն՝ դա վստահաբար կլինի հենց Շատախը, քանի որ այստեղ է կերտվել վանեցիների ամենափայլուն ինքնապաշտպանություններից մեկը։ Շատախում մենք հայեր չգտանք. գտանք դատարկություն, գտանք տների, ճակատագրերի ուրվականներ, որոնց սիլուտները ապշեցուցիչ չէին միայն նրանց համար, ովքեր երբևէ տեսել են Աղդամը։ Բայց սա ամենը չէ։
 

Ահա կամաց-կամաց առաջանում ենք դեպի Փեսանդաշտ․ վայր, որի հերոսական պատմություններից մնացել են միայն կիսատ հիշողությունները սակավաթիվ վանեցիների գլխում ու հայկական գյուղերի անշուք ավերակները։

Շիդան, Առեղ, Կայանմերան․․․ Իրար հաջորդող այս փորքիկ բնակատեղիները, որոնք փռված են Շատախի Փեսանդաշտում ու չորս կողմից շրջապատված են լեռնագագաթներով, մեզ ոչինչ չեն պատմում, և մենք, երևի թե, որևէ կերպ գլխի չընկնեինք, թե կարևոր, շատ կարևոր մի վայրում ենք, եթե մեզ հետ չլիներ պարոն Մարտինը, որի աչքերն այդքան նվիրական, այդքան ոգևորված ու աննկարագրելի խորն էին փայլում մեզ անծանոթ այս անուններն արտասանելիս ու այդ «խեղճ» տեսարանները վայելելիս։  

Պարոն Մարտինի հայրական գյուղը Կաղազիսն է, մեր ճանապարհի ամենավերջում, ասել է թե՝ ամենախուլ կետում ընկած գյուղը։ Գյուղ մտնելիս անգամ շփոթվում ես՝ սա՞ է բնակատեղին, այս մի քանի ընտանիքի վրանատիպ տներն ու խոտի դեզերը, որոնք ունեն գյուղի անուն ու անգամ գյուղապետ։

Հեռավոր, կարծես քարտեզներից ու տրամաբանությունից դուրս մի տարածքում է հիմնվել Վանի Շատախի Կաղազիս գյուղը։ Ժամանակին Կաղազիսում ապրել է շուրջ 30 տուն հայ, այստեղ է գործել հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին, որից այժմ հետքեր չեն պահպանվել։ Փոքրիկ քրդաբնակ գյուղը ոչ միայն ոչնչով չի գրավում սովորական զբոսաշրջիկի ուշադրությունը, այլև ավելին՝ ոչ ոքի մտքով չի էլ անցնի, որ, ինչպես այստեղ են ասում, «Ալլահի մոռացած վայրում» կենդանի շունչ կա։ Շրջկենտրոն Շատախ քաղաքից մի փոքր անց ճանապարհն այլևս երես չի տալիս մեզ գերազանց ասֆալտով, հարմարավետությամբ կամ գոնե ցուցանակներով։ Չկա ոչինչ բացի մեզանից՝ մեր խառնաշփոթ մտքերով ու չկողմնորոշված հայացքներով, լեռներից ու ճանապարհից դուրս եկող անտանելի թանձր փոշուց։ Հին Կաղազիսը մի փոքր վեր է, հատուկենտ տները՝ լքված ու ավերված, իսկ ներքևում տեղավորվել է նոր բնակատեղին՝ ընդամենը մի քանի քուրդ ընտանիքներով։

Ոչ մի կտոր կանաչ կամ թարմություն, ոչ մի հրապուրիչ մասնիկ, որ ջերմությամբ կկապեր այստեղի հետ մեր հիշողությունը։ Չկար ոչինչ, որ կհիշեցներ այստեղ երբևէ եղած կյանքի մասին, չկային հույսի նշույլներ, չկար որևէ պատճառ այստեղ մեկ րոպե ավելի մնալու։ Բայց կար այս ամենից վեր, հնարավոր բոլոր զգացումներից ամենաջերմը, որը մարդկային կերպարանքով մարմնավորվել էր մեր առաջ, և դա, իհարկե, պարոն Մարտինն էր։ Հիմնահատակ ավերված, քարուքանդ արված հին Կաղազիսի քարերի ու փոշու մեջ նա երջանիկ էր այնքան, որքան հնարավոր է երջանիկ լինել երբևէ երկրի վրա։ Կաղազիսը սիրելու ոչ մի պատճառ չկար, բայց հենց այդ անպատճառ սերն էր, որն այդքան ուժեղ, այդքան տարի ու դար չմարող, այդքան ազդեցիկ, այդքան անսահման ու այդքան կերտող էր։

Հիշեցի պապիկիս՝ այդպես էլ չիրականացած երազանքները, հայրիկիս՝ լուռ վերապրումը երբեք չտեսած Սասունի ու Մուշի իր լեգենդի, հիշեցի նաև Պոլսից Զարիֆ տատիկին, որն ինձ Սասունի իրենց գյուղ ճանապարհելիս միայն մեկ բան էր խնդրել․ «Մըր Օթնակ յայլայի ըն ճուր կուզիմ, լաո»։ Օթնակը, եթե կուզեք իմանալ, աշխարհի ամենաանհրապույր ու տաժանակիր վայրերից մեկն է, որտեղ ոտք դնելուն պես ինձ թվացել էր, որ իրենց այծերին ու գառներին արածեցնելու համար ամբողջ ամառն այստեղի խոտածածկ վրաններում անցկացնող սասունցի ընտանիքները լավ չեն պատկերացնում, որ կարելի է այլ կերպ ապրել․ ավելի ազատ, ավելի երջանիկ, ավելի դյուրին։ Բայց, արի ու տես, որ նրանք ամենալավը գիտեին երջանկության գաղտնիքը, արի ու տես՝ նրանք ամենաազատն էին, ամենաանհոգը, իսկ նրանց կյանքը՝ ամենապարզն ու դյուրինը։ Առանց արտաքին ու պարտադրված չափանիշների, առանց գծած սահմանների ու անդադար գաղթականության։

Եվ իսկապես, Սասունը հրապուրիչ վայր չէ։ Ոչ մի դեպքում։ Անգամ այն շատ սիրելու դեպքում չես կարող անկեղծ չլինել ու չասել, որ աշխարհում ապրելու շատ ավելի լավ վայրեր կան։ Սակայն Սասունի, ինչպես և Շատախի, ամբողջ ուժն ու զորությունն էլ հենց դրա մեջ է՝ առանց պատճառների, առանց պարտադրված հորինվածքների ու առանց մակերեսայնության սիրվելու մեջ։ Սասունն ու Շատախը սիրում են ուղղակի, և դա է նրանց մեծությունը,որովհետև Սասունն ու Շատախն անսահման սիրողը գիտի, որ քարը հղկող է պետք, ոչ թե հղկվելուն սպասող։ Նրանք չեն վախենում, որ նրանց «ծուռ» կասեն, դրա համար էլ որքան ազատ, այնքան էլ հղկված են, որքան անհնարինության մեջ ինքնաբավ՝ այնքան երջանիկ։

Երկիրը կամ մեր՝ անկատար երջանկության հողերից եկած մեր պապիկների լեզվով ասած «Էրգիրն» այդպիսին է։ Այն անպատճառ, անվարձահատույց, առանց նախապայմանների սիրելու ու ազատ լինելու խորհրդանիշն է։ Մեր այսօրվա երկիրը՝ շատ տարբեր չէ Շատախից ու Սասունից։ Որոշ տեղեր անսահման գեղեցիկ են, որոշները՝ ոչ այնքան, Արարատյան դաշտի հարավի՝ Արմավիրի ծիրանը նույնքան համեղ է, որքան Իգդիրինը, Լոռին ու Տավուշն էլ չնաշխարհիկ են, ինչպես Տայքը, Վայոց ձորը՝ չոր ու արևաշատ, ինչպես Մոկսը։ Այո, աստեղ մեկ րոպե ավելի մնալու համար որևէ պատճառ կարելի է և չգտնել, ինչպես Շատախի Կաղազիսում և անգամ երբեմն կարող է թվալ, որ այստեղ մարդիկ չգիտեն կյանքի երջանիկ, ազատ ու դյուրին ուղիները։ Ու միայն հետո, գուցե շատ ուշացած ու շատ հեռվում, կերազենք զգալ, հպվել, շնչել ու սիրել մեր «անհրապույր», բզկտված, քարերի կույտ երկիրը, որտեղ երջանկությունն այդքան պարզ, ազատությունն այդքան մոտ, սերն այդքան ազդեցիկ կարող է լինել՝ առանց սահմանների ու անդադար գաղթականության։

 

Սոֆյա Հակոբյան



 

...