Բարձրաքանդակ ժանյակներ և քանդակներ՝ նման ժանյակի

Հայկական ամեն խաչքար ստեղծելիս ամեն վարպետ մուրճի ամեն հարվածով պատմության մի դրվագ է դրոշմել քարին։ Նրանց նայելիս մեր աչքի առաջ հառնում է պատմությունը, հնչում են շարականներ, ու խաչքարը, կարծես, աղոթում է։

Նույն այդ լեզվով պատմության հեռվից մեզ հետ խոսում են հայկական ժանեկագործության կատարյալ նմուշները։ 21-րդ դարում տեխնիկայի գերհագեցածությունը, ռոբոտացված աշխարհը երբեմն անաշխատունակ են դարձնում մեր ձեռքերը։ Այնինչ տարիներ առաջ հայ կնոջ մատները հյուսել են արվեստի նրբագեղ այնպիսի նմուշներ, որ մի ամբողջ մշակույթ են ձևավորել։

Վերադարձն անխուսափելի երևույթ է։ Ուրեմն վերադառնանք մեր ակունքներին, դուրս բերենք մեր ճարտար ձեռքի ծնունդները, սնենք գեղեցիկը մեր մեջ։

Ժանեկագործությունն առհասարակ, հայկականը՝ մասնավորապես, խոր ակունքներ ունի։

15-16-րդ դարերի Իտալիան համարվեց ժանյակի ստեղծման հիմքը։ Սակայն  արվեստի նորաստեղծ այդ ճյուղը միանգամից այդքան կատարյալ լինել չէր կարող։ Դա ուսումնասիրողներին տարավ ավելի հին ժամանակներ՝ գտնելու սկիզբը։

Ոսկեթել, արծաթաթել, մետաքսաթել ժանյակն ասիական մի շարք երկրներում հայտնի է եղել շատ ավելի վաղ, քան Եվրոպայում։ Ռուսաստանում ժանյակին ծանոթ էին 13-րդ դարից սկսած։ Բաբելոնի և Եգիպտոսի թագավորների, աստվածների արձանների հագուստները պատկերող զարդարանքների մեջ նույնպես կարող ենք հանդիպել ժանեկագործության նմուշներ։ 

Հայ կնոջ առօրեական ստեղծագործությունը պահպանել է հայկական զարդարվեստի լավագույն նմուշները և կարող է հիմք դառնալ հայկական արվեստի ուրիշ բնագավառների զարդանկարների ուսումնասիրության համար։

Վանի արձանիկների զարդարանքներում պահպանվել են աստվածուհիների, քրմուհիների տարազների ձևերը, գլխի հարդարանքը, որոնք որոշ նմանություն ունեն հետագա դարերի տարազների հետ։

Հայկական ժանեկագործության ակունքները գտնելու համար պետք է առնչվել, օրինակ, հայկական մանրանկարչության հետ։ Այդտեղ հանդիպում են վարագույրներ, կնոջ գլխի ծածկոցներ, քողեր, որոնք ժանեկազարդ են եղել։

Ժանյակը՝ որպես արվեստի ճյուղ, սերտ աղերսներ ունի փայտի ու քարի փորագրությունների հետ։ Ասվում է, թե հայկական ժանյակները նման են հայ վարպետների բարձրաքանդակներին, իսկ քանդակները՝ հայ վարպետուհիների  ստեղծած ժանյակներին։ Ի դեպ, հայ ժանեկագործուհիները նույքան շատ են եղել մեր մշակույթի մեջ, որքան հայ քանդակագործ վարպետները։

Շրջե՛ք Հայաստանի վանքերով, ուշադի՛ր նայեք Հաղպատի, Սանահինի, Նորատուսի հարյուրավոր խաչքարերին, գերեզմանաքարերին կամ վանքերի, եկեղեցիների  զարդաքանդակներին։ Հետո դրանք համեմատե՛ք ժանյակների նմուշների հետ։ Պարզ կտեսնեք՝ քարերի երկիր Հայաստանի կարծր քարից ստացած քանդակը ու նրբանուրբ թելով հյուսված զարդարանքը կարծես թե նույնը լինեն՝ զարդանկարներով, կուռ ու բարդ կառուցվածքներով։

Ժանյակների զարդանկարները խիտ են, նուրբ ու հարուստ, սակայն զերծ ավելորդ որևէ պճնանքից։

Ատրպետի ուսումնասիրությունները բացահայտում են հայկական ժանեկագործության աշխարհագրական սահմանները, որ բավականին ընդարձակ են։ Կարինում, Վանում, Ասիայի ու Աֆրիկայի մի շարք հայաբնակ վայրերում, Ղրիմում, Կիլիկիայում դա եղել է տնայնագործների մեջ տարածված ձեռագործություն։

Թուրք բարձրաշխարհիկ կանանց ասեղնագործ, մարգարտահյուս, ոսկեթել  զարդարանքները հայ կանայք են պատրաստել։ Մի թրքուհի, որ բարձրաստիճան մարդու դուստր և նաև շատ հայտնի մարդու կին է եղել, թողել է մի վկայություն․ նա պարծենում է հարսանեկան մի արարողության ժամանակ իր կրած ձեռագործ ժանեկազարդ գլխանոցով, որի վրա ոսկով ու մարգարիտներով վարդի տերևներ ու ծաղիկներ էին հյուսված։

Պատմում են նաև, որ Փարիզի հայտնի տներում ասեղնագործուհիներ էին փնտրում՝ անպայման հայուհիներ։

Հայ կանայք փայլել են ձեռագործ այս արվեստում։ Այն այնքան է զարգանում ու կատարելագործվում, որ Ամերիկայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Եգիպտոսի, Իրաքի առևտրային շուկաներում մեծ տեղ է գրավում և մրցում ճապոնական և չինական ասեղնագործությունների հետ։ Այդ առումով նշանակալի եղավ 19-րդ դարում Զեյթուն ժամանած ամերիկացի Շեփըրտ ամուսինների այցելությունը։ Տիկին Շեփըրտը բացում է գործատներ և վաճառում հայկական արտադրանքը, ապա նաև՝ արտահանում։ Դա վարակիչ եղավ շատերի համար և Մարաշում, Ուրֆայում նմանօրինակ գործատներ բացվեցին։

Հայկական ժանյակի հայրենիքը համարվում է Վանը, նաև՝ Կարինը։ Վանը եղել է ժանեկագործության խոշոր կենտրոն, որտեղ պահպանվել են ասեղնագործական բազմաթիվ հայերեն տերմիններ։ Ժանյակն այստեղ անվանել են ճութ, իսկ արհեստանոցը՝ ճթարան։ Դա պայմանավորված էր նրանով, որ Վանի ժանյակի  զարդանկարների մեջ խաղողի ողկույզ-ճութն աչքի ընկնող դեր է գրավում։ Վանի ժանյակները կարվել են սպիտակ բարակ թելերով։ Արդյունքում այնքան նուրբ են ստացվել, որ վեր նետելիս անմիջապես չեն ընկել, այլ դանդաղասահ իջել են։ 

Զարդանկարներում պահպանվել է արևի նշանը, խաղողի ճութը, զույգ թռչուններ՝ ծաղկի երկու կողմերից։ Վանի ժանեկագործներն այնքան հմուտ էին իրենց գործում, որ հրավիրվում էին տարբեր երկրների հայկական դպրոցներում ձեռագործություն դասավանդելու։

Կարինի ժանյակների առանձնահատկությունները երևում են հատկապես տարազի, գլխի հարդարանքի հետ կապված տարբեր նմուշներում։ Ամենից շքեղ զարդարված է գլխի մետաքսե նրբագույն քողը՝ չիքիլան, որը չափազանց նուրբ է և թեթև։ Դրանք հագեցած են եղել ծաղիկներով, հատկապես վարդերով։ Առհասարակ, ամեն տեղ եղել են վարդ պատրաստող կանայք։ Տարածված են եղել մեխակը, մանուշակը, զանգակը, նարգիզը, շուշանը։ Ծաղիկները բնականին շատ նման են եղել։ Հարուստ կանանց վարդը զարդարված է եղել ոսկյա ժանյակներով, մարգարիտներով, թանկագին քարերով։

Զարդանախշերում կարող ենք հանդիպել նաև աքաղաղների։ Դրանք նոր օրվա ազդարարողն են, կյանքի շարունակականության, կենսունակության խորհուրդն ունեն։ Այն տարածված զարդանկար է եղել Կարինի գուլպայագործության շրջանում։

Դասական արվեստի պես սա չի ճանաչում ժամանակ և աշխարհագրական սահմաններ։ Այսօր էլ մեր վերնաշապիկները կարող են զարդարված լինել ժանեկազարդ օձիքներով, հարսանեկան զգեստները՝ հայկական ձեռագործ զարդանախշերով, հարսի քողը՝ Վանի՝ սպիտակ թելով կարված թեթևասահ հյուսվածքներով։

Ժանեկագործությունը հայ մշակույթի հնագույն ձևերից է։ Ինչպես խաչքարերը, ձեռագիր մատյաններն են փրկվել պատմական ավերածություններից, այնպես էլ ժանեկագործ ձեռագործ աշխատանքները հատել են պատմության սև էջերը, որ մեզ պատմեն մեր մշակույթի այս  նրբահյուս գեղեցկության ու հարստության մասին։

 

Աղբյուրը՝ Սերիկ Դավթյան, «Հայկական ժանյակ» 

Վանուհի Բաղրամյան