Բոլորս հայ ենք, բայց բոլորս Հրա՞նտ ենք․․․

«Կանգնե՛ք, ես բան ունեմ ասելու»․․․

«Թո՛ղ իմ ստորագրությունից մահանա պատերազմը, իսկ իմ մահը թո՛ղ լինի հանուն խաղաղության»

Հրանտ Դինք, 1996

 

Շատ խառնաշփոթ մի տեղ է Ստամբուլի Օսմանբեյը։ Հայաշատ Շիշլիի այն պողոտան, որտեղ ոչ ոք քո ժամանակը չունի։ Այստեղի անտարբեր աղմուկի միջով գրեթե երեք տարի դասի շտապելիս այնքան բան սովորեցի, որ ո՛չ այս գրվածքով, ո՛չ մեկ ուրիշ առիթով միանգամից պատմելու չէ։

Այստեղ էր միշտ Հասան աբին՝ Բայազետից այն քուրդ վաճառականը, որի վաճառած «Նուտելլայով» սիմիթը մահացու կարող էր լինել, իսկ ժպիտն՝ անդրդվելի։ Այստեղ էր դիմացի մայթի խորքերում ծվարած գեղեցկության սրահը, որտեղ տիկին Սիլվան միշտ խիստ այլայլված դեմքով խնդրում էր իրեն արտահերթ սպասարկել, որովհետև «կնունք կա այսօր ջանըմ»։ Այստեղ էինք նաև վերջին անգամ հանդիպել պարոն Նազար Հանչերին՝ Թուրքիայում հայկական սպորտի լեգենդին, որը համեստորեն այդ խառնաշփոթ բազմամարդության մեջ մի շենքի տակ ինձ էր սպասում կնոջ՝ արվեստի պատմության փայլուն մասնագետ ու միշտ փայլուն աչքերով գեղեցկուհի տիկին Էլմոնի հետ, որ ինձ հանձնի իր ծննդավայր Սեբաստիայից մի հիշողության պատառիկ՝ իմ ծնվելուց շատ-շատ առաջ լույս տեսած մի բացիկ։ Այդ օրն էր, որ լուսահոգի պարոն Նազարն անճանաչելիորեն տխուր ու իր աչքերում կարդացվող անբացատրելի մենության զգացումով պատմեց վերջին համահայկական խաղերին չգալու մասին՝ «Տեսար, Սոֆիկ ջան, մեզ ուղղակի ասացին՝ դուք որ չլինեք էլ կլինի»․․․

Շատ բան կար թաքնված Օսմանբեյի պողոտայում, որտեղ ոչ ոք քո ժամանակը չունի։

Մի կետ էլ կա, ուր ես միշտ կանգ էի առնում, նույնիսկ եթե, ինչպես միշտ, ուշանում էի մետրոյից։

« 19․01․2007

15։15

Այստեղ սպանվեցավ Հրանտ Տինք»․

 

***

Թվում է թե՝ ինչի համար կագնել ամեն անգամ, եթե եղածը եղած է, մետրոյի գնացքն  էլ հիմա կգնա։

Այդ օրերի Սոֆյայի փոխարեն խոսել չեմ կարող, բայց այսօր վստահ կարող եմ ասել՝ Հրանտը բոլորիս կյանքում երևի այդպիսի մի երևույթ էր՝ «Կանգնե՛ք, ես բան ունեմ ասելու»․․․

Եվ է՛լ ավելի վստահ կարող եմ պնդել՝ նա մարդ էր, որն ունակ եղավ դա ասել մի ամբողջ երկրի, որը սովոր չէ ոչ ոքի հետ հաշվի նստել։

Երևի մի հազար անգամ ասել ու մի կես այդքան էլ գրել եմ այն մասին, որ տանել չեմ կարողանում երբ Հրանտին անվանում են «1,500 000 +1»։

Իսկապես, տանել չեմ կարողանում։

Լավ, կասեք դուք, բա ի՞նչ է Հրանտը, դու՛ պատմի։

Ես շատ վստահ չեմ, որ մեծամասնության համար շատ ընդունելի բաներ են հնչելու այստեղ առաջիկա րոպեներին, բայց ասեմ․

Առաջինը որ մտքիս գալիս է՝ Հրանտը մեր միամտությունն է․ խաղաղ, համերաշխ ապրելու հավատն ու այդ հավատը մեր մեջ սնուցող միամիտ, մանկական անմեղությունը։ Արարող մարդիկ շատ են կարոտ խաղաղության ու կայունության, երևի հենց այդ պատճառով ամեն ինչ պատրաստ են տալ դրա համար, նույնիսկ եթե միամիտ բան են ուզում ու հոգու խորքում գիտակցում են դա։

Հրանտը մեր խիղճն է, և հարցերը, որոնք մենք՝ որպես խղճով մարդիկ մեզ պետք է տանք։ Օրինակ՝ կընդունվե՞ր ու կսիրվե՞ր, կհասկացվե՞ր Հրանտը, եթե չմահանար։ Այո, հենց այդպես։ Այո, թե՞ ոչ։

Հրանտը մեր՝ անարդարության դեմ ընդվզման անզիջում ու հոգնած հայացքն է։ Քայքայիչ հատկություն է, ինչ խոսք, սպառող, հոգնեցնող։ Բայց մենք չենք կարող ապրել անարդար աշխարհում. Հրանտը նույնպես չէր կարող շաբաթ-կիրակիները Քընալը կղզում անդարդ ռաքը խմող մի պոլսահայ լինել: Չէր կարող։

Հրանտը մեր ուժն է․ չարիքին, անհանդուրժողականությանն էլի առանց ատելության պատասխանելու, չարիք չդառնալով։

 

***

Ոչ ավելի և ոչ պակաս՝ 18 տարի։ Թուրքերեն մի խոսք կա՝ «Լեզվին հեշտ է»․․․

Ի դեպ Հրանտը  փայլուն թուրքերեն էր խոսում, իսկ հայերենը հոգուց էր ու հոգատար։

Ինչևէ։

18 տարի։

Այս ընթացքում երկրներ առաջացան ու վերացան, տասնյակ ցեղասպանություններ իրագործվեցին ու մեծ աշխարհի անտարբեր հայացքի ներքո աննկատ անցան, Հրանտի սպանության օրը ծնվածները չափահաս դարձան։ Ասել է թե՝ մի ամբողջ կյանք է անցել։

Ես 14 էի ու երբեք չէի լսել, որ Թուրքիայում այդքան հայ կա։ Ինձ ոչ ոք չէր սովորեցրել, որ մահից հետո կյանք կա։ Հետո, շատ տարիներ անց, այդ միտքն ինձ շատ էր պետք գալու, բայց ես չգիտեի։ Ո՞վ գիտեր այն ժամանակ, որ ցեղասպանությունից հետո էլ ցեղասպանություն կա ու նորից, ու էլի կյանք կա։

Անցավ ևս մի որոշ ժամանակ, և այդ օրն էր, այդ գարնանային սովորական մի օրը, երբ «Արևածաղիկի» հերթական ամսվա պլանավորման ժամանակ ասացի․

-Ընկեր Նունե, ես ուզում եմ Հրանտ Դինքի մասին գրել։

-Շատ լավ միտք է, Սոֆյա ջան։

Անցան տարիներ, Հրանտի մասին շատ խոսվեց և հաճախ չխոսվեց՝ երբ պետք էր։ Շատ «ջրեր հոսեցին», բայց այդ օրից մինչև այս՝ կատեգորիկ տարբեր ժամանակներ, ամեն հունվարի 19-ին չեմ կարող չհարցնել․ Հրանտի մահից 18 տարի անց մենք՝ Հրանտի հետևում մնացածներս այլևս ուզած-չուզած պետք է պատասխանենք հետևյալ հարցին․ մենք բոլորս Հրա՞նտ ենք։ Մենք բոլորս այդքան անկե՞ղծ ենք։ Այդքան հոգատա՞ր ենք։ Ոչ թե անձամբ մեր, այլ բոլորիս ողջ մնալու համար այդքան անհրաժեշտ անկեղծությունը որպես հոգատարություն մեր կյանքի հիմքում պահո՞ւմ ենք։ Սիրելիների, հարևանի դստեր, փողոցում կիտրոն վաճառող տատիկի, հացթուխ տղամարդու ու Վերին Շորժայում ցրտից այտերը կարմրած ժամկետայինի հանդեպ։

Իսկ բոլորս այդքան անվախ ու համարձա՞կ ենք․․․ Ցեղասպանների, անարդարությունների, ծուռ աշխարհի անօրեն օրենքների, և ամենակարևորը՝ ճշմարտությունն ասելու հարցում․․․ Այդքան համարձա՞կ ենք։

Եվ չնայած 1,500 000 + 1 գրելն, անխոս, միշտ շատ ավելի հեշտ է եղել, բայց և այնպես․ Եղեռնից 110, Հրանտի մահից 18 և Արցախի հայաթափումից ընդամենը 1,5 տարի անց չի լինում չհարցնել․ այսքանից հետո մենք գոնե կեսի կեսի չափ Հրա՞նտ ենք․․․

 

Սոֆյա Հակոբյան