Բա տուն չենք գնո՞ւմ

Փոքրը քնած էր, մեծը՝ արթուն, երբ առաջին անգամ գնաց: Մեծը՝ գանգուր, արևագույն մազեր ուներ, նոր տեղացած ձյան պես ճերմակ մաշկ ու ծովագույն աչքեր՝ էն որ ո՛չ կապույտ են, ո՛չ կանաչ, կամ և՛ կապույտ են, և՛ կանաչ: Փոքրը սևուկ էր, մուգ շագանակագույն աչքերով, չարաճճի, աշխարհում ամենաշատը սիրում էր կոնֆետ, տան մեջ վազվզել ու պապային: Փոքրն իրեն էր նման, մեծը՝ կնոջը: Հենց կինն էլ բացեց դուռը, որ գնա: Մի պահ կանգնեց դռան ու կնոջ մեջտեղում, բայց կինը ձայն չհանեց, ինքն էլ ոչինչ չասաց: Քանի որ առաջին անգամ էր խոպան գնում, շրջվեց, արագ համբուրեց կնոջն ու դուրս եկավ: Ճամպրուկը սև էր, մեծ, ծանր:

Ինքնաթիռում քնեց. փոքրը հինգ տարեկան էր, մեծը՝ ութ, կինը՝ գեղեցկուհի: Ինքը էլ չէր հասցնում. աղջիկներն արագ էին մեծանում, տունն առաջ էր մեծ ու հարմարավետ, հիմա խուց էր դարձել, կինը հաճախ էր նայում հին ալբոմները, որտեղ նա սիրուն շորերով էր, ժպտում էր...

-Բա ինձ ի՞նչ կբերես, պապա՛,-ասել էր փոքրը:

-Շուտ կգաս չէ՞, պա՛պ,-ասել էր մեծը:

Նոր տարվա շեմին եկավ: Մատները ճամպրուկից ավելի սև էին դարձել, աչքերն ուռել էին, մեջքը՝ կորացել, ձախ ոտքը ցավում էր մի քիչ, մորուք էր պահում, որում սպիտակ մազեր կային: Փոքրը էլ չէր վազվզում տանը, բայց հոր գիրկն ընկավ, երբ մոսկովսկի կոնֆետները տեսավ, որոնք միակ գունավոր բաներն էին ճամպրուկի մեջ: Մեծը հեռու կանգնած էր, մոտեցավ, հայրը համբուրեց, հետո էլի գնաց հեռու կանգնեց: Կինը տոլմա էր սարքել՝ մեծ կաթսայով:

Երկուսն էլ քնած չէին, երբ երկրորդ անգամ գնաց: Ոտքի ցավն անցել էր, մատների սևությունը՝ նույնպես, սափրվել էր: Երկուսի ճակատներն էլ համբուրեց, փոքրին նաև գրկեց, մեծն արագ հեռացավ մի կողմ: Կինն էլի դուռը բացեց, ինքն էլ արագ հեռացավ: Չշրջվեց:

-Շուտ կգաս չէ՞, պա՛պ,-ասաց փոքրը:

Մեծը ոչինչ չասաց:

Նոր տարվա շեմին եկավ: Մատների սևությունը, թվում էր, երբեք չի անցնի, այդպես էլ եղավ: Ձախ ոտքը հազիվ էր դնում գետնին, կորացել էր, մորուքի մեջ հատուկենտ սև մազեր էին նկատվում:

Փոքրը չնետվեց դեպի կոնֆետները, մեծը տանը չէր. ընկերուհիներից մեկի ծննդյան օրվա առիթով դասարանցիներով հավաքվել էին ու առաջին անգամ շամպայն էին խմում: Փոքրը հեռու կանգնած էր, մոտեցավ, հայրը համբուրեց, հետո էլի գնաց հեռու կանգնեց: Կինը տոլմա էր սարքել՝ մեծ կաթսայով, անալի:

Երրորդ անգամ որոշեց երկար ժամանակով գնալ: Ծխելու նման բան էր դարձել գնալը: Չէր կարողանում թարգել: «Կգնամ, մի հարմար տուն կվարձեմ, կբերեմ մոտս բոլորին»,-մտածել էր: Երկուսն էլ քնած էին, որ գնաց: Կինն էլ:

Սիրուն քաղաք էր: Մեջտեղով գետ էր հոսում, անտեր խոպանի գետերն էլ հո գետ չեն, ծովակարոտ մարդու աչքին ծով են թվում՝ անծայրածիր, երազանքի պես: Տան պատուհանները հենց գետին էլ նայում էին: Դիմացը փոքրիկ կամուրջ էր: «Փոքրս կվազվզի գետի վրայով»,- նայեց պատուհանից դուրս ու մտածեց:

Կինն իրենց նշանդրեքի շորն էր հագել. սպիտակ, կապույտ, մեծ պուտերով, ծնկից մի քիչ ներքև: Մեծն արդեն կնոջ բոյին էր ու հեռախոսով ինչ-որ մեկին ինչ-որ բան էր գրում՝ հենց ինքնաթիռից իջնելով: Փոքրը հորանջում էր, երևի ինքնաթիռում քնած էր: Ինքն էլ մազ չուներ գլխին՝ ո՛չ սև, ո՛չ սպիտակ: Երեքին էլ գրկեց, կնոջը նույնիսկ համբուրեց.

-Ստեղ ամոթ չի,-ասաց:

-Հեռո՞ւ ա էդ տունը,-փոքրը շարունակում էր հորանջել:

Գրպանում կոնֆետներ էր պահել, բայց չտվեց փոքրիկին: Ամաչեց, զգաց, որ պետք չի, կարիքը չկա: Մեքենայի մեջ մեծը դրեց ականջակալները ու սիրելի երգի տակ գլուխը հետ ու առաջ էր անում, երբ հայրը հարցրեց.

-Բալե՛ս, դասերդ լավ են չէ՞, էլի գերազանցիկ ես չէ՞:

Նոր տարին դիմավորեցին նոր քաղաքում: Հետո գարուն եկավ, հետո ամառ, հետո աշուն, ձմեռ ու նորից գարուն... Փոքրն այդպես էլ չվազվզեց գետի վրա, մեծն այդպես էլ պատուհանից չնայեց ծովաչափ գետին, կինն այդպես էլ չսարքեց առանձնահատուկ տոլման:

-Վստա՞հ ես, որ հենց ստեղ պիտի մեծացնենք երեխեքին,-մի գիշեր ասաց մարդուն, այն ժամանակ, երբ մեծը փոքրերի սենյակի հեռուստացույցով առաջին անգամ էրոտիկ ֆիլմ էր նայում՝ անձայն:

Ինքը ոչինչ չպատասխանեց: Ճամպրուկներն ինքն էր տանում. երեքն էլ հետ եկան տուն, ինքն ասաց՝ Նոր տարվա շեմին կգա:

Բայց ավելի շուտ եկավ. փոքրն ամուսնանում էր: Լավ տղա էր, աշխատող, այդ թվում՝ փող: Պատվավոր սեղանի մոտ նստած անթարթ նայում էր հարսանեկան պարով պտտվող դստերը: Աղջիկը չէր նկատում այդ հայացքը: Փոքրն էլ, մեծն էլ:

Հետո մեծի հարսանիքին եկավ: Ոնց որ հրեշտակ լիներ աղջիկը: Սեղանի շուրջ նստած՝ անթարթ նայում էր հարսանեկան պարը, երբ փոքրն ականջին շշնջաց.

-Պապիկ ես դառնալու, պա՛պ ջան:

Չգիտեր որին նետվի գրկի՝ նրան, ով ճերմակ զգեստով ճախրում էր, թե՞ նրան, որ եկավ ու ասաց: Մի բաժակ օղի խմեց...

-Ախր ո՞նց գամ, հեսա էդ երեխեն կծնվի, պիտի օգնեմ չէ՞,-ասաց կինը: Ինքը նորից գնաց: Դեռ ծխում էր:

Առաջին հայացքից արդեն հասկանալի չէր՝ որն էր մեծը, որը՝ փոքրը: Եթե չլինեին աչքերի ու մաշկի գույները հնարավոր չէր լինի տարբերել նրանց: Փոքրը երեք զավակ ուներ, մեծը՝ երկու: Մեծի դուստրը գանգուր արևագույն մազեր ուներ, նոր տեղացած ձյան պես ճերմակ մաշկ ու ծովագույն աչքեր՝ էն որ ո՛չ կապույտ են, ո՛չ կանաչ, կամ և՛ կապույտ են, և՛ կանաչ:

-Պապիկն ա, բալե՛ս,-երեխային տվեց հոր գիրկը մեծը:

Ինքն էլ գրկեց: Ձեռքերը դողում էին, չնայած՝ ինչու միայն ձեռքերը: Փոքրն ամառները մեկ ամսով վերադառնում էր, մեկ-մեկ միայն երեխաներին էր ուղարկում, իսկ տարվա մյուս մասն ապրում էր «մի հեռու երկրում»: Երկիրն այդ, իհարկե, անուն ուներ, բայց մի անգամ, երբ շուկայում քայլում էր ու հին ծանոթ տեսավ, որն էլ հետաքրքրվեց, թե բա փոքրդ ո՞ւր է, ինքն էլ չհիշեց այդ երկրի անունն ու պատասխանեց. «մի հեռու երկրում»: Ինքն էլ չէր գնում: Կգնար, եթե կարողանար հիսուն մետր ինքնուրույն քայլել: Չէր էլ ծխում: Չէր թարգել, ուղղակի մոռացել էր, որ ժամանակին ծխում էր: Կինն էր գնացել՝ ընդմիշտ: Այդ բաժանումից հետո երբեմն մեծին էլ, փոքրիկին էլ կնոջ անունով էր դիմում: Մեծն էլ, փոքրն էլ ժպտում էին: Մենակ էր ապրում: Մեծը գալիս էր, ճաշն էր եփում, լվացքն էր անում, փոքրն էլ զանգում էր, փող էր ուղարկում:

Այդ ամառ փոքրն ամբողջ ընտանիքով եկավ: Երկու քույր որոշեցին քաղաքից դուրս գնալ.

-Բա պապա՞ն,-ասաց մեծը:

-Իրեն էլ կտանենք,-ասաց փոքրը:

Տարան: Փեսաներն օգնեցին, նստեց մեքենա: Ծառերը շատ էին, դրանցից մեկին թիկն տվեց ու նստեց: Կողքին գետ էր հոսում: Անտեր հայրենիքի գետերն էլ հո գետ չեն, առվակ են, էն որ կարող ես մի ափից մյուսը ցատկել: Աչքը հառել էր գետին ու նայում էր, չնայած՝ ով գիտի, թե ինչ էր անում: Ինքը չէր ասում, համարյա չէր խոսում: Չէ, ուտում էր, օրինակ, խորովածը կերավ, խմում էլ էր, բայց գրեթե չէր խոսում: Խորովածը նոր էին կերել, փեսաները նարդի էին խաղում, աղջիկները խաշլամայի կարտոֆիլն էին մաքրում, որ երեկոյան ուտեն, երեխաները՝ բոլոր հինգը, վազվզում էին գետի շուրջբոլորը, երբ հանկարծ նայեց մեծին ու փոքրին և ասաց.

-Բալա՛, բա տուն չենք գնո՞ւմ...

 

Հովիկ Աֆյան