Այստեղ ապրելու համար սեր պետք է, կրակ պետք է, եզան ճակատով խևություն պետք է

Չեմ դավաճանի ո՛չ այս թշվառությանը, ո՛չ այս գեղեցկությանը

Եվ եթե մարդ համառություն չունի և չունի այն, որ անվանում ենք հայրենիքի սեր, այստեղ չի կարող ապրել։ Այստեղ ապրելու համար սեր պետք է, կրակ պետք է, եզան ճակատով խևություն պետք է։

Կոստան Զարյան

 

Երեսնամյա երիտասարդը հետահայաց կարող է նայել իր անցած ճանապարհին։ Երկու դիտակետից պետք է նայի․ ի՞նչ արեց անցյալում, ինչի՞ է հասել և ո՞ւր պետք է գնա։ Արդյո՞ք պատրաստված է ապագայի համար։

Մենք հպարտությամբ կլսենք մեր հիմնը (պետությա՞ն հիմն է, թե՞ նրանցից մեկը, որ, Չարնեցն ասում է, անդունդը ընկան ու արնոտ միգում ճարճատում են դեռ), կփռփռա դրոշը, կհպարտանանք։

Կամ էլ՝ կհայհոյենք մեր բախտը, պետությանը, իշխանություններին, դավաճաններին ու երեսնամյա մեր անկախությունը կհեգնենք, կհամարենք՝ մոլորյալ ենք եղել։

Մեկ դարում քանի՞ անգամ համոզվեցինք, հաստատեցինք մեր անկախությունը։

Սիրտս ցավում է, որ անկախությունը բաց վերքի պես արնահոսում է։

Գուցե վերքի պատճառները հասկանանք։ Հոգու ու մարմնի հմուտ բժիշկներ չունենք։  Ում ունեինք, նրանց գլուխները ջարդել են դեռ մեկ դար առաջ, ում ունենք, նրանց գլուխները հարթուկում ենք կեղծ բարեպաշտությամբ։ Քաջառողջություն մեզ ու մեր պետությանը։

Վենետիկի Սուրբ Ղազար կղզում՝ նույն այն սենյակում, որտեղ ժամանակին Բայրոնը սովորեց Աստծո լեզուն, Կոստան Զարյանը սովորեց իր աղոթքի լեզուն։ Դա վերադարձրեց իրեն արմատներ․ «Արարատը մագնիսի նման քաշեց»։

Վերադարձը շատերի նահանջի նման կատարյալ էր։ Ծնվեց «Նավը լեռան վրա» վեպը։

Վերնագիրը հավատավորներիս կտանի դեպի Աստվածաշունչ։ Մենք կհիշենք, որ երբևէ նավը լեռան վրա է եղել, այն էլ ինչ լեռան՝ Արարատի։ Առաջին անգամ Նոյն էր նավապետը։ Երկրորդ անգամ Արա Հերյանն է՝ մեռնող ու հարություն առնող աստծո անունը կրող նավապետը, որ եկել էր մեռնող պետականությանը հարություն տալու։

Վեպում նավը ընթացքի ու շարժման խորհրդանիշ է, լեռը՝ Հայաստանի ու հայ ժողովրդի։ Նավը լեռը բարձրացնելը՝ Սևան հասցնելը, խորհրդանշում է հայոց պետականության վերականգնումը։

Եվ էակա՞ն է արդյոք՝ հասնում է նավը տեղ, թե՞ ոչ։ Չգիտեմ։

Պարզ ճշմարտություն կա․ քանի դեռ պայքարում ենք մեր «առանձնահատուկ» թշնամու դեմ  ու չենք կարողանում հաղթել, ուրեմն էական է հասկանալ՝ այդ ի՞նչն է խանգարում մեր՝ Արարատի գագաթին դրոշ դնելուն: Ինչո՞ւ է նա փախչում մեզնից։ Հիմա էլ պարզվեց, որ «Արարատը, փափուչները ձեռքը բռնած, ոտաբոբիկ փախչում է»։ Հիմա էլ, ինչպես Զարյանն էր վստահ, «ողբերգությունները բեմից իջել են ու բռնել կյանքի ասպարեզը»։

Ո՞ւր, ընկե՛ր Արարատ, ո՞ւր։

Շատերը նույն պաթոսով այսօր կոգեկոչեն մեր երեսուն տարվա ազատ, անկախ պետականությունը։ Շատերը ձեռքները ծալած աթեիստաբար կհեգնեն մեր միամիտ խաբվածությունը։ Ու սա մեր պատմության կրկնվող շրջափուլն է։ Երբ Կոստան Զարյանը գրում էր 1918-1920-ականների մեր կենսագրությունը, համոզված էր, որ հայի սրտում հայրենիքը միայն անուշ հիշատակ չպիտի լինի։ Հիմա էլ։

Մեր պետականությանը հարվածում են դրսից։ Մեր առանձնահատուկ թշնամին աղետ է քաղաքակրթության դեմ։ Մենք պաշտպանում ենք Հռիփսիմեի եկեղեցին՝ բախյան այդ կառուցվածքը, նրբագեղությունը, թուրքերից։ Ու մեկ էլ աշխարհից, որ զոհի մսերը չգիտի՝ ինչպես բաժանի։

Մեր պետականությանը հարվածում ենք ներսից։ Մենք ենք միակ պատասխանատուն ու տերը։ Երբ նավը փոթորկի ժամանակ խորտակման եզրին է հայտնվում, հույսը բացառապես իր վրա է դնում։ Մեծ ջանքերի դեպքում մրրկահավի պես ճեղքում է փոթորիկը։ Մի ալբատրոսի չա՞փ էլ չկանք։ «Հայաստանը դաժանորեն մենակ է»։ Քանի հազարամյակ ապրեցինք, էլի՞ չհասկացանք այս պարզից էլ պարզ ճշմարտությունը։

«Պատերազմ, հեղափոխություն, փլուզում»,- ասում է Զարյանը հարյուր տարի առաջվա Հայաստանի մասին։ Այդ երեքն ուրվականի պես հետապնդում են մեր պատմությունը։

Ի՞նչ անել այս Ագռավաքարից դուրս գալու համար։ Բանալին հենց ինքը՝ Զարյանը, տվել է, մենք էլ պարզապես կախել ենք վզներիցս ու  թռել․․․ Ամերիկաներ։

«Եվ եթե լավ մտածենք, փախչելը նվաստություն է, մարդը երբեք չպետք է լքի հայրենիքը, նույնիսկ եթե կյանքի վտանգ կա։ Գաղթականը, վերջիվերջո, կեսմարդ է»։

Եթե Արան, որ գեղեցիկ է իր նյութական ու գաղափարական վերադարձով, դժվարությամբ եզներ է գտնում, համոզում, խնդրում, զայրանում, հուսահատվում, բայց չի որբացնում պետություն ստեղծելու իր տեսիլը, ունե՞նք բարոյական իրավունք նայել մթության, գաղափարական մեծ խավարի աչքերին։ Ունե՞նք իրավունք կավատ ու մեղկ մարդկության զոհը դառնալ։ Ունե՞նք իրավունք խառնակ ժամանակների այս հոսանքին ընդառաջ նվիրական շատ արժեքները դարձնել  անկայուն հասկացություններ։ Մեղկ դարի փուչ արժեքները՝ կծու, լեղի, թունավոր, հափշտակել ենք ու օրորում ենք մեր օրհնյալ երկրում։ Չկշտացա՞նք ցավից։ Այո՛, «տառապանքը գեղեցիկ է, երբ նա ծնունդ է տալիս ստեղծագործական ուժերին, հոգեկան թռիչքներին, կյանքի լեցունության, որոնք որոնում են արտահայտության միջոցներ»։ Բայց մենք դրանից էլ ենք հրաժարվում։ Եկեք ամերիկացու պես անհոգ ժպտանք, կարծես աշխարհը լեն ու բոլ, մենք էլ՝ աշխարհի տերը։

Ես հանդիսավոր կրկնում եմ․ «չեմ դավաճանի ո՛չ այս թշվառությանը, ո՛չ այս գեղեցկությանը»։ Կեսմարդ չեմ։

Ո՞ւր գնալ, ընկե՛ր Հայաստան, ո՞ւր գնալ։

Մենք տոնում ենք՝ ինչի՞ հաղթանակը, որ նավը շարունակում է նավարկե՞լ անապատում։ Ու մենք շատ էլ գոհ ենք դրանից։ Ու քանի չենք պահել պետականությունը ոչ թե թղթով, այլ մեր մտածողության մեջ, մի օր էլ Արարատի պես հենց Հայաստանը վեր կկենա, փեշերը քշտած կփախչի մեզնից։

Ո՞ւր, ընկե՛ր Հայաստան, ո՞ւր։

«Մեռնել անկախության համար գեղեցիկ գաղափար է, բայց անկախություն ունենալ մեռնելու համար հիմար  գաղափար է»։ Երեսուն տարի մեր ապրելու կերպը այս երկրորդն է եղել։

Ուժ գտնենք մի նավապետի չափ ամեն մեկս ու կարողանանք հրաժարվել հանուն միության։ Հրաժարվել ինչից որ պատահի, միայն թե հանուն միության ծառայի։

Ասել է՝ «մարդ չգիտի՝ ծիծաղի, թե լաց լինի։ Այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ եթե  մարդ սկսի լաց լինել, էլ երբեք կանգ չի առնի»։

Մի օր անկախությունը թող դառնա սովորական օր, մեր կենսակերպի պես աննկատելի։ Ինչո՞ւ ես այդքան ճիշտ։ Ինչո՞ւ։

Հայաստանը քարի, ձյան, հպարտ մենակության երկիր է։ Մեր պետության քաղաքացին եզան ճակատով խևություն կունենա՛։ Անկախությունը կպահե՛նք։ Պետականությունը կպահե՛նք, որովհետև Հերյաններ կան, որ ծովերի նավապետ են ու գալիս են պատմության խորքից՝ մեր մտածողության մեջ Սևանը նավարկելի դարձնելու։

Կեսմարդ չլինենք։ Բռնենք փախչող Արարատին։ Նայենք աչքերին, սեր խոստովանենք, պարսպենք, պաշտպանենք, գագաթին դրոշ դնենք, թող փռփռա։

 

Վանուհի Բաղրամյան