Այլ նաև բանիվ

Ի սկզբանէ էր բանն․ եւ բանն էր առ Աստուած․ եւ Աստուած էր բանն։

Սկզբում խոսքն էր, և խոսքն էր առ Աստված, և Աստված էր խոսքը։ Բանը խոսքն է։ Հովհաննես առաքյալը ներկայացնում է խոսքի նախաստեղծ էությունն ու արժեքը` խորհրդանշելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Խոսքն է, բառն է, որով պետք է կառուցվեր կամ չկառուցվեր Բաբելոնի աշտարակը։

Խոսքը հասարակություններ, ամբոխներ է տանում դեպի եդեմ կամ ինքնասպանություն։ Այդ «բանի» արժեքի գիտակցումն էր, որ Ռուբեն Ֆիլյանին ստիպեց գնալ բառի հետևից ու դառնալ դեսպանը քո, իմ, բոլորի երկրի։ Երեսնամյա կյանքի ճամփորդությունը հեղինակին ստիպեց խորհել հողի, բանի, Աստծու, մեր ապրելու մասին։ Մտածեց, շատ մտածեց, երկար մտածեց ու դարձավ աշխարհի տարբեր քաղաքներում մեր երկրի դեսպանացուն։ Հիմա «Քո երկրի դեսպանը» գնացել է դեսպանություն անելու Աստծու երկրում, հասկանալու՝ Աստված ինչու է ուշանում երբեմն։

Արմեն Շեկոյանն ասում է, թե նա «գրող էր ծնվել, բայց գրողների հետ հազվադեպ էր առնչվում, քանզի ատում էր գրքայնությունն ու հույժ խորհրդայնացված գրող-գրող խաղը։ Իր ընկերական մեծ շրջապատի անդամները հիմնականում նկարիչներ էին, դերասան-ռեժիսորներ. նրա բազմախորհուրդ հոգին մատչելի էր միայն նրանց, ում համար հատկապես և առաջին հերթին էր կարևոր ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ կարգախոս-տեսլականը»։

Ուրեմն այս քո ազատ երկրի դեսպանը կամ քո երկրի ազատ դեսպանը կամ էլ թե ազատ քո երկրի դեսպանը՝ ինքնակենսագրություն չճանաչող Ֆիլյանը, հեռու հեռավոր սահմաններից թակեց գրականության դուռը, որ բան ասի, մենք էլ լսենք բանն ու հետևենք ձայնին։

Եվ իրիկուն ու առավոտ լինելով՝ վերջին օրը եկավ։ Վերջի մասին այն կարծիքին էր, թե դա անվերջը կլինի մեզ համար։ Բայց մինչև այդ նրան նախ սկիզբն էր գերում ու գնում էր հենց ի սկզբանէ ասված խոսքի հետևից։ Այդ ձայնը թիկունքից անընդհատ լսում էր հերոսը, որ նա էր, դու էիր, ես էի, հերոսը մենք էինք ու ենք։

Վիպակում չկան անձեր, անգամ սեփական անձի անունից խոսում է Մենք-ով։ Մեծատառով ընդգծում է «բան» արմատը և նրանով կազմված բոլոր բառերում մեծատառացնում այն։ Ուրեմն սա Աստծու խոսքն է։

Ժամանակը դրել է ժամանակի մեջ։ Աշխարհաստեղծման օրերը բացել է մեկիկ-մեկիկ ու մեր երկրի հազարամյա պատմությունը տեղավորել է նրանցում։ Տեղավորվել է։ Ներկան էլ կա, անցյալը՝ հատկապես, վերջում խոսում է նաև ապագայի՝ իր տեսլականի մասին։

Ուրեմն Աստված ստեղծեց երկիրը։ Մենք ունենք հող, քար (Ագռավաքար)։ «Իսկ քարերը երկար են ապրում․ դրանք մեր հողի արձաններն են․․․»։ Ահա թե ինչ․ ուրեմն քարերը խորհրդանշում են մեր մշտակա լինե՞լը, քանի որ նրանք արձաններ են, իսկ արձանները հավերժացնելու նպատակ ունեն։ Մենք արձանապաշտ, կողոթապաշտ։ Մենք, որ ամեն քարից տաճար ու եկեղեցի ենք կառուցում, որ գան, քանդեն։ «Այնտեղ, որտեղ այդ պահին է, կկառուցի հոյակերտ մի տաճար՝ պայմանով միայն, որ ինքը կողքին ապրի՝ թեկուզ հավաբնում կամ մռայլ ու անհրապույր մի տնակում»։ Մենք կառուցող ենք, ու դրա համար է, որ մեզ քար է բաժին ընկել, որ սարքենք, կառուցենք, շինենք, կերտենք, կառուցապատենք, շինարարենք։ Եվ Աստված տեսավ, որ բարի ենք, տվեց իր մոտ մնացածը։ Իսկ ես միամտաբար կարծել եմ, թե քարը մահվան խորհուրդն ունի։ Ֆիլյանն ասում է, որ մահը ամեն ինչի ու ամեն բանի հետ է։ Ուրեմն երևի այն ընկալել է պետք որպես առօրյա մի սովորական իրողություն (ու դեռ ինչքա՞ն)։

Ինչո՞ւ ենք մեռնում, ինչո՞ւ է Աստված այսքան դանդաղում իր աջը մեր գլխին դնելու գործում։ Որբ ենք մնացել։ Ասում է․ «Նրան մայր է ծնել, բայց նա ոչ մեկի զավակը չի, ու այդպես ողջ աշխարհում մեն-մենակ նա խարխափելով քայլում է առաջ, ու նրան անդադար հետապնդում են կասկածը, վհատությունը, տրտունջը, տարակուսանքը, տագնապն ու արհավիրքը»։ Ֆիլյանը կառքով, որ մեր պատմության խորհուրդն ունի, շրջում է որբացած քարարձաններով մեր երկրում։ Ու պարզ է դառնում, որ մենք, որ ծնել է ինչ-որ մեկը, սիրո կարիք ունենք։ Մի տեսակ անկարևոր էլ է դարձել, թե էդ սերը որ կողմից է․ ռուսի սերն է, եվրոպացու, թուրքինն էլ որ լինի, կհավատանք։ Դե մենք քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինը ընդունած ազգ ենք ու դրանով ուզում ենք ապացուցած լինել մեր քրիստոնյա լինելու աստիճանը, մակարդակը․ Աստված սեր է․ «Եվ դրախտի դարամագլուխն էլ միմիայն սերն է, ու այդ սերն է, որ պակասում է ձեզ, ուրիշ ոչ մի Բան։ Ամեն բան պիտի սեր լինի, ու սիրուց զատ ուրիշ ոչինչ չպիտի ճանաչեք։ Պիտի սիրով պատվաստվեն ձեր հոգիները, ու այդժամ փող պիտի փչվի և մեռածները, որ քրիստոնյա էին, պիտի հարություն առնեն որպես անապականներ, ու մենք պիտի նորոգվենք»։ Պիտի՛։

Իսկ դրա համար Աստծուն աղոթել է պետք, որ մեզ փրկի մեզնից, ու չխեղդվենք մերձավորին ատելու բուռն ցանկության մեջ։

Ֆիլյանը կառքով գնում է այս թագավորից այն բանաստեղծը, այս պատերազմից այն կրոնը ու կարծես մատյանում ներկա բացակա է անում հայ ժողովրդի բոլոր կյանքերը։ Իսկ գուցե հեթանոսությունը մեր մեջ սիրո ավելի շատ սերմեր էր ցանում։

Համենայն դեպս երբ գալիս էին մեզ ոչնչացնելու, ոչնչացնողը իր տերերին այսպես էր զեկուցում․ «Ոչնչացնում ենք, սպանում ավերում, հիմնովին քանդում ու հետո մարդահամար կատարում, նորից նույնն են անում, նրանց թիվը երբեք, ոչ մի կերպ չի փոխվում»։ Հիմա օր օրի ավելանում է քարարձանների թիվը բլուրների վրա։ Իսկ մենք կնգուղով ու վեղարով «աղերսում ենք առ Աստված՝ գոնե ևս հազար տարով ներել աշխարհը»։ Հազար տարի հետո Մհերը դուրս կգա։

Մարդ չգիտի՝ վաղն ինչ կլինի, բայց ես հազար տարվա ապրելու մեծ ախորժակ ունեմ։

Գիտունները թող գլուխ կոտրեն մեզ վերացնելու եղանակներ փնտրելու համար։  Ֆիլյանն ասում է՝ գիտունները հավաքվել, խելք խելքի են տվել ու փորձել են որոշել՝ ինչպես վերացնեն մեզ․ տանջել, բայց մենք տանջվել սիրում ենք։ Ուրեմն հանգիստ թողնել մեզ, որ հզորանանք, վիշտ չունենանք ու այդպես սատկենք երջանկությունից։ Հետո մեզ կդատեն, թեկուզ պատժվել չկարողանալու համար։

Գիտունները օգնում են մեզ կերտել մեր ինքնակենսագրությունը, որ դանդաղ-դանդաղ հեռանում է մեզնից։ Ֆիլյանը կառքով գնում է պատմության քառուղիներով։ Ֆիլյանը չի, մենք ենք, ժողովուրդն ենք, ապրողներն ենք։ Մենք միշտ ուղեկցող ունենք․ մեր ստվերն է։ Մենք միշտ ձայն ենք լսում․ մեր լռությունն է (գոնե Ձենով Օհանի ականջը կանչի)։ Մենք դեռ փնտրում ենք ինչ լինել, ինչ դառնալ։ Ֆիլյանն ասում է՝ քիչ է ծնվելը, պետք է կարողանաս ծնվածդ դառնալ։ 

Լուսավոր է տեսնում Ֆիլյանը մեր պատմության անավարտը։ Մնում է միայն ծայրահեղ հակասությունների մեջ ճիշտ ընտրելու կարողությունը ունենանք։ Խաչմերուկում լինելով՝ մեր երկրի դեսպանացուները չեն կողմնորոշվում՝ ում փեշը բռնեն (Արշակի ու Շապուհի վրանային հանդիպումը հիշեց Ֆիլյանը)՝ առանց հասկանալու, որ մեր ԱԶԱՏՈՒԹՅԱՆ համար միայն ու միայն պատասխանատուն, տերը, նվաճողը, պահողը մենք ենք։

Մենք, որ տեսնում ենք «թերիության՝ կատարյալը, բարձրության՝ ստորոտը, կործանման՝ դիտավորությունը, դիտավորության՝ պատահականությունը, պատահականության՝ ճակատագիրը, ճակատագրի՝ դժբախտը, դժբախտության անմահությունը։ Ազատության՝ պատկանելիությունը, կայունության՝ հեղափոխությունը, հեղափոխության՝ անվերջությունը և անվերջության՝ սահմանագիծը։ Միակողմանիության՝ բազմապիսիությունը, վարակի՝ համաճարակը, ձեռնպահության՝ դավաճանությունը, լուրի՝ գույժը, լավի՝ հակառակը, վատի՝ հակառակը, հակառակի՝ ընդհակառակը»։ Տեսնում ու ընտրում ենք հակառակի ընդհակառակը, ու դրա համար մեր գլխին տալիս են, հետո կտրում են էդ գլուխը։ Հազար տարի հետո Արտավազդի շղթաները անձամբ ենք քանդելու, որ գա, մեզ ապտակի ու գոռա, թե ավերակների վրա ոնց կառավարի։ Իսկ մենք այդ ժամանակ երջանկությունից սատկելիս կլինենք, ու չենք լսի ՁԱՅՆԸ, չենք տեսնի մեր ՈՒՂԵԿՑՈՂ-ՍՏՎԵՐԸ։

Ֆիլյանը կարճ ապրեց, բայց շատ ուզեց ՉՄԱՀ դարձնել մեզ թեկուզ իր գրով։

Ուրեմն սկզբում էլ, վերջում էլ, միշտ էլ խոսքն է, որ ապացուցում է, թե ապրում ենք։

(Բաբելոնի աշտարակաշինությունը հենց Երևանի կենտրոնում էլ ընթացքի մեջ է․ վերելակն են տեղադրում)։

 

Վանուհի Բաղրամյան