Ավտոբուսը

Ցուրտ աշնանային երեկո էր։ Այն երեկոներից, երբ ուզում ես գնալ տուն , արագ-արագ հանվել, թեյնիկը դնել կրակին ու վառել բուխարին։ Հետո մի բաժակ տաք մանդարինի համով թեյը վերցնել, ծածկոցով ծածկվել ու երազել, թերթելով սիրած գրքի էջերը, կարդալ գեղեցիկ մտքեր կյանքի մասին, որը թվում է՝ բոլորի մասին է շուրջդ, բայց քեզ չի հանդիպում։

Կանգառում կանգնած սպասում էր, թե երբ է գալու ավտոբուսը, որը նրան կտաներ տուն։ Ցուրտը մինչև ոսկորներն էր հասել, քանի որ ավելի լավ է մրսել քան նորաձև չհագնվել։ Ախր աշունը հենց նորաձևության եղանակն է։ Նա սիրում էր սիրուն հագնվել, սիրուն երևալ ու սիրուն իրերով իրեն շրջապատել։ Դա նրա ամենասիրուն թերությունն էր։ Մրսում էր ու որպեսզի չսկսեր դողալ մինչև ականջները մտել էր հեռախոսի մեջ, ընկերներից մեկին էր գրում թե ինչքան երկար է սպասում, ինչքան է մրսում։ Կարող էր տաքսի կանչել սովորականի պես ու շուտ տուն գնալ։ Բայց ինչ-որ բան կարծես հուշում էր սպասել։

Հեռվում վերջապես երևաց լույսը։

-Երանի թե հենց 44 համարը լիներ-ակամա դողացին շուրթերը։

Հենց 44-ն էր։ Զարմանալի դատարկ այդ ժամի համար, երբ բոլորը շտապում էին տուն։ Ինչ երջանկություն, նույնիսկ նստելու տեղ կար։

Կանգնեց հսկա երազանքը, ինչ ծիծաղելի է, նույնիսկ ավտոբուսը կարող է ինչ-որ պահի երազանք լինլ։ Ճիշտ են ասում էլի, երջանկությունը մանրուքների մեջ է։

Արագ բարձրացավ ու տեղավորվեց պատուհանի մոտ՝ շարունակելով գլուխը հեռախոսի մեջ թողնել։

Տեղից շարժվեց ավտոբուսը, ու նա հասկացավ շուտով տանը կլինի։

Ավտոբուսի մեջ տաք էր ու այն լցված էր մանդարինի բույրով։ Մի չարաճճի խուճուճ մազերով, ամպի նման կապույտ-կապույտ աչքերով տղա, մոր պայուսակից հանել ու փոքրիկ մատիկներով կեղեքում էր խեղճ մանդարինին։ Փոքրիկ հրաշքը, մանդարինը ու աշունը հեքիաթային ինչ-որ երանգ ունեին։

Ժպիտով հետևում էր փոքրկին ու ժպտում, երբ ավտոբուսը հաջորդ կանգառում կանգ առավ։ Հետո պիտի նրա շունչը կանգ առներ։

Մի ծիծաղ լսվեց դռների բացվելուն պես։ Այնպես զրնգաց աշխարհում նրա, ասես երբեք դեռ իր կյանքում չէր լսել ծիծաղ։ Հետո լռություն։ Տեղից շարժվեց հսկա չորս անիվներով 44-ը։ Իսկ նա կարծես մեխվեց իր տեղում, անհարմար աթոռին։ Հետո կարծես նորից վերաարձավ երկիր ու փորձեց գտնել նրան։ Դա այնքան էլ բարդ չէր, քանի որ տարբերվողը հենց իր կողքն էր նստել։

Հազար ու մի գույն կար նրա հագուստի մեջ, ասես գրազ էր եկել ինչ-որ մեկի հետ, որ բոլոր գույներն իր մեջ նա կարող է միավորել, ու գիտեք այնքան էին սազում նրան գույները։ Դեղին գլխարկի տակից ալիքներ էն իջնում մինչև ուսերը բարակ, ու ալիքների ամեն մի թելով ասես աղջիկը իրեն էր կապում աթոռակցին։

-Գրողը տանի, այս ինչ էր․ -ինքն իրեն փորձում էր ուշքի բերել։ Նա է, ում փնտրում էիր։ Չէ, նա չափազանց ուրիշ է։ Խենթ է։ Այո նա խենթ է ու նորից այդ ծիծաղը։

Ուշքի եկավ, տեսավ որ գունավոր շորերով աղջիկը գողացել է փոքրիկի մանդարինը։

-Տամ, չէ չեմ տա։ Մի հատիկ պաչիկ, մի մանդարինի դիմաց, -զրնգուն ձայնով աղջիկն ասաց։ Փոքրիկը չուզենալով մոտեցավ ու կանգ առավ․․․

-Տու՛ր, իմն է, մամա ասա՛։ Չարաճճի փոքրիկը նեղացել էր ու աչքերի ամպերը մի տեսակ մոխրագույն էին դարձել։

-Չեմ տա, ուզում ես, դե մի հատ պաչիկ, -նորից նույն ձայնը։

Տղան արագ կարծես կրակի մեջ մտցրեց ձեռքը ու արագ հետ քաշվեց, համբուրեց ու իր մանդարինը վերադարձրեց։

-Ո՞ւր է իմ մանդարինը, ինչո՞ւ չվերցրի հետս, -ակամա դուրս թռավ բերանից։

-Ի՞նչ, -կարծես նոր նկատեց աղջիկը, որ իր կողքին մարդ կար։

-Ուզում էի լինել փոքրիկի փոխարեն, -խոսեց մեղավոր ձայնով։

-Ձեզ մանդարինը չէի վեադարձնի, հույս չունենաք։

-Իրոք, ինչո՞ւ։

Լռություն։

Հաջորդ կանգառում նորից դռները բացվեցին, հազիվ մի կերպ խցկվեցին մարդիկ։ Վերջին վայրկյանին նկատեց․ կանգառի մոտ մի տարեց կին մանդարին էր վաճառում։

Գոռաց՝ մի վայրկյան սպասի՛ր վարպետ, խնդրում եմ։ Վազեց, արագ մի տոպրակ մանդարին գնեց ու հասցրեց նորից նույն ավտոբուսը նստել։ Կանգնել։ Իր տեղն արդեն զբաղված էր։ Մնաց դռների մոտ, չէր կարող առաջանալ, պետք է սպասեր։

Մարդկանց կազմած պատնեշը պետք է ճեղքեր, միայն գունավոր շորի փեշն էր տեսնում։ Հաջորդ կանգառում պետք է իջներ, իսկ գունավոր շորի հետքը կորցրեց։

-Կփոխանցեք խնդրում եմ, -մանրադրամը մեկնեց աղջիկը։ Նա պարզեց իր ձեռքը ու մանրադրամը վերցնելու փոխարեն աղջկա ձեռքի մեջ մոռացավ մանդարինը։ Առաջին անգամ աղջիկը լռեց, ասես ծուղակում էր։

-Ի՞նչ եք անում:

-Ես՝ ոչինչ, հետ տուր մանդարինս։

-Ի՞նչ, -ասես չհասկանալով հարցը, կրկնեց։

-Ես կվճարեմ․․․ մի համբույր, թե հազար համբույր է գինը։

-Չի վաճառվում։ Չեմ գողացել, տվել եք։

-Մանդարինը ինչ, սիրտս ես գողացել, մի տոպրակ մանդարին քեզ, մի սիրտ քեզ․․․ բա ինձ ինչ կտաս։

-Ժպտաց ու մի ժպիտով վճարեց ամեն ինչի համար։

Գունավոր շորերով աղջիկը մանդարինահոտ երջանկություն դարձավ։

Իսկ հարսանիքը հենց 44 համարի ավտոբուսի մեջ էր։

 

***

Հայաստան

Նյարդը հանած ատամի նման փշրվում ես Հայաստան։ Ու չի ցավում, էլ։ Դու փշրվում ես ու ոչ մի տեղս չի ցավում։ Մի տեսակ թմրած, ցավազրկված օրեր են։ Պետք է ցավար, պետք է տանջեր։ Պետք է ստիպեր մի բան անել։ Բայց մինչև նյարդն հանելն այնքան երկար ես տնքացել։ Հիմա ուղղակի բնազդային անհոգություն է, ազատ անկում։

Նյարդն հանած ատամի նման փշրվում ես Հայաստան։ Ու ես ափով դեմքս բռնելու փոխարեն ձեռքով դեպի սիրտ եմ գնում։ Ու գիտես՝ էլ չեմ զգում։ Էլ արագ չի զարկում, տեղից դուրս չի թռնում, ուղղակի կա։ Ինչպես կան նրանք, ովքեր ուղղակի չգիտեն, որ չկան իրենք։

Նյարդն հանած ատամի նման բերանի մեջ փշրվում ես Հայաստան ու կուլ տալ չի լինում, պետք կարողանալ դուրս թքել, միևնույն է էլ չի ցավում։ Աշխարհի բերանում փշրանքները քո կուլ չեն գնում, քեզ դուրս են թքում։ Իսկ իմ բերանում արնահամ ու բաց վերք է մնում։

 

Շուշանիկ Գյոլչանյան