Աստված երբեմն լսում է մեր աղոթքները

Աստուած ըսավ․ «Մեր պատկերին ու նմանութեանը պես մարդ ընենք․․․․»։

Աստուած իր պատկերովը ստեղծեց մարդը։

Ծննդոց 1, 2

 

Կամ գուցե Աստված երբե՛մն է լսում մեր աղոթքները։

«Զաբելը, որի պատմությունն է սա, ապրեց, որ հիշի ու մոռանա այս հեքիաթը»։

Ծառից պոկված ճյուղ էր։ Գետը քշել-տարել էր, մի կերպ էր ջրի երեսին մնացել։ Զաբելն ընտանիքը կորցրել էր, մազապուրծ փրկվել, թուրք ու հայ ընտանիքներում ապրել, մեծացել, ամուսնացել, երեխաներ ունեցել, տատիկ դարձել, հուսահատվել, ծերացել էր։ «Զաբելը» կենսագրություն է՝ իրական, մարդեղեն, նյութեղեն ապրած։

Ամերիկայի հայկական դպրոցների պարտադիր գրականության ցանկում  է Նենսի Գրիգորյանի «Զաբել» վեպը։ Օտարագիր գրողների ժամանակակից սերնդից է, որի տատը փրկվել է եղեռնից, փրկվել է, որ մեզ պատմի՝ ինչ է եղել։ Փրկվել է, որ երեխա ունենա, հետո՝ թոռ, որ այդ թոռը՝ Նենսին, մեզ պատմի իր՝ Զաբելի մասին։

Վեպը սկսվում է դրախտ և դժոխք սահմանագծից։ Զաբելն արդեն տարիքը մոռացած ծեր կին է, որը ծերունական վախ ունի, օրինակ, «Արարատ» ծերանոցից։

Այս պատմությունը ողբ չէ եղեռնի մասին։ Սա բնական, կենսական շարադրանքով, երբեմն սրախոս լեզվով գրված կենսագրություն է, որ համամարդկային զգացումներ, ազգային ճակատագիր, անձի հոգաբանական խնդիրներ է իր մեջ պարունակում։

Այստեղ անընդհատ բախվում են ժամանակները և միջավայրերը։ Ֆրանսիական ու հայկական, ամերիկյան ու հայկական, թուրքական ու հայկական․․․ (իսկ հերոսուհուն դուր է գալիս թուրքական երաժշտությունը, որովհետև թախծոտ է ու զգայացունց)։ Երևի սերտաճել ենք։

Այստեղ նախկին արևմտահայն ամերիկահայ է, ֆրանսահայ է։ Այստեղ Մովսես  Չահասբանյանը Մովսես Չարլզ կդառնա (Պետրոսների փոխարեն Պիերներ)։

Այստեղ երկփեղկվածությունն է մեր ճակատագրի։ 5-րդ դարի գրառումներից գիտենք, որ Հայաստանն առաջին ու վերջին անգամ բաժանվեց երկու մասի։ Այդ թիվը խարան է մեր ճակատին․ կիսեցին, երկու հայրենիք սարքեցին, ու հենց այդտեղ մեր սեփական անձերը երկփեղկվեցին՝ այլևս հավիտյան այդպես ապրելու վտանգավոր տեսիլով։ Ես ինչո՞ւ հիշեցի, որ Ծովինարը նախ երկու որդի է ունենում՝ Սանասարն ու Բաղդասարը, ինչո՞ւ են Մհերները երկուսը, ինչո՞ւ է Դավթին երկու կին հանդիպում։

Ժամանակակից հոգեբանությունը բացատրում է, որ անձի երկվությունը, ինչպես տերմինն է՝ անհատականության դիսոցիատիվ խանգարումը, պաշտպանական բնույթ ունի նաև։ Այսինքն՝ մարդը, օրինակ, կարող է կարծել, թե այդ վատ դեպքերը ոչ թե իր, այլ բոլորովին այլ մարդու հետ են տեղի ունեցել։ Զաբելը գուցե այդպես էր դիմակայում եղեռնի հիշողություններին։ Գուցե կարծում էր, որ այն փոքրիկ աղջնակը՝ անապատի ավազներում՝ դիակների մեջ, մորը կորցրած, սոված, մահը գրկած, ամենևին էլ ինքը չի եղել։ Դա ուրիշ մի Զաբել էր, որ աղերսներ չուներ Ամերիկայի իր երկհարկանի տանն ապրող ընտանիքի տեր, մայր, կին այս կնոջ հետ։

Տեսիլը, երազը սերտաճած են հերոսների հետ։ Տեսիլը մարդուն ուղեկցում է իր ստեղծման օրվանից։ Նրանք մեծ տեղ են գրավում, օրինակ, կտակարաններում։ Աստված տեսիլի ձևով հայտնվում է ընտրյալներին։ Կան մարդիկ էլ, որոնց տեսիլները հրեշտակների կամ մարգարեների տեսքով են։ Նրանք այդպես  միջնորդավորված հաղորդակցվում են Աստծո հետ։ Մովսեսին և հորը՝ Թորոսին, երևում են տեսիլներ․ Քրիստոսն է խոսում նրանց հետ։ Սա երազ չէ։ Եզնիկ Կողբացին երազը բացատրել է այսպես․ օրվա ընթացքում մարդ մտածում է, և իր մտածմունքը իրեն ուղեկցում է նաև հանգստի՝ քնի ժամանակ։ Բայց պատահում է, որ մարդ երազում տեսնում է դեպքեր և մարդկանց, որոնց մասին չի էլ մտածել։ Սա է տեսիլը։

Այն սովորական մարդկանց չի երևում։ Ում աչքին որ հայտնվում է, նա առանձնացված պետք է լինի։ Օրինակ՝ Մովսեսին Նենսի Գրիգորյանն առանձնացրեց հենց նրանով, որ ծնունդը վերնագրեց՝ «Սիրո ծնունդը»։ Իսկ Զաբելի մյուս երեխաները շատ ամերիկյան անուններով էին և ընտանեկան պարտականությունից էին ծնված։ Մովսեսի անունը թաքնագիրն էր Զաբելի ապրումների, սիրո, երջանկության պահերի։  

Օգտվելով երազի մոգական ուժից և հենց տեսնողի վրա թողած ազդեցությունից՝ Արսինեն և Զաբելը ոտքի կանգնեցրին Թորոսին․ քնի մեջ Թորոսին թվաց՝ մոր ձայնն է լսում, որ նրան ասում էր, թե  ոտքի կանգնի և մնա ընտանիքի հետ, այնինչ Արսինեն էր «պառավ ջադուկի» ձայնով խոսում, որ Թորոսին հավատացնեն՝ տեսիլ է, ուրեմն պետք է կատարել։

Նրանց անընդհատ հետապնդում է անցյալի վերհուշը։ Սփյուռքահայ և օտարագիր գրողների ստեղծագործություններում վերհուշը դարձավ կարևոր ու անբաժանելի բաղադրիչ։ Սփյուռքի ձևավորման առաջին փուլում այնտեղ ապրող և ստեղծագործող գրողները նախ արևմտահայ գրականության դեմքերն էին։ Նրանք  փրկվել և հաստատվել էին աշխարհի տարբեր ծայրերում։ Նրանք, որոնք փոքր են եղել և դեռ չեն հասցրել ձևավորվել արևմտահայ միջավայրում, այնուամենայնիվ, տեսել են իրենց հայրենի երկիրը, գաղթը, սոսկալի դեպքերը, և սրանք անընդհատ կինոժապավենի կադրերի պես պիտի հայտնվեր աչքերի առաջ։ Անցյալով ապրող ժողովուրդը մշտապես աչքի առաջ ունի անցյալի՝ իրեն ցավ պատճառած օրերը։ Զաբելին անընդհատ հետապնդում է մահացած մոր կերպարը, երբեմն տեսնում է հորը։ Միայն կյանքի վերջում Թորոսն ու Զաբելը պետք է հասկանային, որ իրենց կապողը հենց վերհուշերն են։ Երկուսն էլ էրգրից էին, երկուսն էլ տեսել էին իրենց հայրերի մահը, երկուսն էլ կոտորածի ականատես էին, երկուսին էլ հետապնդում էին այդ դրվագները։ Երևի մեր ազգի միասնականության գերագույն պատճառն ու խթանը վիշտն է։ «Այդ օրերի մասին երբեք չէինք խոսում, չնայած անվերջ մեզ հետ էին, նեխող անասունների նման մեր տան պատերի հետևում ծվարած»։

Զաբելն անընդհատ տեսնում է՝ ինչպես է անապատով վազում, մորը անագե գավաթով ջուր տալիս։ Զաբելն ապրելու քաղց ուներ՝ ենթագիտակցության խորքում թաքնված։  Մայրը սկիզբն է, ջուրը․․․ Ծովինարը կաթնաղբյուրից հղիացավ։ Զաբելն ասում է․ «Ներսումս մանկիկը սաղմանվորվել էր աննշան մի ունդից, ընդամենը մտադրությունից»։ Ասում է՝ ընդամենը, հասկանո՞ւմ եք։ Ջոյն ինչո՞ւ չամուսնացավ։ Ինչո՞ւ ոճիրից մազապուրծ եղած, անապատով, թուրքերի միջով, սպանությունների, սարսափների միջով անցած մարդիկ կարողացան սիրել, ամուսնանալ, ծնել, մայրանալ, ապրել, կատակել, բայց Ամերիկայի խաղաղ, հարթ, անկռիվ, ապահով քաղաքակրթության մեջ ապրող մարդը չկարողացավ կյանք ստեղծել։

Չնայած Արսինեի և Զաբելի երբեմն-երբեմն երևացող սրախոսություններին, չնայած ամերիկյան միջավայրի հարմարվողականությանը, Զաբելի մեջ ապրում էր երկիրը։ Իր երեխաները, որ չէին տեսել Հայաստանը, դարձան ամերիկացիներ։ Երկվություն չկար, ընտրություն չկար, միակը, որ կարող էր լինել, ծնողների հետ տարբերությունն էր։ Իսկ Զաբելի մեջ կռիվ կար, իր հին ու նոր միջավայրերի կռիվն էր։ Ուզում էր այդ օտարացման երկրում պահել իրենը, չկերպարանափոխվել։ Հնարավո՞ր էր։ Դա անխուսափելի հետևանքներ ունեցավ։ Օրինակ՝ լքվածությունը։ Իհարկե, ամերիկացիները (իր երեխաները) այդ երևույթը շատ այլ գեղեցիկ բառերով կարող են պիտակել՝ անձնական տարածք, մենասիրություն, ինքնուրույն ապրելու կամք, ազատության իրավունք և այլն, և այլն։ Մի՞թե հաճնցի մորը կարող ես դա բացատրել։  Սկսվում է օտարացում․ այս անգամ ոչ թե հայրենի երկրից, այլ՝ իրարից։ Եթե դա զավակների համար ազատություն էր, Զաբելի համար՝ լքվածություն էր։ «Առանց ազգանվանդ ու քթիդ ի՞նչ կդառնաս, Մովսես»։ «Օտարի հետ է ամուսնանալու՝ մեր ջգրու»։

«-Զաբել,-ասում է Հիսուսը,-հորս այգում բազում առանձնատներ կան։ Ո՞ր գույնի տունն ես ցանկանում։

-Երկնագույն,-պատասխանում է,-կողքը՝ տանձենի, պարտեզում՝ դաղձ։ Հետո ավելացնում է՝ և թող սկյուռ չլինի։

-Տեսնենք՝ ինչ կարող ենք անել,-ասում է Հիսուսը»։

Հիսուսն ասում է, ու տեսլիքը չքանում է։

 

Վանուհի Բաղրամյան