Արվեստը՝ մեծ խաբեություն

Համեմատե՛ք այս երկու նախադասությունները․

ա) Իմ ձեռքին գիրք է։

բ) Իմ ձեռքին հիմա դեղնավուն թղթի թերթեր են՝ իրար հյուսված և պատված թավշյա կազմով։ Ես թերթում եմ էջերը և տեսնում եմ անթի՜վ-անհամար տառեր, որոնք ձևավորում են բազմաթիվ հիասքանչ նախադասություններ։

Այս հնարքը կոչվում է վերացարկում, և այն մարդկանց ուշադրությունը քո խոսքի վրա կենտրոնացնելու կարևորագույն գործիք է կամ, պարզ ասած, գեղեցիկ խոսքի հիմնական գաղտնիքը։ Առարկան ուղղակի անվանելու փոխարեն՝ նկարագրել այն ուրիշ բառերով՝ ասես պարուրաձև մոտենալով էությանը, բայց և երբեք «չհասնելով» նրան։

Եվ այս հնարքին հմտորեն տիրապետում են գրողները։

Վարպետ գրողն ակնհայտ, նույնիսկ պարզունակ ճշմարտությունները կարող է այնպես «գայթակղիչ» մատուցել, որ ընթերցողին թվա, թե ինքը հենց նոր մի տիեզերական բացահայտում արեց, այնինչ նրա մտքով էլ չի անցնում, որ իրականում ոչ մի նոր բան էլ չի ասվել, պարզապես ձևային հնարքներն են արտասովոր։

Արվեստն առհասարակ մի «մեծ խաբեություն» է, թերևս միայն քաղցր խաբեություն։

Քաղաքակրթության զարգազմանը զուգընթաց՝ մարդ արարածն այնքան սիրեց վերացարկումը, վերացարկված մտածողությունը, որ արվեստում, գրականության մեջ այն այսօր հաճախ նաև ծայրահեղության է հասցնում։ Իրերը համառորեն չեն անվանվում, այլ «բնութագրվում» են միայն, սահմանները տարրալուծվում են, պարզ հասկացությունները՝ բարդացվում։

Գեղեցիկ է, անշուշտ։ Կիսատոների հետ ճարպկորեն խաղալն առանձնակի հմտություններ է պահանջում, և գնահատվում է նա, ով դրսևորում է այդ հմտությունները, ով զարմացնել գիտի։

Միայն թե մի տարօրինակ երևույթ կա․ կյանքի բարդ իրավիճակներում արվեստից հեռու, «հասարակ» մարդիկ շատ անգամ ավելի արագ են որոշումներ կայացնում, ավելի մեծ ճկունություն են ցուցաբերում, ի վերջո՝ ավելի հստակ են տեսնում խնդիրները՝ առանց սար ու ձոր ընկնելու։ Եվ սա էլ արվեստի «կողմնակի ազդեցությունն» է։

Մի ժամանակ ես մտածում էի, որ արվեստում կարևոր է ձևը (ֆորման), ձևն է հանճարի գրավականը, և դա հրաշալի է։

Բայց բանն այն է, որ արվեստագիտության մեջ «ձև և բովանդակություն» տարանջատումն էլ հաճախ պայմանական է։ Յուրաքանչյուր նոր ձև մի քիչ փոխում է բովանդակությունը, մի քիչ «այլափոխում»։ Այսպես՝ արևի ձևը կլորն է․ երբ արևը քառակուսի ես նկարում, այն արդեն «մի քիչ» արև չէ։ Այո՛, արվեստասերն այդ լուծման մեջ ասելիք կփնտրի, ակնարկ, ուղերձ, օրինակ՝ կարող է ասել, որ դա նկարչի ներքին ընդվզման դրսևորումն է կարծրացած արտահայտչական կաղապարների դեմ։ Բայց հենց դրանով խոսակցությունն արդեն ավելի շատ այդ նկարչի մասին կդառնա, քան թե արևի։ Տեղի կունենա հեռացում օբյեկտից, ասել է թե հեռացում օբյեկտիվությունից։

Սուբյեկտիվ հայացքը, այո՛, կարևոր է արվեստում։ Իրերը համեմատության և հարաբերության մեջ դիտելու հմտությունն էլ, որպես կանոն, ինտելեկտի նշան է համարվում։ Միայն թե հենց այս առավելությունն էլ երբեմն վերածվում է թերության՝ աշխատելով մեր դեմ, բարդացնելով մեր հայացքն ու վերլուծություններն արդեն նաև արվեստից դուրս՝ այնտեղ, որտեղ ջինջ աչքի կարիք կա՝ «այո»-ին ասելու «այո», իսկ «ոչ»-ին՝ «ոչ»։

Ամենացցուն օրինակը, որ այս պահին միտքս է գալիս, Վասակ Սյունու կերպարի նորօրյա, մոդայիկ վերլուծությունն է։ «Պատմական իրադրության համակողմանի վերլուծությո՜ւն», «կրոնական կոնտեքստի բացառո՜ւմ», «դիվանագիտական հեռատեսությո՜ւն»․ ճոխ-ճոխ հնչող այս բացատրությունները մի պահ քեզ էլ համոզիչ են թվում, գայթակղում են, և փոխում ես դիտանկյունդ, սկսում ինքդ քեզ հավատացնել, թե այս մոտեցումն էլ, այդուհանդերձ, գոյության իրավունք ունի։ Այսպես շարվո՜ւմ են փիլիսոփայական բառերն իրար հետևից, պատկերը բարդանո՜ւմ է, բարդանո՜ւմ, վերլուծությունը դառնում է ավելի ու ավելի «ինտելեկտուալ», ավելի ու ավելի «խորքային», իսկ հետևանքը այն է, որ ինչ-որ պահից մշուշվում-լղոզվում-կասկածելի է դառնում, թվում է թե անքննարկելի, պարզագույն այն հասկացողությունը, որ ինքնասիրությունը բացարձակ արժեք է։

Իսկ ահա եթե այդքան չտարվեինք այս խաղով, եթե մեր հողից այդքան չկտրվեինք, եթե երբեմն պարզապես հրաժարվեինք մեր մաքուր գիտակցությունը գույնզգույն մտապատկերներով բարդացնելուց (ինչ է թե ինտելեկտուալ երևանք), ապա գուցե շատ բան ավելի հստակ գնահատվեր։

Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Թե չէ քաղաքական այրերն էլ արվեստ սովորեցին, և հիմա մանևրո՜ւմ են ու մանևրում։

Այո, բովանդակության մեջ է լրջությունը։

«Սա լավ է, սա՝ վատ, սա արդար է, սա՝ անարդար, սա բարի է, սա՝ չար, այսպես սխալ է, այսպես՝ ճիշտ»․ աքսիոմատիկ ճշմարտություններ կան, որոնք, այնուամենայնիվ, պետք է շարունակել ԱՆՎԱՆԵԼ, այլ ոչ թե բնութագրել։

 

Նշան Աբասյան