Արցախի հիշողության ուժն ու «բազմագույն տխրությունը»
Կյանքում ամեն ինչ կարելի է կորցնել, բացի հույսից
«Հիշողության ուժը». վերջերս Ստեփանակերտում բացված լուսանկարչական ցուցահանդեսի այս խորագիրը նաև պատգամ-ուղերձ է կրում իր մեջ որի միջոցով արցախցի լուսանկարիչ Սևակ Ասրյանը մեզ հիշեցնում է հայրենի եզերքի կորսված, բայց անմոռանալի անկյունները՝ Հադրութի Ազոխից ու Դրախտիկից մինչև Ասկերանի Սղնախ ու Շուշի՝ 44 լուսանկար 44 օրվա հետևանքների, անցյալի ու ապագայի մտորումների, քաղված կամ քաղվելիք դասերի մասին: Սևակ Ասրյանի հետ «Հիշողության ուժի» ու Արցախի մասին խոսեցինք մայրաքաղաք Ստեփանակերտում:
-Ինչպե՞ս ծնվեց ցուցահանդեսի գաղափարը և ինչպիսի՞ ճանապարհ անցավ այն մինչև իրականություն դառնալը: «Հիշողության ուժը» թե՛ իր վերնագրով, և թե՛ ցուցադրական տարածքով էապես տրաբերվում է 44-օրյա պատերազմին նվիրված այլ միջոցառումներից:
-Ճիշտն ասած՝ մինչև պատերազմն էի մտորում ցուցահանդես կազմակերպելու մասին: Ես հիմնականում նկարում եմ բնությունը, փորձում եմ նպաստել, որ մարդիկ ավելի լավ ճանաչեն մեր տեղանքը, Արցախի բնությունը: Պատերազմից հետո, իհարկե, ամեն ինչ փոխվեց: Մի օր տանը նստած նկարներն էի նայում ու մտածում էի… Հասկանում եմ, որ պատերազմում մարդիկ մեծ կորուստներ ունեցան, զոհեր ունեցանք, մարդիկ գլուխները ցած գցեցին, բոլորն իրենց վատ էին զգում. ես էլ շատ ընկերներ կորցրեցի: Բայց գուցե տարիքից է, որ ես մի փոքր այլ կերպ եմ նաև նայում այդ ամենին… Առաջին հերթին մտածում եմ, որ ես իրավունք չունեմ ընկճվելու, որովհետև այդ նույն տղաներն իրենց կյանքը տվել են, որ գոնե փրկեն հայրենիքի էս փոքր կտորը: Համացանցում անընդհատ տեսնում էի, որ մարդիկ դնում են Շուշիի, Հադրութի նկարները, Դադիվանքը, Ազոխը, և մեծ մասը դրամատիկ, սև-սպիտակ ֆիլտրերով: Նայում ես ու միանգամից տխրում: Ասացի՝ ինչո՞ւ: Ես չեմ ուզում, որ Արցախը տեսնեն միայն սև-սպիտակ գույներով: Սև-սպիտակը հրաշալի է, ուրիշ էֆեկտ է տալիս, ես էլ եմ սիրում, բայց այս կոնտեքստում ես չէի ցանկանա, որ դա ազդի մարդկանց ենթագիտակցության վրա: Սկսեցի փնտրել կորցրած տարածքներում արածս բոլոր նկարները և գտա մոտ 500-ը, որոնցից հետագայում ցուցահանդեսի համար ընտրեցինք 44-ը: Հասկացա, որ պետք է անել նման մի ցուցահանդես, բայց բացառապես գունավոր լուսանկարներով: Գուցե տարօրինակ բան ասեմ, բայց ես ցանկացա, որ այդ տխրությունն էլ լինի գեղեցիկ ու գունավոր: Սևը սգո գույնն է, սևը տեսնելով մարդիկ հասկանում են, որ վերջ՝ այս ամենը նրանք անդարձ կորցրել են: Ես գունավոր նկարներ տպեցի, որ մարդիկ հասկանան՝ կյանքը շարունակվում է. հետագան կարող է ավելի լավ լինել, իսկ գուցե՝ ավելի վատ: Կարող է էնպես լինել, որ պարզվի, որ մենք էլ չենք հասկացել եղածը լավ է, թե վատ: Ինձնից միշտ որ հարցնում են՝ Սևա՛կ, Ղարաբաղի վերջն ի՞նչ է լինելու, ասում եմ՝ լավ է լինելու: Զարմանում են: Հետո ասում եմ՝ բայց չգիտեմ, թե ում համար է լավ լինելու: Ես ամեն բանի պատրաստ եմ: Հիմա ամբողջ աշխարհում է այդպես, ոչ ոք չի կարող ասել, թե հաջորդ պահին ինչ կլինի: Հա՛, վիրավոր է Արցախը, բայց թող տեսնեն, որ թեկուզ վիրավոր, բայց ապրում է:
-Ձեր թիկունքում Ձեզ աջակցողների մեծ թիմ կար, ովքե՞ր են աշխատել նախագծի վրա Ձեզնից բացի, ի՞նչ աջակցություն հաջողվեց ստանալ, և այս փուլում որոնք էին հուսադրող ու հիասթափեցնող կետերը:
-Սկզբում ցանկանում էի ինքնուրույն անել նախագիծը, սակայն երբ հաշվարկեցի ծախսերը՝ հասկացա, որ իմ ձեռքի տակ եղած միջոցներով չեմ կարող ստանալ այն, ինչ ուզում եմ: Ես ցանկանում էի տպված լուսանկարներին գեղանկարի էֆեկտ տալ, և, բնականաբար, դա բոլորովին այլ որակ է: Հաշվեցի, հասկացա, որ ինձ ժամանակ է պետք այդ գումարը հավաքելու համար: Այդ ընթացքում «ՐիԱրմենիա» կազմակերպությունը Հակոբավանքի վերանորոգման նախագծի շրջանակում որպես լուսանկարիչ ինձ համագործակցության առաջարկ էր արել: Մի անգամ կազմակերպության ղեկավարն ասաց՝ «Չե՞ս ուզում ցուցահանդես անել», ես էլ պատմեցի մտքերս: Ինձ ներառեցին մեկ այլ մշակութային ծրագրի մեջ, որի միջոցով սկսեցինք աշխատել ցուցահանդեսի իրագործման ուղղությամբ: Հետո մեզ միացավ նաև «Տեր եմ» հիմնադրամը, ջահել երեխաներ են, 19-20 տարեկան, մեծ էնտուզիազմով, մեծ մղումով են աշխատել: Նախատեսել էինք նաև տպել եռալեզու ալբոմներ, յուրաքանչյուր լուսանկարի կողքին մի փոքր պատմությամբ: Շատ հավակնոտ նախագիծ էր: Ալբոմների վաճառքից գոյացած գումարը պիտի ուղվեր սահմանամերձ գյուղերից մեկի ջրի մատակարարման հարցի լուծմանը: Գումարի ընդամենը 10 տոկոսը հավաքեցինք: Մարդիկ կային, որոնք միանգամից միացան ծրագրին: Բայց ինչ-որ պահի ես արդեն մտածում էի, որ այս ամենն իզուր է, քանի որ շատերին սա այլևս հետաքրքիր չէ, շատերը մոռացել են նույնիսկ Արցախ անունը: Ի վերջո՝ ցուցահանդեսն արեցինք, աղջիկները տքնաջան աշխատեցին և պատկերացրեք, որ լուսանկարները Երևանից եկան հենց ցուցահանդեսի օրը՝ առավոտյան ժամը 7-ին:
-Ընտրել եք «Հիշողության ուժը» խորագիրը: Ըստ Ձեզ՝ կորստի հիշողությունները մեզ տկարացնում, թե՞ մոտիվացնում են: Մեր օրերում հաճախ ենք լսում, որ չարժե անվերջ հետ նայել: Ցուցահանդեսի ընթացքում մարդկանց ինչպիսի՞ արձագանքներ էիք նկատում այս առումով:
-Սկզբում ես էլ էի տխուր անուններ մտածում: Հետո ընկերներիցս մեկն ասաց՝ այ մարդ, հերիք չի՞: Մտածեցինք և ընտրեցինք «Հիշողության ուժը»: Կային մի քանի այլ տարբերակներ, որոնցով նախաձեռնող խումբը փորձում էր շեշտադրել 44-օրվա հիշատակումը, բայց ես չցանկացա: Ուզում եմ, որ թեկուզ իմ ցուցահանդեսից անտեղյակ մարդն այստեղով անցնելիս լինի, մտնի, ու ինքը հասկանա, թե ինչ է սա: Այդպես էլ անունը մնաց «Հիշողության ուժը»: Ցուցահանդեսի նպատակն էլ հենց այդ է, որ մենք հիշենք ու չմոռանանք: Ռուսերեն մի խոսք կա, որն ասում է, թե ինչքան շատ ես փորփրում անցյալը, այնքան քիչ ես մտածում ներկայի մասին: Բայց անցյալ էլ կա, անցյալ էլ: Կա առաջին սեր և այլն, բայց, գիտեք ինչ, կան գլոբալ բաներ, որոնք որ աքսիոմա են՝ ապացուցման կարիք չունեն: Բայց մենք նույնիսկ աքսիոման չենք կարողանում պաշտպանել: Հիմնարար բաների վերաբերյալ արդեն մեր մեջ կասկած են սերմանել, օրինակ՝ արդյո՞ք ճիշտ էր, որ մենք քրիստոնյա դարձանք: Ես շատ եկեղեցական տոներ չգիտեմ, բայց գիտեմ, որ միլիոնից ավելի հայեր նահատակվել են նրա համար, որ քրիստոնյա էին: Ընկերներիցս մեկն այն օրը ասաց .«Սևա՛կ, խնդիրն այն էր, որ մենք պատրաստ էինք փոխել մեր արժեքները»: Մի քանի օր դրա շուրջ էի մտածում: Ես չեմ ասում սա է մեղավոր կամ նա, ես էլ եմ մեղավոր: Գուցե ժամանակին պետք է մեկին սաստեի՝ չեմ արել, գուցե պիտի մի բան ուրիշ կերպ անեի, այլ կերպ եմ վարվել: Բայց հիշողությունն ինձ ավելի շատ ուժ է տալիս: Ինձ աշխատանք են առաջարկել և՛ արտասահմանում, և՛ Հայաստանում, բայց ամեն անգամ ասում եմ՝ չէ, ես էստեղ եմ: Որովհետև ես հիշում եմ: Հիշում եմ, որ ես Դիզափայտ էի գնում, հիշում եմ, որ Քիրսն էի բարձրանում, հիշում եմ, որ Հադրութում էի: Ու ես վստահ եմ, որ դա մերն է լինելու: Չգիտեմ, գուցե մի 100 տարի հետո վերածնվեմ, հաջորդ կյանքում այնտեղ հայտնվեմ, բայց հավատում եմ, որ դա լինելու է: Եվ գիտեք, մարդիկ երբ գալիս էին ցուցահանդեսին, նախ շատերը չգիտեին, թե ինչ ցուցահանդես էր: Մոտենում էին, հարցնում էին. «Սևա՛կ, սա ի՞նչ տարածքներ են», ասում էի՝ 44-օրյայի ժամանակ կորսվածները: Ասում էին՝ հա՞ ու նորից էին նայում: Մի կին էր եկել երեխայի հետ: Սկզբում ինձ մոտ տպավորություն էր, որ ուղղակի այս ճանապարհով անցնելիս է եղել, պատահական է մտել: Մոտ 5 տարեկան երեխան ձեռքին, տեսնեմ՝ Հադրութի Դրախտիկ գյուղի նկարի մոտ կանգնած ինչ-որ բան է ցույց տալիս: Մեկ էլ ասում է.«Այ էստեղ էս ինչի մեքենան փչացել ա», հետո էլ թե.«Դո՞ւք եք լուսանկարիչը: Այ էստեղ, էս ճամփով որ գնաք՝ լավ նկարելու տեղ կա, հաջորդ անգամ կնկարեք»: Կողքի եմ գնացել, լացում եմ. չգիտեմ ինչ ասել: Շատ հաճախ, որ դուրս էին գալիս ցուցահանդեսից, նոր ասում էին. «Բայց չէ, էս ամենը ժամանակավոր է, էս ամենը նորից մերն է լինելու»: Սա է հիշողության ուժը:
-Դուք հաճախ եք զբոսնում հետպատերազմյան Ստեփանակերտի փողոցներով, այցելում եք գյուղեր, տեսնում դեմքեր, որոնք մենք ոչ միշտ ենք նկատում առօրյա թոհուբոհի մեջ: Ըստ Ձեզ՝ այսօրվա Արցախին ու արցախցուն ամենաշատն ի՞նչ է պետք:
-Գիտեք, ասում են՝ կյանքում ամեն ինչ կարելի է կորցնել, բայց հույսն է, որ պիտի երբևէ չկորցնես: Եթե մեծամասնությունն այդ հույսը կորցնի… Փառք Աստծո, ինձ հիմնականում մարդիկ են հանդիպում, որոնք իմ պես են մտածում, ասում են՝ չէ, մենք էստեղ ենք, մեր հողն է: Ու գիտեք ինչ, պիտի ուղղակի աշխատես, քո գործն անես: Ոչ թե գնաս Երևանում կամ ԱՄՆ-ում վիրտուալ Ղարաբաղի համար աշխատես: Որովհետև Ղարաբաղն ինքը վիրտուալ չի, շատ իրական է: Այո՛, փոքր տարածք է դարձել, բայց էդ փոքր տարածքն ապրում է, այն իրական է: Եթե ես ասում եմ՝ ես սիրում եմ Արցախը, եթե ես ասում եմ՝ ես արցախցի եմ, ապա ես ապրում եմ Արցախում, ոչ թե Արցախը կարոտում Երևանից կամ Կանադայից, կամ էլ սոցցանցի իմ էջում գրում՝ ափսոս: Օրինակ՝ Դուք ինչո՞ւ եք այստեղ, կամ Շուշանիկն ինչո՞ւ է այստեղ ապրում: Ջահել աղջիկ է, չէ՞, ինչու ինքը չի՞ ուզում մեծ քաղաքում լինել, բայց ինքն էստեղ է, որովհետև էս հողի մասնիկն է: 44-օրյա պատերազմից հետո ես բավականին շատ մարդկանց մասին փոխել եմ իմ կարծիքը և՛ դեպի լավը, և՛ դեպի վատը: Ես պատերազմի մասին չեմ սիրում խոսել, իմ համար շատ ցավալի է: Ու բացարձակ նշանակություն չունի՝ մենք պարտվել ենք, թե՞ հաղթել: Դրանք կորուստներ են, ահավոր կորուստներ: Ես մինչև հիմա Եռաբլուրում չեմ եղել: Մեկ անգամ փորձել եմ, 2020-ի դեկտեմբերին գնացել եմ, մեխակներ վերցրել: Մեքենաս կանգնեցրել, բարձրանում եմ աստիճաններով: Առաջին դրոշակները երբ տեսա՝ գլուխս կախեցի ու լացելով արագ-արագ դրեցի մեխակները տարբեր գերեզմանների վրա, առանց նայելու, ու փախնում եմ… Մի կին էր՝ 4 ծաղիկ ձեռքին, տեսավ, որ արտասվելով իջնում եմ, հարցրեց. «Բարեկամ ունե՞ս էստեղ»: Ասացի՝ բոլորն էլ իմ բարեկամներն են: Գնացի: Ու մինչև հիմա էլ Եռաբլուրում չեմ եղել:
-Ցուցահանդեսի տարածքի ընտրությունը, ենթադրում եմ, որ նույնպես պատահական չէր: Դուք ընտրեցիք Ստեփանակերտի թատրոնի շենքը, որը նույնպես ուշադրության ու խնամքի մեծ կարիք ունի:
-Այո, մենք ահագին խնդիրներ ունեինք շենքում լույսի հետ կապված, ցուրտ էր, անընդհատ սպասում էինք, որ կարող է վերևից ամեն վայրկյան ինչ-որ բան ընկնել: Բայց այդ ամենն ինչո՞ւ արեցինք, որովհետև թատրոնն էլ ենք կորցնում: Հիշողության ուժը նաև դրա մեջ է: Որ թատրոնն էլ չդառնա հիշողություն: Վերջին տարիներին թատրոնի շենքն ուղղակի աղբանոց է դարձել: Եթե այդ շենքը այսօրվա վարպետները սարքած լինեին՝ երևի վաղուց փլված կլիներ: Բայց շենքը մեր սարերի պես կարծես մինչև վերջ պայքարում է՝ որ մնա:
Սոֆյա Հակոբյան