Արցախ․ լեզու և խոսք

Արցախի մասին պատմագրական հիշատակությունները բազմաթիվ են։ Ամեն ինչ հայտնի է նրա հնադարյան պատմության, մշակույթի, բնաշխարհի առանձնահատկությունների մասին։ Սակայն ոչ մի հստակ բացատրություն ԱՐՑԱԽ անվան ծագման վերաբերյալ։

Այդուհանդերձ ներկայացնենք մի քանի փաստ․ ԱՐՑԱԽ բառը, լինի մենարմարտ թե երկբաղադրիչ, հնագույն է, հավանական է անգամ՝ հնդեվրոպական այնպիսի ձևույթների միացություն, որոնք ոչ մի այլ լեզվում չեն պահպանվել։ Բառի ծագման մեկնաբանությունները բազմաթիվ են՝ սնափառ ազգայնամոլական, գիտությունից հեռու մեկնաբանություններից մինչև տրամաբանական ենթադրություններ։

Նախ՝ պետք է նկատի ունենալ, որ արցախյան բարբառում հանդիպում են այնպիսի արմատներ, որոնք անգամ գրաբարյան մատյաններում չենք գտնում։ Հնարավոր է՝ դա պայմանավորված է նրանով, որ սուրբ Մեսրոպ Մաշտոցը գրերի գյուտից հետո գրական լեզվի հիմք է ընդունել ոչ արցախյան բարբառը։

Ուրարտական արձանագրություններում Արցախը հիշատակվում է «Ուրտեխե» և «Ուրտեխինի» անուններում։ Այսօր այս բառերը մեզ ոչինչ չեն հուշում, սակայն նկատի ունենալով հնչյունափոխության հանգամանքը՝ կարելի է ենթադրելու, որ ուր-ը նույն ար-ն է, որը, ըստ Աճառյանի, նշանակում է հարմարել, կազմել, շտկել, պատրաստել, իսկ տախե-ն ցախ-ն է․ այսինքն՝ Արցախ նշանակում է ցախ պարգևող։ Ի դեպ, այս մեկնաբանությունն է ընդունել նաև Ղևոնդ Ալիշանն իր «Արցախ» աշխատության մեջ՝ նկատի ունենալով տարածքի անտառախիտ լինելը։

Երկրորդ հանգամանը, որ գրավեց մեր ուշադրությունը, Արցախի բարբառում առկա արց կամ արցիլ բառն է, որը նույնպես չի պահպնվել գրարբարում, և որով անանվանում են գործվածքի՝ դեռ չհյուսված թելերը։ Անհավանական չի թվում, որ Արցախ անվան բաղադրիչ է հենց այս արմատը։

Սակայն եկեք այստեղ  կարևորենք մի հանգամանք․ մեր նախնիները հաճախ խորամուխ չեն եղել բառերի ստուգաբանության մեջ՝ հասկանալով, որ դա զուտ հետաքրքրասիրության բավարարման հարց է, եթե մեկնաբանությունը չի պարունակում հոգևոր ուղերձ և ավելորդ ինֆորմացիայով ընդամենը շեղում է մարդու ուշադրությունն ավելի կարևորից։ Սա շատ էական հանգամանք է, որին հետևելը չէր խանգարի մեզ՝ խուսափելու ունայն պրպտումներից, ինչը պարզապես մտքի անօգուտ ծանրաբեռնում է, եթե գործնականում մեր կյանքն ավելի լավը չի դարձնում։

Բոլոր դեպքերում միշտ պետք է հիշել՝ հետարքրասիրության ինքնանպատակ բավարարումը ոչ մի տեղ էլ չի տանում։ Բառի ծագման պատմությունը կարևոր է այն չափով, որ չափով մեզ խորհրդածել է տալիս ժողովրդի մտածողության առանձնահատկությունների, նրա անցած պատմական ուղու մասին։

5-րդ դարից ի վեր՝ լեզվաբանությունը շարունակ խորամուխ է եղել մասնագիտական իրողությունների ավելի ու ավելի մանրակրկիտ հետազոտման մեջ։ Մինչդեռ հայերենագիտության ամենահանճարեղ գյուտը մինչ օրս համարվում է Մաշտոցի սխրագործությունը։ Նա արել է այն, ինչ կարևոր է կյանքի իմաստով, այն է՝ առաջնահերթությունը տալ լեզվի կիրառական նշանակությանը, կարևորել ԽՈՍՔԸ, այսինքն մտքի և հույզերի բովանդակությունը։

 

Հեղինակ՝ Նշան Աբասյան