Արևի պես դեղին Ռենոն

Ճամպրուկները ծանր էին՝ հիշողությունների պես: Քանի որ ամենաքիչ շորը հայրն ուներ, ընտանեկան տեղաշորը նրա ճամպրուկում էին դասավորել: Մայրը նույնիսկ արդուկել էր, չնայած հասկանում էր՝ մեկ է ճմրթվելու է: Աղջկա ճամպրուկը մանուշակագույն էր ու ամենամեծը: Ամենաերիտասարդ մարդիկ ամենաշատ բանն են տանում հին տեղից՝ նոր տեղ. երևի չգիտեն՝ կարևորն ինչն է: Տարիների լուսանկարները հանել էին ապակիների հետևից ու խոթել նասկիների արանքը՝ որպես անցած ճանապարհի անշունչ վկաներ: Վերջին ճամպրուկը սկոչելուց հետո տանը մենակ իրենց կյանքի հոտը մնաց: Հայրը հենց ճամպրուկին էլ նստեց.

-Վաղը կեսօրի կողմերն արդեն մեր նոր տանը կլինենք,-ասաց:

-Արդեն չորրորդ անգամ,-մայրն էր:

Ծխեցին: Հայրն առաջին անգամ՝ տանը, մայրն առաջին անգամ՝ աղջկա մոտ: Աղջիկը չնկատեց էլ: Սա նրա առաջին տնափոխությունն էր: Մինչև իր ծնվելը հայրն ու մայրը բռնի տեղահանվել էին, երբ թշնամին մտավ իրենց հայրենի գյուղ, հետո արտագաղթել էին ուրիշ երկիր, որտեղ հորը խոստացել էին լավ գործ, ապա կարոտել էին հայրենիքը ու վերադարձել, և ահա հիմա վտարվում են: Մեղավորը հայրն էր: Պատերազմից հետո, որի մասնակիցները լռում են, իսկ չմասնակիցները ծակուծուկերից ելնում, հենց զինվորական ցեխոտ համազգեստով կանգնել էր քաղաքի հրապարակում ու գոռացել.

-Եկեք պարենք:

Սկզբում գժի տեղ էին դրել: Բայց հետո, երբ տնից ամեն օր բարձր երաժշտություն լսեցին ու այս երեքին ծիծաղելիս տեսան՝ օրերում, երբ ոչ մեկը չէր ծիծաղում, երբ իրենց տունը միակն էր դժգույն քաղաքում, որ համաձայն չէր դժբախտության հետ, երբ մայրն ու աղջիկը սևազգեստ քաղաքի փողոցներում հայտնվեցին գույնզգույն շորերով, քաղաքի պահապանների խորհուրդը գերեզմաններից քիչ հեռու կառուցված Գիտությունների ակադեմիայի շենքում հավաքվեց ու որոշեց. «Ենթակա են վտարման: Անհապաղ»: Դատավճիռը տարան ու փակցրին տան դռանը, տակն էլ գրիչով ավելացրին. «Ձեզ երկու օր ժամանակ»:

Հիմա այդ երկու օրն անցել էր, ավելի ճիշտ՝ գիշերն անցնում էր: Հայրը որոշել էր, որ հենց գիշերով դուրս կգան:

-Ինչի՞, կարող ա քարեր նետե՞ն,-ասել էր մայրը:

-Ղալաթ կանեն,-ասել էր հայրն ու ավելացրել,-եթե հանկարծ բան պատահի, գետով կգնաք դեպի վեր:

Մեքենա ուներ: Արևի պես դեղին Ռենո: Մաքուր ֆրանսիական: Չնայած՝ մի ծանոթ դզող-փչող կար, պնդում էր, որ Պարսկաստանում է արտադրված: Հենց դրանով էր ռազմաճակատ փամփուշտներ հասցնում, վիրավորներ տեղափոխում, հաց տանում: Հենց դրա մեջ կյանքում առաջին ու վերջին անգամ լացեց ու աչքերը սրբելով ինքն իրեն երդվեց՝ գնալու է տուն ու ամեն օր քեֆ է անելու: Կերուխում չէ. քեֆ, որովհետև ամեն օր մարդ է մեռնում, մեկը՝ մյուսին հարազատ: Մեկը՝ մյուսին ու մեկը՝ մյուսից: Որովհետև երբեք չգիտես, թե երբ է վերջին օրդ, որովհետև ամենաշատ արցունքը հոսում է պարահրապարակում, որովհետև ոչ մեկը չգիտի՝ ցավը հոգուց ու մարմնից հանելու շարժումը պար է կոչվում:

-Ուտելիք չվերցրեցինք,-մայրը փակեց դեղին Ռենոյի դուռը:

-Սոված չենք մնա,-հայրը միացրեց մեքենան:

Աղջիկը լալիս էր: Դեռ 15 տարի էր ապրել ու լավ չէր հասկանում՝ ինչու: Գիտեր, որ ընկերներին էլ չի տեսնելու, իր պատուհանից աստղերն ու ձյան փաթիլները չէր հաշվելու, ընկերներին թաքուն անեկդոտներ չէր պատմելու ու նրանցից չէր լսելու. «Քո հետ ինչ հավես ա»: Բայց չգիտեր՝ ինչու է լացում: Դեղին Ռենոն հանկարծ կանգ առավ ու դրա ներսում երկրորդ մարդը երդվեց, որ էլ երբեք չի լացելու:

-Բայց նա աղջիկ ա,-հորը նայեց մայրը:

-Ուրեմն մենակ ծայրահեղ դեպքերում, ու լրիվ մենակ, որ ոչ մեկը քո մի կաթիլ արցունքը չտեսնի՝ ուրախանա,-ասաց հայրը:

Աղջիկն էլ երդվեց: Հետո պառկեց մեքենայի բազմոցին, դեմքը թեքեց ծնողներից, որ արցունքի կաթիլները ոչ մեկը չտեսնի:

Ու դեղին Ռենոյի լույսերն աստիճանաբար անհետացան փոքր քաղաքից՝ թողնելով այն կատարյալ մթության մեջ:

-Ո՞ւր եք գնում,-ոստիկանը հայացքով զննում էր մեքենայի անձնակազմը:

-Ուրիշ քաղաք,-ասաց հայրը:

-Չեք կարող:

-Ինչո՞ւ:

-Ճանապարհը փակ է: Թշնամին շրջափակել է քաղաքը, ոչ մեկը չի կարող դուրս գալ,-ոստիկանը չէր նայում հոր աչքերի մեջ. երևի ամաչում էր:

-Բայց մենք պիտի գնանք:

-Ոչ ոք չպիտի գնա:

Հայրն իջավ մեքենայից ու ոստիկանի հետ մի-մի հատ ծխեցին՝ հենց մեքենային հենված: Երկուսն էլ լուռ էին: Հանկարծ հայրը սիգարետը նետեց հողին, ու կայծերն այս ու այն կողմ ընկան:

-Իջե՛ք,-հայրը դիմեց մորն ու աղջկան,-արա՛գ:

Ոստիկանը չէր հասկանում, մայրն ու աղջիկը՝ առավել ևս: Երբ իջան, հայրը նստեց ղեկին ու քշեց մեքենան՝ դեպի ուրիշ քաղաք, ուրիշ երկիր, ուրիշ աշխարհ...Առաջ:

-Գետով դեպի վեր,-գոռաց:

-Փաստորեն դա սրբապիղծ լինելուց բացի նաև շաշ էր,-հերթական հոգեհացի սեղանի շուրջ եզրակացրին փոքր քաղաքի ծերունիները, երբ իմացան լուրը:

Մորն ու աղջկան էլ ոչ մեկը չտեսավ: Կար վարկած, որ գերի էին ընկել, երբ դեղին Ռենոյի անցումից հետո թշնամին փորձել էր ներխուժել...Ամեն դեպքում՝ մոտիկ ձորերում ոչխարի ցավը տանող հովիվները գետի մեջ լուսանկարներ էին տեսել՝ տարբեր տարիների, ժամանակների, ընտանեկան, ասես՝ մի ճամպրուկից թափված, հաստատ ճամպրուկից, քանի որ դրանք էլ էին տեսել՝ ասես մեկը երկար ճանապարհ գնալիս է եղել ճամպրուկով ու որոշել է ազատվի ավելորդ բեռից... Իսկ փոքր քաղաքում հերթական հոգեհացի սեղանին ուտելիքը բոլ-բոլ էր. թշնամին էլ չէր փակում ճանապարհը: Ոսկրին հասնող ալեհեր ձմեռ էր, երևի վախենում էր մրսի:

 

Հովիկ Աֆյան