Արդեն 100 տարի Հարդենբերգում հնչած կրակոցն արձագանքվում է մարդկանց սրտերում

Ամենահումանիստական կրոնը դավանող ազգն առաջին ու միակ անգամ մարդ սպանելու երևույթը ոչ թե չի դատապարտում, այլ տոնում է իբրև արդարության համար պայքարի մի հաղթահանդես:

1921 թվականին գերմանացի մի հասարակ որմնադիր, մի վաճառական, ակնավաճառ, մի սովորական տանիքագործ, մի հասարակ ներկարար և նրանց պես ամենասովորական մասնագիտություններով ամենասովորական մարդիկ, պետք է պատմական որոշում կայացնեին իրենց խղճի մտոք՝ պատասխանելով ընդամենը երեք հարցի.

          Հանցավո՞ր է ամբաստանյալը:

          Արդյո՞ք սպանությունը դիտավորությամբ է կատարված:

          Կա՞ն մեղմացուցիչ հանգամանքներ:

Չափազանց կարճ տևած դատական գործընթացի ավարտին երդվյալ ատենակալները համերաշխորեն ազդարարեցին. «Ամբաստանյալն ազատ է արձակվում պետական դրամարկղի հաշվին»: Ծափահարություններ:

Շարունակում են. «Համաձայն երդվյալների որոշման՝ ամբաստանյալը հանցավոր չէ իր վրա որպես մեղադրանք ծանրացող պատժելի արարքի համար»: Ավելի բու՛ռն ծափահարություններ:

Սա ամենաժողովրդավար դատարանի՝ երդվյալ ատենակալների դռնփակ խորհրդակցության որոշումն էր:

Ամբաստանյալը մարդ էր սպանել, բայց մարդասպան չէր:

Ուղիղ 100 տարի առաջ՝ 1921 թվականի մարտի 15-ին, Գերմանիայում՝ Բեռլինի Շարլոտենբուրգ թաղամասում՝ Հարդենբերգ փողոցում, ատրճանակի մի գնդակով սպանվեց «քաղաքական հանցագործ, թուրք մի ճիվաղ»: Եվ արդեն 100 տարի  Հարդենբերգում հնչած կրակոցը որպես արդարության ձայն է արձագանքվում մարդկանց սրտերում:

Կրակողը հայ Սողոմոն Թեհլիրյանն էր, սպանվողը՝ թուրք Թալեաթ փաշան:

Հայոց Ցեղասպանությունից հետո արդարությունը շնչահեղձ էր և մահվան շեմին էր:

Որևէ եվրոպական երկիր այդ սպանությունը դատապարտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մտադրություն չուներ: Ոչ միայն մտադրություն, այլ նաև օրենսդրական կարգ:

Մարդասպանին ոչնչացնելը մեծագույն խիզախում էր, գաղափար, որ կարող էր իրագործել միայն կամատեր, հզոր անհատականությունը:

1919 թվականին թուրքական դատարանը երիտթուրք ղեկավարներին, այդ թվում նաև Թուրքիայից արդեն փախած Թալեաթ փաշային դատապարտեց մահապատժի:

Չխաբվենք ենթադրությամբ, թե թուրքերն իրապես արդարադատության ճանապարհին էին: Դատապարտելով նախկին ղեկավարներին՝ նրանք պետության ուսերից փորձում էին թոթափել շատ ավելի մեծ բեռ՝ ձգտելով զերծ մնալ պետական պատասխանատվությունից:

Դատավճիռն, իհարկե, չիրագործվեց:

Հոգ չէր: Մի խումբ ազգանվեր հայեր՝ դաշնակցության անդամներ, որոշեցին սեփական նախաձեռնությամբ պատժել մեղավորներին: «Նեմեսիս» գործողության արդյունքում հայտաբերվեցին և սպանվեցին մի շարք թուրք ոճրագործներ:

Գործողության անունն, իհարկե, պատահական չէր ընտրված: Բայց շեշտենք մի կարևոր նկատառում. Նեմեսիսն այս դեպքում չի ընկալվում որպես պարզապես վրեժխնդրություն: Ո՛չ: Սա արդարության վերկանգնման փորձ էր: Հնագույն քաղաքակրթություն ունեցող հայերն աշխարհին ներկայացրին մի գործողություն, ինչն, ըստ էության, Ցեղասպանությունը դատապարտող օրենսդրական համակարգի նախատիպը դարձավ:

Քանի որ դա նախադեպը չունեցող ոճիր էր, միջազգային դատարանը չուներ օրենսդրական համապատասխան պատժիչ օրինակարգ:

Միայն 1948 թվականին ՄԱԿ-ը որոշում կայացրեց, որով Ցեղասպանությունը համարվում է միջազգայնորեն քրեորեն հետապնդելի հանցագործություն: Սա ևս մեկ կարևոր երաշխիք է Թեհլիրյանի արդարացումը լիարժեք ընդունելու համար:

1926 թվականին Ֆրանսիայում հրեա Շալոմ Շվարցբարդը սպանում է Սիմոն Պատլյուրեին: Նա պատժեց իր հայրենակիցներին ոչնչացնելու ծրագիրն իրագործող պարագլուխներից մեկին: Շվարցբարդին ոգեշնչել էր հատկապես Սողոմոն Թեհլիրյանի հերոսական քայլը: Ֆրանսիական դատարանը նրան ևս անմեղ ճանաչեց: Այս երկու կարևոր պատմական դեպքերը միտված էին արդարության վերականգնմանը: Երկու վրիժառուներն էլ սպանությունից հետո չեն փախել, հանձնվել են ոստիկաններին: Նրանք հանցագործներ չէին:

Գերմանիայում կազմակերպվեց Թալեաթի շքեղ հուղարկավորությունը փակ դագաղով, ինչը կասկածի տակ է դնում այն հանգամանքը, որ այնտեղ եղել է Թալեաթի մարմինը: Վարկած կա, որ դին տասը տարի պահվել է Գերմանիայում՝ հետագայում մարմինը Թուրքիա տեղափոխելու նպատակով: Ենթադրվում է, որ նա թաղված է եղել Գերմանիայում Թուրքիային պատկանող մի մզկիթի հարակից տարածքում: Մզկիթը կառուցված է ի պատիվ թուրք «մարտիրոսների», այսինքն՝ Թալեաթը, Շաքիրը, Ջեմալը... «հանուն հայրենիքի մարտիրոսվել են»:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրա մարմինը տեղափոխեցին Թուրքիա և հատուկ զինվորական կարգով վերահուղարկավորեցին՝ իբրև հերոսի:

Ոճրագործներին որպես հերոս ընկալելը խոսում է ազգային նկարագրի մասին: Ազգի բարոյական ձգտումների մասին պատկերացում կազմելու համար պետք է ծանոթանալ ազգային վիպասքներին: Հայի ազգային ենթագիտակցության մեջ իր նախապապը եղել է Հայկը՝ ազատության, անկախության, արդարության ջատագով, առաքինի, բարոյական բարձր հատկանիշներով օժտված: Թուրքերի ավանդազրույցը պատմում է, որ իրենց նախահայրը եղել է մի պատանի, որի ցեղը ոչնչացվել է, ինքը՝ զրկվել երկու ոտքից: Նա կենակցում է գորշ գայլի հետ, ծնվում են մարդակերպ գայլեր, որոնք թուրքական ցեղերի նախահայրերն են: Ամեն ազգ իր նախահորը ստեղծում է իր իդեալներով, այսինքն՝ այն հատկանիշներով, որոնցով ինքն ուզում է օժտված լինել: Գայլին բնորոշ արնախում թուրքի հոգեբանությունը ոչ ժամանակն է փոխում, ոչ քաղաքակրթությունը:

Այսօր էլ թուրքերը ոճրագործներին հերոսներ են համարում՝ Ռամիլ Սաֆարովը վկա: Հիմա Թուրքիայում նրանց անուններով բազմաթիվ փողոցներ, մանկապարտեզներ կան: Մանկապարտեզներ, որ կոչվում են Ջեմալի անունով, որն անձամբ է զբաղվել հայ երեխաների սպանությամբ:

Ըստ Թալեաթի կնոջ հուշագրությունների, նա, այնուամենայնիվ, սպասել է հայ դատին, վրեժխնդրությանը: Գուցե ենթագիտակցորեն հասկացել է մեղքի ծանրությունն ու անընդհատ հետապնդվել սեփական վախերից:

Սողոմոնը ոչ թե մոր, այլ ազգի պատվիրանն էր կատարել: Մենք մարդասպաններ չենք ծնում, այլ հերոսներ, որոնք աշխարհը մարդասպաններից մաքրելու բեռը կարող են տանել մեծագույն պատվով ու արժանապատվությամբ:

Աշխարհում առաջին անգամ մեղավորը ոչ թե սպանողն էր, այլ սպանվողը: Թեհլիրյանի դատավարությունը երբեմն պատմության մեջ ճանաչվում է իբրև  Թալեաթ փաշայի դատավարություն:

Սա մեծագույն բարոյական դաս է աշխարհին, միջազգային դատական համակարգի բացն ընդգծող պատմական իրադարձություն: Վաղուց, սակայն, ժամանակն է, որ Ցեղասպանություն երևույթը պատժեն ու դատապարտեն ոչ թե վրիժառուները, այլ դատարանը: Սակայն ինչպես 100 տարի առաջ, այսօր էլ արդարությունը շնչահեղձ է լինում ու մահվան շեմին է կարծես:

Մի ՞թե այլևս ավարտվել է Նեմեսիսը:

 

Վանուհի Բաղրամյան