Արարատին ջրհեղեղ է
«Միջնաշեն»-ը վերածնվեց այն ժամանակ, երբ Արցախ հին աշխարհը ժամանակի նիրհի մեջ էր։ Եվ համոզում էին, թե չկան առանձին ազգեր, կա մեկ պետություն։ Ու Արցախն այլևս Արցախ չէ, և Հայաստան չէ, և առհասարակ որևէ ազգի, պետության է ու չէ լինելը որոշում էր մեկը։
Եվ երբ հասարակությունն այդ թմբիրի մեջ էր, համարձակ արցախցին իր գրչով շեփորահարեց պատմական ճշմարտությունը։ Զորայր Խալափյանը գրեց մի վեպ, որ ասք է ու ծննդավայրի կենսագրություն։ «Միջնաշենն» է։
Իր ծննդավայրի ասքապատումը հեղինակը սկսեց գրել 1983-ից, իսկ վեպում գործողությունները սկսվում են նշանավոր 1918-ից և հասնում մինչև նշանավոր 1988՝ արցախյան շարժում։ Ստացվում է Խորհրդային Միության ընթացքը, երբ Միջնաշենը ևս, և հատկապես, բախվել է հասարակարգի բոլոր արհավիրքներին․ «աչքներս լույս, մեզ տալիս են թուրքին», իսկ մենք դեռ էն սհաթներն ենք օրհնում, որ ուրիշների ոտքերը էս երկիր մտան ու մտնում են։ Վեպում հեղինակն ասում է, թե Արցախի գորգերն արտահանվում են, ու մարդ, երբ նայում էր նրանց նախշերին, չէր հասկանում, թե ինչ կա հուզվելու, բայց՝ հուզվում էր։
Արցախի նախշուն գորգերը Երևանում են հիմա կամ թուրքական տան պատերին գուցե, որոշներն էլ փռել ենք «միջանցքներում», որ եվրոպացի հյուրերին ընդունենք։ Սրանք գալիս, կանգնում են նախշերին, հուզվում են, աչքները սրբում ու․․․ կոչ են անում։
Ո՞վ էր տեսել Միջնաշենի անունը գրական քարտեզի վրա մինչև Խալափյանը։ Ամեն գրող այդ քարտեզի վրա սահմանագծում է ի՛ր աշխարհը, ինչպես Բակունցը՝ Մթնաձորը, Մաթևոսյանը՝ Ահնիձորը, Թումանյանը՝ Լոռին և այսպես։ Եկավ Խալափյանն ու այդ և՛ պատմական, և՛ աշխարհագրական, և՛ բոլոր-ական քարտեզների վրա թավ վրձնեց ի՛ր ծննդավայրը՝ Թալիշը։
Ուրեմն մենք, ի տարբերություն․․․, պատմություն և քարտեզներ չենք հորինում, այլ փաստում ենք եղածը, վկայում։ Այնպես լալագին ենք համոզում, որ ֆրանսիացիները մեզ օգնություն ուղարկեն, ուտենք, չմեռնենք։
Թալիշը՝ Միջնաշենը՝ շենը, որ ոմանց կոկորդի մեջտեղում է մնացել Արցախ աշխարհով, պաշտպանված է եղել ու լինելու է հա՛յ զինվորներով, ապրելու է հա՛յ հողագործի աշխատանքով, հոգևոր է քրիստոնեական կրոնի սկզբունքներով, քանի որ այստեղ եղել է Մեսրոպ Մաշտոցը, որը փրկել է մեզ ոգու սովից․ «․․․․ Միջնաշենում ոչ ոք չգիտեր, որ Մեսրոպ Մաշտոցը 5 տարի ապրել է մեր Հոռեկա վանքում, դպրոց է բացել, դաս է տվել, տառերն է սովորեցրել միջնաշենցի երեխաներին 1500 տարի սրանից առաջ»։
Միջնաշենում ապրում են ընտանիքներ, գերդաստաններ, որ սերնդեսերունդ զավակների արյան մեջ ներարկում են իրենց հողին տեր լինելու ու իրենք իրենց չխնայելով երկիրը պահելու ավիշը։
«Եվ կարելի է ուրեմն ասել նաև, որ առաջին անգամը չէ, որ Միջնաշենը հառնում է մոռացումից, այս անգամ միայն մե՛կ մատի հպումով, ինչպես աշխարհն իր արարման յոթերորդ օրը»։
Ուրեմն եղա՛վ ջրհեղեղը, որ Աստծո պատիժն էր մարդկանց, և տապանը գնաց-գնաց ու փրկվեց․ Արարատն առավ այն իր ուսերին, ազատեց մեղքերից մարդկությանը, մաքրվեց ու վերածնվեց մարդկությունը։ Ինչո՞ւ հիշեցի։ Միջնաշենցի զինվորները, բոլոր կռվողները նույն երազն են տեսնում․ «Միջնաշենում գետ չկա։ Պղտոր, մեծ։ Բայց ծանոթ էր, որտեղ էի տեսել։ Անհավատալի է, որ սարերն արգելք չէին։ Մենք դարերով գետ ենք երազել, մարդիկ ջրի համար ոնց որ ուրախ են, բայց այնքան մեծ է, բարիքի փոխարեն չարիք պիտի բերի, ամեն ինչ պիտի ծածկի ու տանի իր հետ։ Մենք ջրի երես չենք տեսել, մանկությունից լողալ չգիտենք, ո՜նց պիտի փրկվենք, մտածում եմ։ Բայց ջրի մե՞ջ եմ, թե՞ ափին, չեմ հասկանում․․․․ Ինձ գցում եմ ջուրը՝ կա՛մ ձեզ կփրկեմ, կա՛մ ինձ էլ թող տանի։ Տղմուտ, պղտոր ջուր է, բայց ես մաքուր եմ մնում»։ Սա տեսիլ է, որն իբրև բանահյուսության անբաժանելի միավոր հայտնվում է ու մեկնության կարիք ունի։ Եվ մեկնողը գերդաստանի կամ երկրի մեծը պիտի լինի, գրագետը, իմաստունը։ Ու պատարագ լսած ականջները պիտի լսեին երազի չասված ասելիքը․
«Տեր-Հայրը հառաչեց․
-Հույս չտեսա՞ր, հույս։
-․․․․ Հա, կար։ Մի մեծ քերծ սար էր ջրում տնկված, ասում են, ո՜վ էր ասողը, գլխի չեմ, ասում են՝ ջրհեղեղ է, էլի՛ ջուր է, կգա, էլի կգնա»։
Ուրեմն գյուղը ջրի նման բխել է կամ ծնունդ առել աղբյուրի ակից, ապա նույն ակունքից են ծնվել փողոցները, այգիները և Միջնաշեն աշխարհն իր բնակիչներով։
«Ոնց է, որ մեր սարերը սրան չկանգնեցրին։ Ջրի եղածն ի՞նչ է․ սա՞րն է պինդ, թե՞ ջուրը»:
Վեպում ներս ու դրսի կռիվ կա։ Դասակարգային հակամարտությունը և հեղափոխության մակաբույծների ներկայությունն ավելի ցայտուն են դարձնում հայ-ադրբեջանական հակամարտությունը ու հատկապես դրա մեղավոր եղբայրական ազգի մարտավարությունը։ Գերտերության մամլիչ ուժը չէր խնայում թալիշցի ամենաամուր ընտանիքներն անգամ։
Սա փորձություն է հոգիների համար։ Կարողանո՞ւմ են համատարած չարիքի մեջ մարդ մնալ։ Իրենք կարողացան (իսկ մե՞նք)։
Վիպասանը հատուկ համակրանքով ավելի ընդգծուն ներկայացնում է վեպի անպարտելիներին՝ հաղթող հայրերին ու որդիներին։ Այդպես է ապրել Միջնաշենը՝ ճիշտ Սասունի պես, որտեղ անպարտելի էին հայրերն ու որդիները։ Ուրեմն՝ երբ ամուր են ընտանիքի հիմքերը, ցեղը շարունակվում է։
Կերպարների լեզվով Խալափյանը հրահանգում է՝ ինչպես վարվել թշնամու հետ, ու երբեմն ցույց տալիս այդպես չվարվելու աղետալի հետևանքները։ «Թուրքի աչքը հանած պիտի պահես․ վրեժդ չհանես՝ ավելի կլկտիանա, կկատաղի, այդպես է շերիաթի նրա օրենքը։ Եվ սա պիտի հիմա այստեղ սա՛տկի»։ Որովհետև ժողովուրդը պիտի հասկանա, որ մարդ չե՛ն, վայրենի են։ Վա՜յ մեզ՝ հայերի՛ս, մեր վերջը եկել է, եթե չհաղթենք։ Կռիվ է, ինչով կարող ենք, պիտի կռվենք, որովհետև «մեղավորը մեռնողն է, ինչի՞ ինքն իրեն չպաշտպանեց»։
Աստծո ու հավատի խորհուրդն անընդհատ ժապավենի պես անցնում է «Միջնաշեն»-ով: Հանկարծ մեզ համեմատում է Հոբի հետ, ու հարցնում՝ տեսնես Աստված էլ ի՞նչ ունի պահած՝ ամեն ինչ տեսած այս ազգի համար։
Ու հիմա, երբ ցեղասպանությունը շարունակվում է բութ յաթաղանով, ես հավատում եմ վիպասանին ավելի, թե Աստված իր փորձությունները հասցրեց անիմաստ դաժանության։
Էլ հույսի ի՞նչ խոսքի եք սպասում։
Ասում է տեր հայրը, թե հույս չկա՞ր, երազ տեսնողն ասում է՝ կար՝ մի մեծ սար, ու սարն ավելի է պինդ, քան ջուրը։ Ուրեմն այս աղետ-ջրհեղեղն Աստծո պատիժն է, բայց մենք Արարատ ունենք (էլի վերջակետս դրվեց միայն այն ժամանակ, երբ հույսի խոսքը գրվեց)։
Վանուհի Բաղրամյան