Արաքսի հովտի թաքնված գանձը․ Եղեգնամորի լուռ վեհությունը

Կարսի մարզի հարավում՝ Արաքսի հրաշագեղ հովտում է տարածվում Կաղզվանի գավառակը։ Անցյալ դարասկզբին մայր Արաքսի վտակ Ախուրյանը հենց այստեղ՝ արևելքից բաժանում էր Կաղզվանը Երևանի նահանգից, այժմ՝ Հայաստանի հանրապետությունից։ Ընդհուպ մինչև 1920 թվականը Հայաստանի մաս կազմած Կաղզվանն այսօր մնում է Կարսի համեմատաբար չբացահայտված, ավելի ստույգ՝ անտեսված շրջաններից մեկը։

Որպես Ախուրյանը հնարավոր բոլոր կողմերից տեսած ճամփորդ՝ վստահությամբ պնդում եմ, որ Ախուրյանի ձախ ափի այս տեսարաններին չի հասնի ո՛չ Իգդիրի ու Կողբի դաշտերը գրկող արաքսյան ջրերի գեղեցկությունը, ո՛չ անգամ Երվանդաշատի դրախտային այգիների՝ Ախուրյանի հետ կարծես շարական երգող տեսարանը։ Կաղզվանից Արաքսի այս վտակն այնքան կուսական, այնքան լուռ ու տպավորիչ գեղեցկություն ունի, որ մնում է միայն հասցնել, որքան հնարավոր է արագ հասցնել նայել դրան։ Հիշում ես, որ երջանկությունն իսկապես ակնթարթի մեջ է, իսկ այստեղ այդ ակնթարթը միայն պետք է հասցնել ապրել, շատ արագ ապրել ու վերադառնալ «կյանք»՝ փափագելով, սակայն, քեզ հետ տանել, ներսում պահպանել ու ոչ ոքի հետ չկիսել այս գույները, զգացումներն ու քաղցր հուշը։  

Ցավոք, նույնքան գունագեղ չէ Կաղզվանի խորքերով մեզ դեպի Եղեգնամորի վանք տանող, վստահաբար երբևէ ասֆալտի երես չտեսած փոշոտ ճանապարհը, որը Կաղզվանով դեպի Բայազետ իջնող մայրուղուց ընդամենը մի քանի բլուր այն կողմ բոլորովին այլ աշխարհ է բացում մեր առջև՝ բոլորիս տեղափոխելով 20-րդ դարի սկզբի Շիրակյան և Վանանդյան իրականություն։ Եթե մի պահ մոռանանք, որ Հայաստանի սահմանից մոտ կես ժամ հեռավորության վրա գտնվող Կազղվան հասնելու համար շրջանցել ենք փակ սահմաններն ու առավոտից հաղթահարել ենք ավելի քան 400 կմ ու երեք երկրի սահմանային անցակետ, կարող ենք շփոթվել, թե Ամասիայի, Աշոցքի կամ Արթիկի քարքարոտ դաշտերով, Շիրակի մերկ ու անշուք, բայց այդքան հարազատ լեռներով ենք երթևեկում։

Մեզ անվերջ թվացող լեռնային խուլ ճանապարհին այսօրվա նպատակակետը՝ Կաղզվանի Չանգլի գյուղը համառորեն չի ուզում երևալ՝ թաքնված մնալով մեկը մյուսին հետևող անառիկ լեռների, ամեն բլուրը հաղթահարելիս բացվող նոր տեսարանների հետևում։ Իր բնական իրականության մեջ ապրող, թե՛ մեր, թե՛ թուրքերի կողմից կարծես մոռացված  և, այդուհադերձ, իրենց ճոխությանը հավատարիմ Կաղզվանի լեռները խրոխտ են, կլանող ու վսեմ, իրենց միայնության ու հզորության մեջ կարծես այնքան ինքնաբավ, որ կարիք չունեն որևէ մեկի ուշադրության, այլ այդ միայնության մեջ նիրհում են լուռ ու բնավ ոչ ոքից չնեղանալով։

«Ընդդիմադիր գյուղեր են, դրա համար ոչ ճանապարհ կա, ոչ բան։ Պետությունը նրանց լավ չի նայում», -ասում է վարորդ Մեթինը։ Գյուղում մեկ անգամ է եղել. տարիներ առաջ այստեղի լեռներում պատսպարվող քուրդ զինյալների էր տեղափոխում։

Բլուր առ բլուր վեր բարձրանալով՝ մայր ճանապարհից միայն մոտ կես ժամ անց սկսում է երևալ Չանգլին և նրան տարբերակելը շատ դյուրին է․ Չանգլիի հենց սրտում կանգնած Եղեգնամորի փառահեղ վանքն իր ամբողջ վսեմությամբ, իր բարձրությամբ ու ճոխությամբ վեր է խոյանում հեռվից գյուղը հազիվ նշմարողի աչքում՝ մոռացնել տալով մնացյալ ամեն բան։ Որովհետև այստեղ ամեն ոք ու ամեն բան, նույնիսկ՝ Չանգլիի մզկիթի մինարեթներն ավելի ցածր են, քան նույն ինքը՝ Եղեգնամորի Սուրբ Աստվածածին տաճարը։

Վանքի պահպանված միակ կառույցի՝ Սուրբ Աստվածածնի իշխող դիրքը գյուղի վրա մի պահ ապշեցնում, հիացնում է, մյուս կողմից՝ բազմաթիվ հարցեր առաջացնում այս գյուղի ու  բնակիչների մասին։ Այդ հարցրերն է՛լ ավելի են խորանում, երբ նկատում ես, որ ի տարբերություն շատ վայրերի, տեղի երեխաները միայն համեստ հետաքրքրասիրությամբ պտտվում են շուրջդ, սակայն ոչինչ չեն մուրում զբոսաշրջիկից, իսկ անծանոթ տեսնելուն պես ամոթխած փախչում են:

Այժմյան Թուրքիայի տարածքում լքված հազարավոր հայկական վանքերից ու եկեղեցիներից, թերևս, ամենալավ պահպանվածներից մեկը՝ Եղեգնամորի վանքը, միայն գմբեթի թմբուկի, արտաքին պատերի հիմքերի որոշ հատվածներում տուժած լինելով, գրեթե ամբողջությամբ պահպանել է իր նախնական տեսքը և իր ամբողջ փառահեղությամբ վեր է խոյանում մեր առջև։ Ափսոս, որ լռության մեջ թաքնված ցնցումը բառերով փոխանցել հնարավոր չէ։ Որովհետև դա հենց այն է, ինչ զգում ես Եղեգնամորում։ Երբ լեզուդ պապանձվում է այս ամենի գոյությունից ու քո՝ այս մեծության առաջ գտնվելու փաստից։

 

***

10-11-րդ դարերում հիմնադրված Եղեգնամորի տաճարը, որը պատկանել է տեղի հայ քաղկեդոնիկ համայնքին, տարբեր աղբյուրներում հիշատակվում է նաև Չանգլի վանք, իսկ վրացական աղբյուրներում Լենախշորի վանք անուններով։ Հատկանշական է, որ եկեղեցին միաժամանակ հարում է թե՛ Անի-Շիրակի, թե՛ հայ-քաղկեդոնականների ժառանգության ամենամեծ բաժինն իր մեջ ընդգրկող Տայքի ու Գուգարքի ճարտարապետական դպրոցներին։

Հայ քաղկեդոնական համայնքի թողած պատմամշակութային հսկա ժառանգության մաս կազմող Եղեգնամորի Սուրբ Աստվածածնի պատմական պատկանելությունը, ինչպես Գուգարքի և Տայքի բազմաթիվ կոթողների դեպքում, նույնպես վիճարկման խնդիր է վրաց եկեղեցու ու գիտնականների կողմից։ Հաշվի առնելով վրացական եկեղեցու, ինչպես երջանկահիշատակ Սամվել Կարապետյանն էր նշում՝ պետության ներսում յուրօրինակ մի «ռազմական հենակետի» դերի ստանձնումը թե՛ միջնադարում, թե՛ մինչև օրս, ինչպես նաև միջնադարում վրացական թագավորության ազդեցության գոտում գտնվող տարածքներում վրացական թեմերի հիմնումը՝ նույնիսկ այդտեղ էթնիկ վրացիների իսպառ բացակայության դեպքում, ակնհայտ է դառնում, որ հայ-վրացական այս հայտնի «վեճն» ավելի շատ աշխարհայացքի տարբերության, ոչ թե վանքերի պատկանելության խնդիր է։ Ի վերջո, վրացական եկեղեցում նրա հետևորդի էթնիկ ծագումը երկրորդական է, դրան զուգահեռ Հայ Առաքելական եկեղեցին նույնպես բավականին խիստ է արձագանքել ուղղափառության անցած հայերի գոյությանը, երկար ժամանակ հայ ազգի շարքերից դուրս դասել վերջիններիս, իսկ հստակ ժամանակաշրջաններում արգելել նաև օգատգործել հայոց գիրը։

Հատկանշական է, սակայն, որ հայ-քաղկեդոնականների պատմությանը քաջ ծանոթ վրացի գիտնականներից Տակայիշվիլին, եկեղեցու մուտքի վերին հատվածում վրացատառ արձանագրություններն ընկալում է որպես այստեղ հայ-քաղկեդոնականների համայնքի երբեմնի առկայության, այլ ոչ թե Եղեգնամորի տաճարի վրացական լինելու փաստ։ Ի դեպ, արձանագրության մեջ հիշատակված է երկու անուն՝ Զիբիադա և Ռուբեն։ Հայ քաղկեդոնիկ եկեղեցիների վրացատառ արձանագրությունների բազմաթիվ վերծանումներում հենց հայկական անուններն ու վրացիներին ոչ հատուկ լեզվական սխալներն են հաճախ «մատնում» այդ կառույցների թե՛ կառուցողների, թե՛ օգտագործողների ազգությամբ հայ լինելը, թեկուզ՝ վրացական թեմի հովանու ներքո։

Հետաքրքիր էր նկատել, որ ի տարբերություն նշանավոր Օշկվանքի կամ Չորդվաց և Խախու վանքերի, որտեղ թուրքերեն, տեղ-տեղ՝ նույնիսկ արդեն վրացերեն ցուցանակները պատմում են վերոնշյալ պատմամշակութային կոթողների միմիայն վրացական անցյալի ու պատկանելության մասին և ոչ մի բառ չի հիշատակում տարածքում ապրած հոծ հայ համայնքի վերաբերյալ, Եղեգնամորում վերջերս տեղադրված ցուցանակի հեղինակները նախընտրել են բավականին չեզոք նկարագրություն թողնել՝ չնշելով, ոչ՛ հայերի, ո՛չ վրացիների, ո՛չ էլ որևէ այլ էթնոսի անուն։

Եկեղեցու չափերի, հիմնադրման մոտավոր թվականների մասին պատմող ցուցանակի առկայությունը մեզ մի փոքր զարմացնում է, քանի որ Եղեգնամորի վանքը, ցավոք, ամենաայցելվողներից չէ տարածքում, իսկ թե ինչու՝ բոլորիս համար ակնհայտ էր գյուղ տանող քարքարոտ ու փոշոտ նեղլիկ ճանապարհը մտնելու պահից սկսած։ Գուցե և հենց այդ անբարեկարգ ճանապարհը, Եղեգնամորի գեղեցկուհու անհաս ու օտար աչքերից հեռու մնալն այս պատմության այն կետն է, որի համար պիտի շնորհակալ լինենք, ի վերջո՝ ակնհայտ է, որ պահպանված միակ եկեղեցու շենքի՝ քիչ թե շատ «ողջ» մնացած լինելու համար հենց այդ հանգամանքներին ենք պարտական։

 

Սոֆյա Հակոբյան