Առաջին ատամը

Ատամհատիկին Նորիկը ոչինչ էլ չէր քաշել: Երբ նստեցրին Էրեբունի գորգի հենց մեջտեղում, այնտեղ, որտեղ ամենամեծ եղնիկներն են՝ հենց ցատկի պահին, փոքրիկ Նորիկն սկսեց տզզալ, ինչից հետո Նորիկի հայրը՝ Ռուբիկը, հաշվի չառնելով, որ բազմաթիվ հյուրեր կան, նայեց կնոջն ու արձանագրեց.

-Տոչնի դու ես: Յախք:

Հետո Նորիկը դադարեց լաց լինել ու սկսեց գոռալ, և Ռուբիկը շարունակեց միտքը.

-Բա որ ասում էի:

Գոռալուց հետո Նորիկն սկսեց ժպտալ, և ներկաներից միայն մորքուրի ամուսին՝ մասնագիտությամբ բժիշկ Սուրիկը նկատեց, որ «երեխան արդեն այնքան է մեծացել, որ մեկ րոպեի ընթացքում ցույց տվեց մարդու ամբողջ էմոցիոնալ բագաժը»: Ի դեպ, «բագաժի» մասին. այն օրից, երբ Սուրիկն իր առաջին արտասահմանյան գործուղումից վերադառնալիս՝ կորցրեց ուղեբեռը, որտեղ կնոջ՝ Նորիկի մորքուր Լիդայի համար վարդագույն խալաթ կար՝ կատուներով, գրեթե ամեն նախադասության մեջ օգտագործում էր «բագաժ» բառը, օրինակ, մի անգամ, երբ ուշ երեկոյան այցելուների հերթ էր իր սենյակի դիմաց, Լիդան զանգեց՝ պարզելու, թե ե՞րբ է տուն գալու Սուրիկն, ու բժիշկը պատասխանեց կնոջը.

-Տո ես շատ եմ իմանում, այ քո ցավը տանեմ, վրես յեքա բագաժ կա:

Բայց Սուրիկն իսկապես ցավը տանող բժիշկ էր:

Ատամհատիկին ներկաներից ոչ մեկի մոտ առանձնապես փող չկար: Նոր տարին նոր էր սկսվել, Ամանորի սեղանները դեռ չէին էլ հավաքել ու այդ պատճառով էլ՝ ում տանն ինչ կար՝ բերել էր: Օրինակ, Նորիկի հորեղբոր կինը՝ Զեփյուռը, որն ամուսնուն նորից խոպան էր ճանապարհել, բերել էր իր փոքր որդու նորածին ժամանակների բոդիներից մեկը՝ մուգ կապույտ, պինգվինով ու լավ լվացած: Նաև երկու-երեք հատ նարինջ, քանի որ Զեփյուռի տանն առանձնապես չէին սիրում ցիտրուս, փոխարենը գերադասում էին քաղցր մրգերը:

Մորաքույր Լիդան բերել էր ջրի ատրճանակ, որ «երեխեն վարդավառին ջրոցի խաղա»: Բայց Զեփյուռը հանկարծ ասաց.

-Ախչի Զեփյուռ, էդ ջրի պիստալետդ ծա՞կ ա:

-Էդ ջուր լցնելու տեղն ա,-իրեն չկորցրեց Լիդան, չնայած Սուրիկը մի քիչ կարմրեց:

Տատերն ու պապերն օրիգինալ էին գտնվել: Տատիկները միավորվել էին ու երկուսով մի զույգ գույնզգույն գուլպա էին կարել թոռանը, որը չնայած բավականին մեծ էր ստացվել, բայց տատերը վստահեցնում էին, որ հաջորդ ամիս արդեն Նորիկը կարող է հագնել, իսկ պապերը, քանի որ մասնակցել էին պատերազմին, միավորվել էին ու բերել իրենց ջոկատի հրամանատարից հիշատակ մնացած խանչալը, որով կոմանդիրը մի անգամ թշնամու գլուխ էր կտրել: Ավելին, Նորիկի մորական պապը, որին նույնիսկ խնամին, հատկապես նարդի խաղալիս, հաճախ էր «շուստրի» անվանում, խանչալը դրել էր փոքրիկի ատամհատիկի գորգի վրա ու ձախ ոտքով աննկատ առաջ էր մղում այն, որ Նորիկն առանձնապես ընտրության հնարավորություն չունենա:

Բայց ամենաինքնատիպը Նորիկի քեռու կնոջ՝ Նվարդի բերած նվերն էր: Թափանցիկ տոպրակի մեջ մի տուփ վերմիշել էր դրել ու եկել.

-Էս Նոր տարվա ուտելիքից էնքան ենք հոգնել, լսի, -ասաց Նորիկի մորը, -մտածեցի թույլ փլավ կանես՝ երեխեն ախորժակով կուտի: Գագոյի ուշքը գնում է թույլ փլավի համար:

Գագոն Նորիկի քեռին էր: Այն տղամարդկանցից, որոնք տանը երբեք չեն ծխում, քանի որ տանը երբեք չեն լինում: Ինչից, սակայն, Նվարդն առանձնապես չէր նեղվում, բոլորովին վերջերս էլ վառ կարմիր շրթներկ էր գնել՝ ակցիայով, որպես «Տղամարդիկ՝ ձեր ոտքերի տակ» կոչվող կոսմետիկայի խանութի հավատարիմ հաճախորդ:

Ցավոք Նորիկի հորքուրը չէր կարողացել գալ եղբոր միակ որդու ատամհատիկին, քանի որ ապօրինի բնակվում էր Ամերիկայում ու ինսթագրամի լայվով էր հետևում եղբորորդու մատաղ կյանքի այդ կարևոր իրադարձությանը, պարբերաբար հեծկլտալով ու «վա՜խ, ուտեմ մռութդ», բացականչելով: Անունը Մարի էր, գուցե այդ պատճառով էլ ամուսինն օվկիանոսի այն ափին մարիխուանա էր աճեցնում, կյանքից առհասարակ գոհ էին, նույնիսկ երջանիկ, հատկապես շաբաթ օրերը, երբ ամուսինը՝ կոնդեցի Էդոն, տուն էր բերում արտադրանքը, որ շաբաթ օրը ցրի հաճախորդների միջև:

Նորիկի տակի Էրեբունի գորգը հենց հորքուր Մարին էր նվիրել, ավելի ճիշտ՝ Մարիինն էր, բայց երբ Ռուբիկն ամուսնացավ ու իրենց տուն հարս բերեցին, Մարին՝ տալի արժանապատվությամբ նայեց մոր աչքերի մեջ ու բոհեմական հանդիսավորությամբ ասաց.

-Մամա, արի խալին տանք դրան, մեկ ա ես հեսա Ամերիկա եմ գնալու:

«Դրան» ասելով՝ Մարին նկատի ուներ Լուսինեին, որը որդու ատամհատիկին իր ցանկությամբ ոչինչ չէր դրել գորգին, որ «հանկարծ չասեն՝ դիտմամբ նենց տեղ ա դրել, որ իրա դրածը վերցնի»:

Իսկ գորգին համարյա ամեն ինչ կար՝ խանչալից սկսած՝ վարդից դուրս եկած: Ի դեպ, վարդը Նորիկի քեռու նախաձեռնությունն էր.

-Կարող ա ուզում ա սիրահար դառնա, քեռու պես, -ասել էր:

Լացելուց, գոռալուց ու ժպտալուց հետո, Նորիկը հանկարծ թեքվեց դեպի դիվանն ու չոչ արեց՝ կյանքում առաջին անգամ: Ու մինչ արյունակից հանդիսատեսը զարմանքով ու «դավայ-դավայ»-ով հետևում էր այդ պատմական իրադարձությանը, Նորիկը հասավ դիվանին ու լողորդների պես ձեռքը հպեց դրան՝ հայտնելով, որ իր ընտրությունը դիվանն է:

-Բայց վատ չի, -ասաց մորքուրի ամուսին բժիշկ Սուրոն, -դիվանագետ կդառնա:

Իսկ Նորիկը ոչ միայն ձեռքը հպեց դիվանին, այլև մագլցեց ու բարձրացավ դրա վրա: Հանկարծ երեխան գլորվեց փափուկ դիվանին ու քնեց: Նորիկը չզարթնեց նույնիսկ այն ժամանակ, երբ հարազատներն աղմկոտ քեֆ էին անում հյուրասենյակում՝ երջանիկ, որ տղա ունեն, որ տղան արդեն ատամ ունի ու որ դեսպան է դառնալու: Մեծամասնությունը որոշեց՝ Ամերիկայում կամ Ռուսաստանում, երկրորդ պատվավոր տեղում Ֆրանսիան էր:

Իսկ Նորիկը... Գուցե երազ էր տեսնում, թե ինչպես են եղնիկները ցատկում՝ Էրեբունի գորգի վրա չէ, որը կեղտոտվել էր սիրելի մարդկանց ցեխոտ կոշիկների տակ, այլ մի չտեսնված տեղ՝ դեռ մաքուր, միշտ բարձր, որտեղ միայն դու ես ու ոչինչ չես դառնում, ու ոչինչ պետք չէ դառնաս. արդեն կաս ու արդեն ատամ ունես:

 

Հովիկ Աֆյան