Ապրիլյան առավոտ

Մինչև առաջին անգամ համբուրվելը Վահագնը ու Աստղիկը որոշել էին աշնանը ամուսնանալ: Առաջին համբույրից հետո որոշեցին, որ մեկ շաբաթը բավական է՝ հարսանիքի պատրաստություն տեսնելու համար: Իսկ համբուրվեցին լաչառ Վարդուշի գերդաստանային լվացքի այն կողմում, դիտմամբ, որ Վարդուշը տեսնի ու գյուղով մեկ բղավի իրենց սերը: Ցավոք Վարդուշը տանը չէր, ու Վահագնի և Աստղիկի առաջին համբույրը մնաց անվկա, բայց հենց դրանով գյուղում սկսվեց գարունը: Խոպան չգնացած տղամարդիկ շուտ էին տուն գալիս, խոպան ճանապարհած կանայք չէին ուզում տուն գնալ, գիշերներն էլ ամբողջ գյուղով տարածվում էր հին մահճակալների ճռռոցը՝ ավետելով, որ արագիլները շուտով կգան. երկիրը տաքացել է:

Փեսի կողմը համաձայն էր. Աստղիկը դասատուի աղջիկ էր, ու Վահագնի դագաղագործ հայրը համոզված էր, որ մանկավարժությունը նույնիսկ էն աշխարհում է հարգելի աշխատանք: Հարսի կողմն էլ էր համաձայն. Աստղիկի հայրը մաթեմատիկայի ուսուցիչ էր ու տրամաբանում էր, որ դագաղագործ խնամին գործի պակաս երբեք չի ունենալու: Սիրահարների մայրերը, պարզվեց, զրույցի ահագին թեմաներ ունեն. դասատուի կինը սարսափելի վատ էր ապրում, դագաղագործի կինը՝ սարսափելի:

-Ուրեմն մի շաբաթի՞ց,-ձեռքը մեկնեց Վահագնի հայրը:

-Ուրեմն մի շաբաթի՛ց,-ձեռքը սեղմեց Աստղիկի հայրը:

Մայրերը սուրճ էին խմում՝ տնական գաթայով:

-Բայց գաթան լավը չէր,-տունդարձի  ճամփին ասաց Վահագնի մայրը,-խորիզը դառնահամ ուներ:

Մեկ շաբաթ չէր անցել, երբ կողքի գյուղի չոբանը լեղապատառ հասավ հարսանիքի պատրաստվող գյուղ ու գոռաց.

-Փախե՜ք...

Ջուր տվին, աթոռ տվին, խմեց, նստեց ու պատմեց: Թե բա թշնամին մտել է: Սկզբից ոչխարն էն կողմից եկել է մեր սարերն ու սկսել արածել: Հետո զենքով եկել են ու ասել.

-Որտեղ մեր ոչխարը, էնտեղ էլ մենք:

Գյուղամիջում ոչ մեկը մյուսին չէր լսում: Բայց ծերունիներից մեկն, ավելի շատ ինքն իրեն, ասաց.

-Էդ ա. վտանգն սկզբում անմեղ գառան տեսք ունի:

Լաչառ Վարդուշն էլ լվացք չէր փռում: Հարևան չոբանի գալուց ժամեր անց, գիշերվա կեսին ամբողջ գերդաստանը քոչեց:

-Հարսանիքը պիտի հետաձգենք,-գլուխը կախեց Վահագնի հայրը:

-Հարսանիքը պիտի հետաձգենք,-գլուխը թեքեց Աստղիկի հայրը:

Ուսուցիչը գործի չէր գնում. աշակերտ չկար: Դագաղագործը գործից տուն չէր գալիս. պատերազմ էր:

Թշնամին չեկավ, բայց Վահագնը գնաց: Աստղիկին պաչեց ու գնաց, հենց գյուղամիջում. պատերազմի ժամանակ գյուղամիջում համբուրվելն ամոթ չի համարվում: Մի ամսից հետ եկավ: Ոչ մեկի հետ չէր խոսում: Գիշերները չէր քնում: Այդ գիշեր ամբողջ գյուղը չքնեց: Մի գառ անգամ չէր փրկվել: Բոլորի գոմերում արյուն էր: Գյուղը համոզված էր, որ արյունոտ դանակը ձեռքին Վահագնը պատերազմում շեղվել է, Վահագնը համոզված էր, որ ամեն ինչ սկսվեց, երբ ոչխարներն առաջ եկան: Ուղարկեցին սարերը, որ հանգստանա: Աստղիկը ուզում էր հետևից գնալ.

-Ո՞ւր ես գնում, աղչի՛, գժի մո՞տ,-ասաց Աստղիկի մայրը:

-Տղամարդը պիտի գիժ լինի,-ասաց Աստղիկը:

Բայց ո՞վ էր գժվել Աստղիկին թողնի՝ սարերը գնա: Մանկավարժ հայրը տնային կալանք սահմանեց: Բայց մի օր Աստղիկի սենյակի կողպեքը բացվեց: Մայրն էր, ներս չմտավ, որ ասի.

-Հերդ մեռավ:

Դասատուն գնացել էր դպրոց, երկար նստել դատարկ դասարանում ու մտածել՝ հիմա ինքը լավ ուսուցի՞չ է, որ աշակերտները բոլորը գնացին պատերազմ, թե՞ վատն է, որ աշակերտներից ոչ մեկը հետ չեկավ: Սա մտածելիս էր՝ ընկել էր աթոռից:

Աստղիկը սև շոր էր հագել: Վահագնը սարի ծաղիկներ էր բերել: Վահագնը սարից իջել էր ու ծաղիկներ էր բերել:

-Տարին տանք նոր, չէ՞,-շշնջաց Վահագնը:

-Տարին տանք նոր, հա,-հաստատեց Աստղիկը:

Այդ տարվա մեջ շատերը մեռան: Արդեն երկուսն էլ ընտանեկան գերեզմաններ ունեին: Վահագնի հորը թաղեցին գյուղի միակ դագաղում, որը վարպետն անձամբ չէր սարքել: Աստղիկի մորը թաղեցին մի անձրևոտ օր, ու աղջիկը հիշեց, որ մայրն ասում էր.

-Տարվա մեջ պիտի մի քանի օր անձրև գա, որ կանգնես տակն ու ոչ մեկը չտեսնի կուտակած արտասուքդ:

Վահագնի մայրն ուղղակի չզարթնեց առավոտյան, ու որդին ժպտաց, քանի որ հայրը միշտ ասում էր մորը.

-Երանի քեզնից շուտ մեռնեմ, որ ստիպված չլինեմ դագաղդ սարքել:

Գյուղում բոլորն անծանոթ էին դարձել: Միայն Վահագն ու Աստղիկն էին իրար հիշում:

-Էսքանից հետո էլ ի՞նչ,-ճակատին առաջացած կնճիռները տրորեց Աստղիկը:

Վահագնը լուռ էր: Սպիտակ մազերով գլուխն էր քորում՝ Աստղիկի ծոցից դուրս գալով:

Առավոտ էր ու ապրիլ:

 

Հովիկ Աֆյան