Անվերնագիր

Անվերնագիր
Անվերջաբան
Օրեր
Թերթեմ անցնեմ,
Եթե չկաս։
Եթե չկաս
Դու տողերում
Դու խորքում
Իմ խորության
Ներսս պիտի
Ճահիճ դառնա։
Կամ
Անձեռագիր
Ճակատագիր
Որ կկախվի
Խոհանոցի նեղ սենյակում
Միակ լույսի
Մարած լամպից։
Եթե չգաս։

***

Ես ուժասպառ գնամ
պատգշգամբի փափուկի մեջ խորտակվեմ
ու էլ չսպասեմ գալուդ:
Ես ընդամենը նայեմ
գունափոխվող երկնքին
ու հասցնեմ
դեղինից կախվել
ու սևի հետ աչքերս փակել...
Ես ուժասպառ եղած
տուն գամ
ու պատշգամբում
քո գիրկը լինի՝
խորտակվեմ
ու գունափոխվող երկինքը
Ծնկներիցս լինի:

***

Գնամ, թափառեմ փողոցներով, գուցե պատահական քեզ հանդիպեմ…
Քեզ, որ թափառում է փողոցներում ինձ պատահական հանդիպելու հույսով:
Գնամ երիցուկի թեյ սարքեմ ու չխմեմ։ Հիշեմ մաման ինչ սիրով էր սարքում, բերում, երբ ջերմում էի ամռան շոգին։
Գնաս երիցուկներ հավաքես, ինձ նվիրես կամ թեյ սարքես։ Էլ չջերմեմ...
Գնամ թափառեմ, մինչև տուն հասնեմ:

***

Իմ գժանոցի սենյակում պատերը քո դեմքն ունեն ու բառերը քո ձայնով են խոսում: Դռները քո նման են փակվում ու պատուհանները քո նման են ներս թողնում՝ չեն թողնում: Լույսը քո նման միանգամից հայտնվում է ու հրաժեշտ չտալով էլ անհետանում:
Իմ գժանոցի սենյակում դատարկությունը քո բարձրակրունկներով է քայլում ու գիշերը քո քմծիծաղով է ներս մտնում:
Իմ գժանոցի սենյակում դեղերս քո հոտն ունեն, ու պահարանիս դրված մանդարինը քո ժպիտով է ժպտում: Իմ գժանոցի սենյակում, սենյակն էլ է գժվել...

***

Ես մութ սենյակ՝
Վարագուրված, սև պատերով։
Դու արև՝
Տաք շողերով
Երկնքից պոկված՝
Լույսի կտոր,
Առանց կոտրել
Պատուհանս փակ
Թափանցեցիր իմ կյանք
Ես
Ժպտացի
Ու տաքացա...
Մնաց ցուրտս
Հանկարծ
Քեզ մոտ չգա.

***

Ես էլի հիմքից փլվեցի
Քեզ էի նորոգում։
Ես էլի տապալեցի
Էն հսկա ծառը,
Որ ամեն անգամ
Կանգնում է մեր մեջ
Ու չի թողնում
Ինձ խորտակվել։
Ես էլի հիմքից քանդեցի
Ինձ ու Աշխարհս՝
Փոխեցի տեղերը
Գետնի ու երկնքի
Տրորեցի գետինը
Կոշիկներով։
Մարեցի հատ-հատ
Աստղերը բոլոր։
Սպասեմ առավոտը գա
Որ սառը ձեռքով
Կամ դանակով քոռ
Հանգցնեմ Արևը անշող

***

…Չե՞ս մտածել, որ սև ու խուճուճ մտքերն էլ կարելի է խնամել էն հաստ, սև, գանգուր մազերի նման, որ հատկապես բնորոշ է հմայիչ սևամորթերին։
Չե՞ս մտածել, որ կարելի է կեղտոտ մտքերն էլ լվանալ, սանրել, հյուսել կամ էլ ուղիղացնել։ Ներկել վերջապես։ Չթողնել անփայլ, քարկապված։
Չե՞ս մտածել, որ կարող ես չթողնել ուսերիդ կոշտ ծանության պես թափթփված մնան, այլ սիրուն, փրփրոտ ալիքների նման լինեն փափուկ տարածված։
Չե՞ս մտածել․․․ կմտածե՞ս։

 

Շուշանիկ Գյոլչանյան