Անահիտ Թոփչյան. ազատ և ըմբոստ՝ օրինաչափորեն

Ի՞նչ կգրեր ֆրանսիացի փիլիսոփա, պոստստրուկտուրալիստ և նշանագետ Ռոլան Բարտը, եթե տեսներ հայ հայտնի դերասանուհի, արձակագիր և թարգմանիչ Անահիտ Թոփչյանի դեմքը: Կգնահատեր գեղեցկությունը, վստահաբար, իսկ կտեսնե՞ր այն հանդգնությունը, որն ունի դերասանուհին:

«Այո, գիտեք, ես իմ տեսակով հեղափոխական եմ և ըմբոստ, եթե ըմբոստանամ, կարող եմ անգամ արտառոց, էքսցենտրիկ մի բան անել…»,- գրեթե տասը տարի առաջ տված հարցազրույցում ինքն իրեն բնութագրել է դերասանուհին: 1947 թվականի օգոստոսի 21-ին, Արթիկում ծնված դերասանուհին 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետը։

1998 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ 1967-1991 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում. ավելի քան 100 դեր է Խաղացել կինոյում, թատրոնում, հեռուստա և  ռադիոթատրոններում։

1990-ին հիմնել է իր հեղինակային թատրոնը, որում լիովին արտահայտվել է նրա բազմատաղանդ էությունը, թատրոն, որում նա և՛ թատերական բեմադրիչ էր, և՛ տեքստի հեղինակ, և՛ դերասան և՛ գեղարվեստական ղեկավար։ Թոփչյանի հեղինակային թատրոնին ծանոթ էին բազմաթիվ երկրներում՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Գերմանիա, Կանադա, Լիբանան, Սիրիա, Կիպրոս:

1990 թվականից դերասանուհին սկսեց ակտիվ կերպով տպագրվել հայ և արտասահմանյան մամուլում՝ հանդես գալով հրապարակախոսական, արվեստաբանական հոդվածներով և գեղարվեստական արձակով։ Հետո տարվեց թարգմանությամբ և բազմաթիվ թարգմանություններ արեց ֆրանսիական գրականությունից։ Բայց բեմից հետո նրա մյուս տարերքը գրականությունն էր, և տաղանդավոր դերասանուհու գրչից ծնվեցին «Lady S.D.F.», «Հայելի», «Մենախոսություն գժանոցից», «Անհասցե տիկինը» ժողովածուները, «Անհետացում», «Տագնապ» վեպերը։ Թոփչյանի պատմվածքները թարգմանվել են ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, անգլերեն, ռումիներեն, հունարեն, վրացերեն։ 2012 թվականին նրա «Մարաթոն» պատմվածքը բեմադրվեց Փարիզի Դ. Միյոյի անվան թատրոնում։

Դերասանի կարիերան Անահիտին կանխորոշված էր դեռ մանկուց: Հարցազրույցներից մեկում, հիշելով վաղ մանկության շրջանը, երբ բեմը բակն էր, հանդիսատեսն էլ՝ հարևանները, Անահիտ Թոփչյանն ասել է. «Սիրում էի երևակայել, կերպարանափոխվել պերսոնաժների, ֆիլմեր նայելիս ուզում էի դերասանների հետ ամեն ինչ զգալ ու կրկնում էի, ինչ նրանք էին անում՝ ծիծաղում էի, հուզվում, լաց լինում, անգամ հետս ուտելիք էի տանում, որ եթե իրենք ուտեն, ես էլ ուտեի ու դա էլ զգայի»:

Վառ երևակայությունն արդեն հասուն տարիքում դերասանուհուն օգնել է կառուցել իր կերպարները Ստանիսլավսկու համակարգով: Դերասանուհու համար խաղը նախ և առաջ ազատություն էր: Տարբեր առիթներով կրկնում էր արտիստական  երջանկության մասին իր սիրելի խոսքերը. «Դերասանը երջանիկ է բեմում, որովհետև ազատագրվում է ինքն իրենից: Այն, ինչ չէր համարձակվի ասել ու անել իր անունից, ասում և անում է իր հերոսի անունից: Նա երջանիկ է բեմում, քանզի ազատ է, թեպետ այդ ազատությունն, ավաղ, երևակայական է»:

Ազատությունը, որի մասին այդպես հիացական խոսել է Անահիտ Թոփյանը, օրինաչափորեն նաև նրա բուն էությունն է: Եվ որպես ասվածի լավագույն  վկայություն առանձնացրել ենք նրա  ֆիլմերից մի քանիսը, որոնք արժանի են ուշադրության:

 

«Վերադարձ»

1972 թվականին խորհրդահայ կինոռեժիսոր և սցենարիստ Արման Մանարյանը նկարահանեց «Վերադարձ» ֆիլմը՝ պատմություն Հայկի (Վլադիմիր Մսրյան) և Անահիտի (Անահիտ Թոփչյան) սիրո մասին: Հայկը, որ նշանավոր երիտասարդ ֆիզիկոս է, աշխատանքային այցով Հայաստան է վերադառնում Ռուսաստանից: Վերադարձի առիթն աշխատանքն էր, բայց նրա՝ երկրում մնալու պատճառը դառնում է Անահիտը:

Տղամարդն ընտրում է իր հայրենիքում մնալը, ասել է թե Անահիտի հետ մնալը, ուստի վերջինս նույնացվում է երկրի, մասնավորապես, քաղաքի հետ: Հետևաբար այն հատկանիշները, որոնք կարող ենք վերագրել Թոփչյանի կերպավորած հերոսուհուն, կարող ենք վերագրել նաև Երևանին: Անահիտը պատճառից վերածվում է հետևանքի, ընթացիկից վերածվում է մնայունի, ինչպիսին է քաղաքը: Իսկ ինչպիսի՞ն է քաղաքի արտաքին կերպարը: Սրճարանային. բոլոր ժամանակների երևանյան մշակույթի գլխավոր բաղկացուցիչներից մեկն է սրճարանային կյանքը, որի մի մասնիկն է սուրճ ըմպող Անահիտը՝ ծխախոտը ձեռքին և, որը  մշակութաբանական զրույցներ է վարում իր տղամարդ ընկերների հետ: Անահիտը տղամարդկանց հետ հարաբերություններում, լինեն ընկերները, թե Հայկը, բացարձակապես կախյալ չէ, այլ հակառակը՝ իրեն է հնազանդեցնում, մասնավորապես Հայկին, ճիշտ այնպես ինչպես քաղաքն է իրեն հնազանդեցնում իր բնակիչներին: Անահիտը նաև խնամված է, ինչպիսին է եղել հին Երևանը: Եվ, ի վերջո, Անահիտը դոմինանտ է, նման գերիշխող այն կերպարին, որին կհանդիպեք Հաղթանակի զբոսայգում՝ բարձրադիր արձանի տեսքով:

 

«Բաղդասարը բաժանվում է կնոջից»

Անահիտ Թոփչյանը փայլել է ինչպես գլխավոր, այնպես էլ էպիզոդիկ դերերում: Նրա լավագույն դրվագային դերերից մեկն էլ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» պիեսի մոտիվներով 1976 թվականին կինոռեժիսոր և կինոդրամատուրգ Գրիգոր Մելիք-Ավագյանի նկարահանած «Բաղդասարը բաժանվում է կնոջից» երաժշտական տրագիկոմիկական ֆիլմում Սալոմեն է: Այս կինոնկարում բացահայտվում են դերասանուհու խաղի նոր որակներ, իր փայլուն խաղով նա ասես խուլ ու համր ֆիլմի աստղ լինի: Դերասանուհու կերպարը գրեթե զուրկ է խոսքից և նրա ուսերին է դրված կոկետ աղախնի կերպարը դիմախաղի ու մարմնի պլաստիկայի միջոցով ամբողջացնելու ոչ դյուրին առաջադրանքը:

 

«Դեմքով դեպի պատը»

Հայ գրող, դրամատուրգ, արձակագիր Հովհաննես Մելքոնյանի «Հարցաքննություն» վիպակի մոտիվներով 1989 թվականին նկարահանված հայկական ֆիլմը, որի ռեժիսորն է Միքայել Դովլաթյանը, համախմբել է կինոյի այնպիսի աստղերի, ինչպիսիք են Արմեն Ջիգարխանյանը, Կարեն Ջանիբեկյանը, Դմիտրի Խառատյանը, և իհարկե՝ Անահիտ Թոփչյանը: Նրա հերոսուհին Թեկզին է. նա նոր է կորցրել ամուսնուն: Թեկզիի ամուսինը փորձառու իրավաբան էր, որն անսպասելիորեն մահանում է, իսկ գործը պետք է բացահայտի նրա երիտասարդ գործընկերը: Տղան փայլուն հետաքննում է գործը, ապացուցում հանցագործների կապը դատախազության հետ, բայց դրանից հետո հանկարծ որոշում է հեռանալ  աշխարհիկ կյանքից և վանական դառնալ...

Դետեկտիվ այս պատմության մեջ Թոփչյան- Թեկզիի ապրումներն ամենադրամատիկն են: Ամուսնուն կորցնելուց հետո նրան կրկին սիրելու և սիրված լինելու հնարավորություն է տրվում, բայց կարճ ժամանակով: Եվ թախիծը, որը հերոսուհու գլխավոր բնութագրիչն է, վերածվում է ողբերգության:

Անահիտ Թոփչյանը «երազանքների կնոջ» կերպար է: Նրա հերոսուհիներն ըմբոստ  են, անհնազանդ, նրանք անկախ են և գեղեցիկ՝ բոլոր տարիքներում, որոնք էկրանին, բեմում թե գրականության մեջ օրինաչափորեն շարունակում են ապրել այն կյանքը, որն ապրեց տաղանդավոր դերասանուհին, հմայիչ կինն ու ազատ ստեղծագործողը:

  

Հեղինակ՝ Անի Գաբուզյան