Ակվարիում

Երբ պատուհանները փոխեցին, արևն էլ չէր մտնում տան ոչ մի սենյակ: Ապակիները մուգ շագանակագույն էին, նույնիսկ սև, ավելին՝ պատուհանները ձայնամեկուսիչ էին, ու փողոցի աղմուկը տանը չէր լսվելու այսուհետ, ու ամենակարևորը՝ տանն ինչ խոսեին, դրսում չէին լսելու:
-Բայց երեխեքն արևի երես չեն տեսնի, -մաման էր:
-Զատո խելոք կմեծենան, -պապան էր:
Երեխաներից մեծը տասը տարեկան էր: Հոր պես շիկահեր: Կրտսերը վեց գարուն էր տեսել: Մոր պես գանգրահեր էր: Շիկահերն աղջիկ էր: Բացի դպրոցից ոչ մի տեղ չէին գնում: Առաջ լսում էին, թե բակում ինչ ու ինչպես էին խաղում ուրիշ երեխաները, հիմա նույնիսկ տեսնել չէին կարող: Պատերազմից հետո պապան չէր ուզում ոչ մեկին տեսնել ու վստահ էր, որ եթե իր երեխաներին պաշտպանի մարդկանցից, նրանք երբեք չեն իմանա՝ պատերազմն ինչ է: Հեռուստացույցն արգելված էր տանը: Ոչ թե որովհետև սուտ լուրեր էր հաղորդում`սուտ և անիմաստ իրականության մասին, և կամ սուտ և անիմաստ իրականություն ստեղծելու նպատակով, այլ քանի որ հեռուստացույցն աղմկում էր, իսկ տանը չպետք է աղմուկ լիներ: Սա պապայի հետպատերազմյա հոգեբանը չէր ասել. սա պապայի գիտակցական որոշումն էր ու մամայի՝ ամենևին էլ ոչ եկեղեցական՝ «Հնազանդ եմ» երդումի կենդանացումը: Աշխատողը մաման էր: Հենց նա էլ բերում էր ընտանիքի ամենօրյա սնունդը, պատրաստում ամենօրյա կերակուրը, պարզում, թե ում օրն ինչպես է անցել: Ընդ որում՝ չնայած բոլորը հիմնականում տանն էին, բայց յուրաքանչյուրի օրը տարբեր էր անցնում՝ կախված այն գրքից, որը կարդում էին: Պապան էր ստիպում, ոչ թե որովհետև գրքերում է ամբողջ աշխարհի իմաստնությունն ու ճշմարտությունը՝ կյանքի մասին, այլ քանի որ ընթերցանությունն անաղմուկ գործողությունն է, ինչը ընթերցանության մասին մեծագույն միֆերից մեկն է, ի դեպ:
Իհարկե, իրար հետ զրուցում էին, բայց ոչ երբեք հացի սեղանի շուրջ, որտեղ լռությունն ավելի սուրբ օրենք էր, քան, օրինակ, «Մի սպանիր»-ը:
-Հետո ի՞նչ են անելու երեխեքը, ո՞նց են ապրելու, -մաման էր ավելի շատ ինքն իրեն ասում՝ ամեն գիշեր պառկելիս:
-Զարմացած, -ասում էր պապան, որ արդեն պառկած էր լինում, -ու մեզ շնորհակալություն հայտնելով:
Երեխաներին առավոտյան դպրոց տանողն էլ էր մաման: Պապան չէր էլ կարող. պատերազմից առանց ոտքերի էր եկել՝ հենակներով:
-Մա՛մ, ծովն ինչ ա, -հարցնում էր աղջիկը:
-Աչքերդ, -պատասխանում էր մաման:
-Մա՛մ, սիրահարվելն ի՞նչ ա, -հարցնում էր տղան:
-Ամեն օր զարթնելը, -պատասխանում էր մաման՝ շոյելով տղայի գանգուրները:
Առաջին ապտակը հենց տղան կերավ: Երևի նոր դասընկերուհու աչքերի անհայտ, չբացահայտված գույնից, գուցե այդ օրը կարդացած գրքից ազդված՝ որոշեց բարձր երգել հացի սեղանի շուրջ, մինչև մաման կբերեր տապակած ձուկը: Հոր մատների տեղը մնաց որդու այտին:
-Դու այս տանը թշնամիներ չունես, -մաման էր՝ պառկելուց առաջ:
-Հենց այս տանն է իմ մեծագույն թշնամին, -պապան էր՝ արդեն պառկած:
Բայց որդիներին հասցված ապտակներն ավելի երկար ցավեցնում են հայրերին: Ննջասենյակից սիգարետի անտանելի հոտ էր գալիս առավոտյան: Հոգեբանի ցուցումով պապային նշանակվեց ակվարիում:
-Յուրաքանչյուր «Անտառային ձայներում» վաճառում են, -ասել էր հոգեբանը:
Ու մաման բերեց: Շատ մեծ չէր: Հենց հյուրասենյակում դրեցին: Էլ ոչ մեկը գիրք չէր կարդում: Տղան պապայի ձախ կողմում էր նստում, աղջիկն՝ աջ: Ձկները չէին էլ փորձում կոտրել ակվարիումի ապակին: Ձկները գույնզգույն էին:
-Երբեք չաղմկե՛ք, -ասաց պապան՝ ձկների՞ն, երեխաների՞ն, -որ չսպանեն, որ չսպանեք...
-Պա՛պ, երգելն աղմկե՞լ ա, -որդին էր:
-Երգելը ողջ մնալու միակ հույսն ա, -պապան էր:
-Բա ինչի՞ խփեցիր:
-Որովհետև մյուսները չեն խփելու. սպանելու են:
Պապան երաժիշտ էր: Թավջութակահար: Պատերազմից հետո՝ սպանված:
Ամբողջ շենքը դուրս էր թափվել: Շտապօգնության մեքենան դեռ կանգնած էր բակում, երբ ոստիկանները զրուցում էին հարևանների հետ: Հենց նրանք էլ պատմեցին ամբողջ ճշմարտությունը: «Մենակ կին էր, երևի գժվել ա, ով լիներ՝ չգժվեր, ամուսինը գնաց պատերազմ, հետ չեկավ, մի քանի ամիս հետո ոտքերն ուղարկեցին՝ ԴՆԹ-ով հաստատվեց, որ իրանն են»:
-Երեխաներ չունեի՞ն, -ոստիկանն էր:
-Չէ-չէ... Բայց շատ էին ուզում: Շատ խելոք ընտանիք էին, մի ծպտուն անգամ չենք լսել իրենց տնից, թե էս ի՞նչ էր՝ չհասկացանք, -հարևանն էր:
Պատերազմից հետո միայնակ մնացած կինը վերադարձել էր դատարկ տուն: Քայլել էր բոլոր սենյակներով, հետո, ինչպես գրված էր ոստիկանության արձանագրության մեջ. «Մոտեցել էր հյուրասենյակում դրված ակվարիումին, վերցրել այն ու նետել պատուհանի ապակիների վրա՝ կոտրելով ինչպես ակվարիումը, այնպես էլ 7-րդ հարկի տան ապակիները»: Լավ է՝ պատուհանի տակ մարդ չէր եղել: Ձկները, բայց, չէին փրկվել՝ ցամաքին բախվելով, զարմանալով՝ երևի ջրի բացակայությունից:
Կնոջը շտապօգնության մեքենայով տարան դեպքի վայրից: Վարորդը, հավանաբար սովորականությունից կամ այն կոտրելու հույսով, երգ էր լսում:
Հովիկ Աֆյան