Այս ե՞րբ Հայրենիքը դարձավ խրամատ

****

Սա խրամատների երկիր է.

նայում ես աջ՝ խրամատ է,

նայում ես ձախ՝ խրամատ է,

ոտքերիդ տակ հողը հող չէ, խրամատ է,

տեղ չկա քայլելու։

Այս երկիրը մի մեծ խրամատ է,

որտեղ, ինչով էլ զբաղվես,

զինվոր ես,

այստեղ գիշերը պիտի չքնես,

պիտի հաշվես աստղերը՝

որպես կորած զինվորների երազներ

ու կառուցես խրամատդ,

որովհետև քեզ ամեն կողմից նայում են՝

Աջից,

Ձախից,

Երկնքից։

Այստեղ դու ոչինչ ես առանց խրամատի,

որովհետև դու ոչինչ չունես,

բացի այս խրամատից,

որովհետև դու ինքդ հողեղեն խրամատ ես,

որ կարող ես փլվել,

եթե չհասցնես ճիշտ կառուցել քեզ․․․․

Այս ե՞րբ Հայրենիքը դարձավ խրամատ,

թե՞ այդպես էլ չհասցրինք...

 

****

Թող մի քիչ լացեմ,մա՛մ,

ու թող անորոշությունն այս

խեղդվի արցունքի մեջ

ու արցունքից

սպասումի ծիլեր աճեն.

գուցե գարունը շուտ գա...

Այս փողոցում ես մենակ եմ, մա՛մ,

տար ինձ փողոցը իմ,

որտեղ ինձ մի ժամանակ

վազել ես սովորեցրել.

նորից սովորեցրու վազել...

Օգնիր անցնել այս փողոցը անծանոթ,

մենությունը այս փողոցի

կախվել է լուսակիրներից

ու կանաչի փոխարեն

մենություն է անգույն.

ես ինչպե՞ս հատեմ

ինձ քեզնից զատող լուսակիրները...

Ջրիր ծաղիկներդ, մա՛մ,

ամեն օր ջրիր

ու այս ցրտին

մի քանի սիրուն բառ գտիր,

ասա ծաղիկներիդ.

գուցե գարունը շուտ գա...

Մի օրհնիր ինձ, մա՛մ,

համոզիր ինձ, որ էն հեքիաթներից մեկը,

գոնե մեկը իրական է եղել,

որ չես հորինել բարու հաղթանակը,

որ վիշապները չեն կերել

երկնքի խնձորները

ու նրանք ընկնելու են...

Թող մի քիչ լացեմ, մա՛մ,

հազար տարի է չեմ լացել,

որ չլացես։

Երբ գարունը գա, գրիր ինձ,

ես կսպասեմ այս փողոցում,

այս փողոցում եղանակներ

չկան...

 

****

Այս ձմեռն այնքան երկար է,

որ գիշերը չես հասցնում երազ տեսնել,

մրսում ես...

Առավոտները չես հասցնում

հիշել երազանքի մասին,

մրսում ես...

Սառած ձեռքերով

փակում ես աչքերդ,

որ չհանդիպես թափառող ձմռանը,

բայց ժամանակը

մատներիդ արանքով մտնում է,

հասնում կոպերիդ,

հիշեցնում, որ ձմեռ է,

ուրիշ եղանակի հույս չկա...

Մեկը զարդարում է տոնածառը,

տոնածառը մրսում է,

խաղալիքները չեն տաքացնում,

ուրիշ խաղալիքներ են պետք։

Առաջ երեխաները

հավատում էին Ձմեռ պապին,

բայց արդեն չեն հավատում.

նա ասել էր, որ խաղաղություն կբերի,

հիմա էլ ասում է, թե

չի տեղավորվում իր տոպրակի մեջ։

Խաղաղությունը մնացել է ճամփեքին.

մրսում է,

տաքացնող չկա...

Այս ձմեռը շատ կերկարի,

որովհետև գարունը մի ժամանակ հաղթանակների ամիս էր,

իսկ հիմա ձնծաղիկները

ամաչում են գլուխները բարձրացնել...

 

****

Նրանք գնացին

ու չեկան...

Հետո եղավ մեկ րոպե լռություն...

Հետո բոլորը նստեցին

ու աթոռները ծանր

ճռռացին...

Աստված ուզեց ասել՝

թող նորից լույս լինի,

բայց փոշմանեց...

Ու սկսվեց ամենաերկար

գիշերը,

որը չի ավարտվում...

 

****

Այս երկրում,

որտեղ շատ հեշտ են

հոգնում,

հիասթափվում,

հեռանում,

ես ամեն օր մենությանս

խաբում եմ քեզնով:

Օրերն այնքան դառն են,

որ եթե քեզ չխառնեմ առավոտյան սուրճիս

պիտի դառնացած շուրթերով

սպառնամ վայրկյաններին,

որ շուտ գնան, չքվեն աչքիցս:

Այս երկրում,

որտեղ շատ հեշտ են մոռանում,

ես հիշողությանս հետ

կռիվ եմ տալիս, որ չգա ամեն օր,

Ես վազում եմ քեզ հետ հանդիպման,

որ ճանապարհին չհանդիպեմ

հիշողությանս:

Դու ինձ կարո՞ղ ես տանել այնտեղ,

որտեղ այս երկիրը չգա իմ հետևից,

չմտնի ներսս ու չխառնի ամեն բան,

որտեղ այս երկիրը

սառը աչքերով չնայի ինձ ու չասի՝

ո՞ւր ես գնում...

Այս երկիրը արթունների երկիր է,

այստեղ գիշերը մտածում են,

թե ինչպես փրկեն առավոտները․․․

Այս երկիրը չի քնում,

որ կարողանա արթնանալ․․․

Այս երկիրը տեղավորել եմ

մենությանս մեջ,

երկուսս էլ գնալու տեղ չունենք․․․

Փակիր աչքերս քեզնով,

ասա, որ ես սիրում եմ ամեն բան հորինել․

ասա, որ հանդիպել ես երազներիս

ու ինձ նրանց մոտ ես տանելու․․․

 

****

Հրաժեշտ քաղաքին

 

Քաղաքը անձրևի փոխարեն

մաղում է դեմքիս,

Հիշողությունը լվանում է

աչքերս,

որ լավ տեսնեմ քաղաքի

թաց աչքերը։

Քաղաքը հոսում է

երազանքների հակառակ

ուղղությամբ

և հետ չի նայում,

որ ոչ մեկին չտեսնի։

Դա իմ տեսած ամենաերկար

լռությունն է,

որը չի խոսում...

 

Հերմինե

օգոստոս. 2022, Բերձոր