Այդ ձայնը…

Հենց երեկոյանում էր, դիմացի սեփական տան բաց պատշգամբում հայտնվում էր կինը: Ո՞վ էր հասցրել դրան, ի՞նչն էր խլել բանականությունը: Ո՞ւմ հետ էր կռվում: Ի՞նչը պիտի բերեին, որ այդպես էլ չէին բերում, ո՞վ պիտի բաց թողներ, որ այդպես էլ բաց չէր թողնում, ինչո՞ւ չէր դադարում մեղսանքի ու տագնապի այդ սրտապատառ ճիչը…

 

***

Այն երբ էր`ինքն հոգնում էր այնքան, որ գլուխը բարձին չդրած` նինջը վերցնում տանում էր: Իսկ ի՜նչ գունեղ էին երազները: Դրանք հերթ չտալով էին այցելում: Մնալ էր ուզում ցերեկի ու գիշերի այդ դյուրանցիկ սահմանին: Հենց արթնանում էր, վերցնում էր լսափողն ու հերթով էլ զանգում իր երազների հերոսներին: Հետո բոլոր երազները միասին պատմում էր հորաքրոջը:

Իսկ հիմա…

Մարդ Աստծո, ո՞վ է տեսել նման պատիժ. առանց աչք փակելու, պատուհանից այնկողմի ցավը կլլած պիտի դուրս գա` խառնվելու խլաձայն ամբոխին, որ վաղուց հասարակություն չէ, այլ ամբողջ չդարձող մեկերի վազք…

Հորաքույրը երազներ էր մեկնաբանում`ի տարբերություն մոր ու հորեղբայրների կանանց, որ ավելի շատ բախտագուշակությանն ու սուրճի բաժակներին էին վստահում: Ինքն էլ, իբր թե մոռացաբար, մեկ էլ սուրճի սեղանից հավաքում էր շրջած բաժակներն, ու վայրկյան անց չքվում, անհետանում էին մուրազ ձիերը, հեռուն տանող ճամփաները, դանդաղ հաջողություն բերող կրիաները, մոմերը, որ պիտի վառվեին անպայման հեռավոր սրբում. չէ՞ որ հեռու տեղի սուրբը զորավոր է… Րոպեներ անց, երբ նկատում էին, որ իրենց բաժակներն արդեն չորանոցում են հայտնվել, իհարկե, սկսվում էր գոռգոռոցը, թե` ուրիշ ժամանակ, որ ասենք` մի գործ արա, գիրքը կառնես ու կմտնես մի անկյուն, թե` սովորելու լիքը դաս ունեմ, հիմա ի՞նչ եղավ, որ էդպես հանկարծ գործ անելդ բռնեց…

Եվ բախտագուշակ հարևանուհու, և թե, առավել ևս, մոր ու հորեղբայրների կանանց համար պարզ էր, որ ոչ մի միամտաբար էլ չի եղել. բաժակները միտումնավոր են լվացվել: Բայց դե հո վրա-վրա նորից էդ սև դառնությունը չէի՞ն խմելու, որքան էլ անունը հաճույք դրած լինեին...

Չէ՛, չէին խմում. գոնե մի երկու ժամ չանցնե՞ր…

Երբ դեռ սուրճ խմելը մոդայիկ չէր, և ընդունված էր թեյը, օրերով իրար գլխի չէին հավաքվում, մամի` իրենց սկեսրոջ հետևից էլ խոսում էին, թե` տնաշենի կնիկը օրը տասն անգամ թեյ է խմում, մուրաբայով կոնֆետն էլ գրպանից չի պակասում:

Հիմա իրենք 5-6 անգամ սրճում են օրվա մեջ, անպայման «մասկովսկի» շոկոլադով, ու այնպես են հարմարեցնում, որ սկեսուրը շատը չնկատի. խոսքի տակ մնացող չէ. տեղը տեղին կասի…

Այն երազները, որոնցում ինքը գլխավոր հերոսն էր, երազահան հորաքրոջը վերջում էր պատմում, որ չլինի`մի բան մոռացած լինի: Այդ երազները պիտի իրեն հավատով լցնեին, պիտի վստահեցնեին, որ խորհրդային բանակից եկող նամակը չի ուշանալու, որ փողոցում հանդիպած գնչուհու գուշակությունը, թե` օ՜յ, դևուշկա, անունը հինգտառանոց է, երեխա չեք ունենա, բայց վսյո բուձյետ խառաշո-ն… սխալ պիտի լինի: Ինչպե՞ս թե` հինգ տառ, ինչպե՞ս թե` երեխա չեք ունենա, բայց լավ կլինի. առանց երեխայի ի՞նչը պիտի լավ լինի: Բա իրենց Հայկ որդի՞ն, որ առաջնեկը պիտի լինի, որի հետ ինչեր-ինչեր չէին կապում, ինչպե՛ս թե` երեխա…. Գնչուհին իր համար է ասել. փողը տվեցին, թող գնա, հա՛, թող գնա գրողի ծոցը…

Հորաքույրն ուրիշ էր…

Իր աղջկական գաղտնիքները նրան էր վստահում, նա էլ երբեք հուսախաբ չէր անում. այնքան սիրուն էր մեկնաբանում երազները. ճիշտ ու ճիշտ իր սրտով…

 

***

Ոչ ոչխար հաշվելն էր օգնում, ոչ ֆոլկներյան մանվածապատ շարադրանքը, ոչ էլ ճապոնական կամ չինական` իբր թե նյարդեր հանգստացնող մեղեդին…

Ցերեկի մտածումները գիշերին էին հանձնվում, գիշերի տագնապները`ցերեկին, իսկ եվրոպական կոչվող ամուր փակված պատուհանը անզոր էր լինում խլացնելու այդ ձայնը…

Մի բան հասկանար գոնե…

 

***

Անցյալը դարձյալ տանում էր գլխից դուրս ծավալումներով, որոնցից և ոչ մեկի դեմն առնել չկարողացավ…

Չուզե՞ց, չհասկացա՞վ, թե՞ չկարողացավ…

Ի՞նչ տարբերություն, երբ անցյալ կորուսյալը նվաճել էր ներկան…

Ոչ գնչուհին ճիշտ դուրս եկավ, ոչ էլ հորաքրոջ սրտալի մեկնաբանությունները կատարվեցին: Մի դիպված, ու ամեն բան խառնվեց, փոխվեց, քանդվեց… Ասես մի փոթորիկ, որի դեմ անկարող եղան առնել թե ինքը, թե խորհրդային բանակից բարևագիր-կարոտագրին խառնված կախարդական խոստումներ ուղարկող վեցտառանոց բանակայինը: Մնացին երազների և իրականության այդպես էլ չհատվող ճամփաբաժանին…

Ավա՜ղ…

Մամը կասեր`բարին էլ հենց դա էր վայ թե...

Բայց դե մինչև մտքիդ հասնում է կատարվածը, հոգիդ մարմնիցդ դուրս է գալիս…

Ինչպես որ արդեն քանի-քանի ամիս շարունակ իր հանգիստը խլած-խաթարած, հոգին մարմնից հանող այդ ողբագույժ ձայնն էր…

 

***

Կյանքը տարավ, տարավ ու դուրս բերեց մի տեղ, որտեղ թվում էր, թե ամեն բան կար երջանիկ լինելու համար: Բայց մտերմության մի սեթևեթ թռչուն խլել էր իրենից աստեղնագործ այն երազը, որն այնքան վախվորած պահ էր տվել իր հոգու տաճարին...

Ու անկարողությունից հաճախ էր պատեպատ խփվում: Հոսում էր կյանքը: Ու մնում էր միայն մղձավանջներից գոնե վերադառնալ այն իրականություն, որում իբր թե ամեն բան կար, բացի երջանկությունից…

 

***

Այդ ձայնը…

Այդպես ինքն էր լալիս ու ճչում, երբ ուզածն հասկացնել չէր կարողանում: Պապից թաքուն`մայրը մի գդալ կոնյակ էր լցնում բերանը, և ինքը`դեռ մեկ տարին էլ չբոլորած նորածին, ձայնը կտրում քնում էր:

Այդպես լալիս ու ճչում էր վաղ պատանեկության տարիներին, երբ մի քանի անգամ արդարանալուց հետո դարձյալ չէին հավատում իրեն, որ մեղավոր չէ. դուրս էր գալիս տնից, մամի գոգնոցը կապում վրան ու գնում գյուղի արտերը սնձի:

Երբ իրոք որ սնձի պիտի գնար, հավաքում էր ընկերուհիներին, միասին էին գնում: Երբ սնձի գնալը զուտ պատրվակ էր`տնից փախչելու և հեռուներում սրտանց ոռնալու, մենակ էր գնում: Մեն-մենակ: Սարի փեշին էին արտերը, ձորի այս ու այն կողմերում: Հազվադեպ էր ձորի այն կողմն անցնում: Բա որ հանկարծ... Հազար բան էր մտքովն անցնում:

Հետո երբ արդեն 14-15 տարեկան էր, ավելի համարձակ, ձորն էլ էր անցնում, անգամ չըռչըռն էր անցնում`էն թափվող ջուրը, որի տակ միայն ընկերովի էին մտնում. վախենում էին`խեղդվեն. բա մեկը կողքներին չլինի՞, որ օգնության հասնի: Երբ ընկերուհիներով էին, չէր վախենում ոչ արտերի ձիավոր պահակից, ոչ Սրբասարի տակի ռուս զինվորների կրակոցներից, որոնք, հատկապես ցերեկվա ժամերին, կրակահերթեր էին դառնում…

Հա, իրենց սարի տակ ռուսական ռազմաբազա էր տեղակայված, ու ծնողները երեխաներին այդ կողմերը մենակ գնալ արգելում էին. վտանգավոր է՝ ասում էին, բայց հենց զինվորներից մեկը հայտնվում էր գյուղի փողոցներում, տուն էին կանչում, կերակրում էին, հետն էլ ուտելիք էին դնում, թե`տնից-տեղից հեռու, անմեր-անհեր սալդատներ են, օտարության մեջ են, մեղք են, մենք իրենց լավ նայենք, որ Ռուսաստանում էլ մեր բանակայիններին լավ վերաբերվեն...

 

***

Էլի այդ ձայնը…

Դրսից է գալի՞ս, թե՞ իր ներսում է այդ հոգեհան աղաղակը:

Երբ երկինքը լցվել է կարոտներով, երկինքը, որի անբավելի ծիրում տրոփում է հավերժությունը…

Երբ ննջեցյալներին այցելությունը սփոփանքի պես բան է դարձել…

Երբ պատրաստ է ապրել մանկության բոլոր մղկտոցները հիմայի պատճառած մեն-մի ոռնոցի դիմաց…

Չճչալու համար սեղմում է ատամները, բայց, մեկ է, դեպի ներս է տարածվում անլռելի աղաղակը, ու քանդվում են իրականությունը դույզն-ինչ ընկալելի դարձնող կենսաթելերը:

Ամառները՝ դեռ լույսը չբացված…

Ձմեռները՝ արդեն մութն ընկած…

Ամառները՝ սենյակ լցվող անդադրում ու անբնական ողբախառն մղկտոց, որում բերելնուտանելը իր իմացած «բերել» ու «տանել» բառերի հետ կապ չունեին. չգիտես թե ինչեր էին…

Ձմեռներն ավելի խուլ, փակ պատուհանից հասնող կեղեքումներ:

Ու կռիվ էր աշխարհի դեմ...

Ըմբոստ ու անհասկանալի կռիվ՝ կողքից լսողի համար…

Ինչ իմանաս, թե ինչ կռիվ՝ ներսից ուղարկողի համար…

Միշտ նույն ժամերին, երբ մեռնումի հոգեվարքում էր արևի շառագույն մարմինը, թաղամասի վրա կախվում էր երեխաների անհոգ աղմուկը ճեղքող-անցնող, իսկ ձմռան անձայն երեկոներին լռությունը խախտող-պայթեցնող այդ վայրի աղաղակը: Որսած հատուկենտ բառերը զուր էին`որևէ բան հասկանալու համար: Ում էր պետք իր լեզվիմացությունը, երբ այդպես էլ ոչինչ, ոչինչ չէր ընկալվում դառնախեղդ այդ ծվատումից…

Մի բան հասկանար…

Ի՞նչ էր պատուհանից այն կողմ, ի՞նչ…

Գուցե գիտե՞ր… Գուցե ասվե՞լ էր նրան, որ…

Իսկ գուցե այնտեղ՝ կիսաքանդ պատշգամբում, դեռ չի դադարել….

Լռել է միայն իր պատերից ներս, խեղդվել է միայն ի՛ր ոռնոցի մեջ, բայց՝ ոչ այնտեղ:

Արդեն երեք տարի է՝ այդ կեղեքող ձայնը հանց դժոխային կրակ իր ներսն է տեղափոխվել: Ոռնոց է ու գոռոց, կրակոց ու պայթյուն, չծնված մանկան լաց, էլի մղկտոց ու էլի ոռնոց ու խեղված բանականության անգիտակից սրդող…

Օտար-չտեսած, այնկողմնայինում աշխարհի ու ճակատագրի դեմ կռիվ տվող հոգին այլևս չի հուզում իրեն: Չկա: Չի էլ եղել: Այնտեղ հիմա շուրջօրյա շինարարական զազրելի աղմուկ է: Այնտեղ հիմա հերթական բազմահարկն է վեր խոյանում:

Դառնակեղեք ներկայի ամայություններն իրար խառնող այդ բազմալար գոռգոռոցը հիմա ի՛ր մեջ է:

Այդ ձայնը իրենից խլել է գիշերի ու ցերեկի բնականոն փոխատեղումը: Հիմա ոչ գիշեր է, ոչ ցերեկ իր ներսում…  

                

/29.04.2024/

 

Գեղեցիկ Մարգարյան